«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Իսթամբուլը պիտի դառնա արյան ծով» (Ասք մեգապոլիսի, նռան այգիների և բուրժուացող օլիգարխի մասին)

«Իսթամբուլը պիտի դառնա արյան ծով» (Ասք մեգապոլիսի, նռան այգիների և բուրժուացող օլիգարխի մասին)
08.09.2017 | 06:26

ՆԱԽԵՐԳ


Օգոստոսը չզլացավ և իր հուր-դեղին գիրկն առավ երկիրը:
Սևանա լիճը դատարկվում էր աչքի առաջ` համաձայն ԱԺ-ի օրենքի: Հրդեհվեց Խոսրովի հնամենի անտառ-արգելոցը, և նրա բախտը կիսեցին Շիկահողի և Խուստուփի անտառ-արգելոցները: Բայց պետք է փաստել, որ վերոնշյալ հրդեհների մասին ՀՀ ԱԺ-ն որևէ օրենք չի ընդունել:
(Օգոստոսյան տապից դեռ չեմ ցնորվել, և ահա այսօր` ամսվա վերջին օրը, փասիանս եմ գցում, փորձելով կռահել, այնուամենայնիվ, կա՞ որևէ կապ Սևանա լճի կենսալիցք ջրերի հորդահոս ալեկոծման և անտառային հրդեհների հարահոսի միջև):
2017-ի օգոստոսը խենթ ամիս էր, երբեմն էլ` խելակորույս:


ԱԺ-ի սևանափրկիչ որոշման դեմ ընդվզեց ՀՀ ԱԻՆ-ի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, ահազանգելով, որ եթե Սևանա լճի ջրերի նվազումը շարունակվի, ապա չեն բացառվի 6-բալանոց երկրաշարժերը լճում և նրա հարակից բնակավայրերում: Կարծես թե լճի ջրերը անսասան նվազում են: Այս ամենին չդիմացավ և լրջորեն ընդդիմացավ բնապահպան Սոնա Ադամյանը, հայտարարելով. «Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է: Մենք անընդհատ խաղ ենք անում բնության հետ, անընդհատ փոխում ենք լանդշաֆտները, անընդհատ անտառ ենք հատում, հանքեր ենք բացում... Թեղուտի անտառներն են հատում, հատում են Զանգեզուրի անտառները, գնում են դեպի Ջերմուկ»:
2017-ի օգոստոսը խենթ ամիս էր, երբեմն էլ` խելակորույս:


Նախ՝ գնդակահարվեց Նժդեհի արձանը մայրաքաղաքի սրտում, այնուհետև նրա կիսանդրին` զրնգուն աշխարհ Զանգեզուրում՝ Խուստուփ լեռան գագաթին: Օրեր անց մի աշխարհիկ աբեղա՝ Սբ Հռիփսիմե վանքի սպասավոր Համբարձում սրբազանը, գինովցած, տուրուդմփոց հրահրեց Ագաթանգեղոսի փողոցում, «Էմ & Կա» կարաոկե ակումբում: Աբեղան մեղքը խոստովանեց: Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, մտորում եմ` արդյո՞ք կա կապ վերոնշյալ աղետալի դեպքերի միջև:
2017-ի օգոստոսը խենթ ամիս էր, երբեմն էլ` խելակորույս:
Հանկարծ պայթեց «Նաիրիտը», և այս դեպքն ինձ հիշեցրեց խորհրդահայ կոլխոզների դեզերի ոդիսականը: ՈՒրեմն այսպես, երբ կոլխոզի ձեռնաքաշ նախագահը յուրացնում էր հանրային 100 դեզի ուղիղ կեսը, գիշերով հրկիզում էր մնացած 50-ը և պարտակում հանցանքի հետքերը: Խենթ օգոստոսը այ թե ինչպիսի խելակորույս քայլ կատարեց, այն էլ «ձիով»: Հանկարծ հայտարարվեց, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը էլ չի փոխվելու մինչև 2036 թիվը Տե՜ր իմ երկնային, սակայն չէ՞ որ ՀՀԿ-ն իշխելու է մինչև «դարի վերջը»` 2040-ը: Որքա՞ն է լինելու էլեկտրաէներգիայի սակագինը 2037-2040 թվերին:


Այս ամենը ծանր տարավ ԲՀԿ-ի տնտեսական առաջամարտիկ, տիար Վարդան Բոստանջյանը, որը քարագրեց. «Նշյալ սակագինը ուղղակի բստրված է, և այն կրկնակի պետք է նվազի»:
Օգոստոսը 2017-ին խենթ էր, երբեմն էլ` խելակորույս: Երբեմն պաղ անձրևներ տեղացին ի սփոփում, ամպրոպներ որոտացին, և երկնային կայծակները քմծիծաղով մրցում էին երկրային հրավառությունների հետ:

ՄԵԳԱՊՈԼԻՍԻՑ ԴԵՊԻ ՆՌԱՆ ԱՅԳԻՆԵՐ


Ներքոհիշյալ դարակազմիկ (խենթ և խելակորույս) դեպքերը, հետաքրքիր է, ինչպիսի՞ զարգացում կունենան ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձի այս դրվագի լույսի ներքո. «Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և, ընդհանրապես, կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր է»:
«ՀՀ բյուջեի մասին» օրենքով 360 մլն 361 հազար դրամ (շուրջ 800 հազ. դոլար) է հատկացվել ՀՀ գյուղնախարարությանը խորհրդատվական ծառայությունների իրականացման համար: Այս հրաբորբոք օրերին 800 խորհրդատուներ (համաձայն ՀՀ-ում իրականացվող խորհրդատվությունների տրամաբանության) հավանաբար շրջում են 800 գյուղերում և յուրաքանչյուրում 1000-ական դոլարի խորհուրդ նվիրաբերում, ասենք, գյուղապետ Արշակին կամ էլ բանջարաբույծ Բուրաստանին: Այս ամենում մի վեհ բան կա` չէ՞ որ խորհրդատուները գյուղերում առաջին անգամ են տեսնում խոշոր եղջերավոր և, մանավանդ, մանր կճղակավոր կենդանիներ: Ամենայն հավանականությամբ այս ճանապարհով համաձայնության կամուրջ է գցվում տեսաբան-օսլայաօձիք խորհրդատուների և հայ ներկա-բացակա գյուղի միջև:
ՀՀ 14-րդ վարչապետը հյուրընկալվեց Ջերմուկ առողջարանային քաղաքում: Հյուրընկալվեց, յուր շուրջ հավաքեց նշանավոր այս քաղաքի երեց և ջահել այրերին և հրահանգեց` զգաստ լինել և գիտակցել, որ Ջերմուկ քաղաքը պիտի դառնա մեգապոլիս: Բարո՛վ դառնա, սակայն նման մեգա-հրովարտակները պետք է միս ու արյուն առնեն հուռռա-հայրենասիրական օրհներգի ներքո: Այսպես, երբ խորհրդատուները հասնում են հայոց հեռավոր գյուղեր և անցնում են խորհրդատվական գրոհի, ողջ գյուղը պետք է ելնի ոտքի և օրհներգի խնդումերես, մի քիչ հուզված, լացակումած. «Իսթամբուլը պիտի դառնա արյան ծով»: Նույնը պիտի որ հնչի և նոր սխրանքների ոգեկոչի կառավարության անդամներին, հատկապես մշակույթի նախարար տիար Ամիրյանին, որի մտահղացումները որքան մեգատիրույթում են, նույնքան էլ դեյվիդկոպերֆիլդյան հմայք ունեն: Միով բանիվ. մենք պետք է հաշտության ձեռք մեկնենք ներկա կառավարությանը, մեկ էլ տեսար (ընդդիմության ականջը խուլ)՝ նրա ծրագրերը իրականացան:


Հողմաղացը երջանկացավ կարմիր լուրից, զի հայոց վարչապետը հայրենի բնօրրան Արցախի անմահական հողում պատրաստվում է 200 հա նռան այգի հիմնելու: Առաջն Աստված, և էական մի ցանկություն. թող որ նրան հետևեն (այսինքն` այգի տնկեն, առհասարակ, գյուղատնտեսությանը և անասնապահությանը զարկ տան) ՀՀ նախկին բոլոր վարչապետները, ԱԺ նախագահները, նախարարները բոլոր: Ամեն:
Այս կարմիր լուրի ցնծությունից դեռ չսթափված, կանաչ մի լուր փարվեց քունքիս: Օգոստոսի 21-ին արգո վարչապետը հրավիրեց կառավարության ընդլայնված նիստ, քննարկվեց կառավարություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգը: Գերագույնս սպասված գաղափար է, բայց և այնպես, կապույտ տագնապի ամպն է պարուրում հոգիս. եթե հանկարծ (այս իմաստով երկրի տառապանքը ահռելի փորձ ունի) կառավարությունը մասնավոր հատվածից համագործակցության հրավիրի կառավարական և մերձկառավարական մասնավոր հատվածի՞ն: Միով բանիվ կառավարությունը փոխզիջման ձեռք է մեկնել մասնավոր տնտեսավարողին: Բռնենք այդ ձեռքը և սեղմենք կրծքներիս:

ԲՈՒՐԺՈՒԱՑՈՂ ՕԼԻԳԱՐԽԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ


Օգոստոսի 31-ին իջա Զանգվի ձոր, գտա հանրային մի անապակ աղբյուր, ճաշակեցի օրաբաժին թեփահացս և քուն մտա ջրի երգեցիկ կարկաչյունի ու հարակից պանդոկից պարտադրվող ռաբիս կաղկանձյունի ներքո: Երազս չքնաղ էր. ինձ հյուր եկավ ամերիկաբնակ գեղագիր-պոետ և հրաշունչ հրապարակագիր Սոնա Վանը և ահա թե ինչ հուշեց զիս. «Ես թագավորության հեքիաթային հավատացող եմ ու թագերի հավաքածու ունեմ ամերիկյան տանս: Ամեն օր արթնանալուն պես դրանցից մեկը դնում եմ գզգզված մազերիս ու շարժվում սրճաբույրիս ուղղությամբ: Խոհանոցիս սեղանի վրա թղթերս են` ինչպես միշտ անփութորեն ցրված»:
Արդ, ի՞նչ անենք, հավատա՞նք հայոց թագավորության մասին հին ու նոր հեքիաթներին, թե՞ գզգզված մտքերով և սայթաքուն քայլերով դոփենք տեղում՝ ապավինելով հայի չար բախտի մասին անալի լեգենդին: Ելքը մեկն է` ապավինել հայի վերջին խելքի առասպելին: Եվ այս վերջին խելքը, հավատացեք, ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհն է, քանի որ իշխող ուժը մանրադիտակը ձեռքին, զննում է հանրապետական հանրապետության անցյալը և քննում նրա ներկա օրը: ՈՒ՞ր է տանում ներկա օրվա փակուղային և լպրծուն ճանապարհը: Դեպի տաճա՞ր: Կասկածելի է, սակայն, չի բացառվում: Ամեն դեպքում ՀՀԿ-ն այսօր պետք է հենվի իր ակունքներին: Չմոռանանք, որ երկրի կայացման օրհասական-հերոսական օրերին հենց այս քաղմարմնի «Անկախության բանակ» ռազմական միավորումն էր երկրի պահպանության առաջնադիրքում: Այսինքն, այն տարիներին հանրապետականները խրոխտ քայլում էին դեպի տաճար: Բայց և այնպես, ամեն բան կորած չէ: Տեսեք՝ այսօր ՀՀԿ-ի տնտեսական գլխավոր հածանավ Սամվել Ալեքսանյանն է դարձի գալիս աչքի առաջ` բուրժուանալով: Վերջերս նա գնեց Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան և նույն քաղաքի Մեխանիկական-փորձարարական գործարանը: Գնել է և լուրջ ներդրումներ է կատարում, այսինքն, մենաշնորհային մոլեմսխուն փողերը լվանում է արտադրության զուլալ ջրերում: Տեսանելի ապագայում մի քանի հարյուր մարդ՝ բանվորներ և ծառայողներ, առավոտ ծեգին զվարթ սրտով ճամփա կընկնեն դեպի աշխատավայր, մայրամուտից քիչ առաջ էլ խնդումերես կվերադառնան հայրենի օջախ: Այսինքն, բուրժուա Ալեքսանյանը ձեռնոց է նետել օլիգարխ Ալեքսանյանին: Ես՝ ծառան ձեր հեզ, բնականաբար, բուրժուա Ալեքսանյանի կողմնակիցն եմ: Ի դեպ, տիար Ալեքսանյանն իր ձեռնարկություններում ստեղծում է արհմիութենական կազմակերպություններ, այսինքն, իրեն վերահսկող մարմիններ: Ո՞վ կսպասեր նման բան:

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ` հարկավոր է ոտն ի գլուխ ամորձատել օսլայաօձիք-խորհրդատվական համակարգը, որպես աղետալի մի չարիք: Նախ և հետո` անհրաժեշտ է օրենքի ուժով (նաև քրեակատարողական բարյացակամ հիմնարկներում մշտապես բնակվելու սիրալիր սպառնալիքով) երկրի բոլոր օլիգարխներին ուղղորդել դեպի 3-րդ հանրապետության կործանված արդյունաբերության վերականգնում՝ սկսած «Նաիրիտից», վերջացրած թիվ 1 տպարանով:


Այսինքն, ճիշտ ժամանակն է, որ ազգովին ապավինենք մեր մտքին և բազկին: Ի դեպ, տարիներ առաջ ՀՀԿ-ն հենց նման կարգախոս էր հռչակել. «Ապավինենք մեր մտքին և բազկին»:
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ