ՆԿԱՐԻ ՆՎԻՐՈՒՄԸ` ԿԱՇԱ՞ՌՔ
Հայոց ներկա վերնադասը շաբաթվա 6 օրը երկիրն է «շենացնում», 7-րդ օրը նախ ծնդրադիր աղոթք է կարդում, սուրճ է ըմպում (սուրճը եփել է պետք սույն ձևաչափով. 1 լի գդալ սուրճ, քառորդ գդալ շաքարավազ և 1 մատնոց հայկական կոնյակ), և ուղևորվում է դեպի արվեստանոցներ։ (Իրազեկում. ՀՀ-ում գործում են շուրջ 500 արվեստանոցներ, որոնց ճանապարհային քարտեզը կարելի է ձեռք բերել Հայաստանի նկարիչների միությունում)։
Սույն արվեստանոցները «Կերպարվեստի Երուսաղեմ երկրի» այցեքարտերն են, եթե ներառվեն պետության կայացման, կայունացման և բարգավաճման ռազմավարության տիրույթում։ Եթե՜... Առայժմ ամպամած է երկինքը երկրի վրա, զի բարյացակամ անձինք տեղեկացնում են` ինչ-որ մի վերին հրահանգով, եթե գեղարվեստասեր մեկը պաշտոնատար մեկին նվիրում է նկար կամ քանդակ, սույնը համարվում է կաշառք, կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանցավոր հանգամանք, ինչն անթույլատրելի է օր օրի, շատ կներեք, սակայն եվրակրտվող ներկա Հայաստանում։ Դիցուք «Կերպարվեստի Երուսաղեմ երկրի» առայժմ միակ բաժնետեր նվաստս կամենում է վերոնշյալ նախագիծը քննարկման ներկայացնել ՀՀ ԿԳՍՄ-ի ենթանախարարությանը։ Այցելում եմ ենթանախարարություն։ Ձախ ձեռքիս փաթեթում չքնաղ մի դեկորատիվ քանդակ կա, աջ թևատակիս` մի շենշող կտավ։ Դրանք տոնական տրամադրությամբ պետք է պարուրեն քննարկումը։ Պարուրում են։ Քանդակը նվիրում եմ ենթանախարարությանը, կտավը` ենթանախարար Նարինե Խաչատրյան-Թուխիկյանին։ Քննարկումն ընթանում է հոգեշահ մթնոլորտում։ Եվ մեկ էլ ներս են խուժում երեք դիմակավոր, նվաստիս դեմ են տալիս պատին, խուզարկում և ուղեկցում են ուղիղ դեպի ԱԱԾ մեկուսարան։ Առանց խուզարկման մեկուսարան են հասցնում նաև ենթանախարարուհուն։ Ծաղկեց Մարոյի բոստանը, իշխանության վարկանիշը 1,5 նիշով և երկու օրով վեր ճախրեց, զի բացահայտվել էր զարհուրելի մի դեպք. պետական պաշտոնյային, ծառայողական պարտականությունները կատարելիս, փորձել էր կաշառել ինչ-որ միֆական երկրի ոմն բաժնետեր։
Սա ցնո՞րք է։ Բնավ։ Փորձեք, դիցուք, 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով մի նկար գնել և այն նվիրել X պաշտոնյային, որի ուսանողական ընկերն եք և ցանկանում եք նրա ծննդյան տոնը շնորհավորել արվեստի գործով։ Կասկածներ կան, որ կհայտնվեք իրավապահների ուշադրության կենտրոնում։
Այսպիսով «նորհայաստանյան» իշխանությունը (գուցե ակամա) խոչընդոտում է ժամանակակից կերպարվեստի լիարյուն կայացմանը, հետո արդեն նրա համաշխարհայնացմանը։
Միով բանիվ` «Կերպարվեստի Երուսաղեմ երկրում» անհույս տեղատվության անլույս շրջափուլն է։
Սակայն արդյո՞ք մակընթացության ժամանակը չէ... Վերոնշյալ վերերկրային տագնապը հայոց ներկա վերնադասը կարող է փարատել` մասնակցելով ներքոնշյալ աննախադեպ ուխտագնացությանը։
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՐԿՐԻ» ՈՒԽՏԱԳՆԱՑՆԵՐԸ
Միջինը 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քանի՞ պետծառայող կա 3-րդ հանրապետությունում։ Չկասկածեք, առնվազն 1 հազար։ Նրանց առաջարկում եմ գնել փոքրաչափ մի քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշի որևէ գործ, ի վերջո` գեղանկարչական կամ գրաֆիկական աշխատանք։ Հայաստանի նկարիչների միության հազար անդամներ սիրով կբացեն իրենց արվեստանոցի դռները ձեր առաջ, նրանց հետ կվայելեք օրվա խորհուրդն ամբողջացնող երկրորդ բաժակ սուրճը և ձեռք կբերեք կերպարվեստի ստեղծագործություն։ Ձեռք բերեք և գեղարվեստական ձևաչափում ներդաշնակվեք ներկա իրականությանը։ Այն է` կնպաստեք ժամանակակից կերպարվեստի առարկայական զարգացմանը, միաժամանակ կշենացնեք ձեր օջախը և աշխատավայրը գույնի, գծի, հորինվածքի և նյութի շենշող խորհրդով։ Հիշեցնում եմ, որ նկարը հաճախ ապաքինում է դիտողին հոգեկան տկարությունից։ Կարիք չկա ժամանակ ու գումար վատնելու` այցելելով հոգեբույժին։ (Ի դեպ, որոշ և՛ հոգեբույժներ, և՛ հոգեվերլուծաբաններ ինքնաբուժվում են` պարբերաբար զմայլվելով ցանկալի ստեղծագործությամբ։ Ինքս հոգեկան ալեկոծությունս էապես մեղմում եմ կանգնելով Նիկօյի գրաֆիկական, գրեթե առեղծվածային դիմապատկերի, Փարավոն Միրզոյանի գերիչ կանանց կերպարների, Խաչատուր Ազիզյանի ֆրանսիական քաղաքի մայրամուտը հավերժացնող կտավի առաջ, դյութվում եմ Վահագն Գալստյանի անզուգակշիռ բնապատկերը դիտելիս։ Նախատոնական ավելի հրաշալի նվեր անհնար է պատկերացնել)։ Գեղագիտական և կազդուրիչ գործառույթներից զատ կերպարվեստն ունի (այս մասին մի անգամ նշել եմ) կանխագուշակ նշանակություն։ Հաճախ նկարի ենթապատկերում երևութանում է երկի վաղվա օրը, ներկա պաշտոնատար տիկնայք և տիարք կերպարվեստի գործերում կարող են ստանալ իրենց ներկա օրվա կառավարման վաղվա անդրադարձը։
Երկա՜ր կանգնեք կերպարվեստի նմուշի առաջ, օրվա ընթացքում գոնե մեկ ժամ։ Հավատացեք, որ կշահեք, այն էլ մեծապես։ Զի կշահի նաև նկարիչը, կկառուցվի «Կերպարվեստի Երուսաղեմ երկիրը»։
Հարգարժան դրամային (մի՞թե միայն դրամային) միլիոնատեր-տիարք և տիկնայք, զանց մի առեք մի կարևոր հանգամանք. արվեստի գործն արժեք է և գին։ Պատից կախված նկարը, հյուրասենյակը կերպավորող քանդակը կամ էլ կարպետն ու գորգը գնային նոր որակ են ձեռք բերում ժամանակի ընթացքում, և նմանվում են կաղնեփայտե տակառներում կենսալցվող ոսկեխունկ և արևազարմ կոնյակին։ Այնպես որ դարձեք ուխտագնացներ և ճանապարհվեք դեպի արվեստանոցներ։
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՎԱՐԱՆԸ
Քանի՞ հայտնի դոլարային միլիոնատեր կա 3-րդ հանրապետությունում։ Բազում։ Իսկ որքա՞ն են անհայտ միլիոնատերերը։ Անհամար են, կպնդեն պատվարժան ընթերցողներս և բնավ չեն սխալվի։
Նրանք կամենու՞մ են ազնվացնել իրենց կապիտալը։ Հուսամ, որ այո։ Ի վերջո, ցանկացած ազգային և հակապետական համակարգ պատմության բանադրանքով մի սքանչելի պահի հայտնվում է նույն պատմության լուսանցքում, հսկայական գումարները հօդս են ցնդում, անշարժ գույքը մնում է անսասան, վերածվելով մետաղի ջարդոնի։ Բայց չեղարկենք մթնդած մտքերը և ուխտագնացության հրավիրենք 3-րդ հանրապետության տնտեսության (առհասարակ գոյության) վերահսկիչ փաթեթի տեր օլիգարխիկ դասին և վերջինիս արբանյակ ենթադասերին։
(Նորհայաստանյան գինովցած-դուխովցած իրականությունը մերժում է օլիգարխ հասկացությունը, եկեք վերահսկիչ փաթեթատերերին ուղղակի մեծարենք «գերհարուստ» պատվատիտղոսով)։
Գերհարուստները, պարզապես հարուստները, վերջապես ունևորներն ի զորու են իրենց լեռնացած, բլրացած և թմբված մոլեմսխուն փողերը ազնվականացնելու, այն է` ներդնելու գումարները արդի հայ կերպարվեստի զարգացման վրա։ ՈՒխտագնացության մասնակիցներին իրազեկում եմ. տիարք և տիկնայք, դուք դարձել եք հայկական վերջին պետականության վերահսկիչ փաթեթի տերը կամա-ակամա, ձեր լեռնացած, բլրացած և ուղղակի թմբված գումարների կնքահայրը ՀՀ քրեական օրենսգիրքն է, կնքամայրը` օֆշորյան բանկերը, այնպես որ պատմության լուսանցքից կարող եք տեղափոխվել լուսանցազարդ էջեր հետևյալ կերպ։ Ձեր դղյակների, ամրոցների և առանձնատների մղոնանոց որմերը շնչավորեք որմնանկարներով, հարթաքանդակներով, մոմանկարներով և խորաքանդակներով, որոնք նվազագույնը հազար տարվա կյանք ունեն և տասը դար կփառաբանեն ձեր անունն ու գործը։
Տիարք և տիկնայք, ադամանդե ջահերն ու ոսկյա զուգարանակոնքերը բիրտ ասիական, խանափաշայական մարմաջ են, ձերբազատվեք նշյալ համաճարակից և գլուխներդ ի վեր ապրեք սեփական երկրում։ Զորօրինակ ինչու՞ չորմնանկարել «Ծովից ծով Հայաստանի» հիմնադիր և տիրակալ Տիգրան Բ արքայից արքայի հաղթանակների պատմությունը փուլ առ փուլ։ (Ի դեպ, 2020-ի սեպտեմբերի 21-ին բեմադրվելու է Տիգրան Մեծին նվիրված գերմանացի կոմպոզիտոր Ադոլֆ Հասեի գրած օպերան)։
Մի՞թե չարժե արդի մեր վարպետներին տարին բոլոր ծանրաբեռնել որմնանկարների և մոմանկարների, հարթաքանդակների և խորաքանդակների պատվերներով։ Թեմաներն անհամար են, սկսած Հայկի և Բելի առասպելից մինչև ապրիլյան հերոսամարտ։
Մշակութային մեր անբավ գանձարանը կարելի է վերարտադրել-վերապրեցնել, սկսած հնագույն շրջանից, երբ կազմավորվում էր հայ ազգը, մինչև մեր օրերը։
ՀԵՏԳՐՈՑ
Ինչպես Սարգիս Համալբաշյանի և յուրաքանչյուր նկարչի, այնպես էլ նվաստիս մեջ երկյուղ կա, որ ներկա հայոց դրամային, այնուհետև դոլարային միլիոնատերերը զարթոնք չեն ապրի և չեն պատրաստվի ուխտագնացության։ Բայց, կարծում եմ, երկյուղս ժամանակավրեպ է, զի գերհասունացել է պատմական պահը, և մենք պետք է կառուցենք մեր խարխուլ պետությունը, տնտեսության զարգացմամբ և, անկասկած, «Յուրաքանչյուր հայի տանը` մեկ քանդակ, երկու նկար» ծրագրի կենսագործմամբ։ Մի խոսքով, կերպարվեստի գործեր գնել և նվիրելը կաշառք չէ, ուխտագնացություն է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ