Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Այդ օրը հայերը հաղթեցին

Այդ օրը հայերը հաղթեցին
10.10.2023 | 11:11

50 տարի է անցել: Անհավատալի է: 50 տարի…

Ուրեմն, ես 9 տարեկան էի: Ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան, ամբողջ Հայաստանը գամվել էր հեռուստացույցի էկրաններին: Երևանի «Արարատը» մրցում էր Կիևի «Դինամոյի» հետ ԽՍՀՄ գավաթի համար: Բազմոցին նստած էին հայրս, հորեղբորս տղան, անունն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Արարատ: Իմ տեղն ամենապատվավորն էր՝ վերևում, բազմոցի թիկնակին: Եվ ընթանում էր վճռորոշ խաղը: Հայրս քիչ թե շատ զսպում էր իր հույզերը: Ես շատ լավ հիշում եմ ամբողջ ընթացքում սրտիս ուժգին զարկերը: Իսկ Արարատն ամենաանկառավարելին էր: Մեկ ցատկում էր, մեկ ծնկում էր հատակին, մեկ աղաղակով վեր էր թռչում: Հավանաբար նույն պատկերն էր բոլորի տներում:

Եվ ահա Իշտոյանը խփում է աստեղային գոլը: Հայրս արդեն որևէ բան զսպելու կարիք չունի: Արարատը հասել է հեռուստացույցի մոտ ու էկրանն է համբուրում: Ես գոռում եմ ամբողջ ձայնով. «Գոոոոոլլլլ»: Տանեցիները նայում են մեր խելագարությանն ու իրենք էլ են գոռում…

Նետվում ենք փողոց: Ամբողջ գյուղը դրսում է: Գրկախառնվում են, համբուրվում, շնորհավորում իրար…

50 տարի: Հայրս արդեն չկա: Արարատն էլ չկա: Չկա մեր հին տունը, մեր բազմոցը, հեռուստացույցը… Ոչինչ չկա: Միայն ես եմ մնացել և այն անբացատրելի հպարտ հուզմունքը, որ մինչ օրս ապրում է իմ սրտում: Որովհետև այդ օրը հայերը հաղթեցին…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8982

Մեկնաբանություններ