Այս տարվա ամռանից մեծ թափով ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, և հանուն ճշմարտության պետք է նկատենք, որ, ըստ մասնագետների, Սևան-Իջևան ճանապարհահատվածը որակով է հիմնանորոգված։ Ինչ խոսք, որակով ճանապարհները ցանկացած պետության դեմքն են, սակայն շատ կարևոր է հասկանալ` արդյո՞ք ճանապարհաշինությունը կատարվում է ենթակառուցվածքների` ջրագծերի, գազատարների նորոգման հետ զուգահեռ, որպեսզի այնպես չստացվի, որ մի քանի ամիս հետո նորոգված ճանապարհը քանդեն, ասենք, ջրագիծ փոխելու համար։ Սա կարևոր հարց է, որը փորձեցինք ճշտել Տավուշի մարզպետ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ զրույցում։
-Պարզ է, որ Դուք չեք կարող Սևան-Իջևան ամբողջ ճանապարհահատվածի համար խոսել, սակայն հետաքրքիր է` Տավուշի մարզում ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվել է այլ ենթակառուցվածքների նորոգման հետ զուգահե՞ռ, թե՞ ոչ։
-Քաղաքաշինական չափանիշների պահանջներից ելնելով` չի կարող ճանապարհաշինական նախագիծը հաստատվել, եթե լուծված չէ այդ հատվածի ենթակառուցվածքների կարգավորման հարցը։
-Կարելի՞ է ասել, որ Դիլիջան-Իջևան հատվածի ճանապարհների վերանորոգումը իրականացվել է ենթակառուցվածքների վերանորոգմամբ։
-Ես արդեն ասացի, որ նախագիծը չի կարող իրականացվել առանց այդ խնդրի լուծման։
-Լավ, այդ դեպքում խոսենք Իջևան քաղաքի ներհամայնքային ճանապարհներից։ Ես պարբերաբար լինում եմ Իջևանում և մոտ 20 տարի է քաղաքի ճանապարհները քարուքանդ են, ակնառու է, որ ճանապարհների վերանորոգում երբևէ չի արվել։ Ե՞րբ եք մտադիր հիմնանորոգելու այդ ճանապարհները և Իջևանին քաղաքի տեսք հաղորդելու։
-Այս տարի արդեն սկսել ենք իրականացնել մարզային և ներհամայնքային որոշ ճանապարհների վերանորոգումը։ Մասնավորապես այս պահին վերանորոգվում է Իջևանի Բլբուլյան փողոցը, Դիլիջանում միանգամից վերանորոգում են մի քանի փողոց։ Ճանապարհների վերանորոգման աշխատանքներում նոր մոտեցում ենք կիրառում` վերանորոգումն իրականացնում ենք ոչ միայն ասֆալտապատման, այլև սալիկապատման եղանակով։ Այս տարբերակով համայնքային ճանապարհների վերանորոգումը, կառուցումն առաջնային ուղղություն ենք համարում, քանի որ սալիկապատման եղանակով կառուցված ճանապարհները ոչ միայն երկարակյաց են, այլև էկոլոգիապես մաքուր են։ Եվ ամենագլխավորը` ճանապարհաշինարարության այս եղանակը նպաստում է, որպեսզի ներդրումն իրականացվի համայնքի հումքից։
-Սալիկները պատրաստում են Տավուշի մարզու՞մ։
-Այս պահին սալիկապատումն իրականացվում է տեղի հանքավայրերից ստացված հումքից։
-Ի վերջո, 2020-ի ավարտին Իջևանում քանի՞ կիլոմետր ճանապարհ կնորոգվի և կկառուցվի։
-Դժվարանում եմ այս պահին հստակ թիվ ասել, քանի որ փողոցների վերանորոգման հարցը համայնքի ավագանին ինքն է որոշում, թե իր ունեցած գումարների և ակնկալիքների շրջանակում ինչ կարող է անել։ Մենք աջակցում ենք, և կարծում եմ, պետք է այնպես անենք, որ 2021-ի վերջին Իջևանում ճանապարհների խնդիրներ չլինեն։ Շինարարությունը պետք է իրականացվի որակյալ, առավելագույնս նոր տեխնոլոգիաներով, որը հավելյալ արժեք կստեղծի տվյալ տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր մարզի ճանապարհներին, ապա մենք նոր ենք սկսում 2020-ի շինաշխատանքների ծավալի գնահատումը։ Դրանց մի մասը հրատապ ծրագրերի շրջանակներում է և իրականացվելու է պետբյուջեի հատկացումներով, կան աշխատանքներ, որոնք իրականացվելու են միջազգային ծրագրերի շրջանակներում։ Մասնավորապես նախատեսում ենք խոշոր ծրագիր իրականացնել տուրիզմի ոլորտում, որի ֆինանսավորումը կլինի ՀԲ-ի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով։
-Պարոն Չոբանյան, Իջևանի զորամաս տանող ճանապարհը, որը համայնքային նշանակություն ունի, քարուքանդ վիճակում է, արդյոք չի՞ կարելի այդ մի փոքր հատվածը վերանորոգել։
-Դուք ինքներդ էլ գիտեք, որ ճանապարհաշինարարական աշխատանքները նախապես են ծրագրվում, գումարները հատկացվում... Դուք ե՞րբ եք եղել այդ հատվածում։
-Օգոստոսին։
-Օգոստոսից հետո ճանապարհների վերանորոգման ընթացքում քերված ասֆալտանյութով Ձեր նշած ճանապարհահատվածում աշխատանքներ են իրականացվել, և սեպտեմբերին բերվել է բարվոք վիճակի։ Սակայն, բնականաբար, առաջիկա տարիներին ներքաղաքային ճանապարհների բարեկարգման շրջանակներում այդ հատվածը ևս կհիմնանորոգվի։
-Իսկ կլինի՞ այդ հատվածը առաջնային վերանորոգել, չսպասել տարիներ հետո, քանի որ խոսքը բանակի մասին է. ռազմավարական նշանակության խնդիր կա։
-Իհարկե կարելի է։
-Երբ զրուցում եմ իջևանցիների հետ, նրանք դժգոհում են իրենց քաղաքի ճանապարհներից, աշխատատեղերի բացակայությունից։ Ըստ Ձեզ, ե՞րբ կլուծվեն քաղաքում այդ խնդիրները։
-Իհարկե բնակիչները պետք է պահանջկոտ լինեն, և դա լավ է, նշանակում է, որ մարդիկ չեն հարմարվում այսօր եղած պայմաններին։ Սրանով հանդերձ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունները, որ արվելու են, կունենան իրենց էական ազդեցությունը, և մարդիկ կզգան տարբերությունը։ Տեսեք, օրինակ, այսօր արդեն ձեռքբերում ունենք տեքստիլի ոլորտում. Տավուշի մարզում այս ոլորտում ներգրավված է մոտ 700 աշխատող։ Տեքստիլի ոլորտը գնալով զարգացնելու ենք մարզում, ծրագրում ենք նոր ներդրում, որը կապահովի ևս 700 աշխատատեղ։ Ֆաբրիկաները կառուցվելու են Իջևանում, Պառավաքար գյուղում և Ազատամուտ քաղաքում։
-Հուսանք, որ 2020-ին այն ամբողջությամբ վերանորոգված կլինի, իսկ մինչ այդ ուզում եմ ճշտել. երբ Դուք նշանակվեցիք մարզպետ, խոսում էիք Իջևանում շինությունների հողատարածքների կոպիտ ձևով իրականացված մասնավորեցումից, նշելով, որ գողություն է տեղի ունեցել, և գողացվածը պետք է վերադարձվի համայնքին։ Վերադարձվե՞լ է։
-Ոչ, քանի որ ունենք օրենսդրական սահմանափակումներ։ Հույս ունենք, որ ԱԺ-ն այդ հարցը կլուծի և առաջիկայում ավելի լայն հնարավորություն մեզ կտա։
-Այսինքն, օրենսդրական փոփոխությունների եք սպասում։
-Այո, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ժողովրդից խլած սեփականությունը վերադարձվի ժողովրդին։
-Վտանգ չե՞ք տեսնում, որ կարող է թացը չորի հետ խառնվել և մարդու սեփականության իրավունքի սկզբունքը խախտվի։ Եթե այդպիսի բան լինի, ապա Հայաստանը կունենա լուրջ խնդիրներ նաև միջազգային դաշտում և կարող է կորցնել վստահությունը ներդրողների շրջանակներում։
-Ոչ, վտանգ չեմ տեսնում, քանի որ ես չեմ խոսում ուղղակի հողեր հետ վերցնելուց, այլ այստեղ կարևորվում է ուսումնասիրությունների գործընթացը, որտեղ պետք է հստակ տարբերակվի թացը չորից։ Սակայն, որպեսզի այդ գործընթացները հնարավորություն ունենանք իրականացնելու, մեզ այդ հնարավորությունը պետք է տա օրենսդրությունը, որը մենք այսօր չունենք։ Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այստեղ ևս խնդիր չի կարող լինել, քանի որ խոսքը գողացվածը վերադարձնելու մասին է։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ