«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյանը ընդլայնեց սեփական տարածքն ու սեփական ժամանակը դրեց քաղաքական ժամանակի հիմքում

Սերժ Սարգսյանը ընդլայնեց սեփական տարածքն ու սեփական ժամանակը դրեց քաղաքական ժամանակի հիմքում
18.02.2015 | 14:20

Վերջ, սիրելի հայրենակիցներ, հետայսու Գագիկ Ծառուկյանն ընթերցելու է միայն նախագահականում գրված ելույթները: Ոչ մի Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ մի մանր-մունր, լուրջ ու անլուրջ կուսակիցներ ու ընդհանրապես՝ «Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Ի հավելումն ԲՀԿ նախագահի հայտարարության՝ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարեց, որ ուրբաթ օրվա հանրահավաքը չի կայանա՝ համազգային մոբիլիզացիան ավարտվեց՝ օրակարգը սպառած:

ՈՒ ի՞նչ: Իսկ ի՞նչ էիք ուզում: Ընդամենը մի քանի օրում մի քանի տարի չարած գործը արվեց, պարզ, հստակ, արագ, զոհեր չեղան, Մարտի մեկ չեղավ, իրավիճակ փոխվեց, իշխանական ու ընդդիմադիր հիերարխիան պարզվեց: Թեպետ վերջին պնդումը առավել քան կասկածելի է ընդդիմության մասով, ավելի ճիշտ՝ ընդդիմությունը որպես կատեգորիա չկար, կար իշխանության համար պայքար, որն էլ ավարտվեց:
Հանրապետության երբևէ պաշտոնավարած երեք նախագահներն էլ ասացին իրենց խոսքը: Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես անցավ թոշակի ու հայտարարեց, որ գերադասում է զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով: Ինչո՞ւ 2008-ին հայ-թուրքական հարաբերությունների հարցը լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին, 2015-ին չի կարող քաղաքական դաշտում երկարացնել Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքը: Կարևորը հենման կետն է: Գտնվե՞ց՝ կգտնվի առանցքը: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չունի երկրագունդը շրջելու Արքիմեդի շանսը: Ասենք, Արքիմեդն էլ միայն տեսականում հենման կետ հայտնագործեց, գործնականում երկրագունդը շրջելու տարբերակ չուներ: Այսուհետ առաջին նախագահի սիրտը միայն ազգի ցավերի համար է բաբախելու ու նա բախելու է փակ ու բաց դռներ՝ համադարմանի համար:
Երկրորդ նախագահի բանավոր մենամարտի հորդորը, թվում էր, ընդունվեց, բայց ՀՀԿ-ԲՀԿ առճակատման կասեցումը նրա կոչով չեղավ: Նրան Սերժ Սարգսյանը պատասխանեց ԲՀԿ-ականների ձերբակալությունների գիշերով, Գագիկ Ծառուկյանի անձնական թիկնազորի զինաթափմամբ, կուսակցության «բեռնաթափմամբ»: ՈՒ դա հստակ պատասխան էր, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս երկու ճանապարհ ունի: Կամ ասում է, որ առաջիկա տասնամյակում ինքը ևս գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի նվիրական ոտնահետքերով ու զբաղվում է քաղաքականության մեջ ամեն ինչով, բայց ոչ իշխանություն դառնալով, կամ՝ պիտի բաց, հրապարակային, առանց տարընթերցումների ու ելևէջումների հայտարարի, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական առաջիկա ընտրություններում ու ինքն է այն ուժը, որ երկիրը պիտի հանի ճգնաժամից, որի գոյությունը ինքն է քանիցս փաստել ինքնահարցազրույցներում: Երրորդ ճանապարհը՝ Սողոմոնի լռությունը, նրան միայն կորուստներ է բերելու, եթե ոչ ինքը, գտնվելու է նա, ով թափուր գահին բազմելով, կտրելու է նրա ճանապարհը, կորած ժամանակը ապագայինն է:
Ի՞նչ ստացավ Սերժ Սարգսյանը: Նոր՝ ոչինչ: Նա վերահաստատեց, որ իր իշխանությունը իր իշխանությունն է, ու բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ ինչ-որ այլ կուսակիցներ կամ այլ կուսակցությունների անդամներ իշխանության շանս ունեն, մոլորված էին ի սկզբանե ու մինչև վերջ: Այսքանը: Նա ամենամեծ նվերն ինքն իրեն մատուցեց Գագիկ Ծառուկյանի հայտարարության տեսքով իր երկրորդ ընտրության երկրորդ տարեդարձին: Այն, ինչ Սերժ Սարգսյանը չէր արել նախագահության ամբողջ ընթացքում, արեց մի շաբաթում, որովհետև այլևս ժամանակ չկար՝ ոչ կուսակիցների տված խաղերի, ոչ մյուսների խաղերի համար, եզրափակիչը պետք է անցնի իր դաշտում: Եվ քանի որ եզրափակիչը անցնելու է իր դաշտում, ինքն էլ թելադրելու է խաղի կանոնները: Եվ քանի որ ֆուտբոլը ֆուտբոլ է նաև քաղաքականության մեջ՝ մրցակիցդ խաղում է այն խաղը, որ թույլ ես տալիս դու: ՈՒ հիմա Սերժ Սարգսյանը հանգիստ ու բացառապես ականազերծված դաշտում կարող է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ու հրապարակային լսել, գնահատել, համաձայնել կամ մերժել նրա առաջարկները: Նույն դաշտում կարող է հայտարարել, որ սահմանադրական փոփոխությունները լինելու են: Նույն դաշտում կարող է որոշել՝ պե՞տք է վարչապետին «ուղղորդել»՝ կոալիցիոն կառավարությամբ, թե՞ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու հերթում սպասող մյուսները դեռ պիտի սպասեն: Սերժ Սարգսյանը ընդլայնեց սեփական տարածքն ու սեփական ժամանակը դրեց քաղաքական ժամանակի հիմքում, ու դա կոչվում է բացարձակ հաղթանակ: Ո՞Ւմ դեմ: Ինքն իր ու բոլոր նրանց, ովքեր փորձում էին նրա հաշվին սեփական քաղաքական հաշիվները բացել համաժողովրդական բանկում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ եղավ Գագիկ Ծառուկյանը: Եթե հարցը դեռ արդիական է, իսկ դա արդեն կասկածելի է, նա ստացավ խաղաղություն իր հայտարարած թեթև պատերազմիկում՝ վճարելով կոնտրիբուցիա: Ծավալները ճշտվում են: Արդեն այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը դեռ իբրև ԲՀԿ նախագահ է ստորագրում իր հայտարարությունը, վկայում է, որ համաներումը համաքաղաքական է: Համենայն դեպս՝ տարածվում է նաև Հովիկ Աբրահամյանի վրա, եթե նրա տանն են հանդիպում: Համաներումը նաև կոմյունիկեից է բխում՝ Սամվել Կարապետյանի հաշտարար առաքելությունը սեփական նախաձեռնություն էր, որ պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական կյանքին Ռուսաստանի չմիջամտելով միջամտելու քաղաքականությամբ: Մնաց` Նաիրա Զոհրաբյանը վերադառնա եվրոպաներից ու Հայաստանից բացատրի եվրոպաբնակ հայրենակիցներին, որ նրանց ոտքի կանգնելն ու հայրենիք գալով՝ իրենց կողքին լինելը ապարդյուն են, իրենք այլևս ոտքի վրա չեն: Բոլորս դեպի համապետական ընտրություններ:

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ