«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
24.06.2016 | 09:12

(սկիզբը՝ այստեղ)

Скачко-ն արհեստականորեն նույնացրել է այդ երկու տարբեր ուժերը, ավելին՝ միատեսակ շահագրգռություններ է վերագրել եվրոպական պրոլետարիատին և թուրքական փաշաներին սոսկ նրա համար, որպեսզի հանգի հաջորդ անհեթեթ, հակաբնական և հակապատմական եզրակացությանը՝ թե կոնֆերենցիայի մասնակից սոցիալիստական երկրները և կապիտալիստական Թուրքիան «պետք է բոլոր ջանքերը գործադրեն հասնելու անխզելի կապի՝ արևմտաեվրոպական իմպերիալիզմի դեմ պայքարելու համար»:
Ո՞վ է ճիշտ. Մարքսն ու Լենինն իրենց դասակարգային պայքարի տեսությա՞մբ, թե՞ Ստալինի գլխավորած կոմիսարիատի օրգանի հռչակած սոցիալիստական ռևոլյուցիայի և թուրքական փաշաների դասակարգային համերաշխության այս նոր տեսությունը, որը հրամցվում է մեզ որպես մարքսիզմ-լենինիզմ... սրանցից որի՞ն հավատանք, ո՞րն է գիտական։


Դժվար չէ նկատել, որ գիտական հիմքից զուրկ, քաղաքական մի լպիրշ դեմագոգիա է Скачко-ի «տեսությունը», որը ոչ մի կապ չունի մարքսիզմ-լենինիզմի հետ:
Անցնենք առաջ: Ըստ Скачко-ի՝ ինչպե՞ս և ի՞նչ հիմքի վրա պետք է տեղի ունենա սոցիալիզմի և թուրքական կապիտալիզմի «եղբայրական» այդ սրբազան դաշինքը: «Դրա համար,- ասում է Скачко-ն,- կոնֆերենցիայի մասնակիցները «պետք է միմյանց փոխադարձ զիջումներ անեն», որոնք «устраняли бы все поводы к взаимному недовольству и недоверию»:
Բայց ինչպիսի՞ք են լինելու այդ զիջումները, և ո՞վ պետք է նախաձեռնություն հանդես բերի զիջումների խնդրում: Скачко-ն գրում է. հանդիպելու են 3 սոցիալիստական և 1 կապիտալիստական-բուրժուա-նացիոնալիստական պետություններ, այսինքն՝ «два мировоззрения»: Պետությունների աշխարհայացքից էլ հետևում են, թե ինչպիսի զիջումներ և ով ում պիտի զիջումներ կատարի: Անգորայի կառավարությունը, ասում է հոդվածագիրը, հետապնդում է պետական-ազգային շահեր, որի համար «чрезвычайно важно сохранение, а может быть и увеличение турецкой территории», մինչդեռ սոցիալիստական երկրների համար ոչ մի դեր չեն խաղում («не играют никакой роли») ո՛չ տերիտորիան, ո՛չ էլ ազգային միասնությունը («ни территории, ни национальное единство»):


Սա էլ երրորդ նորամուծությունն է Скачко-ի կողմից մարքսիզմ-լենինիզմի տեսական գանձարանում, մի նորամուծություն, որը տրամագծորեն հակադիր է Լենինի հայտնի դրույթներին, թե մեկ երկրում սոցիալիզմի հաղթանակի հնարավորության նախապայմաններից մեկը սոցիալիստական պետության տերիտորիայի բավականաչափ մեծ լինելն է, թե սոցիալիզմին կարելի է հասնել միայն ազգային կուլտուրայի ծաղկման ճանապարհով, որն անհնարին է առանց ազգի՝ իբրև միության ապահովման և այլն:


Բնականաբար հարց է ծագում, թե «սոցիալիստական երկրներ» ասելով ի՞նչ է հասկանում Скачко-ն, կարո՞ղ է լինել պետություն կամ երկիր առանց որոշակի տերիտորիայի, չէ՞ որ ամեն մի պետություն (սոցիալիստական, թե կապիտալիստական, միևնույն է) կարող է ստեղծվել միմիայն տերիտորիայի վրա, ազգային միության բազայի վրա, այլ կերպ դժվար է պատկերացնել երկիր, պետություն: Թե՞ Скачко-ն սոցիալիստական պետություն կամ երկիր ասելով հասկանում է երևակայական ինչ-որ բան, որը տարածություն և մարդկային որոշակի ազգային միություն չի պահանջում իր գոյության համար: Այսպիսի անհեթեթ հալյուցինացիա դժվար է նույնիսկ երևակայել, անմատչելի է մարդկային նորմալ ուղեղին ու բանականությանը:


Скачко-ի պատկերացումը սոցիալիստական երկրների և սոցիալիզմի մասին ուղեղի հիվանդագին բժժանք է և ուրիշ ոչինչ:
Տվյալ դեպքում մեզ՝ հայ ընթերցողներիս, ամենևին չի հետաքրքրում այն հարցը, թե ինչ հալյուցինացիաների և բժժանքների է ընդունակ Скачко-ի ուղեղը: Նրա հոդվածը մեր քննությանն է արժանացել միայն այն պատճառով, որ այդ բժժանքները բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակին և հայ ժողովրդին են հրամցվում որպես դիվանագիտական տեսական արգումենտներ, պրոլետարական համաշխարհային ռևոլյուցիայի «շահերին» Հայաստանի և հայ ժողովրդի զոհաբերումը «հիմնավորելու» համար, մեզ են հրամցվում որպես Լենինի պատվիրաններ, որոնցով հայերը պետք է ղեկավարվեն, եթե չեն ուզում դավաճանած լինել սոցիալիզմի, համաշխարհային ռևոլյուցիայի և համամարդկային իդեալների շահերին: Եվ այդ քարոզը կարդացվում է Մոսկվայից, Ազգությունների կոմիսարիատի օրգանի էջերից «խաղաղության» կոնֆերենցիայի նախօրյակին, որտեղ, ի հակադրություն Վերսալի «իմպերիալիստական» լուծման, պիտի տրվի Հայկական հարցի «սոցիալիստական» լուծումը:
Եվ ահա թե Скачко-ն ինչ ուղի է գծում Հայկական հարցը լուծելու համար: Շարունակենք ունկնդրել նրան:


Քանի որ ոչ տերիտորիան, ոչ էլ ազգային միությունը ոչ մի նշանակություն չունեն սոցիալիստական երկրների համար, այդ պատճառով էլ, գրում է նա, սոցիալիստական պետությունները կոնֆերենցիայում պետք է «ղեկավարվեն Լենինի առաջադրած սկզբունքով՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքով, որը պահանջում է. ա) մի երկրի ռևոլյուցիայի շահերը ենթարկել համաշխարհային ռևոլյուցիայի շահերին, բ) բուրժուազիայի նկատմամբ հաղթանակ տարած ազգի ընդունակությունը և պատրաստակամությունը գնալու ազգային մեծագույն զոհաբերությունների՝ հանուն միջազգային կապիտալի կործանման»:
Այնուհետև. համաշխարհային մասշտաբով պրոլետարական պայքարի շահերը պահանջում են ազատագրել գաղութային և կիսագաղութային երկրները իմպերիալիստական երկրների լծից, այդ պատճառով էլ այդ պայքարի շահերը պահանջում են համակողմանի աջակցություն Թուրքիային, որն այժմ միակ կիսագաղութային երկիրն է, որը, իբր թե մղում է «открытую борьбу против империалистических правительств Антанты». Միտքը պարզ է. քանի որ Թուրքիան միակ «կիսագաղութային» երկիրն է Արևելքում, որը պայքարում է բացահայտորեն «Անտանտի իմպերիալիստական կառավարությունների դեմ», իսկ համաշխարհային ռևոլյուցիայի շահերն էլ պահանջում են գաղութային և կիսագաղութային երկրների ազատագրում իմպերիալիզմի լծից, ուստի անհրաժեշտ է «համակողմանի պաշտպանություն» Թուրքիային սոցիալիստական երկրների կողմից:


Նկատենք և հիշենք, որ Արևելքում Թուրքիան միակ երկիրն է, որը իբր թե պայքարի է դուրս եկել միջազգային իմպերիալիզմի դեմ, դրա համար էլ Ստալինը Թուրքիային է վերագրել Արևելքում ռևոլյուցիայի դրոշակակրի պատիվը: Քիչ հետո պիտի տեսնենք, որ Թուրքիայի «ռևոլյուցիոն», «հակաիմպերիալիստական» պայքարի մասին սկսված այս տիեզերական թմբկահարության տակ թաքնված է դաժան, ողբերգական իրականություն, որ իրականում՝ ա) համաշխարհային պրոլետարական ռևոլյուցիայի ոչ մի հեռանկար գոյություն չունի, բ) իմպերիալիստական Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան և այլն ամուր շարունակում էին նստած մնալ Արևելքում և Աֆրիկայում, գ) Թուրքիան ոչ միայն ոչ մի կրակոց անգամ չի արձակել Անտանտի իմպերիալիստական կառավարությունների դեմ, այլև մտադրություն էլ չի ունեցել կրակելու նրանց վրա, ավելին, նրանց աջակցությամբ (Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Ամերիկա և դրանց գումարած Սովետական Ռուսաստանի իրոք համակողմանի դիվանագիտական, ռազմական և նյութական վիթխարի մասշտաբների օգնությունը) շարունակել է մարդակերական ագրեսիվ այն քաղաքականությունը հայերի, հույների, քրդերի նկատմամբ, որ սկսել էին սուլթան Աբդուլ Համիդը և երիտասարդ թուրքերը, նպատակ ունենալով Թուրքիայի տիրապետության տակ առնելու նաև Անդրկովկասը՝ Բաքուն, և տարածել Թուրքիայի տիրապետությունը մինչև Պամիրի լեռները, դ) տմարդի կերպով իմպերիալիստներ են հորջորջվել Թուրքիայի դարավոր բռնակալությունից ազատագրվել ցանկացող իրավազուրկ հայ ժողովուրդը և հույները, այսինքն՝ հենց նոր ինքնորոշվող Հայաստանը և անկախ Հունաստանը: Ահա այս երկու ժողովուրդներն են դիտվել իբրև Անտանտի «իմպերիալիստներ», սրանց ազգային գոյության իրավունքն է հռչակվել որպես «իմպերիալիստական ոտնձգություն» Թուրքիայի դեմ, և նրանց կրկին ստրկացնելու նպատակով է Քեմալ փաշան ռազմական ագրեսիա ձեռնարկել նրանց դեմ, հավատացնելով ռևոլյուցիոն ֆրազի հերոսներին, թե ինքը պայքարում է եվրոպական իմպերիալիզմի դեմ, խոստանալով Անգլիայի դեմ հանել ամբողջ Արևելքը, եթե իրեն պահանջվող ռազմական, նյութական և դիվանագիտական օգնություն ցույց տրվի սոցիալիստական պետության՝ Ռուսաստանի կողմից:


ե) Վերջապես պիտի տեսնենք, որ իրականում սոցիալիստական երկրների զոհաբերությունները կատարվել են ոչ թե ռևոլյուցիայի շահերի համար, այլ Առաջին համաշխարհային պատերազմում ջարդված թուրքական բորենու ժանիքները սրելու, արդյունքում հայ ժողովրդի մարմինը կրկին հոշոտելու համար: Սա է իրողությունը:
Անդրադառնանք նորից Скачко-ին: Լսենք, թե ինչ օգնություն և պաշտպանություն են առաջարկվում Թուրքիային սոցիալիստական երկրների կողմից: Նա գրում է. պետք է բավարարել Թուրքիայի պետական-ազգային շահերը: Որպես բուրժուա-նացիոնալիստական (ընթերցողը նկատած պետք է լինի, որ թուրքական բուրժուական նացիոնալիզմը և Թուրքիայի նույնիսկ իմպերիալիստական նպատակները հարևան ժողովուրդների նկատմամբ դիտվում են իբրև Արևելքում և Եվրոպայում Թուրքիայի «ռևոլյուցիոն» միսիայի դրսևորումներ-արտահայտություններ) Անգորայի կառավարությունը, բնականաբար, «не может и не хочет превозмочь свой национализм, даже национализм империалистического оттенка», մինչդեռ սոցիալիստական պետությունները, այնուամենայնիվ, պետք է հաղթահարեն իրենց նացիոնալիզմը և համաշխարհային ռևոլյուցիայի զարգացման շահերին զոհաբերեն իրենց տերիտորիաները և նույնիսկ «իրենց ցեղակիցների խմբեր» («и даже группы своих единоплеменников»):


Հետո: «Եթե մենք հավատում ենք համաշխարհային ռևոլյուցիայի հաջողություններին, ապա մենք պետք է հասկանանք,- գրում է Скачко-ն,- որ բոլոր այդ զոհաբերությունները ժամանակավոր են, որ համաշխարհային ռևոլյուցիայի հաղթանակով նրանք (զոհողությունները-Ն.Կ.) լուծարվում են («аннулируются»)» (? !).


Այսպես, ուրեմն, ռևոլյուցիոներ ենք, ուրեմն պետք է հավատանք համաշխարհային ռևոլյուցիայի հաջողություններին և համարձակ տերիտորիալ և ցեղակիցների խմբերի զոհաբերություններ պետք է կատարենք թուրքական նացիոնալիզմի մոլոխին, չէ՞ որ նա «հովանավորում է» ռևոլյուցիայի հաղթանակը Արևելքում և Եվրոպայում, գիտակցելով միաժամանակ, որ այդ զոհաբերությունները «ժամանակավոր են», որ համաշխարհային ռևոլյուցիայի հաղթանակից հետո «չեղյալ» կհայտարարվեն այդ զոհողությունները:
Հոդվածագիրը «մոռացել է» ասել, թե զոհաբերությունները «լուծարքի» ենթարկելուց հետո, այնուամենայնիվ, ինչպե՞ս են հարություն առնելու զոհաբերված «ցեղակիցների խմբերը», թե՞ նրանք անվերադարձ կորուստ է համարում: Ասենք չի մոռացել. քիչ հետո նա հիշում է այդ մասին և մխիթարում անհանգստացող հայերիս, թե համաշխարհային ռևոլյուցիան (հաղթելուց հետո) «կքննի և կգտնի հողի յուրաքանչյուր կտորի իսկական տիրոջը», հանձին նրա վրա աշխատող աշխատավորի, ինչ անենք, թե զոհաբերված հայերի փոխարեն այդ զոհաբերված հայկական հողերի վրա կաշխատեն թուրքեր, քրդեր կամ ռուսներ, մեկ չէ՞, աշխատավորն աշխատավոր է. հայեր չեն լինի, թող թուրքեր լինեն, հողի համար մեկ է... Որպիսի՜ լայնախոհություն... ուրիշի արյան ու գրպանի հաշվին։


«Չպետք է վախենալ Թուրքիայից,- խրատում է մեզ Скачко-ն,- եթե նրան կասկածենք իմպերիալիզմի և մարտնչո՛ղ իմպերիալիզմի մեջ, որը ձգտում է իր տիրապետության տակ պահել հայ ազգաբնակչությամբ հողերը և նույնիսկ զավթել Կովկասը, ապա նույնիսկ այդ ժամանակ հարկ չկա վախենալու Թուրքիայից, քանի որ նրա բոլոր իմպերիալիստական ձգտումները դատապարտված են անպտղության, որովհետև Եվրոպայում պրոլետարական ռևոլյուցիայի հաղթանակից հետո անխուսափելի է կոմունիզմի հաղթանակը Թուրքիայում, որը չունի իր արդյունաբերությունը և այդ պատճառով էլ չի կարող անկախ մնալ Եվրոպայից»: Այս հեռանկարից ելնելով սոցիալիստական պետություններն առանց վարանելու պետք է զիջումներ անեն նացիոնալիստական պետություններին («должны идти на уступки государствам националистическим»): Եվ հայերիս խրախուսում է Ռուսաստանի օրինակով: «1918 թ.,- գրում է Скачко-ն,- Ռուսաստանը կարողացավ զոհաբերել ՈՒկրաինան և իր զգալի մասը հանուն կոմունիզմի օջախի փրկության, ինչո՞ւ հիմա սոցիալիստական պետությունները չպետք է որոշ զիջումներ անեն Թուրքիային, որը ռևոլյուցիայի «դրոշակակիրն է» Արևելքում և Եվրոպայում»։
Հետո: «Այս բոլոր նկատառումները,- շարունակում է հոդվածագիրը,- վերաբերում են գլխավորապես Հայաստանին, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը վիճելի հարցեր չունեն Թուրքիայի հետ: Կոնֆերենցիայի գլխավոր հարցը Հայկական հարցն է, т.е. устранение всех недоразумений и установление дружеских отношений между Турцией и Арменией»:
Ընթերցողը, հավանաբար արդեն նկատել է, որ տվյալ դեպքում մենք ականատես ենք Скачко-ի կողմից արդեն չորրորդ նորամուծությանը մարքսիզմ-լենինիզմի տեսության մեջ, այսինքն՝ չորրորդ հայտնագործությանը:


Մարքսիզմ-լենինիզմը, իհարկե, չի ժխտում ազգային մեծ զոհողությունների անհրաժեշտությունը համաշխարհային ռևոլյուցիայի շահերին: Բայց տվյալ դեպքում մեզ համար միանգամայն նորություն, այն էլ տարօրինակ և անմիտ նորություն է, որ համաշխարհային ռևոլյուցիայի շահերի տակ, փաստորեն, հասկացվում են ամենաբարբարոսական թուրքական իմպերիալիզմի զավթողական, արյունարբու շահերը, որ Սոցիալիստական Հայաստանը, որն առանց այն էլ արյունաքամ է եղել, ծով արյան գնով է հասել սոցիալիզմի ուղի, պետք է պատրաստակամությամբ տերիտորիալ և ցեղակիցների խմբերի զոհաբերություններ կատարի ռազմա-ֆեոդալական արյունարբու թուրքական իմպերիալիզմին: Եթե սա մարքսիզմ-լենինիզմ է, հապա ո՞րն է ամենաանսքող միջազգային բանդիտիզմ, բռնության և ագրեսիայի սրբագործում թույլ և անպաշտպան ժողովուրդների նկատմամբ: Ո՞Ւր մնաց ճնշված ազգերի ինքնորոշման իրավունքի լենինյան դեկլարացիան: Ի՞նչ առնչություն Скачко-ի հայտնագործության և այդ դեկլարացիայի միջև... մենք համաձայնության եզր չենք տեսնում դրանց միջև:


Скачко-ն համառորեն կոչ է անում. «Հայաստանը, անպայման, պետք է ղեկավարվի ազգային մեծագույն զոհաբերությունների լենինյան սկզբունքով, այսինքն.
ա) պետք է հրաժարվի ոչ միայն (լսեցեք!) մեծ Հայաստանի մասին դաշնակների իմպերիալիստական (? !) ձգտումներից, այլև նույնիսկ ավելի համեստ ձգտումներից՝ միշտ հայկական համարված հողերի միավորումից»:
Скачко-ն չի ժխտում, որ Արևմտյան Հայաստանում հայերը հսկայական բազմություն են կազմել ազգաբնակչության մեջ՝ շուրջ 40 %-ը, իսկ որոշ սանջակներում նույնիսկ բացարձակ մեծամասնությունը։


Նա «համեստաբար» լռություն է պահպանում մի հարցում, թե ինչպե՞ս է պատահել, որ երկրի բնիկ ժողովուրդը՝ հայերը, բնակչության մեջ միայն առանձին սանջակներում են մեծամասնություն կազմում, իսկ հիմնականում 40 %-ից չի անցնում, մի ժողովուրդ, որը դարեր շարունակ պետություն է ունեցել այդ երկրում, որի անունով էլ այդ երկիրը կոչվում է Հայաստան-Армения, իսկ Թուրքիա անունը այս տերիտորիայում հայտնի է դարձել միայն վերջին դարերում։ Այս հարցը չի զբաղեցնում «մարքսիստ» հոդվածագրին, նա շրջանցում է այն: Բայց նա հիշում է, որ պատերազմի ժամանակ այդ «հայ ազգաբնակչությունը ենթարկվել է բռնությունների Էնվերի կառավարության կողմից», որ նա տեղահանվել է իր հայրենիքից, «մասամբ կոտորվել, մասամբ էլ ցրվել Փոքր Ասիայում և Կովկասում»: ՈՒզում է հասկացնել, որ քեմալական Թուրքիան մեղք չունի այդ հարցում, դա Էնվերն է արել, մոռանալով, որ նույն Էնվերը կատարում էր այդ ոճրագործությունները իր պարտիական զինակից Մուստաֆա Քեմալի հետ լիակատար համագործակցությամբ և նույնիսկ նրա առաջադրած կրեդոյով, որը Քեմալը շարադրել էր տակավին 1910 թվականին Երիտասարդ թուրքերի պարտիայի կենտկոմի նիստում, որ նրանց համագործակցությունը հայ ժողովրդի նկատմամբ իրենց ոճրագործ պլանների իրականացման համար շարունակվել է նաև 1918 թվականից ի վեր մինչև Էնվերի սատկելը Միջին Ասիայում, որ այդ նույն Էնվերն էր, որ Բեռլինում, Մոսկվայում և Բաքվում եռանդով համոզում էր սովետական դիվանագետներին՝ ամեն տեսակի օգնություն ցույց տալ Քեմալին և նամակներ էր գրում Քեմալին, խորհուրդ տալով նրան ամուր կառչել Սովետական Ռուսաստանից, որից ինքը հաջողացրել է ահագին ոսկի ստանալ, որը և ուղարկում է Քեմալին՝ Թուրքական մեծ տերության գոյությունը պահպանելու և Հայաստանի հաշվին այն մեծացնելու համար սկսած պայքարը մինչև վերջը հասցնելու նպատակով:
Հայ ազգաբնակչության քանակի մասին տվյալները հիշելով, Скачко-ն ամենևին տրամադրված չէ խոսելու հայ ժողովրդի պատմական իրավունքների և ազգային շահերի օգտին: Ընդհակառակը, նա հիշում է այդ փաստերը, որպեսզի կրկնի թուրքական փաստարկն այն մասին, թե քանի որ Արևմտյան Հայաստանում այլևս հայեր չկան, ուրեմն հայերի ձգտումը Մեծ Հայաստան ստեղծելու համար պետք է դիտել իբրև «իմպերիալիստական»-դաշնակցական ոտնձգություն՝ Թուրքիայի ամբողջականության և ազգային շահերի դեմ:


(շարունակելի)


Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.

Դիտվել է՝ 2584

Մեկնաբանություններ