«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
14.06.2016 | 11:12

(սկիզբը` այստեղ)

ԳՈՂԸ ՈՐ ՏՆԻՑ ԼԻՆԻ, ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԿԵԼՆԻ


1960 թվականին Բեռլինի միջազգային տոնավաճառում գերմանացիներն առաջին անգամ տեսան հայկական մշակման և արտադրության «Նաիրի-2» ու «Հրազդան» հաշվիչ մեքենաները և ձեռք բերեցին իրենց գիտական կենտրոնների համար: Այդ թվերին հաշվիչ մեքենաներ կարողանում էին արտադրել միայն Ամերիկան, Ճապոնիան և Հայաստանը: Բրեժնևի ղեկավարության տարիներին պատկերը 180 աստիճանով փոխվեց: Մերգելյանի հզոր գիտահետազոտական ինստիտուտը, որի բազայի վրա ու գիտական դպրոցի շնորհիվ Հայաստանում բացվեցին էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, կապի միջոցների, նավաշինության ու ավիաշինության բազմաթիվ խոշոր գիտաարտադրական կենտրոններ և միավորումներ, պետք է մի կողմ դներ գիտությունն ու, համաձայն Ռևոլի Սուսլովի որդեգրած քաղաքականության, հրաժարվեր սեփական գիտահետազոտական աշխատանքներից, զբաղվեր հիմնականում «թխելու» գործով՝ Ամերիկայից ձեռք բերված հաշվողական տեխնիկան նմանակելու մեխանիկական աշխատանքներով: Երևանին տվել էին ամերիկյան IBM ֆիրմայի հաշվիչ մեքենա, որը պետք էր ուղղակի կրկնօրինակել: Նույնը կատարվում էր ռադիոպրոմի Մոսկվայի և Մինսկի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտներում:


Հաշվողական տեխնիկան դարձավ Բրեժնևի «Экономика должна быть экономной» հանճարեղ գաղափարի առաջին զոհերից մեկը: Հաշվարկները պարզ էին ու կարող էին արվել քաղբյուրոյի ընտանեկան կամ կոլեկտիվ ճաշկերույթների ժամանակ, մոտավորապես այսպես. ի՞նչ իմաստ ունի իզուր տեղը ժամանակ կորցնել ու միջոցներ վատնել նոր տեխնիկայի ստեղծման գիտահետազոտական աշխատանքների վրա, եթե ապագա տեխնիկան կարելի է ձեռք բերել արտասահմանից՝ հետախուզության կանալներով, ու դրանք «թխել»։ Ծախսերը այդ դեպքում քիչ կլինեն ու, ամենակարևորը, կարելի է հրաժարվել խորհրդային կամակոր գիտնականների և մասնագետների ծառայություններից:


«Թխելու» գործը այնքան հոգեհարազատ էր դարձել կոմունիստական իշխանությունների համար, որ, թվում էր, թե վերջապես գտնվել է խորհրդային հետամնաց տնտեսությունը փրկելու գաղտնիքը, «թխում» էին ամեն ինչ՝ շիրպոտրեբից մինչև հաշվողական տեխնիկա, կապի միջոցներ ու ինչ պատահի: Այստեղից էլ սկսվեց խորհրդային գիտատար ճյուղերի քայքայման ու կործանման պրոցեսը, որն ավելի սաստկացավ, երբ կրեմլյան այդ լուսավոր ճանապարհով ՌԱՀ սկսեց թափանցել նաև ստվերային տնտեսությունը: Այս ամենը գալիս էր Գալինա Բրեժնևայի, Ռևոլի Սուսլովի, Նիկոլայ ՈՒստինովի և մյուս հայտնի ու անհայտ «Կրեմլի երեխաների» մտքի թռիչքով, որոնց նկատմամբ չափազանց մեծ էին Կրեմլի ծերակույտի փայփայած հույսերն ու սպասելիքները:


Ենթադրում եմ, որ Ռևոլի Սուսլովի մտածած սխեման ամբողջությամբ պարզ է նաև Կրեմլի ներկա իշխանություններին ու, առաջին հերթին, Վլադիմիր Պուտինին: Պուտինի դուստրերն աշխատում են սովորական պաշտոններում և հեռու են պահվում երկրի գործերի կառավարման լծակներից: Ի պատիվ Պուտինի պետք է ասել, որ նա շատ լավ է պատկերացնում արդի պայմաններում ժամանակակից տնտեսություն կազմակերպելու ճիշտ բանաձևը:


-Պետք է գտնել տնտեսության զարգացման այնպիսի ուղղություններ, որոնք դեռևս հայտնի չեն մարդկությանը, պետք է աշխատել ոչ թե արդեն ձևավորված միջազգային շուկաների հաշվարկով, այլ գործերը պետք է սկսել նոր շուկաների ձևավորումից,- սա Պուտինի մոտեցումն է Ռուսաստանի նոր ինդուստրացման ծրագրին:


Իհարկե, սրան-նրան նայելով, սրանից-նրանից «թխելով» կարելի է միայն ժամանակ կորցնել, մրցակիցներից հետ մնալ ու երբեք հաջողությունների չհասնել: Արևային տեխնիկայի բնագավառում մեր աշխատանքները սկսելուց առաջ մենք ճիշտ այդպես էլ վարվեցինք, մի պայման դրեցինք մեր առաջ. «թխելու» գործերով չենք զբաղվելու, սկսելու ենք զրոյից՝ առանց սրա-նրա աշխատանքներին նայելու և ուսումնասիրելու, զարգացրինք մեր սեփական արևային տեխնիկան ու համաշխարհային հանրությանը կարողացանք ներկայանալ հելիոֆիկացիայի համալիր ծրագրով: Երկու տասնամյակից ավելի է, որ Հայաստանի դժվարին պայմաններում մենք առաջ ենք տանում մեր ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, մեզ շատ վստահ ենք զգում, որովհետև առայժմ բոլորից առաջ ենք գնում, աշխարհում լուրջ կոնկուրենտներ դեռևս չունենք, բացի արևային տեխնիկայի նախագծման ու պատրաստման աշխատանքներից, մեզ հաջողվել է ստեղծել ու զարգացնել հելիոսարքերի նախագծման գիտությունն ու գործիքակազմը, լուծել մաթեմատիկական ու ֆիզիկական մոդելավորման խնդիրները, մշակել ու կիրառել ինժեներական հաշվարկների նոր մեթոդները, նախագծել հատուկ տեխնիկա և տեխնոլոգիական սարքավորումներ՝ հիմք դնելով հելիոմեքենաշինության նոր բնագավառին, սկիզբ դնել արևային էլեկտրոնիկային, հելիոֆիկացիայի գործընթացի համակարգմանը և այլն, և այլն: Եթե մենք կիրառեինք Ռևոլի Սուսլովի մեթոդներն ու զբաղվեինք արտասահմանյան տեխնիկայի կրկնօրինակման գործերով, ապա ոչ մի արդյունք էլ չէինք ունենա, բացի գլխացավանքներից, որոնք նման դեպքերում գալիս են «պլագիատորական» զարտուղի արահետներով:


Կոնկրետ օրինակներով փորձեմ ներկայացնել բրեժնևյան Կրեմլի որդեգրված գիտա-տեխնիկական քաղաքականության նրբությունները:


Օրինակ 1: Ռադիոպրոմի ու էլեկտրոնպրոմի համատեղ խորհրդակցության ժամանակ քննարկվում էր Մոսկվայի «Խրոմատրոն» գործարանում գունավոր կինեսկոպների փորձարկումը կազմակերպելու հարցը: Էլեկտրոնպրոմի կազմի մեջ գտնվող այդ գործարանը միակն էր Խորհրդային Միությունում, որը գունավոր կինեսկոպներ էր արտադրում ռադիոպրոմի կազմի մեջ գտնվող Մոսկվայի «Տեմպ» ու Մինսկի «Հորիզոն» հեռուստացույցների գործարանների համար: Խորհրդային հեռուստացույցների որակը շատ վատն էր, որը սպառողների մեջ դժգոհությունների մեծ ալիք էր առաջացրել, հարցը բազմիցս էր քննարկվել նախարարություններում ու պահվում էր Կրեմլի ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ դրված էր այսպիսի մի պայման. եթե ինչ-ինչ պատճառներով հեռուստացույցների կոնվեյերները 5 րոպեից ավելի էին կանգ առնում, ապա դա «Чп» էր համարվում, որի մասին անմիջապես պետք էր զեկուցել Կրեմլին: Կինեսկոպների արտադրության տեխնոլոգիան այսպիսին էր. կոնվեյերի վրա կատարվում էր արտադրանքի որակի ստուգումը, որից հետո նախատեսված էր երկարատև աշխատանքային փորձարկումների ցիկլ՝ 208 ժամ տևողությամբ: «Խրոմատրոնի» տարածքները բավարար չէին նման փորձարկումներ անցկացնելու համար, տասնյակ հազարավոր կինեսկոպներ պետք է միաժամանակ տեղադրվեին հատուկ ստենդների վրա ու շատ երկար աշխատեին՝ ռեսուրսի հաշվին: Պետք էր մի ելք գտնել: Գորյունովը առաջարկեց այսպիսի տարբերակ. ընդհանրապես հրաժարվել գործարանային փորձարկումներից՝ փորձարկումները կազմակերպելով սպառողների բնակարաններում, այդ դեպքում արտադրական տարածքների ու սպասարկման խնդիրները վերանում էին: Պետք է բավարարվել միայն կինեսկոպի որակի «ցեխային» ստուգումներով՝ գնահատել դրանց աշխատունակությունը: Նույն կերպ պետք է վարվել նաև «Տեմպի» հեռուստացույցների հավաքման արտադրամասերում. հավաքել, ստուգել հեռուստացույցների աշխատունակությունը՝ դարձյալ հրաժարվելով հուսալիության փորձարկումներից ու պատրաստի արտադրանքն ուղարկել խանութ, բայց մեկ պարտադիր պայմանով՝ եթե սպառողի մոտ չաշխատող հեռուստացույց է հայտնաբերվում, ապա կարճ ժամանակահատվածում այն փոխարինվում է նորով՝ սպառողին լրացուցիչ վճարելով նաև հասցրած բարոյական վնասի համար:


Ռադիոպրոմի ներկայացուցիչները նման մոտեցմանը չհամաձայնեցին՝ պատճառաբանելով, որ դա հակասում է «խորհրդային քաղաքացիներին միայն որակյալ արտադրանք տալու» պարտիայի բռնած կուրսին: «Խրոմատրոնը» այդպես էլ չկարողացավ լուծել իր տեխնիկական ու տեխնոլոգիական խնդիրները՝ բավարար արտադրական տարածքներ չունենալու, փորձարկման արտադրամասերում ռադիացիայի բարձր մակարդակի, սպասարկման մեծ ծախսերի ու այլ պատճառներով: Նույն խնդիրները չլուծվեցին նաև «Տեմպ» գործարանում, հնարավոր չէր այդքան հեռուստացույց միաժամանակ միացնել ու երկար ժամանակ հետևել նրանց աշխատանքին, գործը հասավ դիվանբաշուն՝ հեռուստացույցների որակի հարցը դրվեց քաղբյուրոյի հրավիրած հատուկ նիստի քննարկմանը: Այստեղ ոչ թե տեխնիկական հարցեր էին քննարկում, այլ փորձում էին «պարզել», թե երկու նախարարներից ով է մեղավոր, ում է պետք պատժել: Բրեժնևի մոտ հարցը ավելի մատչելի ձևով բացատրելու ու խնդիրը իր օգտին լուծելու համար էլեկտրոնպրոմի մինիստր Շոկինը որոշեց ավելի խորամանկ քայլի դիմել. հանձնարարեց վերցնել «Տեմպ» գործարանի արտադրության մեկ հեռուստացույց, բացել ու կարմիր գույնով ներկել բոլոր այն դետալները, որոնք արտադրվել էին էլեկտրոնպրոմի գործարաններում: Բացեցինք, կարմիր գույնով ներկեցինք բոլոր դետալները ու տեսանք, որ հեռուստացույցն ամբողջությամբ կարմրեց, բացի հեռուստացույցի կորպուսից, որը ռադիոպրոմի պատվերով արտադրվել էր Մոսկվայի կահույքի ֆաբրիկաներից մեկում, մնացած բոլոր դետալները արտադրված էին էլեկտրոնպրոմի գործարաններում: Մինիստր Շոկինը այս հարցում հաղթանակ տարավ Ռևոլի Սուսլովի վերադաս-նախարար Պլեշակովի նկատմամբ, բայց դա ներտեսակային դաժան պայքարի միայն սկիզբն էր:


Երկու տարի անց Շոկինին զեկուցվեց, որ կինեսկոպների գործարանային փորձարկման համար առաջարկված գորյունովյան տարբերակը ներդրվել է Ճապոնիայում ու շատ լավ արդյունք է տվել. հեռուստացույցների փորձարկումները ճապոնացիները, փաստորեն, դրել էին սպառողների վրա՝ հրաժարվելով գործարանային տեխնոլոգիական փորձարկումներից: Գորյունովը համոզված էր, որ Ռևոլի Սուսլովը հատուկ ծառայություն ուներ, որի միջոցով մեր նորարարական առաջարկությունները կամաց-կամաց վաճառվում էին ճապոնացիներին ու արտասահմանյան այլ ֆիրմաներին ու իրենց համար գումարներ էին վաստակում՝ շրջանցելով պետական կանալները: Սա շատ հնարավոր, բայց, միևնույն ժամանակ, բարձրաձայնելու համար շատ վտանգավոր դիտարկում էր: Այդ մասին մենք կարող էինք խոսել միայն մեր առանձնազրույցների ժամանակ, շատ բան էին խոսում ու խորհում, թե Բրեժնևի ու Սուսլովի խելքով մինչև ո՞ւր է գնալու մեր ընդհանուր հայրենիքը՝ Խորհրդային Միությունը։ Համոզված էինք՝ կործանումն անխուսափելի է: Բրեժնևյան տարիներին առանձնահատուկ էր, որ գիտական հասարակության մեջ տիրում էր համերաշխության, ժամանակի մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու ձգտումը, իսկական ինտերնացիոնալիստական մոտեցում: ԽՍՀՄ փլուզումից հետո Գորյունովի ստեղծած համամիութենական գիտական «շկոլան» չփլուզվեց, նրա ասպիրանտները (Գորյունովի մոտ ազգային խտրականություն չկար, իր էությամբ նա իսկական ռուս էր, որին հետաքրքրում էին միայն երկրի գործերը, ասպիրանտները գնահատվում էին միայն իրենց կատարած գիտական աշխատանքների մակարդակով ու գյուտերի որակով: Եթե այստեղ օգտագործենք Լենինի չափանիշները, ապա ռուս Գորյունովը, նաև ես, որպես հայ, կմեղադրվեինք վելիկոռուսական շովինիզմի մեջ. երկրի շահը՝ առաջին հերթին, սա է մեր նշանաբանը) շարունակում են աշխատել ու պայքարել միասին՝ հույս ունենալով, թե Ռուսաստանում, Հայաստանում, ՈՒկրաինայում և ամենուր ստեղծված այս անտանելի մթնոլորտը, «անկախության» շարունակվող շքերթերը մի օր կվերջանան, հանցագործ իշխանությունները տեղի կտան, ու մենք կվերագտնենք մեզ ու մեր գործերը, կտանենք մեզ վրա դրված պատմական առաքելությունը՝ գործի կանցնենք: Քսանհինգամյա այս պարապուրդը մեզ նման գիտնականների համար չէ:


«Թխելու» տեխնոլոգիաները մենք քննարկեցինք, որպես խորհրդային գիտության ու արդյունաբերության համար վնասակար երևույթ, որը կարելի է համարել Կրեմլի իշխանավորների կողմից ցուցաբերվող մակերեսային մոտեցումների հետևանք: Բայց այդպե՞ս էր արդյոք իրականում։ Կարելի է խիստ կասկածել: Կասկածանքները հիմնավոր են դառնում, երբ ուշադրություն ես դարձնում արտասահմանյան այն շքեղ դղյակներին, որտեղ այսօր իրենց անհոգ կյանքն են շարունակում ԽՄԿԿ քաղբյուրոյի ու մյուս բարձրաստիճան կուսակցական գործիչների զավակները՝ «Կրեմլի երեխաները»: ԱՄՆ, Ավստրիա, Իսպանիա, Անգլիա... մի ամբողջ Արևմուտք, որի դեմ սառը պատերազմի տարիներին, իբր թե, օր ու գիշեր պայքարում էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը: Հարց՝ իսկ ինչպե՞ս են գոյացել նրանց միջոցները՝ արտասահմանում իրենց ճոխ կյանքը կազմակերպելու համար: Հավանաբար նրանք այդքան էլ միամիտ մարդիկ չէին, որ հավատային իրենց ծնողների կոմունիզմի կամ զարգացած սոցիալիզմի գաղափարներին: Փորձենք հասկանալ, թե ինչ ճանապարհներով ու ի՞նչ սխեմաներով էր հնարավոր վաստակել այնքան միջոցներ, որպեսզի կուսակցության բարձրաստիճան գործիչների զավակները կարողանային հետագայում իրենց ապահով զգալ:


Գալինա Բրեժնևայի դեպքը կարելի է բաց թողնել. կամ նա ուշացել էր արևմտյան գնացքից, կամ էլ չափից ավելի վստահ էր իր հոր անսասանելիության վրա: Շատերը կարծում են, որ Բրեժնևը ժամանակին կարողացել է արտասահմանյան բանկերում տեղավորել կուսակցության փողերը։ Հնարավոր է: Հնարավոր է, որ օտար երկրների կողմից խորհրդային ղեկավար կազմին հսկայական գումարներ են վճարվել՝ համաձայնության, լուռ համաձայնության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, պետական դավաճանության դիմաց: Եթե ուշադրությամբ հաշվենք երկար տարիներ Կրեմլի կողմից վարվող տեխնիկական «թխոցի» քաղաքականության հասցրած վնասներն ու հետևենք, թե «լրտեսական» ինչ «կանալներով» էին մեզ հասցնում անունով «ժամանակակից», բայց իրականում «Ճ» կարգի արտասահմանյան տեխնիկա, թե ինչ պարտադրանք կար այդ տեխնիկան կրկնօրինակելու գործում (տնօրենների թերացումները, կամ առավել ևս նման աշխատանքների բոյկոտը, խստագույնս պատժվում էին կուսակցական կանալներով կամ պետական վնասարարության ու սաբոտաժի հոդվածներով), ապա կպարզվի, որ գործ ունենք պետական բարձր մակարդակով կազմակերպված ու կարգավորված կոռուպցիոն բարդ սխեմայի հետ: «Ճ» կարգի արտասահմանյան տեխնիկան ձեռք էր բերվում երրորդ երկրների գործակալների միջոցով՝ կանխիկ գումարով: Հաշվի առնելով կոնսպիրացիայի պահանջվող բարձր մակարդակը (ամեն դեպքում այն ձեռք էր բերվում արդյունաբերական լրտեսության կանալներով, բացի այդ պետք էր միաժամանակ շրջանցել Ջեքսոն-Վենիկի ամերիկյան հանրահայտ ուղղումը, որն արգելում էր Խորհրդային Միությանը վաճառել հեռանկարային, բարձրտեխնոլոգիական սարքավորումները) ու հնարավոր անկանխատեսելի ծախսերը, պետական միջոցները կարող էին բաց թողնվել՝ ըստ պահանջի: «Ճ» կարգի տեխնիկան խորհրդային մասնագետների սեղանին հասցնելու հարցում շահագրգռված երկիրը կարող էր դրա համար նաև առատորեն վճարել: Ստացվում էր կրկնակի օգուտով, միայն մեկ գրպանի ուղղությամբ աշխատող գործարք, որը կարող էր առասպելական գումարներ բերել բարձրաստիճան պետական պաշտոնյային: Եթե խնդրին նայենք Կրեմլի զանգակատնից, ապա այս ձևը կարող էր հաջողություն համարվել, որովհետև թույլ էր տալիս կրճատել սեփական գիտահետազոտական աշխատանքների վրա կատարվող ծախսերը: Եթե նույն խնդրին նայենք պրոֆեսիոնալ մասնագետների տեսանկյունից, ապա դա խորհրդային գիտության ու արդյունաբերության կործանման հիմնական պատճառներից մեկը դարձավ: Այդպես էլ եղավ:


Բրեժնևի կառավարման վերջին տարիներին մեր մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակն այն աստիճանի էր ընկել, որ արդեն դժվար էր լինում հասկանալ ամերիկա-եվրոպա-ճապոնական սարքերի ու սարքավորումների աշխատանքի սկզբունքներն ու տեխնոլոգիական նրբությունները: Ենթադրությունների դաշտից այստեղ կարելի է տեղափոխվել կոնկրետ փաստերի դաշտ, որին ես, կարելի է ասել, ականատես եմ եղել:


Մինէլեկտրոնպրոմի գլխավոր գիտատեխնիկական վարչության պետ Վալենտին Միխայլովիչ Պրոլեյկոն «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի տնօրենի պաշտոնավարման ժամանակ իմ անմիջական ղեկավարն էր: Պրոլեյկոյի առանձնասենյակ մտնելը շատ դժվար գործ էր, քարտուղարուհին բոլորին զգուշացնում էր՝ նա զբաղված է, նա Կրեմլի հետ է խոսում:
Մի քանի անգամ ես ներկա եմ եղել Կրեմլի հետ նրա հեռախոսազրույցներին, խոսում էին մատակարարումների մասին։ Թեմա, որը ինձ բոլորովին հետաքրքիր չէր: 1985 թվականի մինէլեկտրոնպրոմի գլխավոր նորությունը հետևյալն էր. Պրոլեյկոյին ձերբակալել են լրտեսության ու նախարարության գործարանների համար նոր տեխնիկայի փոխարեն հին տեխնիկա ձեռք բերելու մեղադրանքով: Պրոլեյկոյին դատապարտեցին, բայց 5-6 տարի հետո նա ազատ արձակվեց ու մինչև իր մահկանացուն կնքելն աշխատեց ակադեմիկոս Եվգենի Վելիխովի մոտ, նրանք հարազատ ընկերներ էին ու մշտապես գտնվում էին Շոկինի շրջապատում՝ կոլեգիաների ժամանակ: Այդ նույն ժամանակ Խորհրդային Միությունից փախավ մինէլեկտրոնպրոմի գաղտնի բաժնի վարիչ, գեներալ-մայոր Կալուգինը: Ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ խորհրդային ամենագաղտնի նախարարություններից մեկը կարող էր այդքան խճճված լինել լրտեսական համակարգում, իսկ մենք աշխատանքային շփումներ ենք ունեցել լրտեսների հետ, զեկուցել ու ներկայացրել ենք մեր գաղտնի նախագծերը: Ամեն դեպքում պրոֆեսոր Գորյունովը ճիշտ էր. երկիրը ձեռքից գնում է, շունը տիրոջը չի ճանաչում: Եթե լուրջ հետաքննություններ սկսվեն, ապա հնարավոր կլինի պարզել, թե որտե՞ղ, ի՞նչ պայմաններով ու նախապայմաններով Խորհրդային Միությունը կորցրեց իր կյանքի թելը, Գորբաչովը այստեղ կապ չուներ: Այս ամենը կարելի է պարզել, ապացուցել ու հասկանալ, եթե իհարկե այդ խնդիրն ինչ-որ մեկին պետք լինի: Ամեն դեպքում այդ հարցը պետք է ճշտել, որպեսզի հետխորհրդային երկրները տեսնեն ու հասկանան, թե ուր և ում հետևից են գնում:
Խորհրդային գյուտերի անօրինական վաճառքի, ստվերային տնտեսությունից ունեցած իրենց մասնաբաժինների ու անօրինական եկամտի այլ աղբյուրների հաշվին խորհրդային պետական ու քաղաքական գործիչները առասպելական հարստություններ դիզեցին ու ժամանակին դուրս հանեցին երկրից: Այս աշխատաոճը Խորհրդային Միությունում մեծ թափ առավ Ռևոլի Սուսլովի պաշտոնավարման օրվանից ի վեր:


Անցած դարի 70-ական թվականներին մի այդպիսի «շպիոնական նվեր» բաժին հասավ Մոսկվայի «Циклон» ԳՀԻ-ի մասնագետներին: Պետք էր զբաղվել ամերիկյան «Էլեկտրոնիկա-70» սեղանի հաշվիչ մեքենայի նախագծման ու սերիական արտադրությունը կազմակերպելու հարցերով: Մեքենայի նմուշը շատ առեղծվածային «կանալներով» բերվել էր Մոսկվա ու պահվում էր «Циклон»-ի գլխավոր ինժեների սեյֆում: Մեքենան քանդեցինք, բոլոր դետալները առանձնացրինք, ուսումնասիրեցինք ու համապատասխան չափումները կատարելուց հետո տվեցինք մեր մասնագիտական եզրակացությունը. «Ամերիկյան մեքենայի դետալների 95 տոկոսը կարող է փոխարինվել խորհրդայինով»:


Ինստիտուտի պարտկոմը կատեգորիկ դեմ էր. մինիստրի հրամանն այսպիսին է՝ պետք է կրկնել մեքենան ամբողջությամբ՝ մինչև վերջին պտուտակամեխը:
Ոչ մասնագետ պարտկոմի համար խնդիրը շատ պարզ էր, այստեղ հարցեր չէին կարող առաջանալ: Մասնագետ-կատարողների տեսակետից ակնհայտ էր, որ այստեղ մեծ դավադրություն կար թաքնված: Մի քոսոտ ամերիկյան մեքենայի կրկնօրինակման համար նախագծել ու արտադրել մոտ 100 անուն նոր դիոդներ, տրանզիստորներ ու միկրոսխեմաներ, տասնյակ նոմինալի ռեզիստորներ, մի քանի տեսակի կոննեկտորներ, կոնդենսատորներ և այլն, տեխնիկական բացարձակ անմտություն է, բայց քանի որ հրամանն իջեցված էր վերևից, պետք էր կատարել: Ես այդ աշխատանքներին այլևս չմասնակցեցի, տեղափոխվել էի Հայաստան: Տասը տարի էլ չէր անցել, երբ այդ մեքենան իմ հետևից եկավ Հայաստան ու մտավ Երևանի «Մասիվ» գործարանի պլանների մեջ: Մի քանի տարի էլ «Մասիվի» մասնագետները այստեղ չարչարվեցին ու «Էլեկտրոնիկա-70» հաշվիչ մեքենան՝ իր գծագրերով, տեխնոլոգիաներով ու նախապատրաստվածքով, շպրտվեց պատմության աղբամանը՝ իր հետ տանելով խորհրդային պրոֆեսիոնալ մասնագետների աներևակայելի աշխատատար ու անիմաստ աշխատանքը: Այդ ժամանակ արդեն խորհրդային խանութներում վաճառքի էին հանվել արտասահմանյան առաջին լիարժեք անհատական համակարգիչները, «Էլեկտրոնիկա-70»-ը՝ իր վազող էկրանով ու պերֆոքարտերով ոչ ոքի պետք չէր, արդեն հետաքրքիր չէր: Եթե Ռևոլի Սուսլովը իր կրեմլյան նորամուծություններով չկազմալուծեր Մերգելյանի ինստիտուտի հետազոտական աշխատանքները, ապա մեծ խնդիր չէր լինի, որ այսօր «Սիրիուս» ու «Տրանզիստոր» գործարանների հետ մենք կարողանայինք կազմակերպել սեփական մշակման ժամանակակից անհատական համակարգիչների արտադրությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո էլեկտրոնպրոմի ու ռադիոպրոմի նախկին գործարանները, կարելի է ասել, այլևս գոյություն չունեն ու շատ երկար ժամանակ դեռևս ոտքի կանգնել չեն կարող: Խորհրդային գիտությանը, արդյունաբերությանն ու ընդհանուր տնտեսությանը Ռևոլի Սուսլովի մատուցած արջի ծառայությունները, ամենայն հավանականությամբ, արժանացան ամերիկացիների բարձր գնահատականին, շնորհիվ ինչի էլ «Կրեմլի երեխաները» կարող են իրենց կյանքը շարունակել ամերիկյան դրախտում: Մեզ մնում է միայն մաքրել նրանց կեղտերն ու անընդհատ հիշել մեր մոռացված հիմնական լոզունգը «Слава КПСС», իհարկե փառք տանք Աստծուն, որ ազատվեցինք «Слава КПСС»-ից ու տեսնենք, թե հետագայում ինչ նոր խոչընդոտների ենք հանդիպելու:


Խորհրդային Միության պայմաններում գիտական աշխատանքները ճիշտ կազմակերպելու սկզբունքը տվել է պրոֆեսոր Գորյունովը.
-Ինչ որ գիտեք՝ գիտեք, ուրիշներից սովորելու վրա ժամանակ մի կորցրեք։
Այսպիսի համառ պահանջ նա դրեց, երբ 1972 թվականին մեր լաբորատորիայի առաջ դրվեց անձամբ Լեոնիդ Բրեժնևի հանձնարարությունը: Մոսկվա է գալու Ամերիկայի պրեզիդենտ Ռիչարդ Նիքսոնը, որին անհրաժեշտ էր զարմացնել չտեսնված բանով: Նիքսոնին զարմացնելու համար որոշվել էր Մոսկվայի Կալինինի պողոտայի վրա կանգնեցնել աշխարհի ամենամեծ գունավոր հեռուստաէկրանը. այն տեղադրվեց ծննդատան շենքի վրա: Բրեժնևին անձամբ եմ շնորհակալ, որ նրա հանձնարարությամբ ստացանք այդ խնդիրը, որն էլ դարձավ իմ առաջին կարևոր գյուտի պատճառ: Նոր հեռուստաէկրանի աշխատանքը հիմնված էր մոտ վեց հարյուր հազար շիկացման լամպերը հաշվիչ մեքենայով միացնելու և անջատելու վրա, յուրաքանչյուր կետի համար նախատեսված էին երեքական լամպեր, որոնք ներկված էին տարբեր գույներով: Իմ խնդիրն էր այդ լամպերը միացնել KT-801 տիպի տրանզիստորներով, որոնք արտադրվում էին Վորոնեժում: Վորոնեժի տրանզիստորները չաշխատեցին, անընդհատ ծակվում ու շարքից դուրս էին գալիս: Ի՞նչ անել, ամեն շաբաթ հեռուստաէկրանի հարցով Շոկինը խորհրդակցություն էր հրավիրում, որին մասնակցում էին ինստիտուտի ղեկավար կազմը, պարտկոմը և մասնագետները: Մի անգամ էլ ինձ ուղարկեցին Շոկինի մոտ: Հզոր Շոկինը նստել, գլուխը երկու ձեռքով բռնել ու չէր իմանում ինչ անի։ Խնդիրը ձախողվելու վրա էր, Բրեժնևն իրեն գործից հաստատ կազատեր:


-Ի՞նչ ենք անելու,- խեղդվող ձայնով հարցրեց մինիստրը։ Բոլորը լուռ էին:
-Մի անհանգստացեք, Ալեքսանդր Իվանովիչ, հասցնելու ենք,- լռությունն ընդհատեցի ես:
-Երիտասարդ, մենք իսկապե՞ս կհասցնենք:


Բրեժնևի նկատմամբ անբացատրելի մի վախ կար մինիստր Շոկինի մեջ, այն Շոկինի, որից բոլոր տնօրեններն էին սարսափում: Բրեժնևի մի աննշան ժեստը բավական էր ցանկացած բարձրաստիճան պաշտոնյային տապալելու համար:


Աշնանը Ռիչարդ Նիքսոնը եկավ Մոսկվա ու տեսավ աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանը, Բրեժնևը, Շոկինն ու մանավանդ ես շատ գոհ մնացինք: Իմ նախագծած ինֆրակարմիր միկրոսկոպի ու ֆոտոսկանի միջոցով ես փորձնական ճանապարհով կարողացա հասկանալ KT-801 տիպի տրանզիստորների շարքից դուրս գալու պատճառը ու լուծել դժվարին խնդիրը՝ օգտագործելով, այսպես կոչված, Համազասպյանի մեթոդը: Նախագծեցինք ու արագ տեմպով արտադրության մեջ ներդրեցինք KT-802A ու KT-805A տիպի նոր տրանզիստորները, որոնց մեջ աշխարհում առաջին անգամ օգտագործվեցին եռանկյունաձև սանրային ստրուկտուրաները: Նոր տրանզիստորների հուսալիությունը կտրուկ բարձրացավ՝ բյուրեղի ներսում հոսանքի հավասարաչափ բախշման շնորհիվ: Շոկինի համար ես ցանկալի մասնագետ դարձա:
70-ական թվականների սկզբին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տեղի ունեցավ հուսալիության հարցերով միջազգային սիմպոզիում, որտեղ ներկայացված էին Գորյունովի ու իմ համատեղ աշխատանքները՝ աշխարհում առաջին ֆոտոսկանը, աշխարհում առաջին միկրոռադիոմետրը, աշխարհում առաջին ռեկոմբինացիոն միկրոսկոպը: Այդ կապակցությամբ եվրոպական ու ամերիկյան թերթերը գրել էին, թե ռուսներն ինչ աննախադեպ հաջողությունների են հասել կիսահաղորդչային տեխնիկայի բնագավառում: Շոկինն այդ կարևոր լուրը անմիջապես հասցրել էր Բրեժնևին ու քաղբյուրոյի անդամներին: Ռազմական տեխնիկայի փակ ցուցահանդեսներից մեկի ժամանակ ես հնարավորություն ունեցա տեսնելու կենդանի ու ամեն ինչից դժգոհ Բրեժնևին և նրան ներկայացնելու իմ ստենդը: Դրանից հետո Շոկինն ավելի բարձր գնահատեց իմ աշխատանքը և որոշեց ինձ աշխատանքի նշանակել Մոսկվայում։ Բայց ես պետք է վերադառնայի Երևան։ Աստված ինձ վրա կարևոր առաքելություն է դրել՝ օգնել մեր ժողովրդին, ինչը և փորձում եմ կատարել մինչ օրս: Եթե իշխանությունները մի քիչ բարյացակամություն ցուցաբերեն ու մեր արևային գործերին շատ չխանգարեն, ապա մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ու կստացվի: Մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել, դա այնքան էլ դժվար գործ չէ, եթե կարողանանք ազատվել մեր իշխանական օղակներում վխտող արտասահմանյան կրկնակի «ագենտներից», որոնք ի վիճակի են ամենակենսունակ երկիրը քանդելու ներսից: Դրա դասերը մենք արդեն ստացել ենք բրեժնևյան տարիներից: Այստեղ արժե հիշել հայկական ասացվածքը. գողը որ տնից լինի, եզը երդիկից կելնի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ