ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Բաց նամակ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային

Բաց նամակ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային
17.06.2016 | 00:23

Հարգելի Մարիա Զախարովա, լսելով Ձեր ելույթը, ակամայից հիշեցի ամերիկացի մտածող Չեստերտոն Բոուզի խոսքերը.
-Ես վախենում եմ նրանցից, ովքեր ինձ չգիտեն, սակայն իմ մասին հիմարություններ են խոսում:


Հավանաբար, այդպես կպատասխաներ Ձեզ մեր ազգային հերոսը, փիլիսոփա, զորավար, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը, որի շնորհիվ առայսօր տապալվել է մեկ ազգ, երկու պետությունների սահմանային միացման գաղափարը, Զանգեզուրը մնացել է Հայաստանի կազմում: Ռուսներդ միշտ հույսներդ դրել եք բիրտ ուժի վրա, ինչը և, ցավոք, հաճախ զրկել է ձեզ բանական դրսևորվելուց: Երբևէ հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչու Թուրքիան բավականին տարածքներ զիջեց Իրանին հանուն Նախիջևանի հետ մի փոքր ցամաքային տարածք ունենալու: Եվ Զանգեզուրի մի հատվածը` Մեղրին, որը, ըստ ամերիկացի վերլուծաբան Պոլ Հոբլի, այսօր ամենաթանկ հողակտորն է աշխարհի, հզոր պարսպի պես կանգնած է պանթուրքիզմի երազանքի իրականացման ճանապարհին: Գարեգին Նժդեհը երբեք չի եղել հակառուս (նա սովորել է Պետերբուրգի համալսարանում, հիանալի տիրապետել է ռուսաց լեզվին, մշակույթին, ռազմական արվեստին): Նա հանճարի իր բնազդով լավ է հասկացել թուրք-բոլշևիկյան բարեկամության ողջ ստորությունը, որովհետև հայի իր բնազդով, հակառակը, լավ է ճանաչել թուրքերին, նրանց ողջ էությունը: Նա, կռահելով այդ բարեկամության ողջ հակահայկականությունը, հակառուսականությունը, կռվել է նրանց դեմ մինչև վերջ: Հիշեցնեմ Ձեզ, հարգելի Մարիա Վլադիմիրովնա, որ պատերազմից հետո, երբ Ստալինը հայկական հողերի վերադարձման հարցն է դրել, ասել է՝ մենք էն ժամանակ թույլ էինք, և թուրքերը խաբել են մեզ:


Պուտինը գրկախառնվում էր Էրդողանի հետ, նրան բարեկամ անվանելով, հետո տեսաք, թե խիարն ինչպես թարս բուսնեց: Այնպես որ Աթաթուրքից Էրդողան, Լենինից Պուտին ռուսական կառավարողների ողջ էությունը (նաև թուրքերի) չի փոխվել: Իրականանում է երազանքս. Եվրոպան քիչ-քիչ սկսել է ճանաչել Թուրքիային, իսկ թե ռուսները երբ կհենվեն բանականության վրա, կճանաչեն թուրքին, դժվարանում եմ ասել: Եվ թուրք-բոլշևիկյան բարեկամությունն այսօր վերածվել է ռուս-ադրբեջանական բարեկամության, որը երևաց ղարաբաղյան քառօրյա պատերազմի ընթացքում:


Բոլշևիկները թույլ տվեցին ճակատագրական սխալ՝ Թուրքիան փրկեցին կործանումից և ստեղծեցին երկրորդ թուրքական պետությունը` հանձին Ադրբեջանի: Եվ այսօր Ռուսաստանը, չմտածելով (այդ հոգեբանության պատճառով է, որ Ռուսաստանը հարյուր տարին մեկ ավերվում է) վաղվա օրվա մասին, ուժեղացնում է պանթուրքիզմի կամուրջ հանդիսացող Ադրբեջանը: Իսկ Նժդեհը փորձել է խոչընդոտել այդ կամրջի կայացմանը: Հակառակը, Նժդեհը միշտ գործել է այդ կամրջի չկառուցման համար:


Մարիա Վլադիմիրովնա, Նժդեհը բանդերական չի եղել: Նա չի կռվել ռուսների դեմ, ընդհակառակը, երազել է այն օրը, երբ որպես զինվոր խորհրդային բանակի կազմում կկռվի Թուրքիայի դեմ: Որպես նախկին դատախազ, լավ եմ ուսումնասիրել Նժդեհի նկատմամբ ԽՍՀՄ-ում հարուցված քրեական գործը: Որևէ կերպ չեն կարողացել հիմնավորել, որովհետև չի եղել նրա հակասովետիզմը, այլապես նրան կգնդակահարեին: Ցավոք, առայսօր լիարժեք չի գնահատվել Նժդեհը որպես մեծ մտածող, որպես պանթուրքիզմի մոլի թշնամի: Ցավոք, ռուսներն իրենց բնավորությանը համաձայն չեն կարողանում տարբերել իսկական բարեկամին թշնամուց: Դուք երբևէ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու են անգամ սլավոններն այդքան փախչում ձեզնից: Ինքս որպես մտավորական հայտնաբերել եմ ռուս կառավարողների նշանաբանը՝ «Միշտ դավաճանել ռուսներին հավատարիմ բարեկամներին» և գրել այդ ցուցանակին. «Արտադրված է Ռուսաստանում»:


Հարգելի Մարիա Վլադիմիրովնա, ինձ համար ցավ չէ, որ Մարկովը և նրա նման բթամիտները հիմարություններ են դուրս տալիս, բայց սազական չէ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարին, որը ոչ միայն հիանալի պարում է «Կալինկա», այլև իր հմայիչ արտաքինով և առավել ևս հմայիչ խելքով անցկացնում է մամուլի ասուլիսներ (ստացել է Անտիփսաքի որակումը) հանկարծ փորձում է խոսել մի իրողությունից, որին չի տիրապետում: Դա խայտառակություն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ