ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հայքի զարթոնքը

Հայքի զարթոնքը
15.07.2016 | 12:43

(սույն էսսեաշարը, ավելի ստույգ՝ քնարական երգիծապատումը, խոհեմ սրտով և մտքով արի նվիրում եմ ՀՀ անկախ պետականության 25-րդ փառահեղ հոբելյանին)

ԼԱՈՆ ԱՐԹՈՒՆ Է, ԽՈՅԸ՝ ԶԻՆԱՎԱՌ
(դեպի լյառն Մռավ` Վարդանի կամրջով)


Մհերը գոցեց քարայրի ապառաժ դուռը և որդան կարմիր կտուցով զինավառ Լաո-աղավնին աջ ուսին, Կարմրաշեկ խոյն էլ առաջն արած քայլեց դեպի Երկիր։ Այս շղթայակործան Երկրում, Հայքի հյուսիսում, գարին, խնդրեմ, ընկույզի չափ էր, ծիրանի փողից էլ սրբազնակոչ մարտակոչեր էին հնչում։ Ի դեպ, Կարմրաշեկ խոյի եղջյուրները ձուլված էին Մեծամորի հեթանոս երկաթից։ Մհերը գոցեց ապառաժ դուռը, մհերականները դուրս եկան մեկ առ մեկ, յուրաքանչյուրն իր քարայրից, զի նրանց կյանքում անկախ հայկական թագավորության փառերգն ավետող հին հեքիաթն էր արթնացել և նրանք, այո, վստահ էին, որ գարին, այո՛, ընկույզի չափ էր, և արդեն հայոց խնկոսկի խաղողը երփնածիրան ցոլցլում էր տարին բոլոր։ Զարմանալի ինքնորոշ էին նրանց տոհմանունները, աղեղալարի նման պրկուն և հանց գութանը՝ գթառատ։ Ահավասիկ, Գորգիսյան (Մովսես), Ազգալդյան (Լեոնիդ), Աչիկգյոզյան (Սիմոն), Կրպեյան (Թաթուլ)։ Նրանք մտավորական էին, սակայն դա պարզապես զբաղմունք էր, Լաոն նրանց օրորոցների վրա ճախրել և բրաբիոն ծաղկի նեկտարն էր ոթել... Գորգիսյան, Ազգալդյան, Աչիկգյոզյան և Կրպեյան... Մովսես և Լեոնիդ, Սիմոն ու Թաթուլ։


Գորգիսյանը, անկասկած, Ձենով Օհանի ազդականչն էր, Ազգալդյանը վստահաբար Տղմուտ գետն անցած և պարսկական Մատյան գունդը ահաբեկած Կարմիր Վարդանի սրափայլն էր։ Դե, հասկանալի է, որ Սիմոնն ու Թաթուլը և՛ Պապ թագավորի թիկնազորն էին կառավարում, և՛ հսկում էին նրա խենթ հոր՝ Արշակ արքայի անուշ քունը Անհուշ ամրոցում։

Սփյուռքից ներհոսում էր գավերով գինի, ազատության վես խնջույքը փոթորկվում էր, և սոսկուն սսկվել էին պարտկուսակցական թլպատված սոխակները։ Բամբիռների ժամանակն էր... Լաոն արթուն էր, խոյը՝ զինավառ։ Բամբիռների ժամանակն էր, և հայոց մտքի արգահատանք հեղափոխական-քաղաքական ցուցանքը Հայքի զարթոնքում վերաձևվեց, դարձավ կենաց։ Հիշելի են, անշուշտ, ժամանակները փառազուրկ։ Կայսրությունը դարն ապրած շոգեքարշ էր, որի հնոցները ժայթքում էին մրաշունչ գոլորշիներ։ Այնինչ ժամանակն իր մարտակոչն էր կարդում ամենուր։ Սակայն հայոց կերտիչ գենը մոլորվել էր կեղծ հողմերում, հայոց մտքի, ոգու, կամքի ասպետները Վանն ու Սիսը... ազատագրում էին ռուսական տափաստաններում և թյուրքական արոտներում։ Եվ ահա դարի, ազգի և պետության գերթնջուկը՝ եթե Հայքում մաքառեին Մյասնիկյանն ու Շահումյանը, Խախանյանն ու Գայը, Կամոն և Պռոշյանը... Հայքը չէր եռափեղկվի։ Ի՞նչ կարող ենք անել, Լաո աղավնին մի պահ կորցրեց նրանց հետքը, բնական է, որ Կարմրաշեկ խոյն էլ մեն-մենակ էր փորձում Անին ազատագրել։ Մհերն էլ ի՛նչ աներ, խռոված ու ծանր նինջի մեջ էր, և նրա երազները մերթ Հայկի նետի հետ էին, մերթ էլ կարմիր-որդան արյուն ոթող կիսալուսնի արծաթալույսի տակ արի ու ձիգ պատերազմում էին, և նրանց սրերը ժանգացեց էին, և նրանց փառապանծ այրուձիում սիգընթաց նժույգ էին ջորիները, երինջները և ուղտերը։

Սքանչելի էր ժամանակը, անկախացող հայոց հողում ձևավորվեց զարթոնքի քաղաքական բարդի ծառը՝ հանձին Հայոց համազգային շարժման։ Մեկ էլ, կարծես թե, Դավիթ Բեկ մեծաշուք, բայց տարաբախտ գահերեց իշխանի ժամանակ ազգը պարեգոտվեց համազգային շարժմամբ։ (Պարեգոտը, սա ականջի օղ անենք, խնկագույն էր և մագաղաթակոկ)։

Զարթոնքի շոգենավը Վանից հասել էր Երևան, հետո բարձրացել, հանգրվանել էր Սևանա կղզու բարձրակետում, որտեղից անզեն աչքով անգամ տեսանելի էին զինավառված լեռները մեր, Սիսն ու Աժդահակը, Մռավն ու Նեմրութը, Արան ու լյառն Արարատ։ (Էհ պայծառ միտք և զրնգուն հոգի Զարյան Կոստան, մի՞թե նավդ լեռան վրա պիտի մնար...)։


Շոգենավի հնոցներում հերթապահում, ապա նաև նավախելի վրա էին դիրքավորվում ավանդական կուսակցությունները, հերոսական (մի փոքր էլ գուցե թե օրհասական դափնեպսակներով պճնված) ՀՅԴ-ն, հպարտության առարկա ՌԱԿ-ը, անծանոթ և տենչալի հնչակյան կուսակցությունը։ Հայ քաղաքական ոգին նվիրական իրատես էր, միտքը Էրգրին ապավինած։ Եվ սա լիովին այն երկրի հագուկապով էր, ուր, հարկավ չենք մոռացել, անգամ հանցագործ աշխարհը զորակցվեց համազգային շարժմանը... ապահանցավորվելով։ (Հավատ-հավատարմությունը գետնել էր կավատ-անհավատությանը)։

Օրեր անց արմատական-ազգայնական-այլախոհական պայքարի ասպետները՝ Հայրիկյանը՝ Պարույր, Նավասարդյանը՝ Աշոտ, Արշակյանը՝ Ազատ և այլք, խորհրդային տաժանակրության տարիներին ամբարած փորձն ու թրծած կորովը միաբանում էին համազգային միասնականությանը։ Քաղաքականությունը վսեմ մղում էր և ազնվական գործ։

«Ղարաբաղ» կոմիտե, Զարթոնքի մունետիկ ու Շարժման կարգադրիչ։ Տեր-Պետրոսյան Լևոն, Մանուկյան Վազգեն, Սիրադեղյան Վանո-Վանիկ, Մանուչարյան Աշոտ և այլք։ Զարթոնքն ապավինում էր յուր ոգեկանչի զի՜լ ու զրնգուն ձայնարկություններից արթնացած և հրապարակ իջած տակավին երիտասարդ առաջնորդներին։ Ոգին, միտքը, արյունն ու ոսկորը քաղաքական, հետո նաև ռազմաքաղաքական պայքարում մնում էին վեհ և կենտրոնաձիգ։ Երանելի օրերը վաղ էին սկսվում և ցայգալույսի մայրամուտի ցոլքերի հետ էին կենակցում։ Ահա փողոցով սլանում է շողշողուն «Ժիգուլին»։ Նրա բեռնախցիկում ոչ խավիար էր արկղերով, ոչ էլ բավարական գարեջուր։ Զենք և զինամթերք էր տեղափոխում նախկին նոմենկլատուրային բոսի որդին, իսկ ամպափթիթ լեռներում նրա ուղարկած զենքին էր սպասում բոսի քննիչ որդու նախկին զոհ, կալանավայրը նոր-նոր լքած և լեռներում հրամանատար կարգված հնակարկատը։

«Գոյ» թատրոն, համաշխարհային դժվարամարս դրամատուրգների՝ Իոնեսկու՝ Էժենի, Սամուելի՝ Բեկեթ և Սարոյանի՝ Վիլյամ ուլտրաազատական պիեսների նորարարական բեմականացում և թատրոնի հետնաբեմի գոյակերպի փոփոխությունը՝ այն արդեն զինապահեստ էր։ «Գոյի» կերտիչ Մազը՝ Արմեն, ջոկատ կազմել և Արցախի դատն էր շահում խիստ իրապաշտական մարտերում։ Իսկ նկարիչ Մկրտիչը և դերասան Սամվելը զինապահեստի պահապաններն էին և զենք-զինամթերքի մատռվակները։ Եվ առհասարակ այդ օրերին շատ նկարիչներ և գրողներ ելան մարտի։ (Անկախության շեփորականչը կտրել էր Խաթլամաջյան Սեյրանի՝ ճանաչված գեղանկարչի աչքի քունը, նա ամենուր էր Զարթոնքի զարթուցիչը, անշուշտ, գունեղ և, իհարկե, անսանձ Զարթուցիչը)։

Իսկ Արցախում Հանրապետությունն էր ծնվել, Խամսայի մելիքների խաս արյունը հեղեղվում էր հանուն Հայքի գաղափարի ոտքի ելած անսանձ մարդկանց սրտում։ Համահայկականությունն էր ժողովրդի և նրա առաջնորդների միտքը, ոգին և կորովը։ Առաջնորդներն իջան հրապարակ, Լաո աղավնու ճախրանքին և Կարմրաշեկ խոյի քայլերթին հավատարիմ։ Քարայրը լքել և բրաբիոն լեռնաշուշան-լեգենդաբույր ծաղկի պսակն ուսած քայլում էին դեպի Էրգիր (Էրգրից էլ, հասկանալի է՝ դեպի Երկիր) Մուրադյանը՝ Իգոր, Քոչարյանը՝ Ռոբերտ, Սարգսյանը՝ Սերժ, Արթուրը Մկրտչյան և՛ այլք, կաղնու նման ոստապինդ և՛ հավատավոր, և՛ ուղղամիտ-կենտրոնաձիգ, հանց զինվորքը Նժդեհի։

Մի՞թե ձեր հեզ ծառան (այսինքն` ինքս՝ Վ. Ա.-ն) կմոռանա օրը մառախլապատ և սակայն նոր կթած կաթի նման կենսաշունչ։ Հանրահավաքից տուն էի վերադառնում։ Բարեկամության փողոցում դիրքավորված գեղաշեն տեխնիկայի տունն արդեն Համազգային շարժման շտաբ-կայանն էր։ Եռուզեռ էր այնտեղ, և Լաոն աներևույթ, սակայն ամենուր էր։ ՈՒ մինչ ես սքանչանում էի, տրոլեյբուսը թիվ 5 երթուղու կանգնեցրին խստաշունչ բարբառով խոսող երկու հաղթական այրեր։ Տեխնիկայի տանը հարակից Չեխովի անվան դպրոցի բակում երկու բեռնատար էին ծանրաբարո կայանել, հեռավոր ճանապարհների հևոցը դեռ զգալի էր նրանց մեջ։ Ջավախքից լուսաճերմակ ալյուր էին հասցրել հայոց մայրաքաղաք, այն պետք է Երևանից Արցախ հասներ, Արցախը պարենի ինչ-ինչ խնդիրներ ուներ։ Երբ ստնտու մեքենաները կամավորներիս ջանքերով դատարկվեցին, մի կամակոր հարց ուղղեցի ալյուրաբեր այրերին, թե ինչու չեն դիմել Համազգային շարժման ղեկավարությանը այս նվիրական բեռնաթափման համար։ Ասացին՝ անհարմար էր, մարդիկ երկրի բախտն են որոշում, մենք էլ քեզ հետ պետք է ալյուրը դատարկեինք։


Հուշեմ, ալյուրն անխափան հասավ Արցախ։ Նաև հավելեմ, որ թիվ 5 տրոլեյբուսից իջան բոլոր ուղևոր այրերն ու, չզարմանաք, այո՛, երկու մանկամարդ կին։

ԻՍԹԱՄԲՈՒԼԻ ՌՄԲԱՀԱՐՈՒՄԸ
(իրապատում հեքիաթ)


Ինչպես և երևելի օդաչու Նելսոնի պարագայում, նրա մայրը արցախահայ էր, հայրը՝ Երևանցի, ինքը, ինչ խոսք՝ Հայքեցի։
Նրա թևավոր խոսքը ազերբայջանական քարոզչամեքենայի «հնարագետ» բարբաջանքին ի պատասխան էր շեփորվում։ Ազգալդյանի կերտած «Ազատագրական բանակ» ռազմական միավորման գրոհները էապես զանազանվում էին հայկական փառապանծ, թեկուզ դեռ մի քիչ թրծելի, ֆիդայական ջոկատների և այլ բանակային գնդերի հարձակումներից։ «Ազատագրական բանակը» հենվում էր հինավուրց հայ-արիական զորագնդերին հարիր հաղթական եռագույնին՝ ծիրանագույնը՝ որպես հայ արիական (քրիստոնեա-արիական նաև, որը ծագեց ավելի ուշ) օծյալ հավատի, կարմիր գույնը՝ գաղափարական աներերության և լազուր կապույտը՝ վարքի խորհրդանշան և ուղեցույց։
Բարբաջում էր ազերիական-քարոզչական թլպատված մեքենան, թե ցնծացեք, կիսալուսինը նորեն է ծագում, Լեոնիդն ընկավ... Ազգալդյանի գլխավորած բանակն ազատագրեց բազում շեներ, անհավանական էր նրա գրոհային թափը, անսովոր էր մարտական ձեռագիրը, պանծալիցք էր հետագիծը, որն սկիզբ ուներ և չուներ վերջ։ Սկիզբն ազատագրված Թատերական հրապարակն էր, վերջը՝ Մհերի քարայրի խորքերում, որտեղ, ինչ խոսք, մշտադալար բրաբիոն ծաղիկն է եռագույն հուրհրում։

«Եվ եթե հանկարծ ձեզ հայտնեն, թե Լեոնիդն ընկավ, չհավատաք, ինձ մահ չկա, ես պիտի ընկնեմ Իսթամբուլի պատերի տակ...»։ Լաոն այս պատգամը թևեց-հասցրեց նախ Երևան, այնուհետև՝ Ստեփանակերտ։ Իսկ կիսալուսի՞նը, է՜հ, մի՞թե պարզ չէ. փորլուծ կպավ և սույն վեհաշունչ կենսաբանական արկածախնդրության արդյունքն արտավիժեց Անկարայում։

«Ազատագրական բանակը», այո, խարսխվում էր համազգային միասնականության գաղափարին, հավատին և վարքային կանոնակարգին։ Նա սփյուռքը դիտարկում էր ամենևին ոչ որպես նյութաֆինանսական մատակարար ու սնուցիչ։ Սփյուռքը համազգային պայքարի համահավասար կողմն էր, նա պատերազմական դաժան թոհուբոհի ծանրության կշռաչափի կշռորդն էր, և հաղթական արդյունքի հսկիչն ու հասկահավաքը։ Սա Սփյուռքը, մինչ այդ Հայաստանում տեսնելի և լսելի իբրև քսակ, մեծ և տռուզ, մի փոքր էլ, հարկավ, գծուծ, որը պարտք է յուր մայր հողին, ինչպես արտաքսյալ զավակը ներողաշունչ, ազնիվ հոգի ծնողին։
Իսկ Արցախը՝ նույնական էր արցախահայոց վեհ խնդիրը, նա գերյալ էր պայմանական, և ազատագրումը նրա Հայքի ազատագրումն էր։


Սփյուռք-Հայաստան-Արցախ։ «Ազատագրական բանակը» ներկայացնում էր Հայաստանը՝ ի դեմս Լեոնիդի և նրա շուրջը հավաքագրված գաղափարական ազնավուրների, Սփյուռքը՝ ի դեմս ԱՍԱԼԱ-ի ազատարար մարտիկ Հովսեփ Հովսեփյանի (և անոր զինհավատակացիների) և Արցախը՝ ի դեմս «Ազատ Արցախ» փայլուն ջոկատի մասնակցության, լեգենդար Բալայան Վլադիմիրի հրամանատարությամբ։
«Ազատագրական բանակում» զգալի դեր էր ստանձնել մտավորականությունը։ Հիշենք հանճարեղ քաղաքակերտիչի թոռանը՝ Ալեքսանդր Թամանյանին։ Եվ մյուսներին՝ անուն առ տոհմանուն։


Միով բանիվ, «Ազատագրական բանակը»՝ Լաո աղավնին ուսին թառած, Կարմրաշեկ խոյն էլ առաջն արած քայլերթում է երեկ, այսօր, նաև վաղը՝ դեպի ՀԱՅՔ։

ԽՐԱՄԱՏՆԵՐԻ ՕՐՀՆԱՆՔԸ


Արցախի յուրաքանչյուր խրամատում Հայքի ընդհանրական ոգին էր դրության տերը։ Իսկ իրադրությունը երբեմն օրհասական էր, Հայքին ընդդեմ խառնամբոխն էր իսլամական, զորակցված հյուսիսից և հարավից խուժող վարձկան ու մոլագար հրոսակախմբերով. էլ չեչեն գրոհայիններ և վայրագ մոջահեդներ, էլ թուրքական և այլ արյունախում աղբ։ Ըստ երկրագնդի մարդաբանական քարտեզի՝ հենց այստեղ էր մոլորակի պորտը տրոփում։ Այն հատելով ձևավորվելու էր Թուրանական կայսրություն համաշխարհային մղձավանջը։ Աշխարհը սպասում էր։ Դժոխքը բացել էր երախը և Արցախը կլլելով և օրեր անց Մեղրի մեղրաշունչ եզերքը նվաճելով շղթայելու էր կիսագունդը համաօսմանական-պանթուրանական կախաղանի օղակով՝ նվաճելու էր նախ Եվրասիան։ Արցախն ազատագրելով և պահպանելով Հայքի հյուսիսը որպես արիաքրիստոնեական մի աննախօրինակ ամբողջականություն` մենք փրկեցինք մոլորակի Եվրասիական կիսագունդը։ Հայկական ազգային միասնականության իրական գինը սա էր։ (Խրամատներում գիշեր և զօր շարականների օրհնալիցք ժամերգությունն էր հնչում)։

Մհերը՝ Լաո աղավնին ուսին, Կարմրաշեկ խոյն էլ առաջը, Էրգրից դեպի հյուսիս էր քայլում, դեպի Երկիր, որտեղ գարին նաև ընկույզի չափ էր, և ծիրանի փողից եղեգնաշաքար մեղեդի էր հնչում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ