«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ պարոն Ալեքսան Հակոբյան, Դուք դեպքից անտեղյա՞կ եք, թե՞ գիտակցաբար ստում եք

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ պարոն Ալեքսան Հակոբյան, Դուք դեպքից անտեղյա՞կ եք, թե՞ գիտակցաբար ստում եք
16.03.2018 | 02:37

1990 թվականի մայիսի 27, Երևանի կայարանամերձ հրապարակ:
Օրն արևոտ էր: Արդեն երրորդ տարին էր, ինչ հայ ժողովուրդը դուրս էր եկել արդար պայքարի և պաշտպանում էր պատմական հայրենիքի մի մասի ժողովրդի ազգային ազատագրական պայքարը: Պատմական անհերքելի փաստ է, որ այդ պայքարը գլխավորում էր Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն: Մեր նպատակն ամենևին էլ կոմիտեի աշխատանքներին գնահատական տալը չէ, որովհետև մի բան է հանուն ազգային վեհ նպատակների պայքարի ելած ժողովրդի, որպես պատմական երևույթի, գնահատական տալը, և բոլորովին այլ է այդ վեհ նպատակները զուտ անձնական, նեղքաղաքական պաշտոնամոլական գաղափարներին ծառայեցնելը, ընդհուպ դիակների վրայով քայլելը:
1990 թվականի մայիսի 20-ին կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությանը ՀՀՇ-ն չհավաքեց անհրաժեշտ ձայների քանակը, որը կապահովեր նրան Գերագույն խորհրդի նախագահ ընտրելու, ինչպես նաև կառավարություն կազմելու համար: Հունիսի 20-ին կայանալու էր ընտրությունների 2-րդ փուլը, և ՀՀՇ-ն հույս ուներ երկրորդ փուլի հաշվին ապահովել իրեն անհրաժեշտ ձայների քանակը: Եվ անհրաժեշտ ձայների քանակն ապահովելու համար ՀՀՇ-ն՝ զինված լենինյան գաղափարներով, այսինքն՝ միջոցների մեջ խտրություն չդնելով, գնաց արկածախնդրության:


Երևանի Լենինյան շրջանի միակ զինված ՀՀՇ-ի ջոկատի տղաների համար Չարբախում մայիսի 20-ին մատաղի արարողություն կազմակերպեց և կերուխումի ժամանակ համոզեց տղաներին, որ պայմանավորվածություն կա Կապան-Երևան գնացքն ուղեկցող զինվորականության ղեկավարության հետ (գնացքն անցնում էր Նախիջևանով, և ադրբեջանցիների հարձակումից ուղևորների անվտանգությունն ապահովելու համար գնացքն ուղեկցում էին զինվորականներ), դուք մտնում եք առավոտյան ժամը 8.45 րոպեին (գնացքը Երևան էր հասնում առավոտյան 8.30-ին) կայարանի սպասասրահ, օդ եք կրակում, գոչում եք՝ տվեք զենքերը, զինվորները զենքերը ցած են դնում և փախչում են: Դուք հանգիստ վերցնում եք ավտոմատ զենքերը և հեռանում եք կայարանից:


Նախօրեին մատաղ կերած տղաները հաջորդ առավոտյան մատաղացու գառների պես գետնին են ընկնում զինվորների ավտոմատների կրակահերթից, որովհետև պայմանավորվածություն չէր եղել: Եթե տղաները գնացել էին զենքեր խլելու, ապա նրանք կկրակեին և կսպանեին բանից անտեղյակ զինվորներին (տղաները զինված էին ատրճանակներով, և միայն Խաչիկ Նազարեթյանն էր զինված AK-74 ավտոմատով): Մինչ տղաները օդ կկրակեին, վայրկյանների ընթացքում պրոֆեսիոնալ զինվորների արձակած գնդակից կմեռնեն 6-ը, և միայն Խաչիկ Նազարեթյանը ավտոմատի անկանոն կրակոց կբացի, որից կվիրավորվի ռուս կապիտանը (վերջինս Մոսկվայի Բուրդենկոյի ինստիտուտում կվիրահատվի և մեկ տարի հետո կմահանա) և կփորձի փախչել կայարանի սպասասրահի թունելով: Խաչիկ Նազարեթյանը ծանր կվիրավորվի՝ զինվորներից մեկի արձակած պտտվող գնդակը կմտնի նրա ձախ քթանցքից և դուրս կգա աջ ակնախոռոչից:


Կայարանում դեպքերին հետևող ՀՀՇ-ական պատասխանատուն անակնկալի կգա տեսնելով Նազարեթյանին, որովհետև նրանք հույս ունեին, որ ավանտյուրայի արդյունքում բոլորը կմեռնեն, մինչդեռ այդպես չեղավ: Հետագայում հարուցված քրեական գործը, երբ արդեն ՀՀՇ-ն իշխանության էր, կարճվեց, և Խաչիկ Նազարեթյանը (և ոչ միայն նա) ազատվեց քրեական պատասխանատվությունից: Կայարանամերձ հրապարակի ավանտյուրան շարունակվեց երեկոյան` Երևան-Նուբարաշեն ճանապարհին: Ընդհանուր առմամբ ՀՀՇ-ի ավանտյուրայի պատճառով այդ օրը զոհվեց 31 մարդ: Էլ ավելի կարելի է մանրամասնել այդ օրվա և հետագա զարգացումների ողջ ժամանակագրությունը: Ով կասկածում է իմ ասածներին, թող գա, և ես նրան կտրամադրեմ թիվ 62200990 քրեական գործը` հարուցված ՀԽՍՀ քր. օր.-ի 99 հոդվածի 4, 6 կետերով և 232 պրիմ հոդվածի 3-րդ մասով։ Կցանկանայի նաև ավելացնել, որ այս դեպքը, ինչպես նաև Մասիսի, Շահումյանի տրիկոտաժի թունավորումները միջոց դարձան ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ձեռքին, երբ ՀՀՇ-ն փորձեց նրան չնշանակել երկրորդ ժամանակով ՀՀ գլխավոր դատախազ: Այդ դեպքերի մասին ես բազմիցս հոդվածներ եմ գրել և չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ հատկապես մայիսի 27-ի ավանտյուրային, բայց, երբ «Շանթ» հեռուստատեսության կիրակնօրյա «Հորիզոնի» թողարկման ժամանակ «Հեռանկարը» վարող լրագրող Արամ Աբրահամյանի հյուրն էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, և որը լրագրողի հարցին, թե ով էր կազմակերպել 1990 թվականի մայիսի 27-ը, գեբելսյան մեթոդով ստեց, թե Խթը-ն, լռել չէի կարող. Խթը-ն շատ մեղքեր ունի, պարոն Ալեքսան Հակոբյան, և մի փորձեք օգտվել դրանից և ձեր կատարած այս ոճրագործությունը բարդել նրա վրա:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Պարոն Ալեքսան Հակոբյան, Դուք ինձ լավ եք ճանաչում: Դուք էլ կփորձեք արդարանալ, հայտարարելով, թե ինձ դատի կտաք, ինչպես ձեզնից առաջ ձեր որոշ կոլեգաներ: Դա Ձեր իրավունքն է: Միայն` երբ կփորձեք հայցով դիմել դատարան, խորհուրդ կտայի հանդիպել Երևանի Կալինինի փողոցի 44 շենքի 44-րդ բնակարանի (քրեական գործով այդ հասցեն է նշված) բնակիչ Խաչիկ Նազարեթյանի հետ և ճշտել իմ խոսքերի իսկությունը: Չգիտեմ, թե նա ինչ կասի, բայց ասեմ նրա խոսքերը բառացիորեն, ինչ նա ասել է ինձ: Իմ հարցին, թե ինչպես է եղել դեպքը, նա կարճ պատասխանեց.
-Ես Ձեր հոդվածները այդ դեպքի կապակցությամբ կարդացել եմ, և միայն դեպքի ականատեսը կարող էր այդպես մանրամասն նկարագրել: Ավելին ոչինչ չեմ կարող ասել:

Դիտվել է՝ 6336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ