ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կարեն Դեմիրճյանի հետ իմ երկու շարունակական և մեկ առանձնահանդիպումը

Կարեն Դեմիրճյանի հետ իմ երկու շարունակական և մեկ առանձնահանդիպումը
14.04.2017 | 10:45

1982 թ. հունիսին ինձ աշխատանքի հրավիրեցին Երևանի կոմերիտմիության քաղաքային կոմիտե: Հրավիրել ասածը հաստատ խորթ կհնչի մերօրյա քաղաքացու ականջին, սակայն պատկերացրեք, որ կային այդպիսի ժամանակներ ու պարտադիր չէր կամ գուցե ոչ բոլոր դեպքերում պարտադիր էր որևէ կլանի, կաստայի, համքարության կամ խնամի-ծանոթ-բարեկամական կապերի ներկայացուցիչ լինելը: Թվարկումներում ես չհիշատակեցի օլիգարխիայի, գողական աշխարհի ու պպզողների դասի ներկայացուցիչներին ոչ նրա համար, որ դրանք չկային, պարզապես ներկայիս իշխանությունների այս երեք հզոր հիմնասյուներն այն ժամանակ եթե ոչ արհամարհվածների, գոնե այսքան հրապարակային պահանջվածների շարքից չէին:


Ինձ հետ պատահածների կտրվածքով շատ հետաքրքիր բաներ կարելի է պատմել այդ ժամանակաշրջանի մասին, սակայն վախենում եմ դրանց ծայրը բացեմ ու վերնագրում հիշատակված մարդու մասին ասելիքի տեղ չմնա, վերջնահաշվում էլ ստացվի, որ հուշապատումիս առանցքային դեմքը ոչ թե ականավոր հայը, պետական գործիչն էր, այլ առավել քան համեստ վաստակ ունեցող անձս: Սակայն այս մի պատմությունն անեմ, նոր անցնեմ առաջ, որ մի առանձնակի տպավորություն էլ չստեղծվի, թե ինչ գիտեմ ինչ հեքիաթային ժամանակներ էին ոչ վաղ անցյալում ու իբր թե դրանում անհեթեթություններին տեղ չկար:
Այսպես, չլինելով ԽՄԿԿ անդամ, երկու տարուց ավելի ես ղեկավարել եմ քաղկոմի պրոպագանդայի բաժինը, և ամենազավեշտալի այն էր, որ երկրի, կուսակցության հրատապ կյանքին առնչվող փակ նամակների քննարկմանը մասնակցելու իրավունք չունեի, թեպետ դրանք կյանքի կոչելու գործն ի պաշտոնե ինձ վրա էր դրված: Ահա այսպես երբեմն անհաշտ, երբեմն հաշտ իրար հետ համագործակցում, գոյատևում էինք ես ու հզոր կոմունիստական կուսակցությունը:


Ամեն տարի մենք Կարեն Դեմիրճյանի, հանրապետության կուսակցական ու խորհրդային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առնվազն երկու առիթ ունենում էինք: Մեկն Ապրիլի 24-ին էր, մյուսը՝ Մայիսի 9-ին, երբ գնում էինք Հայոց մեծ եղեռնի զոհերի ու անմահ զինվորի կրակի մոտ հերթապահելու: Կուսակցական, իշխանական շքախումբը միշտ գալիս էր առավոտյան 10-ից 15 պակաս: Մինչ այն բարև-բարիլույսի, իրար ողջության հարցերի մեջ էր, մենք` կոմսոմոլի ջահելներով, մի երեսուն մետր հեռու կանգնած, վայելում էինք նրանց մերձ լինելու երջանկությունը: Կարճ ժամանակ անց Կարեն Դեմիրճյանն ուղղվում էր մեր կողմ ու չգիտես ինչ տրամաբանությամբ նրա բարևած առաջին մարդը ես էի լինում: Բարևին պարտադիր հետևում էր «Ո՞նց ես, տղա ջան» հարցն ու դրանից հետո բառիս բուն իմաստով ընկնում էի կրակը, որովհետև Կարեն Սերոբիչին, ըստ հիերարխիկ աստիճանակարգի, հաջորդում էր ողջ շքախումբը «տղա ջանին» հետևող մանրամասներով: Բանը հասնում էր տան գործերից տեղեկանալուն, իմ՝ պատահաբար պրոբլեմներ չունենալուն, տնեցիների ողջությանը և այլն, և այլն:


Սակայն սա ընդամենը, ինչպես ասում են, «ժուռնալն» էր: Հաջորդ օրն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնում կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղարը, ու մոգոնված այդ հանդիպման բուն նպատակը հարցի պարզաբանումն էր, թե որտեղից է ինձ ճանաչում Կարեն Դեմիրճյանը: Պատասխանս, թե ազգակցական, արյունակցական կապ չունեմ հանրապետության առաջին դեմքի հետ, ու որ դա գուցե զուտ համակրանքի դրսևորում է սեփական անձիս նկատմամբ (խոսքը մեր մեջ՝ նայվող ջահել էի, արտաքինիս, հագ ու կապիս նկատմամբ էլ՝ ուշադիր ու ճաշակով), դիմացինի դեմքի դժգոհ արտահայտությամբ ու զուտ պրոֆիլակտիկ նշանակություն ունեցող մտերմական մատ թափ տալով էր ուղեկցվում, ինչպես նաև աշխատանքային ավագ ընկերոջ կողմնորոշիչ խորհրդով՝ կեցցես, կոմունիստը պիտի այդպես զուսպ լինի, լեզուն ատամների տակ փակ պահած: Ասել է թե` նույնիսկ այն համատարած բարեկրթության ժամանակներում մարդիկ դժվարությամբ էին ընկալում, թե ինչպես կարող է հանրապետության թիվ մեկ դեմքը հենց այնպես, առանց պատճառի ուշադրության արժանացնել շարքային աշխատակցին՝ այդ նույն պարտադրված բարեկրթության մեջ մոռանալով, որ ներքին կուլտուրան, շրջապատի նկատմամբ ուշադրությունը մարդս կամ ունենում է, կամ չի ունենում:


Կարեն Սերոբիչին հանդիպելու իմ այս հաճույքն ու դրան հետևող ոդիսականը շարունակվեց մինչև 1989 թվականը: Երկիրն արդեն երկրաշարժ էր տեսել, քաղաքական ու տնտեսական կյանքի ահռելի խմորումներ էին, Ղարաբաղյան շարժումն էր և այլն, և այլն: Սրանք մեր խնդրո շրջանակից դուրս են, ուստի շրջանցենք:


1990 թվից ես արդեն «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում էի աշխատում: Եթե չեմ սխալվում, 1993-ի անտանելի ցուրտ ձմեռն էր, երբ թերթի գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանը, ում 1975-ից ճանաչելու երջանկությունն եմ ունեցել, կանչեց վերև, թե՝ ապեր, աշխատողները սառում են, էս րոպեն մեկ կտրվող լույսի պայմաններում հոսանքով տաքացուցիչների վրա հույս դնել չի լինի: Ասում են՝ «Հայէլեկտրոն» նավթավառներ է արտադրում: Տնօրենը Կարեն Դեմիրճյանն է: Ստատուսը պահելու համար կամ ես պիտի գնամ, կամ դու: Ոնց էլ լինի աղջիկ տարիների աշխատանքային ժամանակներում հետը շփված կլինես: Գուցե խնդրես մի քանի հատ նավթավառ վաճառեն:


Գնացի, սակայն քարտուղարուհուն նախապես զանգելով ու խնդրելով, որ Կարեն Սերոբիչին բառացիորեն հաղորդի հետևյալը. «Զանգել է «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալն ու, նախապես ներողություն խնդրելով անհարմարություն պատճառելու համար, խնդրում է ցանկացած հարմար ժամի ընդունել»:
Հետզանգն անմիջապես հետևեց, ու ես փութացի Կարեն Սերոբիչի մոտ:
Թաքցնելու ոչինչ չունեմ՝ երկյուղած մտա աշխատասենյակ:
Ընդունեց խորագույն հարգանքով ու, դիմելով ազգանունով, հարցրեց.
-Վերադաս ջան, ինչո՞վ կարող եմ ծառայել:
Իրեն այնքա՜ն բնորոշ նուրբ, բայց և դիմացինի ինքնասիրությունը չվիրավորող հումորի հետ միախառնված վեհանձնություն կար դիմելաձևի մեջ, արքայական պահվածք: Սակայն թող հանդուրժվի ասելը, մենք էլ անտաշ քարից չէինք շինված ու, համենայն դեպս, նույն այդ կրթությունից, ընտանեկան դաստիարակությունից գիտեինք ինչն ինչից հետո է:
Ասացի.
-Կարեն Սերոբիչ, այս սենյակում ու ընդհանրապես, գոնե ինձ համար, վերադասը եղել եք, կաք ու մնում եք Դուք: Հանրապետությունը Ձեր ղեկավարելու տարիներին ես եղել եմ կոմերիտմիության աշխատող ու Ձեր անձի նկատմամբ պատկառանքը պահած անձ եմ, թեպետ շրջապատն ինձ ազգանունով է դիմում, ես Ձեզ համար կամ և մնում եմ Մարտին:
Շոյվե՜ց: Հաճելիորեն շոյվեց, թեպետ չեմ կարծում, թե կյանքում առաջին անգամ էր նման խոստովանանք լսում:


Ասաց. «Բալա, սահմանը դու վերացրիր: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»:
Ներկայացրի խմբագրության վիճակը, որ սառելու պատճառով գրիչը լրագրողներիս մատների արանքից ցած է ընկնում, որ տաքանալու համար աշխատողներին փողոց ենք հանում, քանի որ այնտեղ աշխատասենյակից ավելի տաք է…
Վշտացավ. «Փաստորեն Պատրիկյանի կերպարը կերտելիս Նար-Դոսը չափազանցություններին տուրք չի տվել»:
Վերցրեց հեռախոսափողը, քարտուղարուհուն հանձնարարեց գտնել գլխավոր ինժեներին: ՈՒ քանի որ խոսակցությունից պարզ դարձավ, որ դա առնվազն մի երեսուն րոպե տևելու է, ես ասացի, որ չխանգարելու համար կսպասեմ ընդունարանում:
Առարկեց. «Նախ՝ չես խանգարում, երկրորդ՝ տանտիրոջ դուռը միշտ բաց պիտի լինի եկողի համար, որ տունը տան նման լինի»:


Օգտվելով առիթից, որ զրուցակիցս անկեղծ մթնոլորտ էր ստեղծել, բացի այդ ժամանակ լցնելու խնդիր կար, պատմեցի կոմսոմոլի տարիների ոդիսականս: Մի այնպիսի հոմերական քրքիջ էր դրել, որ քարտուղարուհին դուռը զարմացած բացել, շիվար կանգնել էր՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Ով գիտի` մեկ էլ երբ էր այդպիսի վարակիչ ծիծաղով տեսել նրան:
Մինչ գլխավոր ինժեների գալը երկար խոսակցություն բացեց միավորման գործունեությունից, աշխատանքային հեռանկարից, միջանկյալ ասաց, որ նավթավառների արտադրության կազմակերպումը Պարսկաստանից բարձր գներով ներկրվող ու հոր գներով բնակչությանը վաճառելու դեմն առնելու խնդրի համար է, սահուն անցում կատարեց երկրի իշխանություններին, որ նրանց աշխատելուն չպիտի խանգարել, ավելորդ խորհուրդներով չպիտի միջամտել, որ եթե իրենց՝ հին (այդպես էլ ասաց՝ հին, թեպետ իրենից ով էր ավելի նորը, այդպես էլ չհասկացանք մեր այս տարիներին) ուժերի օգնության կարիքն ունենան, հավանաբար արժանապատվությունից ցած չեն համարի, կդիմեն, ու իրենք էլ չեն զլանա օգնության ձեռք մեկնել, որ նախագահն ուղեղ ունեցող մարդ է, ոնց որ թե կարողանում է երկիրը արժանապատվորեն ներկայացնել դրսում, որ տնտեսության կառավարման հարցերում թեպետ վրիպումներ կան, բայց դե ամեն մի նոր միշտ էլ նման բաներով ուղեկցվող է, գլխավորը ստրատեգիայում սխալված չլինելն է, որ էն արջից ուժ է հորդում ու որ սպարապետը պիտի էդպիսին լինի… Մի խոսքով, բաներ էր ասում, որ հաճելիորեն զարմացնում էին, մինչդեռ անկեղծ ասած, թվում էր, թե հակառակը, ավելի շուտ ու ավելի շատ վիրավորանքը պիտի մեջը խոսողը լիներ: Երբ հավարտ իր ծավալուն խոսքի զարմանքս արտահայտեցի ժամանակի իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշման առնչությամբ, ասաց.
-Իմացիր ողջ կյանքիդ համար, երկիր կառուցելիս վիրավորանքներով չեն առաջնորդվում: Դա թույլերի մենաշնորհն է:


Օգտվելով առիթից, նաև որոշակի մեկնաբանումներով հող նախապատրաստելով, մի փոքր էլ սեփական իրավունքներս գերազանցելով, խնդրեցի թերթին բացառիկ հարցազրույց տալ այն ամենի մասին, ինչից խոսում էինք, քանի որ դա հանրության համար չափից ավելի հետաքրքրական կլինի:
Կարճ ժամանակով սուզվելով մտորումների գիրկը՝ ասաց.
-Ես լռության ուխտ եմ արել: Հիմա, որ խոսեմ, կարող է ոչ միայն սխալված լինեմ, այլև խանգարեմ: Իմ խոսելու ժամանակը դեռ կգա, բայց քեզ էլ չեմ ուզում մերժած լինել: Եկ պայմանավորվենք այսպես՝ թող մի որոշ ժամանակ անցնի, ես էլ մի հատ մտքերս ի մի բերեմ, կզանգենք, կպայմանավորվենք:
Այստեղ առաջ անցնելով` թույլ տվեք ասել, որ թերթի գլխավոր խմբագրի հետ այս զրույցի շուրջ, բնականաբար, կիսվել եմ, ու նրա ափսոսանքն էլ ինձ համար ակնհայտ է եղել, որ ժամանակային այդ հատվածում այդ հարցազրույցը կարող էր և ոմանց կողմից անհարկի միջամտություն դիտվել, ու ես թերթում աշխատելու տարիներին խորապես տագնապել եմ, որ կարող է հարցազրույցի պատրաստ լինելու դեմիրճյանական զանգը հնչի, ու հայտնվեմ ապուշ վիճակում, թեպետ արգելքների դեպքում ես անգամ աշխատանքից ազատվելու գնով կգնայի նախկին միութենական մամուլում հանդես գալու քայլին:


Ինչևէ: Նավթավառները բերեցինք (ավելի ճիշտ՝ բերեցին), ակնկալված տասի փոխարեն քսանը, ու որ գոնե ինձ համար ամենաթանկն է, եղավ հեռախոսազանգը.
-Բալա, էսքանով յոլա գնացեք, մինչև մի երկու ամսից ավելի լավ դիզայնով պատրաստվածներից ուղարկեմ:
-Կարեն Սերոբիչ,- ասացի,- շնորհակալ եմ աջակցության համար, սակայն հարց ունեմ՝ գումարը ո՞նց ենք վճարելու:
Պատասխանեց.
-Չէ, ոնց որ իրար էնքան էլ լավ չենք հասկանում: Զինվորի վրա բան չեն վաճառում, տղա ջան: Ինչ տարբերություն, Դուք էլ մեր մտավոր աշխատանքի զինվորներն եք:
Հնարավորինս սեղմ գծերով թերևս այսքանը այդ լուսավոր մարդու մասին, որն իսկապես երևույթ էր մեր երկրի կյանքում, ում մեծությունը նրանից ավելի ու ավելի հեռացնող ժամանակի հետ գնալով ավելի է մեծանում, որովհետև նա մարդ էր, քաղաքացի, պետական գործիչ անպարագիծ չափումներով:
Սակայն խոսքս ավարտելուց առաջ կուզենայի անդրադառնալ հանրապետական մամուլում տպագրված իմ երկու հրապարակումներին, որոնք, կարծում եմ, շոշափելի շտրիխներ են մեծանուն հայի դիմանկարին:


Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին կառավարության ընդունած որոշման առնչությամբ 2000-ին ես պատրաստեցի մի վերլուծական, ապա «Հեռացող, մոտեցող երկիր» վերտառությամբ հրապարակում (2000-ի դեկտեմբեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ), որտեղ ի մասնավորի անդրադարձել էի Քաջարանից Մեղրի տանող ճանապարհին, որի շինարարությունը, հակառակ դրա տնտեսական անարդյունավետության հիմնավորումներին, նախաձեռնելու և ավարտին հասցնելու անկոտրում կամք ունեցավ նա՝ ոչ հեռավոր ապագայի մեջ զարմանալի իմաստնությամբ տեսնելով դրա երկրապահպան, հողապահպան, ազգապահպան նշանակությունը: Տարիներ անց ես Կարեն Դեմիրճյանի այրուց անձամբ, ապա տիկին Ռիմայի «Հիշատակ» գրքից տեղեկացա, թե սույնով ներսի ծառայամիտ ուժերին ու միութենական իշխանությունների դեմ գնալու քաղաքացիական ինչ խիզախություն է ունեցել նա, և որ այդ ճանապարհի շինարարությունը ինչպես է արժեցել նրան ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումի կասեցում (որոշումը պատրաստ է եղել ստորագրման, նախագիծը նրան ցույց տվողը եղել է… Հեյդար Ալիևը՝ այն ժամանակ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված Ադրբեջանի կոմկուսի նախկին առաջին քարտուղարը, որն առանձնապես շահագրգռված էր այդ նախագիծը կյանքի չկոչելու հարցում):


Երկրորդ հրապարակումը («Մի գողացված առաջնության պատմություն») վերաբերում է ծանրամարտի 1983 թ. աշխարհի առաջնությունը Հայաստանից վերցնելուն, այդ առնչությամբ Կարեն Դեմիրճյանի ունեցած ապրումներին։ (Մոսկվա տեղափոխած առաջնությունում ԽՍՀՄ դրոշի տակ հանդես եկող հայաստանյան երեք պատվիրակներն էլ՝ Յուրի Վարդանյանը, Յուրիկ Սարգսյանն ու Հոկսեն Միրզոյանը, չեմպիոն հռչակվելով, ապտակեցին առաջնությունը Հայաստանի ձեռքից տարածներին, թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ Մոսկվան այդ քայլին չկամությամբ գնաց՝ զգուշանալով սփյուռքյան հայկական հայտնի կազմակերպություններից մեկի ահաբեկումներից (առաջնությանը մասնակցելու էր և Թուրքիան, իսկ Եղեռնի հուշակոթողի հարևանությամբ գտնվող մարզահամերգայինում այդ երկրի դրոշի բարձրացումը դիտվել էր որպես 1915 թ. զոհերի հիշատակի անարգում), որից ստորև արվող մեջբերումով էլ կուզենայի ավարտել խոսքս. «Թե Հայաստանն ինչպես ընդունեց իր զավակներին, ականատեսներն ինձնից լավ կարող են պատմել ներկա ու եկող սերունդներին. հավատացեք` ձևեր չեմ թափում, ես դրա ուժն ու զորությունը չունեմ: Թե յուրաքանչյուր հայորդու պես մեր ոսկի եռյակի փառահեղ ելույթին ինչպիսին եղավ Կարեն Դեմիրճյանի առաջին արձագանքը, գիտեն մեկ նա` Լուսահոգին, ու մեկ էլ` Աստված: Սակայն այդ օրը, խենթ հրճվանքի մեջ, ասում են` Ծիծեռնակաբերդի կողմից երկու ծա՜նր տնքոց է լսվել, մեկը` մարդու, մյուսը` մարդու արարչագործ ձեռքի շինության: Ասում են նաև, որ այդ օրը Մասիսը նախ մի խրոխտ հայացք է գցել աջ ու ահյակ, ապա հպարտ ու տիրաբար անցել է սահմանը ու հայրաբար համբուրել երկու ճակատ` մեկը` ՄԱՐԴՈՒ, մյուսը մարդու արարչագործ ձեռքի ՇԻՆՈՒԹՅԱՆ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ