ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ZooPark-ը Մերձավոր Արևելքի մասին կայքերում է. ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնը այդ լրտեսական ծրագրից

ZooPark-ը Մերձավոր Արևելքի մասին կայքերում է. ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնը այդ լրտեսական ծրագրից
14.05.2018 | 12:51
Երևան, 14 մայիսի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները 2015թվականից հետևում են ZooPark կոչվող լրտեսական Android-ծրագրի զարգացմանը, որը ներկայում ավելի հաճախ գրոհում է Մերձավոր Արևելքի իրադարձությունների մասին տեղեկատվությամբ հետաքրքրվող օգտատերերի շարժական սարքերը։ Տեսքով լրիվ անվնաս և լավ վարկանիշով կայքը երբեմն կարող է վնասաբեր լինել նման օգտատերերի համար, որոնք Հայաստանում քիչ չեն. չարագործները կայքում կարող են գտնել խոցելիություն և այն շահագործել այնպես, որ կայք մտնող յուրաքանչյուր օգտատեր ավտոմատ ներբեռնի ինչ-որ նիշք (ֆայլ)։ Դա կոչվում է գրոհ թաքնված ներբեռնման օգնությամբ (drive-by download)։
ZooPark տրոյական ծրագրի ընթացիկ՝ արդեն չորրորդ տարբերակը կարող է սմարթֆոնից գողանալ գործնականում ցանկացած տեղեկատվություն։ Ահա այն տվյալների ցանկը, որոնք ZooPark-ն ի զորու է հավաքել և ուղարկել իր տերերին.
· Կոնտակտներ;
· Տեղեկատվություն օգտատիրոջ հաշվեգրերի (account) մասին;
· Զանգերի պատմություն;
· Զանգերի ձայնագրություններ։
· SMS-հաղորդագրությունների բովանդակություն;
· Դիտարկչի (browser) էջանիշեր և պատմություն;
· Դիտարկչում որոնումների պատմություն;
· Սարքի տեղադիրք;
· Տեղեկատվություն սարքի մասին։
· Տեղեկատվություն տեղադրված հավելվածների մասին;
· Հիշողության քարտի ցանկացած նիշք;
· Սարքում գտնվող փաստաթղթեր;
· Էկրանի ստեղնաշարով մուտքագրվող տվյալներ;
· Փոխանակման պահոցի (բուֆեր) տվյալներ;
· Հավելվածների (օրինակ, Telegram, WhatsApp և IMO մեսենջերների, ինչպես նաև Chrome դիտարկչի) տվյալներ։
Բացի այդ, ZooPark-ը հրամանով կարողանում է պատճենել էկրանի պատկերները և կատարել լուսանկարահանում, ինչպես նաև տեսագրել։ Օրինակ, այն կարող է դիմային տեսախցիկով նկարահանել սմարթֆոնի տիրոջը և լուսանկարն ուղարկել «կենտրոն»։
ZooPark տրոյական ծրագիրը կիրառվում է թիրախային գրոհների համար, այսինքն՝ թիրախավորում է ոչ թե անխտիր բոլորին, այլ որոշակի լսարան. չարագործների նպատակը որոշակի թեմաներով, ավելի ճիշտ՝ մերձավորարևելյան որոշ երկրների քաղաքականությամբ հետաքրքրվող օգտատերերն են։
ZooPark-ը տարածվում է երկու հիմնական եղանակով՝ Telegram-ալիքների միջոցով և թաքնված ներբեռնմամբ վերոնշյալ գրոհների օգնությամբ։ Օրինակ՝ հանցագործները Telegram-ալիքում առաջարկում էին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեում հեռավար քվեարկության հավելված։
Չարագործները նաև կոտրում են որոշակի երկրներում կամ շրջանակներում տարածված ռեսուրսները, ինչից հետո կայքից սկսում է ավտոմատ կերպով ներբեռնվել վարակված հավելված, որն իրեն ներկայացնում որպես ինչ-որ օգտակար բան, օրինակ, տվյալ լրատվական ռեսուրսի պաշտոնական հավելված։ Վերջապես, որոշ դեպքերում վնասաբեր ծրագիրն իրեն ներկայացրել է որպես «ամեն ինչը մեկում» ունիվերսալ մեսենջեր։
ZooPark-ով և այլ լրտեսական ծրագրերով Android-սարքի վարակումը կանխելու համար կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս կիրառել հետևյալ պարզ կանոնները.
· Հավելվածները ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից։ Իսկ ավելի լավ է՝ սարքի կարգավորումներում ընդհանրապես անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։
· Ժամանակին նորացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց արդիական տարբերակների տեղադրումով։
· Կիրառել մոբայլ հակավիրուս. այն կարգելափակի կասկածելի հղումները և հավելվածները։ Android-ի համար Kaspersky Internet Security-ն կարողանում է հայտնաբերել ZooPark-ը և վնասազերծել այն։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն
Դիտվել է՝ 3469

Մեկնաբանություններ