«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Պետք է պահպանվի՞ ֆեոդալական, որոշ շրջաններում գրեթե ստրկատիրական մենթալիտետը, թե՞ պետք է փոխվի

Պետք է պահպանվի՞ ֆեոդալական, որոշ շրջաններում գրեթե ստրկատիրական մենթալիտետը, թե՞ պետք է փոխվի
27.01.2017 | 02:08

Վերջին օրերին մամուլում փորձագիտական շրջանակները բավական հաճախ են ընդգծում, որ քաղաքական դաշտում կարելի է առանձնացնել քաղաքական կշիռ ունեցող երկու գործչի՝ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին: Այս երկու գործիչների վարկանիշի թեման բավականին ակտիվ է քննարկվում, և դրա մեջ ըստ էության կա ակնարկ, որ ընտրական շրջանում ձայները բաշխվելու են հենց այս երկու բևեռների միջև։

Բնականաբար, նաև ակնարկվում է, որ հիմնականում այս երկու գործիչների շուրջ էլ ընթանալու է պայքարը։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից մեկի՝ վարչապետի ուղղակի մասնակցությունն ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածուի, մինչ օրս դեռ մեծ կասկածի տակ է:
Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո պարզ էր, որ նա գլխավորելու է իր նշած լայն դաշինքը։ Եվ նույնիսկ շատ ճշմարտանման են այն խոսակցությունները, որ այդ դաշինքը կկոչվի հենց նրա անունով՝ «Ծառուկյան» դաշինք։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա ուշագրավ է, որ վերջինիս վարկանիշի շուրջ խուսակցությունների վրա գրեթե չեն ազդում այն իրողությունները, որ, ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանը չի դիմելու իշխանավորների համար «ավանդական» դարձած օրենքի խախտման, չի «նկարելու» վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին որևէ տեղեկանք, և փաստորեն ֆորմալ առումով չի գլխավորելու հանրապետականների ցուցակը։ Սակայն բոլորին էլ ակնհայտ է, որ անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ ցուցակում, թե չի լինի, իրականում ՀՀԿ-ականները, օգտագործելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, փորձելու են քիչ թե շատ նորմալ ընտրարշավ կազմակերպել և անցկացնել, փորձել արձանագրել իրենց ցանկալի արդյունքը առանց կասկածելի տեխնոլոգիաների ու խախտումների։ Արդեն պարզ է, որ ՀՀԿ-ականների ոչ ֆորմալ առաջնորդը լինելու է հենց Կարեն Կարապետյանը։ Նա է լինելու այն լոկոմոտիվը, որը, այսպես կոչված, «նորացված» հանրապետականը տանելու է առաջ։ Ասում ենք նորացված, քանի որ արդեն երևում է, որ ՀՀԿ ցուցակը բավականին թարմացված է լինելու, իսկ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելուց հետո հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ում բավականին լուրջ խմորումներ ու գործընթացներ են։ Այնպիսի լուրջ, որ քաղաքական «դինոզավրերը» ստիպված են պարզապես լքել կուսակցությունը։ Պարզ է, որ նրա հետ ՀՀԿ-ն կլքեն կամ երկրորդ-երրորդ էշելոնում կհայտնվեն նաև այն քաղաքական-տնտեսական դեմքերը, որոնք ասոցացվում են Հովիկ Աբրահամյանի հետ կամ այլևս որևէ հեռանկար չեն տեսնում ՀՀԿ-ում մնալու մեջ։


Հանրապետականում, ամենայն հավանականությամբ, մեծ մաքրում է տեղի ունենում, և այդ խաղի մեջ նույն վարչապետն է, որ թեև առանց մեծ աղմուկի, բայց անմիջականորեն որոշակի հարցեր է լուծում ՀՀԿ-ի ներսում։ Բնականաբար, դա առանց Սերժ Սարգսյանի չի արվում։ Ինչպես բազմիցս ասվել է, ձևավորվել է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմ (կարճաժամկետ թե երկարաժամկետ, դա այլ հարց է), և այդ տանդեմը գործում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև կուսակցության ներսում և իշխանական համակարգում։ Կարեն Կարապետյանը դրել է որոշակի պայմաններ, որոնց և ընթացք է տրվում։ Այդ պայմաններից են, ըստ էության, կուսակցության թարմացումը, նոր որակով ու դեմքով հանդես գալը։ ՀՀԿ պետք է գան նոր մարդիկ, որոնք ավելի շատ ասոցացվում են ինտելեկտի, գիտելիքի, սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի հետ։ Մի խոսքով, ասպարեզ է գալիս քաղաքակրթական նոր շերտ, որի ներկայացուցիչն են վարչապետն ու հանրապետականների երիտասարդական թևի մի մասը։ Նման պայմաններում պարզ է, որ ընդամենը մի քանի ամիս առաջվա վարչապետին և ՀՀԿ-ում հսկայական կշիռ, ազդեցություն ունեցող Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ նախընտրական ցուցակի հինգերորդ-վեցերորդ տեղ մղելով՝ շատ կուլտուրական ձևով ուղարկում են թոշակի։


Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն օրերս այցելել էր Մոսկվա, հանդիպել ՌԴ վարչապետի հետ, և շատ հնարավոր է, որ նրա մոսկովյան այցը որևէ լուծում չէր ստացել, կամ, լավագույն դեպքում, նրան առաջարկվել էր պահուստային տարբերակ։ ՈՒ այդ հանդիպումների արդյունքում Հովիկ Աբրահամյանը հասկացավ, որ ավելի լավ է այլ սխեմաներում ներկայացված լինի։ Իսկ այդ ուրիշ սխեմաներ կոչվածը բավականին պայմանական հասկացություն է, քանի որ մինչ այժմ էլ փորձագիտական հանրության մեջ, մամուլում, քաղաքական դաշտում անորոշություններ կան այն առումով, թե արդյո՞ք քաղաքական դաշտի ստվար զանգվածները չեն վերահսկվում իշխանության կամ իշխանական վերնախավի կամ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից։ Ասվածը վերաբերում է ինչպես «Գագիկ Ծառուկյան» նախագծին, այնպես էլ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքին։ Արդեն իսկ ակնառու է, որ իշխանության կարկառուն դեմքեր, պաշտոնյաներ և իշխանության հետ սերտորեն կապված գործիչները հանկարծ որոշում են գնալ ծառուկյանական դաշինք։ Սա կասկածներ է առաջացնում, որ, այնուամենայնիվ, խաղատախտակի վրա մեծ խաղ է ընթանում։ Իսկ այդ դաշտում հիմնական խաղացողը ՀՀ նախագահն է։ Եվ այս պայմաններում շատ դժվար է ասել՝ Հովիկ Աբրահամյանն ինքնուրո՞ւյն է լքել ՀՀԿ-ն, թե՞ նրան գործուղել են ինչ-որ տեղ։ Թեև այսօր Հովիկ Աբրահամյանը որ դաշինք կամ կուսակցություն էլ գնա, եթե չհաշվենք նրա ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսները, բավականին թուլացնում է այդ ուժը՝ ընկալման և PR տեսանկյունից խոցելի դարձնելով այն։ Նույնիսկ հայաստանյան իրականության մեջ, որտեղ ամեն ինչ հնարավոր է, այնուամենայնիվ, որոշակի տաբուներ կան։
Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի և նրանց կողմնակիցների՝ ՀՀԿ գալով հին նոմենկլատուրային ու վարկաբեկված որոշ կուսակցական ֆունկցիոներներ հայտնվում են լուսանցքում կամ չհաշտվելով իրենց դիրքի հետ՝ թողնում-գնում են։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին նույնպես հետաքրքիր հրաժարականներ կլինեն, գուցե ոչ Հովիկ Աբրահամյանի մակարդակի, սակայն սա կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել, ու դուրս կգան մարդիկ, որոնք միայն Հովիկ Աբրահամյանի շնորհիվ են «Հանրապետականում» և իշխանական համակարգում դիրքեր ունեցել։ Այս պարագայում, բնականաբար, իմիջային առումով հանրապետականները սկսում են շահել։ Սա նշանակում է, որ նոր մարդիկ նոր դեմք են հաղորդում ՀՀԿ-ին։


Վերադառնալով առաջիկա ընտրություններում առանցքային դերակատարում ունեցող հիմնական երկու գործիչներին՝ Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, նկատենք, որ նրանք քաղաքական և տնտեսական տարբեր ընկալումներ, թիրախներ, մոտեցումներ ունեն, տարբեր է նրանց ընկալում նաև հասարակությունը։ Երկուսն էլ այս կամ այն առումով խարիզմատիկ առաջնորդներ են։ Իհարկե, այդ խարիզմը երկուսի մեջ էլ շատ տարբեր է, տարբեր հասարակական սեգմենտների մոտ առանձնահատուկ ազդեցություն ունի։ Եթե Կարեն Կարապետյանի թիրախային խումբն ինտելեկտուալ, իր իսկ խոսքերով ասած, հավելյալ արժեք ստեղծող համայնքն է, փոքր ու միջին բիզնեսը (որը ի դեմս վարչապետի տեսնում է իրենց հարցերը լուծողի և պաշտպանի, համախոհի), խոշոր բիզնեսը, մանավանդ այն բիզնեսը, որը ձգտում է քաղաքակիրթ տնտեսական հարաբերությունների և աշխատում է սպիտակ դաշտում։ Կարեն Կարապետյանը կարող է հենվել նաև գիտահեն, ինտելեկտուալ բիզնեսը ներկայացնող մարդկանց, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, «խելոք գյուղատնտեսության» կողմնակիցների, էլիտայի այն մասի վրա, որը առաջնային է համարում կրթությունը և այլն։


Գագիկ Ծառուկյանի հիմնական թիրախը բողոքական ընտրազանգվածն է, ինչ-որ չափով լյումպենացված, որը հույս ունի, թե Գագիկ Ծառուկյանն անընդհատ իրենց սնելու է բարեգործական ակցիաներով։ Նրանք հավանաբար կարծում են, որ ճիշտ ժամին ճիշտ տեղում կհայտնվեն, և Ծառուկյանի բարեգործական ակցիաներից իրենց էլ բաժին կհասնի։ Այս ընտրազանգվածի կորիզը կենսաթոշակառուներն են, մարզերի բնակչության մի մասը, գյուղատնտեսությամբ զբաղվող այն հատվածը, որից Ծառուկյանի մթերող գործարանները ինչ-որ բան են գնում, աղետի գոտու բնակիչները, որտեղ նույնպես ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է։ Բնականաբար, մարզաշխարհի մեծ մասը նույնպես Ծառուկյանի հենարանն է, ինչը բնական է՝ հաշվի առնելով իսկապես ահռելի այն ավանդը, որ ունի Ծառուկյանը Հայաստանում սպորտի զարգացման գործում:


Այս երկու գործիչների մոտ թեև թիրախային խմբերը տարբեր են, սակայն կան սեգմենտներ, որոնք համընկնում են, քանի որ երկուսն էլ արտակարգ ռեժիմում սոցիալական հարցեր լուծելու ռեսուրս ունեն։ Բնականաբար, սոցիալապես անապահով խավը երկուսի հետ էլ որոշակի հույսեր կապում է։ Երկուսն էլ շփվել գիտեն ժողովրդի հետ, բառապաշարը հասկանալի է հասարակ մարդկանց։ Սակայն երկու գործիչների պարագայում ակնհայտորեն ունենք նաև տարբեր մենթալիտետային արժեհամակարգեր՝ դրանցից բխող հետևանքներով։
Կարեն Կարապետյանը շեշտը դնում է ինտելեկտուալ հանրություն ձևավորելու, կրթության համակարգի արմատական բարեփոխման վրա, որպեսզի դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեն և մրցունակ լինեն։ Վարչապետը համարում է, որ խելացի պետք է լինեն ոչ միայն մարդիկ, այլև բիզնեսը, գյուղատնտեսությունը, և բոլոր ոլորտներում պետք է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ։ Եվ ամենից կարևոր է էլիտայի աշխարհընկալումը փոխել:
Ծառուկյանն իր ընտրազանգվածի մոտ նշում է, որ թեև հարվարդներ ու օքսֆորդներ չի ավարտել, սակայն իրեն համարում է կյանքի տղա, մարդ, որ ամեն ինչի հասել է իր աշխատանքի շնորհիվ։
Տարբեր են երկու գործիչների մեկնարկային վիճակները. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն ու հարստությունը հիմնականում Հայաստանում են, ու դա ակնհայտ կաշկանդում է նրան իր գործողություններում։ Եվ ինչպես ցույց է տալիս նրա նախորդ քաղաքական փորձը, ամենասուր պահերին տնտեսական ստատուս քվոյի պահպանումն ու ռիսկի տակ չդնելը նրա համար առաջնային են դառնում։ Մինչդեռ Կարեն Կարապետյանն այդ առումով շատ ավելի ազատ է։


Գագիկ Ծառուկյանը շեշտը հիմնականում դնում է կարճաժամկետ, լավագույն դեպքում միջնաժամկետ բարեգործական ակցիաների վրա, որոնք թեև միանվագ են, սակայն քարոզչական մեծ արդյունք են տալիս։ Իսկ վարչապետը, ինչպես երևում է, ապավինում է ավելի հիմնարար, հիմնավոր ծրագրերին։ Նա փորձում է շեշտադրել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, որպեսզի կայուն ապագայի հիմքեր ստեղծվեն։ Նա հիմքեր է պատրաստում նաև, որպեսզի 2018-ից սկսած՝ ռեալ արդյունքներ արձանագրվեն։ Վարչապետը այժմ ավելի շատ, պատկերավոր ասած, զբաղված է «սանիտարական մաքրմամբ»։ Զգուշորեն, բայց մեծ մաքրումներ են կատարվում թե կադրային դաշտում, թե մենթալիտետային տիրույթում։ Բանն այն է, որ հատկապես մարզերում շատ պաշտոնյաների՝ մարզպետների, համայնքապետների կառավարչական և կրթական մակարդակն ուղղակի չի համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։ Այս պարագայում գործադիրի ղեկավարն ավելի շուտ կարծես գործընթացների մոտիվատոր լինի։


Մինչդեռ Ծառուկյանի միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերը առավելագույնս սեփական բիզնեսի հետ են կապված, նույնիսկ երբ կուսակցության նախագահ էր, պարզ չէր, թե ինչ է ուզում անել երկարաժամկետ ծրագրային մակարդակով։
Քաղաքակրթական տարբերությունները երևում են հատկապես մարզերում, որտեղ գործադիր իշխանության ղեկավարին նյարդայնացնում է այնտեղ տիրող իներտ մթնոլորտը, ինչը վերջին օրերին փորձագիտական որոշ շրջանակներ անվանում են «ֆեոդալական»։ Մարդիկ կաշկանդված են։ Նույնիսկ երբ նրանց չեն էլ ստիպում, միևնույն է, սովորության համաձայն, նայում են տեղական կամ հյուրախաղերի եկած «ֆեոդալի» ձեռքին, քանի որ ինքնուրույն քայլեր չեն կարողանում անել։ Այս մթնոլորտն ակնհայտորեն խանգարում է վարչապետին, ինչը թույլ չի տալիս որոշակի ծրագրեր Երևանից դուրս տեղ հասցնել։
Մինչդեռ Ծառուկյանի դեպքում հակառակն է. նրան վստահաբար դուր է գալիս, թե ինչպես են իրեն ընդունում, խնդրում ինչ-որ հարցերում, մեղմ ասած, մեծարում։
Հայաստանում, անկասկած, նաև այս մթնոլորտի փոփոխման հարցն է. ինչ համակարգի պետք է գնա Հայաստանը. պետք է պահպանվի՞ ֆեոդալական, որոշ շրջաններում գրեթե ստրկատիրական մենթալիտետը, թե՞ պետք է փոխվի։


Նշված երկու տիպաժները շատ տարբեր են, և պայքարը շատ դեպքերում Հայաստանում վերածվում է մենթալիտետային, քաղաքակրթական պայքարի։ Այս պայքարը ցույց է տալիս, որ Հայաստանում հասարակությունը բավականին լուրջ բևեռացված է նաև քաղաքակրթական առումով։ Խնդիրը նաև հասարակության պատկերացումներն են. հասարակությունը պետք է շարունակի ինչ-որ մեկի օգնությանը ապավինե՞լ, թե՞ պետք է ստեղծվեն աշխատատեղեր, արվեն ներդրումներ և աշխատելով հասնեն դրական արդյունքի՝ տեխնոլոգիական զարգացում, կայուն աշխատատեղ` բարձր աշխատավարձով և 21-րդ դարին համապատասխան մտածողությամբ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ