Մենք մազոխիստնե՞ր ենք
09.06.2020 | 00:57
Ես` ՀՀ հպարտ քաղաքացի Ստյոպա Խոյեցյանս, ծնված 1935 թ. Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում, անկուսակցական, մասնագիտությամբ գյուղատնտեսության ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու, անկախության 25 տարիներին գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ի տնօրեն, խնդրում եմ, իմ քվեով վարչապետ դարձած, քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, ծառայողական հետաքննություն սկսել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, վերջինիս կողմից մեր գիտնականների ստեղծած, բնապահպան, շուկայում մրցունակ, որակյալ, կաթի ու մսի արտադրության աճը խթանող ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ներդրումը կասեցնելու համար` «առաջարկությունը նպատակային չէ» չբացատրվող, անհասկանալի պատճառաբանությամբ:
Մինչդեռ առկա են «Առաջարկության» պիլոտային ներդրման ֆինանսավորման 2019-ի կառավարության 5 պրոֆիլային նախարարությունների ընդունած, Հանրային խորհրդի բնապահպանական, գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի նախարարությունների առանձնակի հավանությանը արժանացած որոշումները, ՀՀ հեղինակային իրավունքի վկայագիրը:
Լոռվա մարզում կատարված փորձարկումների համաձայն ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՆ լուծում են հետևյալ խնդիրները.
1. Արոտների և խոտհարքների բերքի աճ` 2-3 անգամ, խոտի որակի բարձրացում:
2. Տարեկան մոտավորապես 100 մլն դոլարի մաքուր օգուտ` խոտի բերքի և որակի աճից (հաշվարկները կառավարությունում են):
3. Խոտի ինքնարժեքի իջեցում 20-25 տոկոսի չափով:
4. Ջրհեղեղների, հողատարման, երաշտի, տարածքային հրդեհների, հողաշերտերի շարժի (սողանքներ) կասեցում:
5. Խմելու ջրի լեռնային ստորգետնյա աղբյուրների վերաբացում (ներկայումս դրանց կեսը փակվել է):
Բազմաֆունկցիոնալ այդ մեքենայի գործողություններում առաջնայինը հանրապետության տարածքում «արտադրված» 8 մլրդ խմ մակերևութային ջուրը երկրում պահելն է, մեր կարիքների համար օգտագործելն է: Մինչդեռ, այսօրվա դրությամբ այդ ջրաքանակի մոտավորապես 75 տոկոսը, 6 մլրդ խմ-ն անարգել փախչում է Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, երբ գրեթե ամեն տարի հանրապետությունը կանգնում է երաշտի կանխարգելման, ոռոգման ջրի և Սևանը դատարկելու խնդիրների առաջ. 60-ականներին մենք երաշտից փրկվեցինք Ստավրոպոլի երկրամասից հարյուրավոր վագոններով ծղոտ ներկրելով, 1999 թ. երաշտի պատճառով հանրապետությունում ոչնչացվեց կերային մշակաբույսերի 70 տոկոսը, ինչը Ազգային ժողովը բնորոշեց որպես ազգային աղետ և այլն:
Կառավարման որոշ օղակներում կարծում են, թե հարցը կլուծվի ջրամբարներ կառուցելով, ինչը վիճարկելի է գլոբալ տաքացմամբ պայմանավորված վերջիններիս անկանխատեսելի թերլիցքավորմամբ, գրեթե 40 տոկոսի հասնող ջրի գոլորշացմամբ, նվազագույնը 15 մլրդ դոլար ծախսերի անհրաժեշտությամբ և սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծմամբ:
Գիտնականների միջազգային խմբի բացահայտմամբ («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 16 նոյեմբերի, 2019) Ասորեստանի նման հզոր պետությունը կործանեց երաշտը, «...որը կայսրության քաղաքական և տնտեսական կործանման պատճառ է դարձել»:
Մինչդեռ, մեր առաջարկած տեխնոլոգիան և մեքենան, հանրապետությունում «արտադրված» նույնիսկ մի կաթիլ անձրևաձնհալ ջուրը կպահի մեր հողում, կլուծի վերը նշված խնդիրները, և երաշտն այդքան աղետաբեր չի լինի:
ԻՆՉՈՒ՞ ԴԱ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ, երբ պիլոտային ներդրման հայտավորված գումարն ընդամենը 4 մլն դրամ է, և ի՞նչ է նշանակում «այդ աշխատանքները նպատակային չեն»: Երևի՞ նպատակային է գյուղնշանակության հողերի մոտավորապես 60 տոկոսը կազմող, երկիրը առաջնային անհրաժեշտության սննդամթերքով` կաթով ու մսով ապահովող, մեր արոտները, խոտհարքերը անջրդի, անխնամ թողնելը, դրանք անապատացնելը, ինչը հանգեցրել է գյուղերը լքելուն. ըստ ԱՎԾ-2018 վիճտեղեկագրի միայն վերջին 5 տարում 40 000 անասնապահ լքել է ոլորտը, ու կառավարությունը ստիպված աջակցում է նրանց»... օրվա կարիքներին չբավարարող իրենց շատ ցածր եկամուտը ավելացնելու համար»` ասել կուզի սովամահությունից փրկելու համար: Ահա թե ուր հասանք ոլորտի անխոհեմ կառավարմամբ. քաղաքին կաթ ու միս մատակարարող գյուղացին այսօր ինքն է քաղաքացուց աջակցություն խնդրում: Ինչպե՞ս պետք է լուծենք այդ խնդիրը. սարի ստորոտին ջրամբա՞ր ենք կառուցելու և պոմպերով ջուրը մղելու ենք արոտնե՞րը: Ես հասկանում եմ, որ ատկատի լուծման լավագույն տարբերակը ջրամբարներ կառուցելն է: Բայց այսպես շարժվելով կկործանենք թե մեզ, թե երկիրը: Մենք ի՞նչ է, մազոխիստնե՞ր ենք:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ