ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Մխչյանի հանրապետության» բաժնետոմսերը

«Մխչյանի հանրապետության»  բաժնետոմսերը
14.10.2016 | 09:02

(երկու ուղերձ. մեկը՝ Հովիկ Աբրահամյանին,
մյուսն էլ Կարեն Կարապետյանին` ի քննություն)

ՆԱԽԵՐԳԸ ՀՆՉԵՑ ԼՈՒՍՈՒՄՈՒԹԻՆ

Կա՞ որևէ կասկած, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է մեր անցումային-ցնցահարվող դարի գաղափարական ոգին: Այո, նա հրաշալի կաղապարեց երևույթը լկտի-դաժան՝ պետական ատյանների «գողանալը դեռևս գողություն չէ»: Կանցնեն բազում տարիներ, անհամար ջրեր կհոսեն գիժ Դեբեդով, հազարավոր գիտական թեզեր կպաշտպանվեն «Աֆորիստիկ մտքի տիտանը» վերնագրով և վերջապես հայ ակադեմիական միտքը կվերծանի տիար Գալուստ Սահակյանի սահմանումների ողջ խորքը: Նվաստս, այս պահին գտնվելով գալուստյան սահմանումների ազդեցության գոտում, կատակաբանում է ահա այսպես. «Մարմնավաճառությունը ձեր ենթադրած մարմինը վաճառելը չէ: Դրանք պարզ առևտրային հարաբերություններ են, երբ, ըստ նախնական համաձայնության և գրավոր պայմանագրի, նաև որպես մարդասիրության դրսևորույթ՝ մեկը (կինը¤ վաճառում է իր ապրանքը, իսկ մյուսը (այրը) այն ձեռք է բերում»:

ՎԱՐՉԱԿԱՆ ԹՈՒԹԱԿԻ ԵՂԵՐԵՐԳԸ

(այգաբաց է, հողմ է փչում դայլայլուն)

ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակը խեղվում է իր ձևով և բովանդակությամբ և նշյալ նախարարության աշխատակազմի ղեկավար Արմենը՝ Գևորգյան, արդարացնում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի և դատը վարող դատավոր Ա. Հովհաննիսյանի անհեթեթ վճիռը այս պատճառաբանությամբ. «Հայտնում ենք նաև, որ դիմումը չի պարունակում դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր»: (Օրիորդ Արփինե Հովհաննիսյանը և տիար Արմեն Գևորգյանն արդյոք ծանո՞թ են Մխիթար Գոշի հռչակավոր «Դատաստանագրքին»):

Առերևույթ հիմքերը սրանք են, որոնք անհեթեթ հոգածությամբ շրջանցում են ակնհայտ վարչատնտեսական աճպարարությունը, քանի որ այս պատմության մեջ առկա է ՀՀ 13-րդ վարչապետ, նաև ՀՀ լոլիկատաքդեղյան մագնատ Հովիկի՝ Աբրահամյան, գերակա շահը:

ՀՀ 14-րդ վարչապետին նամակ են հղել բաժնետոմսային ժառանգությունից զրկված Մանե Մուրադյանն ու Գոհար Սարգսյանը: Բայց չէ՞ որ ՀՀ կառավարության «Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունը» ակնհայտորեն տառապում է վարչաթութակային համախտանիշով. քաղաքացիների դիմումը քննարկում է և այն արդեն երկրորդ անգամ ուղղորդում է դեպի ՀՀ արդարադատության նախարարություն: Սակայն, չէ՞ որ ի պատասխան տողերիս հեղինակի նույնաբովանդակ հոդվածի` առ Արփինե Հովհաննիսյան («Բաց նամակ փակ ծրարով»), նույնաբովանդակ պատասխան է ստացվել: Մանե Մուրադյանն ու Գոհար Սարգսյանը, հավատալով 14-րդ վարչապետի բարեփոխչական առաքելությանը, դիմում են նրան: Դիմում են՝ ընկնելով վերոնշյալ վարչության ծուղակը: Բնականաբար, մեր այս նյութը միակ հնարավորությունն է բողոքը հասցնելու անձամբ վարչապետին: Աղաղակող եղելությունը վերստին ներկայացնելուց առաջ հուշենք, թե ինչ է առաջադրել երկրի նախագահն ու քաղաքական այս բազմանիստ փասիանսի գլխավոր խաղարկողը ներկա վարչապետին, առկա վարչախմբին, ի վերջո, ՀՀ բյուրոկրատական և դատաիրավական համակարգի բոլոր մոգերին և քրմուհիներին: Այս թվում, իհարկե, նաև արդարադատության նախարար, նշյալ դեպքում Հովիկ Աբրահամյանի փաստաբանի դերն ստանձնած պատվարժան Արփինե Հովհաննիսյանին:

«Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչը չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»:

Նախկին կառավարությունը այս թնջուկը չլուծեց, այս կառավարությունը պարտավոր է այն կարգավորել: Ընդ որում, վարչապետ Կարեն Կարապետյանին ձեռք պետք է մեկնի այս տրագիֆարսիկ ներկայացման գլխավոր գործող անձ, ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այսպիսով, սիրելի Կարեն, պաշտելի Կարապետյան, խորամուխ եղեք այս գործում, և գնահատեք այն ողջ լայնքով ու ամբողջ երկայնքով: Հետո էլ, ինչ խոսք, պարզաբանեք՝ այն պրիմիտիվ գողությո՞ւն է, թե՞ խորիմաստ աճպարարություն:

ՍԱՄՈԴԵԼԿԻՆԻ ՎԿԱՆԵՐԸ

(մայրամուտին հողմը հանկարծ մոլեգնեց)

Քնարական դադար է, հողմաղացն էլ կանգ է առել: Ահա թե ինչ է «ստիխել» վաղամեռիկ պոետ Սիփանը Շիրազ.

Աշխարհի մեջ դու տեղ չունես,

Հազարամյա որբուկ.

Կարկուտներն են ջարդում քո կեզ

Մանկությունը անձուկ:

Դրվագում ենք բաժնետոմսային պատմությունն այս փուլ առ փուլ, գրեթե վստահ, որ այն կհանգուցալուծվի փաթեթային տարբերակով:

1995 թվական

«Երեկոյան Երևան» թերթի աշխատակից Գևորգ Մուրադյանը Երևանի աճուրդի կենտրոնից ձեռք է բերում՝

-«Աբովյանի գարեջրի գործարանից»՝ 20 բաժնետոմս,

-«Երևանի հրուշակեղենի կոմբինատից»՝ 22 բաժնետոմս,

-«Արտաշատի գինու, կոնյակի գործարանից»՝ 66 բաժնետոմս:

Բոլորն էլ` 10-հազարական դրամ անվանական արժեքով:

Գևորգ Մուրադյանի վաղաժամ մահից հետո նրա դուստր Մանե Մուրադյանը և կինը՝ Գոհար Սարգսյանը, որոշում են տեր կանգնել իրենց օրինական ժառանգությանը և ստանում են՝

-«Աբովյանի գարեջրի գործարանից» 20 բաժնետոմսի դիմաց՝ 57245 դրամ,

-Երևանի «Հայհրուշակ» գործարանից 22 բաժնետոմսի դիմաց (այն «Երևանի հրուշակեղենի կոմբինատի» իրավահաջորդն է) 740 հազար դրամ և, SOS՝ «Արտաշատի գինու, կոնյակի գործարանից»՝ 0 դրամ, 0 լումա՝ 66 բաժնետոմսի դիմաց: Ինչո՞ւ: Զի նշյալ գործարանի 98 տոկոս բաժնեմասի տիրակալ Հովիկ Աբրահամյանն իր դրածոներին հրահանգում է մնացած 2 տոկոս բաժնեմասը (այդ թվում նաև Գևորգ Մուրադյանին պատկանող 66 բաժնետոմսերը, այսինքն՝ գործարանի ընդհանուր սեփականության 0,5 տոկոսը) չվավերացնել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում: Եվ վերջ, այս նենգադավը մատի փաթաթան է դառնում ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որի բարեպաշտ դատավորները (նախ՝ Ե. Քոչարյանը, ապա Ա. Հովհաննիսյանը) կրկնակի մերժում են Մանե Մուրադյանի հայցն ընդդեմ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, 66 բաժնետոմսի բաժնեմասն ստանալու վերաբերյալ, որովհետև Գևորգ Մուրադյանի անվամբ բաժնետոմսեր չեն գրանցվել Հայաստանի դեպոզիտարիայում:

2014 թվական

Դատարանական այս խրախճանքում, բարեբախտաբար, արժանի բարձրության վրա է գտնվում ՀՀ վճռաբեկ դատարանը, որը բեկանում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Այս որոշմամբ վերաքննիչ դատարանը մի վերին քննությամբ դարձյալ ջրում է Հովիկ Աբրահամյանի դրածո, նշյալ գործարանի 100 տոկոս բաժնետեր Միխայիլ Սամոդելկինի մոլախոտ-ծառը, և 2014-ի մայիսի 14-ին վճռաբեկ դատարանը վճռական ձևով գործն ուղարկում է ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ի՜նչ քննություն. ընդհանուր իրավասության դատարանը ունի մեկ քննիչ և վերաքննիչ, ինչպես նաև մեկ օրենք և օրինականություն՝ Հովիկ Աբրահամյանի (ի դեմս Միխայիլ Սամոդելկինի) շահն ու գերշահը:

1997 թվական

ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի «բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» թիվ 41 որոշման 1-ին մասի համաձայն, ՀՀ-ում գործող բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի է, պարտավոր են արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել մասնագիտացված կազմակերպության՝ ՀՀ ֆինանսների նախարարության «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկության միջոցով»: Հենց այս փաստի վրա է հենվել ՀՀ վճռաբեկ դատարանը, որի որոշման մեջ կան ահա նման սթափեցնող ցուցումներ:

«Այսպիսով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության 228-րդ հոդվածի ուժով վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար»:

Բայց ահա պարզվում է, որ «Արտաշատի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ամբողջովին դուրս է ՀՀ կառավարության 13.03.1997-ին ընդունած թիվ 41 որոշման սահմաններից: «Սամոդելկինի վկաներ» նորահայտ աղանդի անդամների համար, ամենայն հավանականությամբ, Հայաստանում գործում է «Մխչյանի պոմիդորաձկնաբուծական հանրապետության» օրենսդրությունը: Թե ովքեր են Միխայիլ Սամոդելկինի բաժնետիրական աղանդի անդամները, դժվար չէ կռահելը:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ

Հարգարժան վարչապետ Կարեն Կարապետյան,

վերոնշյալ 66 բաժնետոմսերի յուրացումը արդյոք դասվո՞ւմ է պրիմիտիվ գողության ռեեստրում, թե՞ այն ավազակաբարո գործընթաց է, կամ էլ գուցե երկրաշինական սխրա՞նք է:

Մի խոսքով, ՀՀ 13-րդ և 14-րդ վարչապետերը թևքերը քշտած պետք է այս խմորը հունցեն և մի օրհնված բոքոն հաց թխեն: Թթխմորը մատուցված է, անցեք գործի, եղեք անփորձանք և հաշվի առեք, որ մինչև 2017-ի ապրիլի 2-ը մնացել է մի քանի ամիս:

Տիար Աբրահամյան, պետայր Արգամիչ, 66 հատ անվանական բաժնետոմսի գինը որքան հնանա, այնքան կբարձրանա: Հիշեք ժողովրդական իմաստությունը. «Պարտքը հնանա, տերը շնանա»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ