ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ճագարների խռովությունը (ուղեցույց ընդդիմության համար)

Ճագարների  խռովությունը (ուղեցույց ընդդիմության համար)
01.04.2016 | 11:00

...Ա՜խ, երբ դուրս կգա
Երկիրն իմ ու քաղաքը
Այս անծայր թունելից,
Այս մութից թունալի...
«Երևան, 1991 թվի ձմեռ»,
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ
(ֆելիետոն-նախերգանք)
Օ՜, իմ սիրասուն ընթերցողներ, եթե ձեր գոգում գրկախառնվել են եռանկյուն ձմերուկն ու ողորկ ցոգոլը, դուք ո՞րը կճաշակեք։ Հարկավ ձմերուկը, զի այն թթվաշ չէ, կարմրաորկոր է և սրտաբաց։ Իսկ սեռահասուն տարիքում քաղաքականացված ծիրանի ցոգոլը շա՜տ է հավակնոտ։ Ինչպես միշտ խիստ ճիշտ է ընթերցողս՝ եռանկյուն-կարմրափորիկ ձմերուկը խորհրդանշում է իշխանական խոհանոցը, ցոգոլը ընդդիմությունն է՝ այլազան-զարմանազան, նաև՝ փրկիչ և քերիչ։ Եռանկյուն ձմերուկը քուն, թե արթուն համոզված է, որ ինքը երկրագունդն է, գլոբուս վիճակում։ Իսկ մի՞թե անհայտ է, որ ընդդիմությանը թվում է, թե ինքը երկրագնդի պորտալարն է, ավելի ստույգ՝ քաղաքական մի սերովբե։ Սերովբեն, ի դեպ, եբրայերեն նշանակում է՝ հրեղեն բերան։ Չէի՞ք սպասում։ Ոչինչ։ ՈՒշքի եկեք՝ ըմպելով թանձր սուրճ՝ համալրված դառը շոկոլադով։
Բայց մի հարց է առաջ մղվում, ներկա իշխանական դաշինքն ի զորո՞ւ է երկիրը շենացնելու։ Հարկավ, սակայն այն պիտի նախ մաքրի հայոց ավգյան ախոռները։ Ի դեպ, երբ նշյալ ախոռներն ախտահանվեն, ինքնըստինքյան կվերանա ընդդիմությունը։ Ի դեպ, նոր բացվելիք իշխանական և ընդդիմադիր քաղաքական ճեմարաններից վսեմ մտքեր դուրս կթռչեն։ Տագնապելու ոչինչ չկա, ուղղակի սույն քաղճեմարանների բոսոր ճակատներին պետք է փորագրել մեսրոպյան երկաթագիր տառերով ահավասիկ այս ուղերձը. «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ»։
Մի խոսքով հարկ է, որ ընդդիմադիրները նույնպես կերտեն իրենց քաղաքական կուսանոցը՝ ճակատին քարագրված նույն ուղերձը։
Սակայն հիշարժան կարկտահարություն տեղաց Հայոց լեռնաշխարհի հյուսիսային հատվածում, ուր ազատագրվել է, սակայն ծնկել է չքնաղ ու հերոսական մի երկիր, անունը՝ Հայաստանի Հանրապետություն։ Եկեք փորձենք սրտով արի ծնկած դիրքից ոտքի կանգնել, ժամանակն է։

ԽԱՐԱԶԱՆԸ ՄԻ՞ԹԵ ՇՈՅՈՒՄ Է
(պամֆլետ-բացահայտում)
Եկեք փորձենք սրտով արի ծնկած դիրքից ոտքի կանգնել, ժամանակն է։ Կեցցե՛ս, վարչապետ, տիար Հովիկ, զի նախ հրովարտակեցիր, որ գազի սակագինը նվազելու է, այնուհետև մի փութ մեղրով քաղցրացրիր ժողովրդի վրեժխնդիր բերանները, այն է՝ ծառայողական շարժակազմերի գլխաքանակը սակավանալու է ճիշտ 9 մեքենայով։ ՀՀ-ում պաշտոնապես առկա է 1070 ծառայողական շարժակազմ։ Սա ավգյան ախոռի ամենեն աղտոտ, ես կասեի անգամ՝ աղետալի թումբն է։ Տեսեք, երկիրը տնքում է արտագաղթի հորդ հեղեղից, հայրենիքը սմքում է կոռուպցիայի ահեղ հողմից, սակայն նվիրաբերված պետպաշտոնյաները, ապրելով աշխատավայրից երկու թզաչափ հեռու, յուրյանց վարկային գրասեղանին են հասնում գլամուրային ավտոմեքենայով։ Եվ սա, հարկավ, «Վենետիկյան օրիորդիկի» պարտադրանքն է. վայելո՞ւմ ես վարկերը, հարգելի ՀՀ իշխանություն, ուրեմն վայելչագիր բարբարոսների խառնամբոխը, այսինքն՝ վարչաչինովնիկական վերնակույտը, պիտի, այո՛, բազմի երկրիդ ուսերին։ Տե՜ր իմ Երկնավոր, կա՞ արդյոք որևէ զանազանում իշխանական բրգագագաթ տիար X-ի և ընդդիմադիր-գլադիատոր Z-ի մեքենաների պատուհասական բյուջեակլանման մեջ։ Հարկավ՝ ոչ։ Մի խոսքով, հենց հայոց սերովբեները պիտի շրջափակեն կառավարական տունը և պահանջեն վարչապետից իսկույն ևեթ աճուրդի հանել մնացած 1000 ծառայողական շարժակազմերը։ Եվ, առհասարակ, ՀՀ-ում ծառայողական շարժակազմերով պիտի շարժվեն միայն և միայն երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ խոսնակը։
Մի խոսքով, ՀՀ վարչական վերնակույտը պետք է անհապաղ լիցքաթափվի, այսինքն՝ լքի ծառայողական շարժակազմերը` Երևանում ու մարզերում, պետք է քայլի հուշիկ և ամոթխած խոնարհի աչքերը, զի ամենուր իր իսկ կերտած-քերթած «երկրաշինական» ուրվականներն են դեգերում։ Առհասարակ մեր ազգային չինովնիկները պետք է հրաժարվեն ԼԳՏԲ-ական ֆինանսական կենտրոնների շահերը սպասարկելուց։ Այո, պատվարժան իմ ընթերցողներ, ֆինանսները նույնպես այլասերված են, այսինքն՝ համասեռամոլ են և գեյ։ Այնպես որ, միևնույն սանրի կտավն են և՛ վարկատու միջազգային կառույցները, և՛ ԼԳՏԲ-ական հայաստանաբնակ պնակալեզ մարմինները, և՛ նրանց հետ համահունչ շնչող-արտաշնչող արևմտյան երկնագույն լուսամփոփների ցնորական լույսի ներքո երկրի վերջնագրային ստրկացմանը սրտատրոփ սպասող արևմտամետ-ընդդիմությունը։
Մի խոսքով, ոտն ի գլուխ պետք է տարրալուծվի ՀՀ կառավարությունը։ Ասացեք, պաղատում եմ, մի՞թե վարչական ապարատի կարիքն ունի ՀՀ տնտեսակարգը։ Այսպիսով՝ մեզ անհրաժեշտ է մեկ օլիգարխ-վարչապետ, որպես կառավարության գլուխ։ Վարչապետի պաշտոնում առաջարկում եմ արգո X-ի (յուրաքանչյուրը թող իր ուզած մականունավորին տեսնի X-ի կերպարում) թեկնածությունը, զի նա ժողովրդավարական տոնավաճառներ է նվիրաբերում հայրենիքին, քանզի նա հայոց բարեբեր հողի կրթյալ-որակյալ-անուշահամ արդյունքն է դուրս բերում միջազգային շուկաներ, հետևաբար նա (կամ այլ մեկը¤ ինչու չգլխավորի կառավարական տունը։ Տեսեք, կշահենք մեծապես, զի օլիգարխիկ-կառավարության ինչի՞ն են պետք 10 հազար անկուշտ-գլամուրային չինովնիկները, և մի՞թե մեկ օլիգարխ-վարչապետին չի բավարարի երկու օգնական, որոնցից մեկը նրա անհոդաբաշխ մտքերը հասու կդարձնի բնակչությանը, մյուսը կհետևի կառավարական տան ժամացույցի անխափան աշխատանքին։ Ի՞նչ կարծիք ունի սույնի մասին ՀՀ սերովբեական դասը։

Գազի գի՞նը։ Սա առասպելական մի դավ է, անբուժելի մի ցավ է, ի վերջո, սա է մեր փլուզված պետական անկախության ստոծանուն հասցված ամենանենգ հարվածը։ Զի «Վենետիկյան օրիորդիկի» հետ հայաստանակործան հարցերում մրցակցում է դարավոր դաշնակից Ռուսիո ուղղափառ և աշխարհափրկիչ կայսրությունը։ Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե ռուսահպատակ ՀԷՑ-ը, «Գազպրոմ-Արմենիան» չեն հեծնել մեր լեռներին և մեր հոգուն։ Ինչո՞ւ։
Ահավասիկ առաջարկս. գազի սակագինը Հայաստանի համար հենց սահմանագլխին պետք է սահմանվի 80 ԱՄՆ դոլար, երկու անգամ պակաս, քան Վրաստանին մատակարարվող գազագինն է, զի Վրաստանը Ռուսիո համար այսօր (չկասկածեք, նաև վաղն ու մեկել օրը) քինախնդիր ու հիշաչար դրկից է, մենք՝ հավատավոր հավատարմահպատակ։

Լավ, իսկ ի՞նչ պիտի սխրագործեն, ինչպե՞ս պիտի ավգյան ախոռները մաքրեն մեր պատգամավոր սերովբե-հրեբերանները։ Մի ճանապարհ կա. նրանք պետք է, հարկավ հանուն իրական ժողովրդավարության հաստատման, ցնցոտիներ հագնեն, անվերջ ծոմ պահեն և շարվեն «Հաղթանակ» կամրջի բազրիքների վրա։ (Անվտանգության նկատառումներով նրանք պետք է միմյանց ագուցեն իրենց փողկապներն ու գոտիները)։ Շարվեցին, է՞, ե՞տքը։ Հետո կհնչի երկրի օրհներգը, և սերովբեները յուրյանց մանդատները կհանձնեն Զանգվի սառնորակ ալիքներին։ Եվ կդառնան անհաշտ ընդդիմություն բոլոր երկրակլան երևույթներին։ Թե չէ ձախ կիսադեմով լինել ընդդիմություն, սակայն աջով սպասել իշխանության շոյանքին, բանի նման չէ։
Մի խոսքով, հասունանում է ճագարների խռովությունը, այսինքն, հայկական այնքա՜ն սպասված Մայդանը։ Ո՞վ կլինի խռովության առաջնադիրքերում, ինձ մի հարցրեք, խռովության թե՛ ընթացքը, թե՛ հանգուցալուծումը վաղուց նախանշված են։ Եվ եթե ամեն բան բարեհաջող ընթանա, ապա հայոց գալիք վարչապետը կդառնա (Տերը փրկի Հայաստանը) լույսի պես անբիծ պետականակերտ քաղգործիչ Ջհանգիրյանը՝ Գագիկ։

ԹՈՒՆԵԼԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ ԹԱԽԻԾ ԿԱ ԹՈՒՆՈՏ
(սարկաստիկ վերջերգ)
Տաղանդավոր պոետ և անգին ընկեր, նաև անզուգական թասընկեր Շանթ, այն էլ Մկրտչյան, մկրտիչ տողերդ լույս են սփռում մեզ պատած մթում թունալի։ Այս թունելում դայլայլում են կոնչիտայաձայն սոխակները՝ հանձինս աղանդ-կուսակցական վոժդիկների հառաչի և թառանչի։ Է՜, մի զարկ չտա՞նք նրանց վզակոթին, է, չփրկե՞նք մեր երկիրն ու մեր քաղաքները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ