Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը հայտարարում է՝ հայաստանյան տնտեսությունում բազմաթիվ են մենաշնորհները, և ապամենաշնորհացումը Հայաստանի տնտեսական աճի հզոր խթան կհանդիսանա:
Նա ասել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ բազմիցս են քննարկել մենաշնորհների հարցը, սակայն ընդհանուր պատասխան էին ստանում, թե դա դժվար լուծվող հարց է: «Ընդհանուր առմամբ, մենաշնորհը վատ բան է, որովհետև դա նշանակում է՝ մարդիկ շատ են վճարելու: Եթե մենաշնորհ կա մրգերի ներմուծման ոլորտում, պետք է թանկ վճարեք այդ մրգերի համար: Մենաշնորհները գերշահույթ են ստեղծում մենաշնորհների տերերի համար և լրացուցիչ ծախսեր՝ մյուսների համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունում կան բազմաթիվ մենաշնորհներ, և ապամենաշնորհացումը մենք համարում ենք տնտեսական հետագա աճի հզոր խթան: Ո՞վ կցանկանա մրցել մոնոպոլիստների հետ, մարդիկ նախընտրում են արտագաղթել»,- ասաց Ֆրենսիս Մալիժը: ՎԶԵԲ-ի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, հեղափոխությունից հետո սփյուռքահայ ներդրողների շրջանում վերստին հետաքրքրություն է առաջացել հայաստանյան տնտեսության նկատմամբ:
«Ընդհանուր առմամբ, դեռ վաղ է ասել՝ ինչ ազդեցություն կթողնի հեղափոխությունը Հայաստանի տնտեսության վրա: Կարծում եմ՝ այն, որ տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում, նշանակալի իրադարձություն էր․ ողջ աշխարհը հետևում էր Հայաստանին և ականատեսը եղավ խաղաղ իշխանափոխության, ինչը ձեռքբերում է և խոսում է հայաստանյան հանրության, ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին: Տեսնում ենք, որ ի հայտ են եկել մարդիկ, ովքեր հստակորեն խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության ապամենաշնորհացման մասին: Տեսնենք, թե ինչ գործողություններ կլինեն»,- նշեց Ֆրենսիս Մալիժը: