ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Որտե՞ղ ես, ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես ապրում

Որտե՞ղ ես, ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես ապրում
22.07.2016 | 00:50

Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայի Վիեննա մայրաքաղաքից մինչև Իսլանդիայի Ռեյկյավիկ մայրաքաղաք տարածությունը շուրջ 3 հազար կիլոմետր է, գրեթե այնքան, որքան Երևանից Վիեննա։ Եթե մեր պարագայում Երևան-Վիեննա թռիչքներն ամեն օր են, դրանց տոմսեր ունենալու համար հարկավոր է օրեր ու շաբաթներ առաջ մտահոգվել, Ռեյկյավիկից Վիեննա ինքնաթիռային չվերթերը շատ սակավ են, թեև Իսլանդիայում օդանավակայանների թիվը մեկ տասնյակից ավելի է։ Պատճառն այն չէ, որ երկիրը հյուսիսային բևեռին մոտ է գտնվում, բոլոր կողմերից շրջապատված է ջրերով կամ որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Բոլորովին։

Գտնվելով հայերիս որոշակի մասի կողմից անբարենպաստ որակվող պայմաններում՝ իսլանդացիները կարողանում են լավագույնս ներկայանալ համաշխարհային հանրությանը։ Նրանք խոչընդոտ չեն համարում ո՛չ սառնաշունչ եղանակը, ո՛չ էլ իրենց քանակը, որը, կարծես, գնահատականի խնդիր չեն համարում։ Կան այնքան, ինչքան կան, մերոնց պես իրենց փոքր ազգ ու երկիր չեն համարում, դրանում խնդիրներ չեն տեսնում, առավել ևս՝ ինչ-ինչ արդարացումներ փնտրում։ Ոչ էլ նավթ ու գազի բացակայությունից են տրտնջում ու դժգոհում, դրանք կայացման ու զարգացման խնդիրներ համարում, որոնց մասին հաճախ են հայերիս հիշեցնում մեր պետական այրերը։ Մերոնց ու նրանց ղեկավարների տարբերությունն այն է, որ ասենք, ստորգետնյա տաք ջրերի արդյունավետ օգտագործման շուրջ մերոնք երրորդ տասնամյակն է՝ ընդամենը խոսում են, Իսլանդիայում տաք ջրերը տուրբիններ են մղում, այդ կերպ գեներատորներ գործի գցում, էլեկտրաէներգիա արտադրում, իրենց օրն ու կենցաղը լուսավոր ու հարմարավետ դարձնում։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. պարզ մի պատճառով։

Ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնությունում մոտ 300000 բնակիչ ունեցող այս երկրի հավաքականը անակնկալների մի ամբողջ շարք մատուցեց և միլիոնավոր մարդկանց համակրանքին արժանացավ, ովքեր մինչ այդ գրեթե ոչինչ չգիտեին հյուսիսային բևեռին մերձակա այս կղզի-պետության մասին։ Յուրօրինակ անակնկալների երկրի շուրջ նյութերի փնտրտուքի ընթացքում մի արտառոց փաստի հանդիպեցի. Իսլանդիայում 1 բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը մոտ 60 հազար կիլոՎատտ.ժամ է, երկրի առումով՝ 18 մլրդ կՎտ.ժամ, որի 12 մլրդ-ը՝ հիդրոկայաններում, 6 մլրդ-ը՝ տաք ջրերի միջոցով։ Անհավատալի ցուցանիշ, որը վերցրել եմ ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուի «Իսլանդիա» նյութից։ Մինչ այս հաճախ եմ նշել Նորվեգիայի 25 հազար կՎտ.ժամ աննախադեպ ցուցանիշը, հիշել Ֆինլանդիայի ու Կանադայի 15-17-հազարական էլարտադրությունը, սակայն երկիր, ուր էլհոսանքի արտադրությունը կարող էր կազմել մեկ բնակչի հաշվով տարեկան 60 հազար կՎտ.ժամ, դժվար էր պատկերացնել։ Ինչու եմ այսպես մտածո՞ւմ. որովհետև տվյալ ոլորտի մեր պատասխանատուները ինքնաբավ են համարում ՀՀ-ի մեկ բնակչի հաշվով արտադրվող տարեկան 2 հազար կՎտ.ժամը, դրա էլ մի աննշան ավելացման միջոց համարում նոր ատոմակայանի կառուցումը։ Իսկ ահա Իսլանդիայում, որի տարեկան բյուջեն վերջին տարիներին մոտենում է 10 մլրդ դոլարի, տարածքն էլ բնակչության առումով անծայրածիր է, երբևէ ԱԷԿ ունենալու մասին չեն մտածում։ Արարիչը նրանց, հիշեցնեմ` նաև մեզ, տաք ջրերի տարածքներ է նվիրել, հարկ է առաջնահերթ դրանցից օգտվել, Աստծո բարեհաճությանն արժանանալ՝ այս կերպ են մտածում հնարամիտ իսլանդացիները, որոնք հիմնականում լյութերական կողմնորոշմամբ կաթոլիկներ են՝ չգիտես որ դարից սկսած։


Նշված տեղեկատուից տեղեկանում ենք, որ երկրի գյուղատնտեսությունում զբաղվում են կարտոֆիլի և բանջարեղենի աճեցմամբ։ Գյուղատնտեսական նշանակության 2,3 մլն հա տարածքները բացառապես արոտավայրեր են, մասամբ խոտհարքեր։ Երկիրը մսատեսակներով լիարժեք ինքնաբավ է, քանզի տարեկան 30 հազար տոննա խոշորների, մանր եղջերավոր, խոզի ու թռչնի մսի արտադրությամբ մեկ բնակչի հաշվով երաշխավորում է 100 կգ սպառում, երբ ՀՀ-ում նույն ցուցանիշը հազիվ 20 կգ է։ Հավելեք իսլանդացիների տարեկան 1,5 մլն տոննա ձկան որսը, որն արդեն նշված մեկ բնակչի հաշվարկով ամբողջ 5 հազար կգ է ստացվում, և պատկերն առավել քան ամբողջական կդառնա։ Այս վերջին ցուցանիշով երկիրը համաշխարհային դասակարգման 20-յակում է, մրցակցում է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Մեքսիկան ու Չիլին, Ֆիլիպիններն ու Թաիլանդը, կրկնակի գերազանցում է Իսպանիայի ցուցանիշը։ Այնպես որ, համաշխարհային ջրերի բարիքներից օգտվելն էլ իր յուրահատկությունն ունի, որին, ի տարբերություն շատ երկրների, իսլանդացիները լավագույնս են տիրապետում։


Թերևս այս ամենի հանրագումարում է, որ Երևանի մեկ համայնքի բնակչությունն ունեցող Իսլանդիան վերջին տարիներին 15 մլրդ դոլարի համախառն արդյունք է ապահովում, երբ ՀՀ-ում նույն ցուցանիշը մոտ 10 մլրդ դոլար է։ Այնտեղ էլ գուցե հարկերը հաճույքով չեն վճարում, սակայն, չգիտես ինչ կերպ, իսլանդացի հարկահավաքներին հաջողվում է ՀՆԱ-ի կեսից ավելին հարկել և բյուջե կազմավորել, տարբեր միջոցներով երկրի տնտեսությունը աշխույժ պահել։ Արտահանումն անցնում է 5 մլրդ դոլարը, առևտրային գործընկերներն են Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, հեռավոր Չինաստանն ու ԱՄՆ-ը, գրեթե բոլոր եվրոպական երկրները։

Գյուղոլորտում ընդգրկված է աշխատունակ բնակչության 5 տոկոսը, արդյունաբերությունում՝ 22 տոկոսը, սպասարկման ասպարեզում՝ 73 տոկոսը, երբ Հայաստանում թվերը համապատասխանաբար 40, 17 և 43 տոկոս են։ Զբոսաշրջությունից տարեկան եկամուտը կազմում է 1,5 մլրդ դոլար, ՀՀ-ում՝ մոտ 1 մլրդ դոլար։ Ինչպես նկատեց տեղի զրուցակիցներիցս մեկը, այս ոլորտն առաջիկայում Իսլանդիայում նոր վերելք կապրի, քանզի կգտնվեն հարյուր հազարավոր եվրոպացիներ, որոնց կհետաքրքրի, ասենք, Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիկներին իրենց հիմնական աշխատատեղերում՝ հյուրանոցում, փոստում ու ատամնաբուժարանում տեսնելու միտքը։ Եթե մեր, այսպես կոչված, տուրիստները հիմնականում արտերկրներում հանգրվանած մեր հայրենակիցներն են, իսլանդացիները նման երևույթով առանձնանալու շատ քիչ բան ունեն. այս ազգը գրեթե ամբողջությամբ ապրում է իր շա՜տ սիրելի ցրտաշունչ երկրում։ Իսկ թե ինչքան են իրենք հպարտ իրենց այս կարգավիճակով, լավագույնս ցուցադրեցին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում։ Թերևս առանձնացնեմ հայաստանցիներիս յուրօրինակ խանդը իսլանդացի ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների երկրի օրհներգի կատարմանը նվիրվածության հանդեպ։ Ֆուտբոլ խաղալ անհրաժեշտ որակով դեռ չենք կարողանում, ինչը, թերևս, սկսվում է երկրի թիվ մեկ երգի կատարման նկատմամբ վերաբերմունքից։ Հպարտության զգացումն է հպարտություն ծնում, ինչը լավագույնս դրսևորվեց ֆրանսիական խաղադաշտերում, որտեղ մենք ցավալիորեն չկայինք։


Հուրախություն հայերիս, կային փոքր երկրի որակում ունեցող իսլանդացի ֆուտբոլասերները։ Նրանք թե՛ երկրում, թե՛ Իսլանդիայից դուրս շարժվելու խնդիր չունեն, քանզի լավագույնս են աշխատում և համապատասխանաբար վարձատրվում։ Երկրում մեկ բնակչի հաշվով ստեղծվող տարեկան համախառն ներքին արդյունքը 45 հազար դոլար է, բյուջեից ծախսը՝ 30 հազար դոլար, ՀՀ-ում՝ համապատասխանաբար 4 հազար և 800 դոլար։ Երկրի 1000 բնակչի հաշվով մարդատար ավտոմեքենաների թիվը 800 է, կանանց կյանքի միջին տևողությունը 81 տարի է, տղամարդկանցը՝ 86, երբ երկարակյացի համարում ունեցող ՀՀ-ում դրանք 71 և 78 են։ Հազար բնակչի հաշվով ծնունդները 14 են, մահերը՝ 6, ՀՀ-ում 14 և 9։
Թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացուս մշտապես մտահոգող մեր երկրի տնտեսության վերաբերյալ թեման փոխարինեցի իրոք փոքրիկ Իսլանդիայի մասին այս պատումով, փորձեմ բացատրել։ Հարցն այն է, որ, Եվրոպայի հայկական համայնքներով շրջագայելիս, այստեղ հաստատված երբեմնի հայաստանցիները նշում են, որ Հայաստանն իր ընդերքով ու հողերով, ջրերով ու արևով նպաստավոր չէ երբեմնի դրախտավայր հռչակված երկրի լիարժեք կայացման համար։

Արատավորից էլ վտանգավոր մի մտայնություն, ինչը ձևավորվում է նաև Հայաստանը փոքր երկիր հռչակելով, ընդերքն աղքատիկ որակելով, հողային կարողությունը թերագնահատելով։ Բազմաթիվ հրապարակումներում ես մշտապես անդրադարձել եմ այսօրինակ հնարավորություններից զուրկ, սակայն բարվոք առօրյայով ապրող երկրների տնտեսաքաղաքական վիճակագրությանը, նշել, որ, ասենք, հենց միայն մեզանում հողի ոչ նպատակային օգտագործումը տարերային աղետների է հանգեցնում, որոնք, ըստ իս, երկնային նախազգուշացումներ են։ Հայոց հողը առվույտ ու կորնգան աճեցնելու համար չէ, այլ հայաստանցուն լավագույնս սնելու և նրան աշխատանքի միջոցներով ապահովելու, գործունեության յուրօրինակ ցատկահրապարակ դարձնելու տարածք։ Այն առայժմ փոխարինվում է փոքր թվով վերամշակողների շահերն սպասարկելով, ծխախոտ ու ալկոհոլ արտադրելով, երբ հայաստանաբնակի հիմնական մտահոգությունն իր ու ընտանիքի սննդակարգն է, ինչը մեզանում պարզ է ու հասարակ։ Աշխարհն այսօր այլ չափորոշիչներով է առաջնորդվում, ասենք, երբ նշված առաջնահերթությունը հիմնականում լուծած երկրները մոտ ապագայում ամբողջությամբ կանցնեն այլընտրանքային էներգիայի օգտագործման, երբ մեզանում ամենաբարձր մակարդակներում քննարկվում է 2020-ականներին մսարտադրությունը մեկ հայաստանցու հաշվով 25 կգ-ի հասցնելու խնդիրը, այն էլ՝ տարօրինակ կենդանի քաշ արտահայտությամբ։ Է՛լ ավելի տարօրինակ է ՀՀ էլեկտրաէներգետիկայի ապագան, որը կանխատեսվում է իրականացնել նոր ատոմակայան կառուցելու միջոցով, այն պարագայում, երբ, ասենք, Եվրոպայի տնտեսության առաջատար Գերմանիայում արդեն սկսել են ԱԷԿ-ների փակումը, ինչը վերջնակետի կհասցվի 2020-ին։ Եղբայր, նախ, ինչպես Երկիր մոլորակն է անում, հիմնական սննդատեսակ մսարտադրություն ծավալեք, մեր մարդկանց կարիքներն ապահովեք, հետո իրենք իրենց անելիքը կորոշեն։

Հենց սրանից են, թերևս, զգուշանում հայ իշխանավորները, շեղում Հայաստան երկրի բնականոն ընթացքը, այն դարձնում այլոց բանջարաայգեգործական կցորդը՝ երկրի ողջ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը թողնելով ներմուծումների հույսին։ Աշխարհի չորս կողմերից ներկրվում են միս-մսամթերք ու երշիկեղենի ողջ հումքը, հացահատիկ ու շաքարավազ, կենդանական ու բուսական յուղեր, կաթի ու ոսկորի փոշի, սոխ ու սխտոր, ավելորդ չեմ համարում հիշեցնել, անգամ ստեպղին՝ սակավահող Իսրայելից, չմոռանալով սերմերի ու տնկանյութերի մասին։ Զրուցելով արտերկրներում հանգրվանած մեր հայրենակիցների հետ՝ հիմնականում համոզվում ենք, որ նրանց Հայաստանից վանողը սոցիալական ծանր վիճակն է, քանզի հազվադեպ կլսես այլ բնույթի տրտունջներ։ Դրանք կան, «իսկ որտե՞ղ չկան» հարցը ծնվում է ինքնաբերաբար։ Ցավոք, ՀՀ տնտեսաքաղաքական իրավիճակը նվազ փաստարկներ է տալիս, եթե այլ գնահատական չնշենք։ Այն օրերս հաստատեց նաև համաշխարհային գործարար միջավայրին քաջատեղյակ «Ֆորբս» ամսագիրը՝ ՀՀ տնտեսությունը դասակարգելով համաշխարհային երկրների վերջին տասնյակում։ ՀՀ գործարարներից մեկն օրերս հակադարձեց, թե վիճակն այնքան էլ մտահոգիչ չէ, ինչպես նշում է ամսագիրը, այնպես որ, մխիթարվելու տեղ դեռ ունենք։


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա

Դիտվել է՝ 4666

Մեկնաբանություններ