«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայոց լեռներում հայոց աստվածները քայլում էին բարկացած

Հայոց լեռներում հայոց աստվածները քայլում էին բարկացած
06.02.2015 | 00:41

Կոստան Զարյանն է ասել: Անցյալ դարասկզբին: Բայց հիմա էլ նույնն է: Հունվարի 12-ից համարյա մեկ ամիս է անցել՝ մի քանի օր պակաս, նույնքան անսպասելի տարբեր իրադարձություններ հաջորդեցին Գյումրիի սպանություններին՝ օրվա թիվ 1 քննարկումը դառնալով: Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հասցրեց Ստրասբուրգ գնալ, Դողու Փերինչեքի դատավարության ժամանակ Հայաստանի անունից ելույթ ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հետո վերադարձավ ու վերջապես փետրվարի 3-ին դիմեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ: Նամակը չի հրապարակվի՝ նախաքննության գաղտնիության խնդիր կա: Իսկ խոստանում էին բաց ու հրապարակային դատաքննություն: Առայժմ փակ ու անթափանց՝ Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում: Նրան կալանավորել և մեղադրանք են առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկուսից ավելի մարդկանց սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել հայ քննիչները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում: Փաստորեն՝ երկու կողմերն էլ առաջադրել են նույն մեղադրանքները, և պարզ չէ՝ ո՞ր կողմը ո՞ր մասն է քննում, թե՞ երկու կողմն էլ նույն գործը զուգահեռ է քննում: Խորհրդարանական լսումներում գլխավոր դատախազն ասաց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցով կդիմի, երբ հիմքեր լինեն: Ենթադրվում էր՝ իրավական: Իրավական հիմքեր կային հունվարի 12-ից, պարզ էր, որ քաղաքական որոշում է պետք: Պարզ էր նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը կդիմի, երբ պատասխանը դրական լինի: Իսկ եթե ո՞չ: Իսկ եթե ոչ, ինչ կլինի հարցը նորից մնում է գյումրեցիների արձագանքին: Նրանց իրավական ու քաղաքական նրբությունները չեն հուզում, նրանց պետք է արդարություն ու հրապարակային դատավարություն: Եվ նրանք ճիշտ են: Կարձագանքե՞ն գյումրեցիների բողոքին այլ քաղաքներում: Մոսկվան կքննարկի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու հարցը: Չե՞ն արձագանքի՝ հիշեք հունվարի 12-19-ի լռությունը: Պաուզա պահելու տարբերակները շատ չեն: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել ու հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, տնտեսական թեմատիկայի հետ՝ այս հարցն էլ կքննարկվի ու չբարձրաձայնվի էլ՝ որոշակիություն կմտնի: Հույսը, որ որքան շատ ժամանակ անցնի, այնքան կպակասի արդարություն պահանջող մարդկանց թիվը, անիմաստ է: Անիմաստ է անգամ այն դեպքում, երբ Գյումրիում ոստիկանները բնակիչներից շատ լինեն: Յոթ շիրիմները քաղաքից չեն անհետանալու:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հետո ամերիկացի համանախագահը հանդիպեց Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ Սամեդ Սեիդովի ու Ասիմ Մոլազադեի հետ ու ասաց, որ նրանց տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իրեն շատ օգնեց: Ինչո՞վ օգնեց: Գուցե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ էլ հանդիպի ու նրանք էլ օգնեն: Ջեյմս ՈՒոռլիքը խոստանում է մյուս համանախագահների հետ տարածաշրջան գալ ու բանակցել բոլոր կողմերի հետ՝ խորապես անհանգստացած «լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին» և վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:
New York Times-ը գրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի՝ «Վերջին ամիսներին մահացու դաժանությամբ սրվել է նախկին ԽՍՀՄ-ի մեկ այլ զինված հակամարտության՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտը, որի պատճառով երկու կողմերից էլ սպանվել են մի քանի տասնյակ զինվորներ, իսկ երկրները վտանգավոր մոտեցել են բաց պատերազմի»:

«Մինչ պայքարը հաճախ թվում է մեկուսի վեճ մի թզաչափ լեռնային հողի համար, հակամարտությունը մշտական վտանգ է՝ սպառնալով ներգրավել ավելի մեծ ուժեր, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- եզրակացնում է թերթն ու հիշեցնում, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է խաղադրույքը. «Ճշմարտությունն այն է, որ մեր տարածքների շարունակվող օկուպացիան միայն Հայաստանի ձեռքի գործը չէ: Հայաստանն աղքատ և թույլ երկիր է, անօգնական վիճակում: Իհարկե, եթե նա տարբեր մայրաքաղաքներում խոշոր հովանավորներ չունենար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց արդարացի լուծում ստացած կլիներ»,- ասել է Ալիևը իր նախարարներին ու կրկնել, որ Հայաստանից 7 անգամ խոշոր տնտեսություն ունեցող Ադրբեջանը պատրաստվում է այս տարի ռազմական բյուջեի վրա ծախսել կրկնակի ավելի գումար, քան Հայաստանի տարեկան բյուջեն է:
Մի ոտքը Երևանում պահող՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային փետվարի 4-ին հանդիպելով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ ասեք-չասեք, պատասխանատու եք: ՈՒ Բորդյուժան՝ խոր մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ մենք գործում կանք ու մնալու ենք: Այսքանը: Իսկ անխոնջ Էդուարդ Նալբանդյանը փետրվարի 5-7-ին կգնա Գերմանիա ու կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Կրակովի ու Մյունխենի տարբերությունը հետո կերևա:
Բերձորի ճանապարհին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ու ԼՂՀ իրավապահների «բարեկամական» հանդիպումից հետո աղմուկի առաջին ալիքին հաջորդեց երկրորդը, որն ավելի խառնեց պատճառներն ու հետևանքները: Հարցերը չպակասեցին. եթե ավտոշարասյունը կասեցվելու էր, ինչո՞ւ հասան Բերձոր, եթե գիտեին՝ տեղ չեն հասնելու, ինչո՞ւ կանանցով ու երեխաներով ճանապարհ ընկան: Ի՞նչ փաստեր են հավաքելու ԱԺ պատգամավորները, որոնց փաստահավաք առաքելությունը միշտ ձախողվում է: Ամբողջ ձեռնարկումի նպատակը աղմո՞ւկն էր: Եվ ո՞ւմ էր պետք: Հայտարարելու, որ ռուսները պատճառ են որոնում ԼՂՀ տարածք խաղաղապահներ մտցնելո՞ւ: Դա գաղտնի՞ք էր: Ցույց տալու, թե Հայաստան-Ղարաբաղ հակասություննե՞ր կան: Դա՞ էլ էր գաղտնիք: Եվ, այնուհանդերձ, ցուցադրական ելույթը ձախողվեց: Հայաստանի մաս է, թե անկախ՝ ԼՂՀ-ն հայկական պետություն է ու հայկական տարածք, ով էլ ինչ մտածի, ցանկանա, հայտարարի, փորձի, հրահրի, Հայաստանը Հայաստանի դեմ դուրս չի գալու: Երբե՛ք ու ո՛չ մի պարագայում: Հայաստանցի-ղարաբաղցի հակամարտություն չի լինելու: Սա չի վիճարկվում: Պատճառներն ու հետևանքները ինքներդ հավելեք, իբրև աքսիոմ ընդունելով՝ հայը հայի դեմ՝ թշնամու երազանքն է:
1921-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Թալեաթ փաշային: 1946-ին Ստամբուլում Հյուսեին Յահիդ Յալչինը 25 տարի հետո հրատարակեց «Թալաաթ փաշասն հաթըրլարը»՝ Բեռլինում գրված նրա հուշերը, որ 1969-ին հայերեն է թարգմանել Համբարձում Գասպարյանը: Առայժմ անտիպ հուշերը Թալեաթն ավարտում է՝ մարգարեի քղամիդ հագած ու այնքան ոգևորված, որ բացարձակապես կարևորություն չի տալիս քղամիդի կարկատաններին: «Այժմ հաղթողները (Անտանտի երկրները) բոլոր այս վայրագությունների դեմ լռելով հանդերձ՝ դեռ ծափահարում են: Նշանակում է՝ աշխարհում հաղթողի ու հաղթվողի վերաբերյալ առանձին-առանձին երկու տեսակի արդարություն կա: Սակայն իրականում միայն մեկ արդարություն պետք է լինի, իրական արդարություն, և այն չկիրառվելու պարագայում ներկայում կա մի ուժ (Քեմալական շարժումը), որ այն ի կատար է ածելու ու ժամանակը նրան չպիտի կարողանա արգելք հանդիսանալ: Իմ համոզմունքով՝ թվարկածս բոլոր դեպքերն ունեն իրենց պատճառները: Առաջինը. ռուսները Թուրքիայում առանց հայերի մի Հայաստան ստեղծելու իրենց քաղաքական նպատակներն իրագործելու համար հայերին սրում էին թուրքական իշխանության դեմ: Երկրորդը՝ ռուսներին գործիք դարձող հայկական կուսակցություններն էին, որոնց նպատակը մի Հայկական պետություն հիմնելն էր՝ հազիվ 10 տոկոս կազմող հայերի փոքրամասնության շրջաններում մեծամասնություն կազմող այլազգի ժողովուրդներին ոչնչացնելու ճանապարհով: Սակայն իմպերիալիստական ժամանակաշրջանում այսպիսի անիրավացի քաղաքական ծրագրի իրագործումն անհնարին էր: Գուցե հնարավոր լիներ, սակայն մեծամասնություն կազմող ժողովուրդների մի շարք իրավունքների ճանաչմամբ, ոչ թե նույն սկզբունքը կիրառելու հավակնությամբ նույն երկրում ապրող ժողովուրդներին իրար թշնամացնելով ու շարունակաբար սպանել տալու մեթոդով: Եվրոպայում ու Հայոց պատրիարքարանում եղած վիճակագրության համաձայն՝ հայոց շնչերը մյուս ազգերի շնչերի 10 տոկոսն էին կազմում: Եթե ընդունենք, որ շատ հայեր գաղթել են և մի մասն էլ թշվառության մեջ է ոչնչացել, խոստովանենք, որ այս վերջին համեմատությունը այսօր նշանակություն չունի, շնչերի 90 տոկոսը թուրք և մի մասն էլ քուրդ, բայց բոլորը մուսուլման են: Հետևաբար՝ Էրզրում, Երզնկա, Տիգրանակերտ, Խարբերդ, Ադանա, մասամբ էլ Սեբաստիո նահանգներից մի Հայկական պետություն կենդանացնելու միտքը (այս կետը դարձյալ հարկավոր է շեշտել) պիտի նշանակի փափագել այս արյունալի ընդհարումները հավիտենապես շարունակել: Սակայն Համաձայնական պետությունների համաժողովը, եթե ցանկանում է արդարացի և մշտական մի հաշտություն ապահովել, անկասկած, պետք է ուշադրություն դարձնի այս վերջին ճշմարտացի կետին, ապա թե ոչ անբնական ու անտրամաբանական կլինի նոր պետություն հիմնելու համար՝ անտեսել մեծամասնություն կազմող մյուս ժողովուրդների իրավունքները»։ Սա է թուրքական արդարության դեմքը: «Եթե ընդունենք, որ շատ հայեր գաղթել են և մի մասն էլ թշվառության մեջ է ոչնչացել»,- գրում է ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ համեմատությունը այլևս նշանակություն չունի, այսօր շնչերի 90 տոկոսը թուրք և մի մասն էլ քուրդ, բայց բոլորը մուսուլման են, հետևաբար Հայկական պետություն կենդանացնելու միտքն անիմաստ է: Սա ի՞նչ է, եթե ոչ ինքնախոստովանական ցուցմունք, որ իր ձեռքով գրել է Մահմուդ Թալեաթը: Այս մի էջով Թալեաթը բացում ու փակում է հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները: Թուրքիային սեփական ազգային պետություն ստեղծելու կենսատարածք էր պետք, որտեղ իշխեր թուրքական տարրը: Ազգային պետությունը պետք է միատարր լիներ: Դարերով մաղել էին, բայց հայերը դեռ կային ու չափազանց շատ էին: Առաջին համաշխարհային պատերազմը պատրվակ էր, ալլահի նվերը՝ հայերից ազատվելու: Հնարավորինս՝ հայերի ձեռքով: Կամ նրանց, ովքեր համարվում էին հայերի պաշտպաններ: Ի՞նչ է փոխվել 100 տարում: Թուրքերին իրենց նպատակներով, Էրդողանին իր Գալիպոլիով, աշխարհին՝ իր շահերով, հայկական լեռները չբարձրացող նավերով, Սևրի դաշնագրով, Վիլսոնի իրավարար ակտով ու մնացած ամեն ինչով մի կողմ թողնենք, մենք փոխվե՞լ ենք: Մենք դադարե՞լ ենք մանրադրամ լինել օտարների շահերի բախման կիզակետում: Եթե այո, փառք ու պատիվ, որ կարողացանք, որ հասկացանք, որ մեզ հնարավոր չէ կոտրել, որ թղթե չէ մեր շերեփն այլևս: Եթե ոչ, ի՞նչ ենք ուզում աշխարհից: Հռչակագրված: Թղթածրարված: Կամ՝ ոչ: Ի՞նչ է փոխվելու աշխարհում: 100 տարում գոնե այսքանը հասկացա՞նք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Նկատե՞լ եք, որ, Գյումրիից (1988-ի ավերիչ երկրաշարժից սկսած), ցեղասպանությունից ու Ղարաբաղից բացի, Հայաստանն աշխարհին ոչինչ չի ասում:

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ