«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Քաղտեխնոլոգիական «պարտիա»` հանուն «խաղաղության»

Քաղտեխնոլոգիական «պարտիա»` հանուն «խաղաղության»
03.06.2016 | 02:16

Մինչ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բուռն քննարկումների իմիտացիա է բեմադրվում, մինչ հայկական դիվանագիտությունը խճճվում է իր ձևակերպումներում, որպեսզի կարողանա մեկնաբանել, թե ինչու ենք Արցախի հարցում հասել այս հանգրվանին, մինչ ոմանք փորձում են բացատրել, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ, բարձրաստիճան պաշտոնյաները և, Ազատ Արշակյանի բնորոշմամբ, «տոնական գեներալներն» էլ չորսօրյա պատերազմից հետո բռունցք են թափ տալիս, թե ցանկացած պահի մինչև Բաքու կհասնեն, Վիեննայի հայտնի հանդիպումից հետո հակամարտող կողմերից յուրաքանչյուրն ուշադրությունը փոքր-ինչ շեղած հասարակությունից աննկատ անցել է իր «տնային առաջադրանքի» կատարմանը։

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու՝ այս համատեքստում ՀՀ նախագահի հանձնարարած կարևորագույն առաջադրանքը հայաստանյան հանրությանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ 1994 թվականից ամրագրված ներկայիս ստատուս քվոյի փոփոխմանը նախապատրաստելն է, որպեսզի հասարակությունը ոչ միայն պատրաստ լինի հնարավոր զիջումներին, այլև, ամենակարևորը, չընդդիմանա։
Այս առումով վերջին օրերին մենք ականատես ենք դառնում պետական քարոզչության պատասխանատուների կողմից այդ պրոցեսների բավականին հմուտ գործարկման։ Ինչ խոսք, դա բավականին բարդ խնդիր է և պահանջում է քաղաքական տեխնոլոգիայի զինանոցում առկա մի շարք նուրբ քայլերի կիրառում: Եվ եթե դասական ու գործնական առումով մոտենանք հարցին, ապա այս գործընթացն ընդհանուր առմամբ կարող ենք կոչել «ուղեղների լվացում»։


Եվ այսպես, ի՞նչ տեխնոլոգիական մեթոդներ են կիրառվում դրված նպատակին հասնելու համար։ Ըստ մասնագետների՝ առաջին փուլում հասարակության շրջանում իջեցվում է խնդրո առարկայի նկատմամբ գնահատականի և անգամ այդ նույն հասարակության ինքնաքննադատության աստիճանը։ Այս համատեքստում տարբեր մեթոդներով և «սփիքերների» միջոցով հրամցվում է այն գաղափարը, թե մենք իրականում այդքան ռեսուրսային հնարավորություններ չունենք, որ կարողանանք լուրջ խնդիրներ լուծել։ Չունենք համապատասխան զինտեխնիկա, երկիրը տնտեսապես շատ թույլ է, մենաշնորհներ, կոռուպցիա և այլն, և այլն։ Իհարկե, այդ ամենն օբյեկտիվորեն կա և կործանարար չափերի է, սակայն դա դարձվում է իդեա ֆիքս, մատի փաթաթան՝ սերմանելով հոռետեսական տրամադրություններ։ Որպեսզի այդ «անելանելիության» վրա մի լավ կնիք դրվի, ավելացվում է նաև այն թեզը, թե մեր ռազմավարական դաշնակիցն էլ մեզ չի օգնում, այլ օժանդակում է թշնամուն... ՈՒստի մենք «դժբախտ ազգ ենք», ավելին, հիշեցվում է 20-րդ դարասկիզբը, թե ինչպես էին չորս կողմից մեզ դավաճանում։ Եվ փոխանակ շուտափույթ փորձեն լուծել օբյեկտիվորեն առկա բոլոր խնդիրները, այդ թվում՝ իրավական՝ «վիրահատական» մեթոդներով, համակարգային կտրուկ փոփոխություններով, կադրերին թափ տալով, հանրության շրջանում ստեղծվում է հոռետեսական վիճակ։ Ներմուծելով հիասթափության մթնոլորտ՝ թուլացվում է հասարակության կամքը, ի վերջո նաև դիմադրողականությունը՝ առաջացնելով անտարբերություն խնդրի հանդեպ։ Դա հատկապես ակներև է, երբ խոսվում է կոնկրետ ազատագրված տարածքների մասին։ Ոմանք ԼՂՀ սահմանադրությամբ որպես երկրի շրջաններ ամրագրված տարածքներն անվանում են «անվտանգության գոտի»՝ նվազեցնելով դրանց կարգավիճակը, ոմանք էլ՝ ամայի, նույնիսկ գյուղատնտեսական նշանակություն չունեցող տարածքներ։ Եվ ամեն մեկն այս կարևորագույն հարցին մոտենում է իր արժեհամակարգից։

Եթե որևէ մեկը պատկերացնում է, թե հողը պետք է պաշտպանել միայն այն դեպքում, երբ այնտեղ ցորեն, եգիպտացորեն կամ գարի է աճում, ապա մյուսը վիճարկում է՝ կորցրած հողերը հեկտարո՞վ են, թե՞ քառակուսի մետրով։ Պալատական տարաբնույթ գործող և օլիգարխ գեներալներն էլ երբեմն-երբեմն հոխորտում են, թե 800 հեկտարն ի՞նչ տարածք է որ, պետք լինի, մինչև Բաքու կհասնենք ու այնտեղ թեյ կխմենք։ Այսինքն՝ ժողովրդի մեջ ներարկվում է այն տեսակետը, թե կորցրածն այնպիսի տարածք է, որի համար ընդհանրապես չարժե պայքարել։ Ավելի լավ է՝ զբաղվենք լուրջ հարցերով՝ կոռուպցիա, մենաշնորհ, բյուջետային միջոցների տնտեսում և այլն։ Մի խոսքով, այս մեթոդներով, ինչպես ասում են, «պլինտուսից ցածր» իջեցվում է գլխավոր թեմայի նշանակությունը։


Գերխնդրից շեղելու նպատակ են հետապնդում ժամանակ առ ժամանակ որոշ թեմաների ուռճացումն ու դրանց արդիականություն տալը։ Մասնավորապես, «քավության նոխազների» դերում հայտնված միջին օղակի պաշտոնյաների և զինվորականների ձերբակալությունների ներկայացումը որպես իրավիճակը շտկելու հիմնարար քայլ և այլն:


Սակայն այստեղ, ինչպես արդեն նշել էինք, խնդիր է նաև այն, որ ապագա գործողություններում ցանկալի է, որ իշխանությունները նպատակին կարողանան հասնել հասարակության գոնե մի զգալի մասի աջակցությամբ։ Իսկ դրան հասնելու համար գործի է դրվում քաղտեխնոլոգիական երկրորդ մեթոդը կամ քայլը, որը, ի դեպ, մենք արդեն իսկ տեսել ենք երկրի առաջին դեմքի կիրառմամբ: Մտցվում է որոշակի «վախի մթնոլորտ»՝ բարձրացնելով հետևյալ թեզը. եթե դրանք «ամայի», ռազմավարական ու նույնիսկ մարտավարական որևէ նշանակություն չունեցող տարածքներ են, արժի՞ արդյոք այդ ամայի քառակուսի մետրերի կամ հեկտարների համար զոհեր տալ։ Բնական է, որ հասարակության գերակշիռ մասը, նման ընտրության առջև կանգնելով, դժվար թե ուզենա, որ իր հարազատները զոհվեն, մանավանդ որ, ըստ հրամցվող գաղափարի, այդ տարածքները ոչ կարևոր են, ուստի և զոհերը դրանց համար անիմաստ են։ Այդ ժամանակ հասարակությունը սկսում է վախենալ, որ իր երիտասարդ սերունդը փաստացի դառնում է «թնդանոթի միս», ինչը պետք չէ ո՛չ պետությանը, ո՛չ հասարակությանը, պետք է գուցե ինչ-որ «լուսանցքային ուժերի»՝ մարգինալ զինվորականներին, կամավորներին կամ հասարակության մի մասին, որոնցից խլված են ազդեցության բոլոր լծակները, ու թողնված են, թերևս, միայն բողոքելու համար հրապարակները։ Քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների ճակատագիրը, նրանց անտեսված լինելը վկայում են, որ նրանք էլ գուցե համալրեն ղարաբաղյան պատերազմի՝ արմատական տրամադրված վետերանների շարքերը։


Այստեղ է, որ գալիս է քաղաքական տեխնոլոգիայի երրորդ փուլը. արվում է հստակ առաջարկ, որին կամազուրկ, հուսալքված հասարակությունը, քաղաքական էլիտան հեշտությամբ համաձայնում են։ Եվ որպես հարցի լուծում առաջարկվում է հակառակորդի հետ խաղաղությամբ պայմանավորվելու տարբերակը։ Մասնավորապես, անվտանգության գոտի համարվող կամ ազատագրված տարածքները զիջելով՝ փորձել իրականացնել մեր «դարավոր իղձը»՝ ձեռք բերել Արցախի անկախ կամ գուցե նույնիսկ Հայաստանի հետ վերամիավորված կարգավիճակը։ Եվ այստեղ արդեն կամազուրկ հասարակությունը գուցե որոշ թույլ դիմադրությունից հետո համաձայնում է փոխզիջման:


Իհարկե, այս ծրագիրն իրականացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ են հասարակությանը ճանաչելի, ցանկալի է՝ որոշ հեղինակություն ունեցող դեմքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հասարակության ուղեղը «լվանալ»: Այ, հենց այս ասպարեզում է, որ լուրջ խնդիրներ են առաջանում իշխանության մոտ: Այն մարդիկ, որոնց միջոցով այս ուղերձները տեղ են հասցվում, գերակշիռ դեպքերում անհաջող են անում դա։ Այդ պատճառով որոշ փուլեր ձախողվում են։ Ժամանակ առ ժամանակ մենք որոշակի լռության ականատեսն ենք դառնում։ Սա նշանակում է, որ իշխանությունները փնտրում են նոր դեմքերի, որպեսզի նրանց միջոցով այդ գաղափարները բարձրաձայնվեն և կյանքի կոչվեն։
Նույն գործընթացը, իհարկե, նաև Ադրբեջանում է։ Այստեղ նույնպես Ալիևը պետք է հասարակությանը նախապատրաստի այն հեռանկարին, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։


Փաստորեն, գործընթացը սկսվել է, թե որքանով իշխանությունները հաջողությունների կհասնեն, առայժմ մեծ հարցական է, քանի որ կա Արցախի բնակչության և այնտեղի էլիտայի գործոնը, որը, այնուամենայնիվ, բավականին արմատական է տրամադրված և երևանյան խաղերին կարծես թե մտադիր չէ տուրք տալու։ Եթե սրան ավելացնենք նաև օր օրի ակտիվացող ղարաբաղյան պատերազմի վետերանների և հեղինակությունների վճռական դրսևորումները, ապա ելքի անորոշությունը է՛լ ավելի է թանձրանում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ