ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ինչպե՞ս հաղթել այս պատերազմում

Ինչպե՞ս հաղթել այս պատերազմում
20.01.2017 | 00:20

Այն, ինչ այսօր կա Արցախի տեսքով, Արցախի, հայրենիքի և սփյուռքի ողջ հայության համատեղ ուժերով ու միջոցներով հետ նվաճված հայրենի տարածքների մի մասն է: Այն տարածքների, որոնք ընդամենը մեկ դար առաջ անօրինականորեն բռնակցվել են մի ապօրինի տարածքային միավորման՝ դրան տրված պայմանական անվանումով:
Այդ տարածքների մեծ մասն այսօր տնօրինող և պայմանական անունը պատմական ներկայացնող ազգը, տեղաբնիկ չլինելով հանդերձ, եկվորի իր ուսերին է ուզում վերցնել անգամ մեր պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Սեփականացնում է ամենը, ինչ կարող է, այն, ինչ չի կարող սեփականացնել, ոչնչացնում է անխնա: Գործում է ամենայն ցինիկությամբ և ջանադրաբար, առանց այլևայլության: Այդ հավակնությունները վերջնական են և ամբողջական: Դրանք Արցախի տարածքներով չեն վերջանում: Կարող եմ ասել՝ նրանց հավակնությունները չեն վերջանա երբեք, քանի դեռ մենք տեղի ենք տալիս: Այդ են վկայում ամենօրյա սահմանային խախտումները: Թշնամին կրակում է սահմանի այն կողմից բոլոր հնարավոր զինատեսակներով՝ ծանր մարդկային կորուստներ և նյութական վնաս պատճառելով մեզ: Մենք դիմում ենք «միջազգային հանրությանը» անատամ հայտարարություններով, տեղյակ պահում մեր ցավի մասին, խնդրելով նրանց՝ մեզնից քաջ գտնվել, սանձել անհնազանդ հակառակորդին: Իսկ այդ հակառակորդը կարող է դիմել բոլոր անազնիվ ու անբարոյական, երբեմն անգամ անմարդկային միջոցներին ու մեթոդներին՝ թեկուզ ամենափոքր հարցում իր համար բարենպաստ իրավիճակի հասնելու համար:
Ի՞նչ ենք անում: Բանակցում ենք:


Ինչի՞ շուրջ ենք մենք բանակցում դրանց հետ: Մեր տարածքների նկատմամբ մեր իրավունքների՞, խաղաղությամբ հարևանություն անելու հնարավորությա՞ն, թե՞ այլ տարածքների նկատմամբ մեր հավակնությունների:
Որքան հայտնի է, այլ տարածքների նկատմամբ հավակնություններ բանակցային գործընթացում մենք դեռ չենք ներկայացրել: Իսկ դրա հիմքերը մենք ունենք, և անհրաժեշտությունն էլ կա ¥առնվազն՝ Շահումյանի և Գետաշենի վերաբերյալ¤:
Խաղաղությամբ հարևանություն անելու հնարավորությա՞ն: Ոչ: Գիտենք, գոնե մենք վստահ ենք, թե ամեն օր սահմանի որ կողմից են կրակում և ում վրա: Եվ այդ կրակոցները չեն դադարի բանակցությունները այսօրվա կտրվածքով շարունակելու դեպքում:
Այսինքն՝ մենք բանակցում ենք հետ նվաճված տարածքների վրա մեր ապրելու իրավունքի՞ համար: Այդպիսի կետից չեն բանակցում: Այդ իրավիճակում բանակցային սեղանին նստելու պայմանը պետք է լինի կոշտ, անզիջում դիրքորոշումը, որը աստիճանաբար հասկանալի և ընդունելի պիտի դարձնել թե համանախագահների և թե հակառակ կողմի համար:
Այլ պահանջների դեպքում բանակցությունները դատապարտված են:
Ի՞նչ անել:
Շրջանառությունից պետք է հանել օկուպացված տարածքներ, անվտանգության գոտի հասկացությունները: Այդպիսի տարածքներ գոյություն չունեն: Դրանք թշնամուց հետ գրավված հայրենիքի պատառներ են: Այսօր որևէ պատճառաբանությամբ կամ հիմնավորումով մենք կարո՞ղ ենք նրանցից պահանջել կամ խնդրել վերադարձնել զիջած ութ հարյուր հեկտարից թեկուզ մեկ հեկտարը:
Ի՞նչ կպատասխանեն մեզ:
Այդ պատասխանը նրանք պետք է ունենան իրենց մտքում, եթե մեզնից տարածքային զիջումներ են ակնկալում:


Ընդհանրապես այս տարիների ընթացքում մենք արդեն մի քանի անգամ բաց ենք թողել ճիշտ դիրքում հայտնվելու հնարավորությունը: Արցախը պետք է միանա մայր հայրենիքը խորհրդանշող այսօրվա Հայաստանի Հանրապետությանը: Դա արդարացի է պատմականորեն, և վերջապես մենք այնքան մեծ չենք, որ երկու հայկական հանրապետություն պահենք: Մեզ մեկն էլ բավական է: ՀՀ կազմից դուրս Արցախի Հանրապետությունը պահելով՝ մենք արհեստականորեն մեծացնում ենք թշնամու հավակնությունների հնարավորությունը:
Վերամիավորված հայրենիքի պարագայում ցանկացած ոտնձգություն սահմանին մարտահրավեր է ՀՀ ինքնիշխանությանը: Սա մի կարևոր հարց է, որ պիտի շտկել առաջին իսկ հնարավորության դեպքում:


Ցանկացած ոտնձգություն սահմանին պիտի ստանա անհամարժեք պատասխան: Այդ պատասխանի տարբերակները պիտի քննարկվեն բանակցություններում, որպեսզի թշնամին հասկանա, թե իրեն ինչ է սպասում այդ խախտման պատճառով, ծանրութեթև անի: Եթե իր համար ավելի կարևոր է մեր զինվորի կյանքը խլել, քան զրկվել այս կամ այն պետական նշանակության հնարավորությունից, դա պիտի մեզ համար պարզ լինի, պարզ պիտի լինի նաև միջնորդների համար: Դրանք պիտի արձանագրել իրենց դրդապատճառներով և բոլոր հնարավոր հետևանքներով ու մեկնաբանություններով:
Եթե մենք հնարավոր հետագա գործողությունները չենք անվանում, մենք հնարավորություն ենք թողնում հակառակորդի համար տարընթերցումների, սեփական շահերի տեսանկյունից մեկնաբանման, պիտակավորման:


Արդյո՞ք հնարավոր չէ պետական միջոցներով տեխնիկապես լավագույնս կահավորել մի քանի ամենախոցելի սահմանային հատվածներ: Այն տեղերում, որտեղ հակառակորդի դիրքը բարենպաստ է՝ թե մեր դիրքերը կրակի տակ պահելու, թե դիվերսիոն փորձերի համար: Գնել լավագույն օպտիկական, տեղորոշիչ, տեսագրման և այլ սարքավորումներ և զինել այդ հատվածներն այնպես, որ այս կամ այն կողմից արված յուրաքանչյուր քայլ ժամանակագրական և տարածքային գնահատումներով լիովին տեսանելի լինի, գրանցելի, ներկայացնելի, ապացուցելի: Այդ հատվածներում ունենալ նաև հատուկ զինատեսակներով զինված, պատրաստված անձնակազմ: Թշնամու յուրաքանչյուր խախտում գրանցելուց հետո, եթե դրանք շարքային խախտումներ են, որոնց պատասխանելու համար մեր զինվորներին թույլտվություն կամ հրաման չի տրվում, գրանցված իրավիճակն արդեն հիմնավորված փաստ է պարզորոշ տարբերակելու հարձակվողին պաշտպանվողից: Իսկ եթե, Աստված մի արասցե, վտանգված է մեր զինվորների կյանքը, ապա պիտի հետևի այնպիսի պատասխան, որը երկընտրանքի առաջ դնի հարձակվողին՝ այդուհետև կրկնե՞լ նման գործողությունները, թե՞ ձեռնպահ մնալ, իմա՝ պահպանել զինադադարի պայմանավորվածությունը: Թող կուրծք ծեծեն, բոլոր ատյաններում ներկայացնեն իրենց կորուստները, պահանջեն հատուցում, պատժամիջոցներ... Մենք կարող ենք ապացուցել, թե ով սկսեց, և հետևանքների համար պատասխանատվությունը ում վրա է:
Միջոցներ չունե՞նք այդպիսի գործի համար: Հավատալու բան չէ: Եթե հաշվի առնենք, որ այդ գործի համար պահանջվող տեխնիկայի մեծ մասը կարելի է ստեղծել սեփական միջոցներով և շատ ավելի պակաս ֆինանսական ծախսերով:


Եթե ամեն ինչ ճիշտ արվի, հակառակորդի կողմից մեր զինվորի կյանքի ու մեր հողի նկատմամբ կատարվող ամեն ոտնձգություն ստանա անհամարժեք հիմնավորված պատասխան, միջոցներ էլ կգտնվեն: Անգամ ամենացածր աշխատավարձ ստացողը, որն այսօր իր վաստակից հազար դրամ է տալիս բանակային հայտնի ծրագրին, երկու հազար էլ կտա, որ ամեն տարի սահմանի մի շատ որոշակի հատված ամրացվի ու վերահսկվի այնպես, որ հակառակորդը այդ տեղերին մոտենալու միտք անգամ չփայփայի: Կտան ոչ թե զոհված կամ հաշմված զինվորների ու նրանց հարազատների սոցիալական խնդիրները լուծելու, այլ հենց այդ զինվորի կյանքը վտանգից փրկելու համար:


Սահմանի որոշակի կարևորագույն հատվածներ պիտի լինեն ոչ թե ժամկետային զինծառայողների հսկողության տակ, այլ փորձառու և հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանման խմբերի, որոնք ցանկացած առճակատման մեջ ոչ մի հույս չեն թողնի թշնամու կենդանի ուժի ու զինտեխնիկայի ներթափանցման համար:
Կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչպիսին կդառնա Բաքվի հռետորաբանությունը մեկ-երկու այդպիսի ձախողումներից հետո, ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտ կառաջանա մեզ մոտ և ինչպիսին՝ հակառակորդի (թե բանակում, թե բնակչության մեջ): Ի՞նչ եք կարծում, այդպիսի իրավիճակը մե՞զ կհամախմբի, թե՞ Ադրբեջանի բազմատարր հասարակությանը: Կհամախմբի՞ նրանց, թե՞ կկազմալուծի: Կամրապնդի՞, թե՞ կթուլացնի իշխանական կլանի հենարանը:
Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի կրած պարտությունների ու նրանց մարտական ոգու պակասի համար որպես հիմնական պատճառ բերվում է այն փաստարկը, որ այդ բանակի զինվորը իր հողի համար չէր կռվում: Այդ հարցում վիճակը այժմ էլ նույնն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչ էթնիկական կազմ ունի Ադրբեջան երկիրը, և այդ երկրի իշխանությունների վերաբերմունքը, որ իրենց մաշկի վրա զգում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները թե քաղաքացիական կյանքում, թե բանակային ծառայության մեջ: Այո, կարևոր է հարևան ոչ բարեկամ երկրի ազգաբնակչության էթնիկական կազմի գնահատումը:


Գիտենք, որ այդ երկրում ազգային փոքրամասնությունները հիմնականում տեղաբնիկ էթնոսներ են, որոնք ոչ միայն գոհ չեն, այլև շատ դեպքերում ակնհայտորեն դժգոհ են իրենց նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքից: Անգամ ինքնավարության հասնելու փորձեր են արվել, սակայն համախմբման և ինքնաազատագրման լուրջ քայլի համար կրիտիկական զանգված չեն հավաքում իշխանական կլանի ճնշումների և արտաքին օժանդակության հնարավորության հույսի բացակայության պատճառով: Իսկ հնարավո՞ր է շփումներ հաստատել ազգային փոքրամասնությունների, այսինքն՝ տեղաբնիկ ժողովուրդներին ներկայացնող կենտրոնախույս ուժերի հետ, կատարել մտածված և փոխշահավետ աշխատանք:


Իհարկե, դա չի նշանակում նրանց սարեր խոստանալ: Կհամագործակցե՞ն, թե՞ ոչ, եթե վստահ լինեն, որ մենք անում ենք այն, ինչ կարող ենք, և երբեք չենք դավաճանի:
Այս տարիների ընթացքում մեր իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության և համապատասխան ծառայությունների օրակարգում այդպիսի հարց չդրեցին և դրա վրա ոչ մի լումա չծախսեցին:
Բայց դա շատ ռեալ և գործուն միջոց է այդ արհեստական միավորը կազմաքանդելու համար:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Հ. Գ. Այս պատերազմից արժանապատիվ դուրս գալու ուրիշ ճանապարհ չկա: Մեր ժողովրդի 2/3-ը հեռացել է երկրից ոչ թե, ավելի ճիշտ՝ ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ ցանկալի հանգուցալուծում չի ստանում արցախյան հիմնահարցը, այլ, որ այստեղ ապրելու, աշխատելու և զարգանալու հնարավորություններ չկան, որպեսզի հնարավոր դառնա նաև մեզ համար այդքան կարևոր հիմնախնդիրը լուծել՝ մեր շահերից ելնելով, այլ ոչ թե ինչ-որ կերպ: Այդ խնդիրը ինչ-որ կերպ լուծելու տարբերակ մենք չունենք: Մեր ուժի ու կարողության առկայությունը կամ բացակայությունը առանձին հարց չէ՝ իր մասնավոր դրդապատճառներով ու հետևանքներով: Իհարկե, կան նաև մասնավոր դրդապատճառներ, ինչպես ասենք դիվանագիտական աշխատանքի տկարությունը: Բայց խնդիրը կա, և դրա լուծման ճանապարհն աստիճանաբար լղոզվում է մեր տեսադաշտում, կորցնում հստակ ուրվագծերը այն նույն ենթատեքստում, որում տկարանում է և մեր երկրի ողջ ներուժը՝ տնտեսական, պաշտպանական, գիտակրթական, մշակութային: Այսինքն՝ թշնամուն հաղթել կարողանալու համար մենք առաջին հերթին պիտի կարողանանք հաղթել մեր ներսում նստած թշնամուն:

Դիտվել է՝ 2945

Մեկնաբանություններ