«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ինչու հանկարծ շատ զգուշավոր Հովիկ Աբրահամյանը սկսեց ալեգորիկ և լիրիկական տոնով խոսել Սերժ Սարգսյանի հետ

Ինչու հանկարծ շատ զգուշավոր Հովիկ Աբրահամյանը սկսեց ալեգորիկ և լիրիկական տոնով խոսել Սերժ Սարգսյանի հետ
03.02.2017 | 00:07

Այս շաբաթ վերջնականապես հանգուցալուծվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալու էպոպեան։ Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի թեման պետք է ստվերեր շատ գործընթացներ, նույնիսկ քաղաքական, նախընտրական պրոցեսները, դաշինքային ինտրիգները։ Դրանք բոլորը երկրորդ պլան էին մղվել, քանի որ ինչ էլ ասեն, ՀՀԿ-ի ամենաօդիոզ և ազդեցությամբ թերևս երկրորդ տնտեսաքաղաքական խմբի ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի հեռացումն իշխող կուսակցությունից, բնականաբար, պետք է դառնար լուրջ իրադարձություն։

Ըստ էության, իրականություն են դառնում փորձագիտական շրջանակների կանխատեսումները, թե ՀՀԿ-ում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն ու խմորումները ոչ մի բանով չեն զիջում «Հանրապետականից» դուրս տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներին, եթե չասենք՝ ավելին, ավելի թեժ են ու ինտրիգային։ Բնականաբար, թիվ մեկ հարցն այն է, թե, այնուամենայնիվ, ի՞նչն էր պատճառը, որը ստիպեց նախկին վարչապետին դիմել արմատական քայլի և նույնիսկ ուղղակիորեն (թեկուզ և քնարական զեղումներով) հակամարտության մեջ մտնել անձամբ ՀՀ նախագահի և ըստ էության նաև՝ գործարանների տեխնոլոգիական ջրերը մարմնավորող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչը դրդեց ամեն տեսակի ինտրիգներում թրծված Հովիկ Աբրահամյանին, որը վերջին 25 տարում քայլ այլ քայլ ձևավորում էր իր կարիերան, աստիճան առ աստիճան բարձրանում էր իշխանական Օլիմպոսով և այդ ամենն անում էր շատ զգուշավորությամբ ու քաղաքական ճարպկությամբ, այնուամենայնիվ, գնաց այդ կտրուկ ու ռիսկային քայլին։ Եվ գոնե առայժմ նախկին վարչապետի հաշվարկների տրամաբանությունը չի երևում։


Սպասվում էր, որ Կարեն Կարապետյանի մուտքով նախ գործադիր իշխանություն, ապա նաև քաղաքական դաշտ կստվերվի Հովիկ Աբրահամյանի դարաշրջանը։ Հարցերի հարցն այն էր, թե ինչպիսին են լինելու վերջինիս դիրքերը թե՛ կուսակցության ներսում, թե՛ նոր ձևավորվող իշխանական համակարգում։ Հրաժարականից հետո իր հարցազրույցներից մեկում Հովիկ Աբրահամյանն ակնարկում էր, որ դեմ չի լինի շարունակելու իր գործառույթը ՀՀԿ ներսում, այդ թվում՝ նախընտրական շտաբի պետի դերում։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Կարեն Կարապետյանի համար կանոնադրական փոփոխությամբ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոն է ստեղծվում, հասկացավ, որ կուսակցության մեջ իր նախկին կարգավիճակն ապահովագրված չէ, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան նախ իշխանական, իսկ այնուհետև քաղաքական տանդեմը «Հանրապետականում» ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել, ինչը նախ և առաջ վերաբերում է ՀՀԿ վերին օղակների դեմքը սրբագրելուն։ Այսքանից հետո նախկին վարչապետի համար պարզ էր, որ ապագա իշխանական համակարգում՝ ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմնում, նրան ոչ ոք չի պատրաստվում որևէ լուրջ առաջարկություն անելու։ Համբերության բաժակի վերջին կաթիլը լցվեց այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը, աստիճանաբար ամրապնդվելով քաղաքական դաշտում, կուսակցական կառուցվածքում, կարողացավ ՀՀԿ վերին էշելոններում իր քվոտան և զգալի ներկայությունն ապահովել, իսկ հետագայում էլ արդեն օլիգարխիայի դեմ պայքարի համատեքստում ուղղակիորեն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանին և կառավարությունում խորհրդակցության ժամանակ հանձնարարեց կարգի բերել Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման ոլորտը, որը շահագործվում է ձկնաբուծության բնագավառում, որտեղ, ինչպես հայտնի է, մասնաբաժին ունեն Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը։

Ամենայն հավանականությամբ, դա ահազանգ էր, որ նա ապահովագրված չէ նաև իր բիզնեսների հարցում։ Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ կարող են թուլանալ նաև նրա ֆինանսատնտեսական ռեսուրսները։
Եվ պատահական չէ, որ նախկին վարչապետը անմիջապես սկսեց նյարդային շարժումներ անել, նրա վերահսկողության տակ գտնվող մամուլում արտահոսքեր եղան որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի՝ ԲՀԿ ցուցակով հանդես գալու վերաբերյալ։ Այսպիսով նա որոշակիորեն փորձում էր ուլտիմատումով խոսել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան փաստի առաջ կանգնեցնելով։ Սակայն դա կարծես թե չէր ազդում նախագահի վրա, որը, ինչպես երևում է (գուցե միայն նախընտրական տրամաբանությունից ելնելով), հստակ որոշել է ՀՀԿ-ն մաքրել օդիոզ դեմքերից և թարմացնել։ Եվ առավելագույնը, որ կարող է առաջարկել Հովիկ Աբրահամյանին, երկրորդ պլանի խաղացողի դերն է։ Այս պարագայում, ըստ էության, նախկին վարչապետը որոշեց դրսից միջամտել գործընթացներին։ Եվ ՀՀԿ խորհրդի նիստից ընդամենը օրեր առաջ կարողացավ հանդիպում ունենալ ՌԴ իր նախկին գործընկեր, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Թեև Հովիկ Աբրահամյանը շեշտում էր, որ իր հանդիպումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, և հայ գործարարի լոբբինգի հարց էր լուծում ընդամենը, սակայն բոլորը հասկանում էին, որ դա շատ թույլ ու նույնիսկ ժպիտ առաջացնող փաստարկ է։
Իհարկե հարց է առաջանում` կարո՞ղ էր Մեդվեդևը Կարեն Կարապետյանի պաշտոնական այցի նախօրյակին, առանց Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելու, նման հանդիպում կազմակերպել նախկին պաշտոնյայի հետ։ Նման բան դժվար թե լիներ, դա և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ գործընկերային էթիկետի խախտում է։ Ամենայն հավանականությամբ, Մեդվեդևը Սերժ Սարգսյանից մերժողական պատասխան չստանալով, այնուամենայնիվ, ընդունել էր Հովիկ Աբրահամյանին։ Բայց դատելով ամեն ինչից՝ հավանաբար վերջինիս Մոսկվայում պատասխանել են, որ իրենք շահագրգիռ չեն խառնվելու հայաստանյան ներքին վերադասավորումներին։ Այս ամենը հավանաբար տեղի է ունեցել՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի անձը և կապերը ռուսների հետ, ինչպես նաև նախատեսվող պաշտոնական այցը ՌԴ։


Չի բացառվում նաև, որ նախկին վարչապետին ՌԴ-ում հասկացրել են, որ նա ազատ է ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու, մինչև վերադասավորումները հստակեցվեն, կամ ինչպես հիմա արդիական է ասել՝ գետի ջրերը զուլալվեն։ Ի դեպ, ՌԴ-ից վերադառնալուց հետո Հովիկ Աբրահամյանի գործողություններից տպավորություն էր ստեղծվում, թե դրսում նրան ոգևորել են։ Նախկին վարչապետի շրջապատն էլ լուրեր էր տարածում, թե Հովիկ Աբրահամյանի դուրս գալով՝ լրջագույն ռեսուրսների արտահոսք է լինելու ՀՀԿ-ից, այն ռեսուրսների, որոնք տարիներ շարունակ ապահովել են ընտրությունների արդյունքները։ Նույնիսկ խոսում էին կուսակցությունից 16 հազար մարդու դուրս գալու մասին, սակայն դա սովորական բլեֆ էր, քանի որ ցանկացած պաշտոնյա վարչական ռեսուրս ունի կամ ընդհանրապես ռեսուրս ունի մինչև այն պահը, քանի դեռ պաշտոնավարում է։ Պաշտոնաթողությունից հետո վարչական ռեսուրս կոչվածը, այլ կերպ ասած, ապարատը, շարժվում է դեպի նոր պաշտոնյան՝ նոր տանիքներ փնտրելով։ Ըստ էության, Հովիկ Աբրահամյանի դեպքում էլ նույն պրոցեսն է ընթանում։ Եվ ՀՀԿ-ն լքողները կամ իշխանությունից հեռացվողներն ընդամենը Հովիկ Աբրահամյանի ամենամերձավոր շրջապատն են։ Եվ արդյունքում խոստացված 16 հազարի փոխարեն ՀՀԿ-ն առայժմ լքել է միայն 13 մարդ:
Իսկ ի՞նչ տարբերակներ ուներ Հովիկ Աբրահամյանը։ Նա՝
ա) կարող էր հաշտվել Սերժ Սարգսյանի առաջարկի հետ և նոր կարգավիճակում հանդես գալ,
բ) կարող էր կուսակցության մեջ մնալով թայմ աութ վերցնել, սպասել, մինչև ջրերը պարզվեն,
գ) կարող էր դուրս գալ ՀՀԿ-ից՝ հայտարարելով, թե հրաժեշտ է տալիս քաղաքականությանը,
դ) կարող էր դուրս գալ կուսակցությունից՝ հայտարարելով, թե մնում է ակտիվ քաղաքականության մեջ։


Նա, փաստորեն, ընտրեց վերջին՝ ամենակտրուկ տարբերակը։ Բաց մնաց միայն այն հարցը, թե ինչ է նշանակում՝ երեկվա պաշտոնյան մեծ դեմարշներով, ֆեյսբուքյան գրառումներով դուրս է գալիս ՀՀԿ-ից, բայց հրաժեշտ չի տալիս քաղաքականությանը։ Այս հարցը հուզում է քաղաքական դաշտի մի ստվար զանգվածի։ Սա նշանակում է, որ նա՝


ա) կարող է միանալ որևէ քաղաքական ուժի,
բ) ընտրություններից հետո համախմբելով իր ռեսուրսները՝ ստեղծում է նոր կուսակցություն, ինչպես նաև քաղաքական կոալիցիա որևէ ուժի հետ՝ ուժեղացնելով իր դերակատարումը,
գ) հանդես է գալիս քողարկված եղանակով, ընդ որում՝ իր ուժերը ներդնում է ոչ թե մեկ, այլ մի քանի տեղ, որպեսզի ազդեցություն ունենա մի քանի քաղաքական ուժերի հաջողության մեջ և ազդեցություն ապահովի քաղաքական պրոցեսների վրա՝ չլինելով խորհրդարանում։
Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ Հովիկ Աբրահամյանն այս ընտրական գործընթացներում բացեիբաց ոչ մի քաղաքական ուժի չի միանա։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ինքը չի ցանկանում, այլև շատերը չեն ուզենա, որ նա բացահայտորեն իրենց միանա, քանի որ նա բավականին խոցելի է իր կենսագրությամբ, կերպարով։ Թեև ունենալով որոշակի կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսներ, այնուամենայնիվ, շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել ցանկացած ուժի՝ սկսած իր խնամու «Ծառուկյան» դաշինքից մինչև այլ քաղաքական միավորումներ։

Պարզ է, որ օլիգարխիկ համակարգի ամենակարկառուն դեմքերից մեկի, ում հետ կապվում են երկրում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունները, ինչ-որ դաշինքում հայտնվելը խիստ կասկածելի ու վարկաբեկիչ է, ու շատ դժվար է այդ կառույցը, այն էլ նախընտրական ժամանակաշրջանում, ընդդիմադիր ընկալել։ Այս առումով չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը կփորձի աշխատել և՛ ծառուկյանական, և՛ Օհանյանի շուրջ դաշինքներում։
Վերադառնալով այն թեմային, թե ինչու հանկարծ շատ զգուշավոր Հովիկ Աբրահամյանը սկսեց ալեգորիկ և լիրիկական տոնով խոսել Սերժ Սարգսյանի հետ, նշենք, որ, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը փորձում է խաղարկել Գագիկ Ծառուկյան-2 կոմբինացիան՝ առճակատում բեմադրել, որպեսզի նույն ուժերը, որ ժամանակին հաշտեցնում էին Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին, փորձեն հաշտեցնել նաև նախկին համախոհներին։ Հովիկ Աբրահամյանը հույս ունի այդ բանակցությունների ընթացքում և հաշտեցման գործընթացում նոր ստատուս ստանալու, ինչն ավելի հարմար կլինի, քան այն, ինչ իրեն առաջարկվում էր։ Փաստորեն, մեծ սկանդալով փորձում են բանակցությունների սեղանի շուրջ բերել Սերժ Սարգսյանին։ Թե ինչի կհանգեցնի դա, դժվար է ասել, քանի որ, բացի Սերժ Սարգսյանից, կա նաև Կարեն Կարապետյանի գործոնը, որը շատ աշխույժ կերպով սկսել է օլիգարխների դեմ կոնկրետ գործողություններ ձեռնարկել։


Ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական դաշտում, մասնավորապես, ՀՀԿ-ում զգալիորեն աճում է Կարեն Կարապետյանի գործոնը, մանավանդ ռուսական վերջին այցելությունից հետո, մեծ կասկածներ կան, թե Հովիկ Աբրահամյանի հետ ընդհանրապես խոսել ցանկացողներ կլինեն։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ