Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ամուր դռնով աշխարհից պատսպարված մի ջերմ երեկո

Ամուր դռնով աշխարհից պատսպարված մի ջերմ երեկո
27.12.2023 | 07:34

Մութն ընկել ա։ Տուն եմ բարձրանում։ Աստիճանների վրա լույս չի վառվում, բան չի երևում, բայց ես աստիճաններն անգիր գիտեմ, փակ աչքերով էլ կբարձրանամ։ Հարևանների դռները համարյա չեն երևում, բայց դռների վրա լուսատիտիկների նման վառվում են դիտանցքերը, որ մատնում են դրանց հետևում թաքնված կյանքի մասին։ Ամեն դռան հետևում մի ընտանեկան ջերմություն ա, մի ընտանեկան գաղտնիք, ընտանեկան հոտեր, ընտանեկան ձայներ, ամուր դռնով աշխարհից պատսպարված մի ջերմ երեկո։

Հասնում եմ հինգերորդ հարկ, գրպանիցս հանում բանալին, առանց դռանը նայելու բանալին մտցնում եմ ուղիղ բանալու անցքի մեջ ու պտտում։ Դուռը բացվում ա։ Սա աշխարհում միակ դուռն ա, որ միշտ բացվում ա իմ առաջ, սա իմ տան դուռն ա։ Մտնում եմ տուն ու դեռ լույսը չվառած՝ ներսից փակում դուռը։ Միջանցքը՝ մութ, սառը, անհյուրընկալ․․․

Հետո լույսը վառում եմ։ Մեկ էլ տունը կենդանանում ա, շան նման ուրախանում ա ինձ տեսնելով, կարոտել ա՝ մի քանի ժամ տանը չեմ եղել, իսկ էդ ընթացքում մութն ընկել ա։ Շորերս փոխում եմ, լվացվում ու մտնում սենյակ։ Սենյակի դռան մոտ լույսը վառում եմ, ու սենյակն էլ ա կենդանանում, ասես առաստաղից կախված ջահից ուրախություն ա թափում։ Սենյակում ամեն ինչ իմն ա, իմ մասին ա, ամեն ինչի վրա իմ կյանքի կնիքն ա, իմ ապրած րոպեները՝ ցերեկը սեղանին դրած գիրքը, մի շաբաթ առաջ դեպի պատը քաշած սեղանը, հինգ տարի առաջ պատից կախած նկարը, քսան տարի առաջ ժամանակավորապես դռան կողքը դրած, բայց վաղուց արդեն մինչև ներքևի հարևանի տունը արմատ նետած գրապահարանը․․․

Հետո գնում եմ խոհանոց ու սուրճ սարքում։ Լցնում եմ բաժակի մեջ. էլի բաժակից շատ ա ստացվել, մինչև պռունկը լցվում ա ու թափվում սեղանին։ Բերանս վառելով վրայից ֆռթացնում եմ, որ ճանապարհին չթափվի, ու ձեռքս բռնած՝ զգույշ վերադառնում եմ սենյակ։ Վարագույրը փակում եմ, որ մութը տուն չլցվի, նստում եմ սեղանիս մոտ ու համակարգիչը միացնում։

Հիմա սկսվում ա իմ երեկոն, որ բոլոր երեկոների նման ա լինելու, բայց նաև ոչ մի երեկոյի նման չի լինելու։ Ես սուրճս կում-կում խմելով՝ կբզբզեմ սոցիալական ցանցերը, ինչ-որ բաներ կկարդամ, ինչ-որ նկարներ կնայեմ, կուրախանամ, կծիծաղեմ, կանհանգստանամ, կջղայնանամ, կտխրեմ։ Միգուցե մի միտք ծնվի գլխումս ու մի բանի մասին գրեմ կամ չգրեմ։ Մի քիչ երաժշտություն կլսեմ։ Հեռուստացույցը միացրած ա, բայց ձայնն անջատած ա. ես հազվադեպ եմ ձայնը բարձրացնում, երբ մի հետաքրքիր բան եմ նկատում էկրանին, որին ժամը մեկ եմ աչքի պոչով նայում։ Հետո ընկերներիցս մեկը կզանգի, մի քիչ կխոսանք դեսից-դենից։ Մոխրամանը կամաց-կամաց կլցվի։

Երբ արդեն խորը գիշեր լինի, դրսի բոլոր ձայները վաղուց մարած լինեն, կսկսեմ հորանջել ու կհասկանամ որ քնել եմ ուզում։ Էն մտքից, որ հիմա պառկելու եմ ու մինչև քնելն ինձ օրոր եմ ասելու քաղցր մտքերով, հիշողություններով, ստամոքսիս մոտերքը հաճելի խուտուտ ա գալիս։

Օրս կավարտվի, որը բոլոր օրերին նման ա եղել, բայց նաև ոչ մի օրվա նման չի եղել։ Եթե մի ամիս անց ես փորձեմ հիշել էս օրը, հաստատ չեմ հիշի, եթե իհարկե ինչ-որ արտառոց բան չկատարվի։ Բայց դա կարևոր չի։ Դա իմ օրն ա, իմ կյանքն ա:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7415

Մեկնաբանություններ