Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մի՞թե մոռանում եք, որ ես այս երկրի կողմից կազմակերպված նախճիրի զոհ դարձած մեկուկես միլիոն հայի դուստր եմ»

«Մի՞թե մոռանում եք, որ ես այս երկրի կողմից կազմակերպված նախճիրի զոհ դարձած մեկուկես միլիոն հայի դուստր եմ»
17.05.2023 | 07:41

(վերցված է «Գիտեի՞ք որ» էջից)

Սերգեյ Առաքելյանը, որը աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի կենսագիրն է, հայտնեց, որ առաջին անգամ 1967 թ. Թուրքիա կատարած համերգային այցելությունից հետո երգչուհուն երկու տարով զրկել են արտասահմանյան շրջագայություններից...

- Պաշտոնական այցով Անկարա մեկնող Խորհրդային Միության նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի ղեկավարած պատվիրակության հետ Թուրքիա է մեկնում նաև Գոհար Գասպարյանը։ Մեկնելուց երկու ամիս առաջ Մոսկվան պահանջում է երգչուհու համերգային ծրագիրը՝ նախապես զգուշացնելով, որ այնտեղ չլինեն կոմիտասյան ստեղծագործություններ, հատկապես՝ «Կռունկը»։ Սակայն անդրդվելի էր Գոհարը։ Նա ներկայացնում է ծրագիրը՝ կազմված օպերաների մեներգերից, եվրոպական, հայ, ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններից և, իհարկե, կոմիտասյան մարգարիտներից, այդ թվում՝ «Կռունկ»»։ Մոսկվան առարկում է, պնդում իրենը, սակայն երգչուհին էլ իրենն է պնդում. կամ՝ Կոմիտաս ու հատկապես «Կռունկ», կամ էլ ինքը հրաժարվում է մեկնել։ Մոսկվան Անկարային տեղեկացնում է, որ ինչ-ինչ պատճառներով Գոհար Գասպարյանը չի կարող համերգ ունենալ, ինչին հետևում է Անկարայի պատասխանը, թե ժողովուրդը արդեն երկու ամիս է՝ սպասում է ու պահանջում հայ երգչուհու համերգը։ Երկար բանակցություններից և երգչուհու համառությունից հետո Մոսկվան անկարող է լինում իր կամքը թելադրել. Գոհարն իր կազմած ծրագրով մեկնում է Թուրքիա։ Անկարայում և Ստամբուլում ռադամեսյան հաջողություններ է ունենում երգչուհին, հիացական հոդվածներ են տպագրվում նրա մասին...

Վերադարձին երգչուհուն Երևանի օդանավակայանում դիմավորում են մեծ ցնծությամբ, իսկ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի այն տարիների տնօրեն, գրականագետ, թատերագետ, ակադեմիկոս Ռուբեն Զարյանը մեր զրուցակցին հանձնարարում է Երեւանի արվեստի աշխատողների տանը կազմակերպել հանդիպում նշանավոր երգչուհու հետ՝ «Տպավորություններ Թուրքիայից» թեմայով։

- Մեկ-երկու օրվա ընթացքում կազմակերպեցի այդ միջոցառումը։ Արվեստի աշխատողների տան դռանն ամրացված հայտարարությունը բավական էր, որպեսզի դահլիճը լցվեր մտավորականներով։ Շատերը մնացին ոտքի վրա, նույնիսկ նստել էին բեմեզրին...

Ռուբեն Զարյանի ներածական խոսքից հետո հարցերի տարափ է սկսվել երգչուհուն։ Գոհար Գասպարյանը պատասխանել է սիրով, հանդարտ, հաճախ էլ իրեն հատուկ հումորախառն համեմատություններով։ Ենթադրելով տրված հարցերը, այնուամենայնիվ, խնդրեցինք պարոն Առաքելյանին ներկայացնել դրանցից մի քանիսը, մանավանդ որ չափազանց հետաքրքիր են առաջին անգամ թշնամու երկրում հայտնված երգչուհու ապրումները։

- Բաբկեն Ներսիսյանը հարցրեց, թե ինչպիսին էր թուրքական մամուլի արձագանքը։ Գոհարն էլ նրան մեկնեց թուրքական «Քուլիս» պաշտոնաթերթն ու ասաց՝ վերցրու ու քո հրաշալի ձայնով կարդա։ Բաբկենն էլ բեմ բարձրացավ և իր առինքնող ձայնով կարդաց հայ երգչուհու մասին հիացական հոդվածը։ Այնտեղ մի այսպիսի միտք կար, որը մեխվել է ուղեղումս. եթե թանկ են «Բիթլզները»՝ Լոնդոնի, Շառլ Ազնավուրը՝ Փարիզի, Ջոն Հոլիդեյը՝ Ամերիկայի համար, ապա ավելին էր հայոց սոխակ Գոհար Գասպարյանը Թուրքիայի երաժշտասերների համար. եթե առաջիններն իրենց ելույթներով փոթորկեցին աշխարհը, ապա Գոհար Գասպարյանը նվաճեց այդ աշխարհներն իր կատարած «Կռունկով», «Ծիծեռնակով»… տիրեց մեր սրտերին…

Իսկ թե ինչու՞ այդ այցից հետո երգչուհին երկու տարով զրկվեց արտասահմանյան շրջագայություններ ունենալու իրավունքից, պարոն Առաքելյանը ասաց հետեւյալը.

- Համերգից հետո Թուրքիայի նախագահը իր հարկի տակ կազմակերպել է ճաշկերույթ, որին ներկա է եղել նաև Գոհարը։ Նախագահի խնդրանքով երգչուհին երգել է «Կռունկը»։ Երկրորդ անգամ է խնդրել կատարել նույն երգը, որից հետո դիմել է երգչուհուն ու հարցրել, թե ինչու են այդքան տխուր մեր երգերը։ Գոհարն էլ զայրույթով պատասխանել է՝ այդ հարցը դուք ձեզ պիտի տաք։ Ի դեպ, երբ այդ դիպվածի մասին Գոհարը պատմեց մտավորականների հետ հանդիպմանը, լսվեց Խորեն Աբրահամյանի ձայնը՝ Գոհար ջան, կուկլա ջան, բոլոր դեպքերում դու ոչ բարեկամ երկրում էիր, եղա՞ն քեզ համար տհաճ դեպքեր։ Երգչուհին մի պահ լռեց, ապա ինքնաբուխ հայտարարեց՝ առաջին տհաճությունը պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Կոսիգինի ներկայությունն է...

Ապա պարոն Առաքելյանը ներկայացրեց երգչուհու պատմածը.

- Թուրքիայի նախագահի բնակարանից ինձ ուղեկցեցին հյուրանոց։ Առավոտյան երբ դուրս եկա սենյակից, տեսա դռան մոտ դրված ծաղիկներով հսկայական զամբյուղ։ Մտածեցի, որ բերողը հայազգի երաժշտասեր կլինի, մոտեցա, որ վերցնեմ, նկատեցի այցեքարտ։ Հենց այդ պահին ինձ մոտեցան սևազգեստ երկու պաշտոնյա և ռուսերենով ասացին, որ հյուրանոցի ճեմասրահում ինձ սպասում է ընկեր Կոսիգինը, որպեսզի միասին այդ զամբյուղը տանենք Աթաթուրքի գերեզմանին… Կարծես ինձ շանթահարեցին, ճչացի՝ ի՞նչ… հեռու տարեք այդ գարշանքը և արագ իջա ճեմասրահ։ Ինձ տեսնելով՝ Կոսիգինը վեր կացավ, մոտեցավ, ասելով՝ օ՜, մեր հպարտություն, մեր սիրելի Գոհար Միխայլովնա… Ես չթողեցի, որ նա շարունակի, ասացի՝ այդ ի՞նչ եք որոշել, մի՞թե մոռանում եք, որ ես այս երկրի կողմից կազմակերպված նախճիրի զոհ դարձած մեկուկես միլիոն հայի դուստր եմ, ինչպե՞ս կարող եք ինձ նման բան առաջարկել։ Կոսիգինն անակնկալի եկավ, լռեց, ապա նենգ մռնչաց՝ ախ այդպե՜ս...

Լսելով Գոհարի հանդուգն պատասխանի մասին, ինչը ընդունվել էր հոտնկայս ծափերով, ոչ ոք չէր կասկածում, որ Մոսկվան անհետևանք չի թողնի երգչուհու արարքը։

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5435

Մեկնաբանություններ