«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մանթաշյանի ուրվականը Կառավարական տանը (հեքիաթ բթամատի մասին)

Մանթաշյանի ուրվականը Կառավարական տանը (հեքիաթ բթամատի մասին)
10.06.2016 | 08:48

Օլիգարխիատի կնքահայրը Արևմուտքն է, Բանկը համաշխարհային, որը հայության ճակատագրում Բանկ Օտտոմանի դերն է ստանձնել: Մի խոսքով, այստեղ խառն է արևմտյան բթամատը: Եկեք զորեղ մի հարվածով նախշենք բթամատի քիթ-մռութը: Այո՜, այո՜, տարաբախտ է հայոց օլիգարխիան, անցել է բազմաչարչար մի ճանապարհ, փոխարինել է պետությանը, քաղցրացրել է մեր բերանը (շաքարավազով և այլնով), բայց դարձել է անեծքի բույն, որ ի՞նչ: Օլիգարխին ավելի նրբագեղ անվանում են մենաշնորհատեր: Հայրենի կառավարությունը կենաց պայքար է սկսել մենաշնորհատիրության դեմ, ավելի ստույգ՝ հայտարարել է մենաշնորհների հակամենաշնորհման միամսյակ, որին, գուցե, կհաջորդեն շաբաթօրյակներն ու սանիտարական ժամերը, այնինչ անհրաժեշտ է նրան հայտարարել կենաց-մահու պատերազմ: Մի խոսքով, փորձեմ ձեզ հետ զանազանել հարդն ու ցորյանը, թե չէ մեր հողմաղացը ակամա կաղա Արևմուտքի պիղծ աղունը, մեզ էլ կկերակրեն անթթխմոր բաղարջով, այսինքն՝ կպատմեն Գյուլնազ տատի հեքիաթը երեք կարմիր խնձորի մասին, որոնք ընկնում են անառակների և փարիսեցիների գլխին:


Մի խոսքով, քոքից պիտի արմատախիլ անել մենաշնորհատիրությունն ու օլիգարխիզմը, բայց ոչ մենաշնորհատերերին ու օլիգարխներին: Նրանք դեռ պետք է ծառայեն հանրությանն ու պետությանը: Այս մասին քիչ անց: Այժմ քննենք, թե երբ առաջացավ մենաշնորհատիրությունը, և մի՞թե մենք չենք շեղվում բուն խնդրից, հանրապետության ապամենաշնորհման (իմա՝ օլիգարխազերծման) ողջ բեռը դնելով վարչապետ Աբրահամյանի և նախարար Մինասյանի ուսերին, այսպիսով փորձելով ճկույթով գետնել բթամատին: Անհնար է:


ՊՈԿԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՑԼԻ ԱՄՈՐՁԻՆ
(զավեշտալի նախաքննություն)


Արիստոտելը, անկասկած, իմաստուն ծերուկ էր: Նա համոզված էր, որ օլիգարխիան չպետք է իշխանության գա, քանի որ առաջնորդվում է սեփական շահերով, որոնք որևէ առնչություն չունեն ոչ պետական, ոչ էլ հանրային շահի հետ: Այսօր էլ հայոց օլիմենները (գործածենք սույն բարեհնչյուն եզրույթը, որը օլիգարխ և մենաշնորհատեր դաժան երևույթների նրբագեղ խառնուրդն է), ոտնիգլուխ հակոտնյա են ազգային, պետական և ժողովրդական շահերին: Սա արտահայտվում է նրանց յուրաքանչյուր խոսքում և գործում: Այլ կերպ ասած, նրանք հայրենիք չունեն, սակայն հայրենիքը օրնիբուն սպասարկում է նրանց շահերը: Այստեղ ահարկու մի բան է դամոկլյան սրի նման կախվում մեր շլինքն ի վար. հայրենիք չունեցող օլիմենները իրենց ողջ գույքով և փողերով լուրջ վտանգի դեպքում կամ կլքեն երկիրը, կամ էլ կծառայեն օկուպացիոն ուժերին: Առայժմ նրանք լուռ և հանդարտ շարունակում են անմռունչ հայրենիքի, ՀՀ-ի կողոպուտն ու բարոյազրկումը: Բայց և այնպես, ո՞վ էր օլիմենների քավորը: Վստահաբար քավորը Տեր-Պետրոսյանն էր, սանիկը, իհարկե, պայմանականորեն՝ Բագրատյանը: Նրանք էին, որ ծնեցին ու սնեցին ներկա ինքնագոհությունից գրեթե պայթող գերհարուստներին: Հետո եկավ Վազգենի ժամանակը, օլիգարխացվեց հայոց պաշտպանական համակարգը՝ ի դեմս բարձրագույն սպայակազմի: Արցախի հերոս Քոչարյանը կամային սխրանք գործեց՝ վախից գրեթե խելակորույս օլիմեններին դարձնելով պետական կառավարման և՛ հենարան, և՛ զինանոց: Իսկ մենք օլիմենների հանդեպ կուտակված մեր ողջ զայրույթն ուղղում ենք դեպի վարչապետի առանձնատունը: Այնինչ մոլախոտը պետք է արմատից պոկել, ինչպես պոկում են մարդասպան ցլի ամորձին: Ցուլն ո՞ւմ է ծառայել, մի՞թե պարզ չէ, որ ֆինանսապես գերհղփացած, բարոյապես գահավիժած վերնադասին:

ԴԵՊԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
(լավատեսական հետաքննություն)


Հայկական բուրժուազիան ձևավորվել է առևտրականներից, վաշխառուներից, գյուղական վերնախավից և ֆեոդալներից դեռ Տիգրան Բ-ի օրոք: Բայց քանի որ մենք հաճախ ենք կորցրել մեր պետականությունը, կորել է նաև պետության տնտեսական խարիսխ բուրժուազիայի հանդեպ պատկառանքը: Բուրժուազիան, ի տարբերություն օլիմենի, ունի հայրենիքի զգացողություն, գերադասում է բարձր վարձատրել իր հայրենակից աշխատավորներին, որպեսզի նրանք խիստ չհուզվեն (այնուհետև չկատաղեն) և չիրականացնեն բուրժուական հեղափոխություն: Ամենակարևորը՝ ի տարբերություն օլիմենի, բուրժուան քաջ գիտակցում է, որ եթե իր հարստության կուտակիչ բանվորը, ճարտարապետն ու բուժակը լավ են սնվում ու հագնվում, նրանք ավելի արդյունավետ են ծառայում իր շահերին: Օլիմենը ահավոր է, նա կեղեքում է իր աշխատավորներին, նսեմացնում է նրանց օրնիբուն, պատվազրկում է և այս ամենից գրեթե կենդանական բավականություն է ստանում: Բուրժուազիան օրգանական նողկանք է զգում աղանդավորի և համասեռամոլի նկատմամբ, զի սրանք չարիք են պետության, հետևաբար նաև իր համար: Բուրժուազիային տխրեցնում է արտագաղթը, օլիմեններին, ընդհակառակը, երջանկացնում է: Ինչո՞ւ: Դե քանզի արտագաղթը խարխլում է բուրժուայի հենարանը, խլում-տանում է նրա բարձրակարգ աշխատուժը, իսկ օլիմենի համար որակյալ աշխատուժը ուղղակի չարիք է, այն անհնազանդ է, պահանջատեր է և պատրաստ է հեղաշրջման:


Ի դեպ, գաղութային և կախյալ երկրներում բուրժուաները ազգային անկախությունը նվաճում են ապստամբությամբ, հեղաշրջմամբ և այլ եղանակներով: Մի՞թե Հայկական 3-րդ Հանրապետությունը գաղութային և կախյալ չէ: Անկասկած: Եվ արդյո՞ք չի հասունացել բուրժուական հեղաշրջման պատմական փուլը: Էն էլ ոնց է հասունացել: Սակայն չէ՞ որ նախ անհրաժեշտ է գութանը նորոգել և հետո դուրս գալ արոտ, վար անելու: Այսպիսով, խիստ անհրաժեշտ է ձևավորել հայ ազգային բուրժուազիա: Բուրժուայի նախատիպեր մի՞թե չունենք: Թվարկում եմ երկու անուն՝ Գուրգեն Արսենյան և Արագած Ախոյան:

Այս պահին տեղին է մեջբերել իռլանդացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շեյմաս Հինիի սույն քառատողը.


Երբ զարթնում եմ այգաբացին,
թարմ, լուսաճաճանչ,
ինչպես վարդը,
Ահ չունի իմ սուրբ գոտեմարտը,
Չի վախեցնի այլերկրացին:


Արդ արթնացա այս լուսաբացին և թարմ ու լուսաճաճանչ հայտարարում եմ՝ Հայաստանի բուրժուազիան նույն օլիմեն դասակարգն է, նրանից օտարում ենք բոլոր մենաշնորհները և պարտադրում ենք եղած-չեղածը ներդնել ազգային տնտեսության զարգացման մեջ: Առաջին ծիծեռնակը արդեն սավառնում է, անունն է նրա Սամվել, ազգանունը՝ Ալեքսանյան: Չե՞ք հավատում: Շատ իզուր: Վերջերս եղա նրան պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Եղա և հիացա, հիացա և մոռացա Լիմինդրի որդու հասցեին (անշուշտ, շատ տեղին) ցփնած անհամար «հաճոյախոսություններս», զի «Աստղիկում» բարձր վճարի դիմաց բժշկական բարձրակարգ սպասարկում է իրականացվում, զի բուժանձնակազմը տեղը տեղին վարձատրվում է և հանգիստ խղճով ծառայում է յուր հիպոկրատյան երդմանը: Իսկ ներքին հարդարանքը ուղղակի ցնցող է, նյարդերը հանգստացնող գունատոներ, գեղեցիկ և հարմարավետ կահավորանք, և ամենեն էականը՝ ամենաորակյալ սարքավորումները: Մյուս մասնավոր կլինիկաներում և հիվանդանոցներում, որոնք պատկանում են այս կամ այն օլիմենին (հատկապես, երբ օլիմենը նաև գեներալ է), անհույս վիճակ է: Սամվելը արդյո՞ք ազգային բուրժուա դառնալու հայտ չի ներկայացրել: Այո՛: Մնում է, որ սա դառնա պետական քաղաքականություն: Այսինքն, որ օլիմենյան մականունակիրները, ողջ գողոնը ներդնելով, վերագործարկեն գործարանները և նախ սեփական քրտինքով, այնուհետև հայոց գետերի կենսաբեր ջրերով ողողեն երկրի անջրդի հողերը: Ամենակարևորը՝ օլիմենը պետք է ահուդողով խույս տա քաղաքականությունից, ինչպես սեռահասուն տարիքի գոճին է խուսափում խորովածատան գովազդից: Թե չէ զանազան հայտագրերով և զարմանազան ելույթներով օլիմեններին կարգի չես հրավիրի: Անհրաժեշտ են արմատական քայլեր: Այսինքն` պետք է ամորձատել կատաղած մարդասպան ցլին: Առակներս զի՞նչ ցուցանեցին, կպարզվի օլիմեն տնտեսության դեմ օլիմեն իշխանության սանձազերծած կռվի վերջում:

ԴԱՏԱՎՃԻՌ


Ժամը հնչել է, զանգերն են ղողանջում Սարդարապատի հուշահամալիրում և արձագանքում են նախագահական նստավայրում, Օվալաձև դահլիճում և Կառավարական տանը: Ղողանջում են և պահանջում՝ իրականացնել բուրժուական հեղաշրջում, ապագաղութացնել երկիրը, կայունացնել պետությունը: Սա պետք է կատարել ընդամենը գրչի երկու-երեք հպումով՝ ներկրումները հայտարարել բացառապես պետական մենաշնորհ և օլիմեններին առաջարկել լուկուլոսյան հարստությունը ներդնել ազգային-պետական տնտեսության մեջ: Հակառակ դեպքում, ժողովրդական հեղաշրջման ալիքը կքշի-կտանի օլիմեններին էլ, նրանց ծով-անբավ հարստությունն էլ և նրանց հովանավոր իշխանական վերադասին էլ վրադիր: Քանի որ ոչ մի ահ չունի մեր սուրբ գոտեմարտը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ