ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Երևանյան ցնցակաթվածներ՝ աշնանային գինեվետ տրամադրությամբ

Երևանյան ցնցակաթվածներ՝ աշնանային գինեվետ տրամադրությամբ
07.10.2016 | 08:56

Եվս մեկ օր, և քաղաքամայրը կնշի իր հերթական ծննդյան տոնը: Մայրաքաղաքը դառնում է 2798 տարեկան: Ինչ խոսք, պատկառելի տարիք է: Անկասկած, արժե յուրաքանչյուր տարի Երևանի ծնունդը նշել: Եվ ահա այս առիթով մի քանի ծիծաղկոտ և խռովահույզ հողմեր «փչենք» ուղիղ դեպի Արգիշտի-1, դեպի քաղաքապետարանի գավազանաթուր աշտարակը: «Փչենք», Երևանը իր կոչմանն արժանի մայրաքաղաք տեսնելու հույսով: Հնարավո՞ր բան է: Իհարկե: Բայց կա մի գերհարց. եթե Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքագլխի ղեկավարությամբ, դառնա մայրաքաղաքի ավագանու ծրագրերի կենսագործողը: Սա՝ մեկ: Այնուհետև, Երևանի քաղաքապետարանը ցանկացած տնտեսական գործարքում պետք է լինի վերահսկիչ և առյուծի բաժնի տերը: Սա էլ` երկու: Այս պահին ողջույնի հողմեր հղենք դեպի Արգիշտի-1, քանզի սեփական տարեդարձը վաղօրոք արժանավորեց երգչախմբային մի փայլուն շքահամերգով, պարզապես արգո քաղաքապետարանը բնակարաններ հատկացրեց մի քանի արժանավոր անտունների: Կեցցե՛ք:

ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆԵՆԳԱԴՈՒԼԸ
(հողմը փչեց այգաբացից առաջ)


Քաղաքապետարանը զուտ իր ֆինանսական միջոցներով պետք է ավարտի Երևանի մետրոպոլիտենի կառուցումը: Հանրահայտ է՝ այս պատմական հերոսապատման համար պահանջվում է 200 մլն ԱՄՆ դոլար: (Ականջդ թող երկա՜ր ու ձիգ կանչի, ՀՀ 2-րդ նախագահ, արգո Քոչարյան, զի խիստ ուսանելի էր խոսքդ դարակազմիկ՝ հնչած քաղաքապետարանում. «Փողի վրա նստել եք, սակայն փող եք խունդրում»): «Որտեղի՞ց այն գտնել» հարցը ուղղակի ամոթալիորեն անտեղի է: Փողը, այո, Երևանում ամենուր է, ցավոք, հոսում է ոմանց անկշտում ծոցագրպանը: Այո՜: Իսկ առայժմ մի հսկա ցուցանակ է պետք ամրացնել Թումանյան այգու գահավեժ ստորոտին, պատկառազդու մի ազդագիր, որը տեսանելի լինի Հրազդան կամարահենք կամրջից և Կիևյան փողոցից: Այն պետք է տեղակայել մետրոպոլիտենի կառուցվելիք «Աջափնյակ» կայարանի մուտքն ազդարարող ահռելի փորվածքի առջևում և վրան կարմիր, կապույտ և նարնջագույն տառերով պետք է գրել. «2017-ի ապրիլի 2-ին, այսինքն՝ խորհրդարանական հանրապետություն դառնալու խորհրդարանի ընտրության օրը, կսկսվի Երևանի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը»:

Կարմիր գծեր: Անգամ փող տպող ամենակատարյալ հաստոցն այսքան արդյունավետորեն նվիրված չէ սեփականատիրոջ քսակին: Ի վերջո, հաստոցը կարող է խափանվել: Մի քանի տասնյակ լիտր կարմիր ներկ, մի քանի հազար գծամետր կարմիր գիծ և, խնդրեմ, ահռելի գումարներ են օդից թափվում, թափվում են ոմն կազմակերպության ուղիղ գլխին, մնացորդն էլ բաժին է հասնում կարմիր գծերը սպասարկող և դրանց հանգրվանող փողոցների հոգսը քաշող քաղաքապետարանի պատուհանից ներս: Յոթը երեքի հարաբերությամբ է կարմիրգծյան շահույթը բաշխվում, յոթը՝ անհայտ-հայտնի սեփականատիրոջը, երեքը՝ քաղաքապետարանին, ավելի ստույգ՝ մայրաքաղաքին: Համոզված եմ՝ վաղուց է հասունացել խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը 10:10 հարաբերությամբ նույնականացվի Երևանի 1 մլն բնակիչներից յուրաքանչյուրիս հետ: Սա անողոք ռոմանտիզմի իններորդ ալի՞քն է: Բնավ: Սա միակ ճշմարիտ ճանապարհն է, որը Երևանը կձերբազատի ստրկական կապանքներից: Կարմիր գծերը Երևանինն են: Կարմիր գծերի փողաբեր միջակայքը ձմռանը երբեմն սառցակալում է, դառնում է անպիտան շահագործման համար: Սառույցը մաքրում է 30 % բաժնեմասի տեր քաղաքապետարանը: Սա, կներեք, մի՞թե զառանցանք չէ: Անշուշտ, այո: Զառանցանքն այս, ինչ խոսք, ջերմախտի հետևանք է: Ջերմախտը բուժելու բազում հնարներ կան: Ոմանք դիմում են ավանդական-հերոսական մեթոդին՝ բուժում են ջերմախտը «Նեսոյի քաղաբաղնիս» ձևաչափում: Մյուսները տառապյալի վախն են չափում, երրորդները պարզապես դեղորայք են բուռ-բուռ խմեցնում հիվանդին: Ինչ անել ջերմախտի մեջ տենդող կարմրագիծ հոգեգարի հե՞տ: Վռնդել մայրաքաղաքից և երկրից անհայտ ուղղությամբ: Եվ դառնալ դրության տերը:

Մայրաքաղաքի նյութաֆինանսական բարգավաճման այլ ուղիներ ևս կան: Օրինակ, գովազդային բոլոր վահանակների տերը պիտի լինի Արգիշտի-1-ը: Նմանապես քաղաքային վեհ աշտարակի գլխին պետք է մի աստղադիտակ տեղադրել և փնտրել-գտնել Երևանին փող բերող, քաղաքին, քաղաքացուն, քաղաքապետին և ավագանուն ծառայող յուրաքանչյուր քար ու թուփ: Եվ կկառուցվի Երևանի մետրոպոլիտենը, կշահագործվի Նուբարաշենի աղբավայրը: Եվ այսպես շարունակ: Ի դեպ, եթե հիշատակվածը նորհայկական, խիստ բարեկիրթ շուկայական տնտեսության «սրբազան» հիմքերն է խարխլում, անհոգ եղեք, այլընտրանքային ներքոնշյալ այս առաջարկով կվերականգնվի մայրաքաղաքում ազատ տնտեսավարելու հավասարակշռությունը: Օրինակ, թող մասնավոր հատվածը մայրաքաղաքում զբաղվի հասարակական արտաքնոցների կառուցմամբ: Հանրահայտ է՝ Երևանում նշյալ գեղագիտական հաստատությունների պահանջարկը չափազանց մեծ է: Այսօր մեր քաղաքում հաստատ կարելի է կառուցել առնվազն 100 հանրային արտաքնոց: Թող մասնավոր հատվածը, ասենք, կարմիր գծերի 70 տոկոսի բաժնետերը, փոխի իր գործարար նախասիրությունը և ամենուր կարմիր արտաքնոցներ կառուցի: Ընդ որում՝ նրանց կարելի է մի 5 տարով ազատել հարկերից: Արժե:

ՏԵՐ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
(հողմը ոռնում է մայրամուտից քիչ անց)


Տիար քաղաքապետ և հարգարժան ավագանի, թեկուզ հեռակա կարգով պայմանավորվեցինք, որ այս տողերը կարդալուն պես դուք հոգեբանական մակընթացության մեջ եք հայտնվում և նույնականացվում եք քաղաքի ու քաղաքաբնակներիս հետ: Սա է ելքը, նշանաբանն էլ անհայտ, չէ՝ «Երևանը երևանցիներին»: Սակայն դադար առնենք, պոետիկ ընդմիջման վեհաշունչ պահն է:
Ահա թե ինչպիսի ապրումներ է ունեցել մի օր Երևանում շրջելով ինքնատիպ պոետ Խաչիկը (նույն ինքը՝ Մանուկյան).


Անվայել է հարբած սիրահետել
Քաղաքամոր կոկիկ փողոցներում,
Մի բնական շեղում պատի հետև՝
Եվ թռչնակը արդեն չի երևում:

Առհասարակ մայրաքաղաք Երևանի ավագանին պետք է լինի նրա տերն ու տնօրենը նաև պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ ժառանգությունը ի սպաս քաղաքին ծառայեցնելու հարցում: Փլուզվեց Աֆրիկյանների հինավուրց տունը: Քաղաքապետարանը ակամա ձեռնունայն էր: «Բռնագրավվեց» նշանավոր Փակ շուկան: Դարձյալ ակամա և անեծքի բույն դառնալով այն ձեռնունայն էր: Փարաջանովի ծիածանալույս թանգարանի լույսը փակվեց անհեթեթ շինության կառուցմամբ: Բողոքեցինք, բորբոքվեցինք և վերջապես իմաստնացանք ու լռեցինք: Զի հիշեցինք Պարույր Սևակի չքնաղ պատգամը՝ «Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ...»: Մի խոսքով, տիարք և տիկնայք ավագանիք, մենք ընտրել ենք ձեզ, որ Երևանը կառավարեք երևանցիներիս կամքին ու քմայքին ի շահ: Ամեն:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Քաղաքի օրինական տերը քաղաքի բնակիչներն են: Քաղաքի բնակիչները հանրահայտ են՝ քաղաքապետը, քաղաքի ավագանին, քաղաքի շարքային բնակիչներն ու մուրացիկները: Օրինական տերը մենք ենք, օրինազանցներն են այսօր քաղաքը բռնագրավել: Նաև՝ գովազդային վահանակներով բավ է հանրահռչակեք մայրաքաղաքի տոնահանդեսները և տիար Տարոնի հոգելից ժպիտները: Նա, մյուսները, նաև ավագանին միացյալ կժպտան, երբ բացվեն «Աջափնյակ» կայարանում կանգնած մետրոպոլիտենի դռները: Բավ է անվերջ ժպտալ գովազդային վահանակներից, քանզի քաղաքը նախ հոգս է, հետո միայն հանդես է: Ի դեպ, Երևանի մետրոպոլիտենի վերջնակառուցման, նաև Նուբարաշենում համաքաղաքային աղբամշակման գործարանի կառուցման նպատակով կարելի է (և խիստ պետք է) կազմակերպել համամայրաքաղաքային հանգանակություն: Ամեն:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ