«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինաստանը «երկրորդ ճակատն» է բացում ԱՄՆ-ի դեմ

Չինաստանը «երկրորդ ճակատն» է բացում ԱՄՆ-ի դեմ
02.12.2014 | 00:25

Օրերս Հոնկոնգի (Սյանգանի) «հովանոցային հեղափոխության» ամերիկամետ մասնակիցները, ավելի ճիշտ նրանք, որ դեռ մնացել են երբեմնի բազմահազարանոց ամբոխից, փորձեցին գրոհել քաղաքապետարանի շենքը։ Ոստիկանությունը միանգամայն զուսպ, բայց և համառորեն մեկուսացրեց հարձակվողներին, չեզոքացրեց իրավիճակը։ Դատելով ըստ ամենայնի, ամեն անգամ, երբ ԱՄՆ-ին չհաջողվի Չինաստանի իշխանություններին «համոզել», որ անհրաժեշտ է «հանձնվել» Ամերիկային և համատեղ «գրոհել», ասենք, Սիրիայի (կամ Իրանի ու Ռուսաստանի) վրա, Հոնկոնգի ամերիկամետ «մայդանցիները» կհիշեցնեն իրենց գոյության մասին։

Փաստորեն, աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոններն այժմ ընդունում են, որ 2014 թ. աշխարհի ամենանշանավոր աշխարհաքաղաքական իրադարձությունը Պեկինում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) բարձր մակարդակի գագաթնաժողովն էր, որն ուղղակի իր արդյունքներով ճզմեց նոյեմբերի կեսերին Ավստրալիայում կայացած G-20 գագաթնաժողովը։ Հիշեցնենք նաև, որ ֆրանսիացի առաջատար վերլուծաբան, լրագրող և գրող Ֆրանկ Ֆերրան «Le Figaro» թերթում Եվրոպային ուղղակիորեն մեղադրել է, թե նա դեռ «չի տեսնում, որ Վաշինգտոնը սխալվում է Ռուսաստանի հարցում»։ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ տեղի է ունեցել Մոսկվայի ու Պեկինի սրընթաց մերձեցում, գրել է Ֆերրանը։ Ռուսաստանն այսուհետ ապավինում է Չինաստանին` որպես մի գործընկերոջ, որը կօգնի իրեն շրջանցելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։ ՈՒ ֆրանսիացին ճիշտ դուրս եկավ. Բրիսբենում կայացած G-20 գագաթնաժողովից հետո Չինաստանն ու Ռուսաստանը շտապեցին ստորագրել երկկողմ համաձայնագիր 2015 թվականին Խաղաղ օվկիանոսում և Միջերկրական ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին։ Այսպիսով, Պեկինն ու Մոսկվան հստակորեն հասկացրին, որ մտադիր են գործակցել ոչ միայն ԱԽՏՀ տարածաշրջանում, այլև Մերձավոր Արևելքում։ Իսկ դա Սիրիան է, Իրաքը, Իրանը, քրդերը...

Բայց, այնուամենայնիվ, բացի ԱՄՆ-ին ուղղված նման բացահայտ ռազմաքաղաքական ազդանշաններից, Չինաստանը միաժամանակ սկսել է շատ ավելի նուրբ պայքար մղել ամերիկյան հավակնությունների դեմ։ Եվ այստեղ, անուշտ, հարկ է անդրադառնալ Պեկինում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովի արդյունքներին։ Համենայն դեպս, Չինաստանը հավաստեց աստիճանական դոլարազերծման իր կուրսը` եթե ոչ ամբողջ միջազգային առևտրի, ապա գոնե հիմնական գործընկերների հետ իր առևտրային հարաբերությունների։ Բայց բանն այն է նաև, որ Չինաստանը մերժեց և, դրանով իսկ, նախաձեռնեց ԱԽՏՀ անդամ մյուս երկրների սառը վերաբերմունքը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորությամբ ազատ առևտրի գոտի ստեղծելու Օբամայի նախաձեռնության նկատմամբ։ Դրա փոխարեն Չինաստանը ստեղծեց «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը» (ԵՆԱԲ)։ ԵՆԱԲ-ի ստեղծման համաձայնագիրը ստորագրել էին դեռևս հոկտեմբերի 24-ին, բայց հենց Պեկինում` ԱԽՏՀ գագաթնաժողովում այդ որոշումը հաստատվեց ու արժանացավ Չինաստանի և Ռուսաստանի ասիական գործընկերների հավանությանը։ Բանկը կգլխավորի Չինաստանը, որը նախատեսում է այն գործարկել արդեն գալիք տարվա վերջին։ Մեծ առավելություն են, իհարկե, միջոցների պատկառելի ծավալները, սակայն ԵՆԱԲ-ի ստեղծումը կուժեղացնի մրցակցությունը, որովհետև Ասիայում արդեն խոշոր վարկատու կա` Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)։ Այդ դեպքում Չինաստանի ինչի՞ն էր պետք ստեղծել զարգացման ևս մեկ բանկ Ասիայի համար։

Պաշտոնական վարկածն այս է. Ասիայում մեծ դժվարություն կա` կապված ենթակառուցվածքի ֆինանսավորման հետ։ ԱԶԲ-ի 2010-2020 թթ. ֆինանսավորման պակասորդը կկազմի մոտ 8 տրիլիոն դոլար, և այդ ճեղքվածքը ոչ մի կերպ հնարավոր չի լինի լրացնել։ ԱԶԲ-ի կապիտալը 160 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի է։ Համաշխարհային բանկինը` 223 մլրդ դոլար։ Բայց, այդուամենայնիվ, ԵՆԱԲ-ը կսկսի ընդամենը 50 մլրդ դոլար կապիտալով, և դա բացահայտորեն քիչ կլինի, թեև բոլոր միջոցները կներդրվեն։ Նոր բանկի մյուս առանձնահատկությունն այն է, որ նա կկենտրոնանա միայն ենթակառուցվածքի վրա, մինչդեռ ԱԶԲ-ի և Համաշխարհային բանկի միջոցները օգտագործվել են այլևայլ նախագծերի համար։ Ամենահետաքրքիրը` ԱԶԲ-ի և ՀԲ-ի պաշտոնյաները դրական են վերաբերվում բանկի ստեղծմանը, անգամ խոսում են համագործակցության հնարավորության մասին։ Բայց իսկական դիվանագիտական ճակատամարտը դեռ առջևում է։ Օրինակ, ԱՄՆ-ն արդեն փորձել է համոզել իր դաշնակիցներին` չմիանալ ԵՆԱԲ-ին, երբ բանկը գլխավորող Ջին Լիկունը երկրներին համոզում էր մտնել բանկի կապիտալ։ Արդյունքում, բանկի հիմնադիր արարողությանը բացակայում էին Ավստրալիայի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։

Առայժմ պարզ չէ, թե ինչպես է կառավարվելու նոր բանկը։ Քննադատների կարծիքով, միջազգային ստանդարտներին չի հաջողվի հասնել, եթե այն աշխատի բացառապես Չինաստանի ղեկավարությամբ։ Ամենայն հավանականությամբ, Չինաստանը նոր բանկը կօգտագործի ԱՄՆ-ի և Ճապոնիայի հաշվին Ասիայում ազդեցությունն ընդլայնելու համար։ ՈՒ քանի որ Չինաստանը վճռել է ֆինանսավորել ներդրումային բանկը, ուրեմն բացասաբար է գնահատում տնտեսական կառավարման գլոբալ բարեփոխման դանդաղ տեմպերը։ Ի դեպ, նույնպիսի պատճառաբանություն է ընկած BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, ՀԱՀ) երկրների կողմից ստեղծվող զարգացման նոր բանկի հիմքում։ Այսպես, BRICS տնտեսական միավորման երկրները ստեղծել են պահուստային արժույթների բանկ և միավորումներ` ձգտելով հասնել ավելի մեծ անկախության։ BRICS-ի զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար և նախատեսված կլինի խմբի երկրների տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու համար։

Ակնհայտ է, որ չինական իշխանությունները դժգոհ են Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումից, որոնք անտեսում են զարգացող երկրների շահերը։ Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխությունը ևս կարող է երկար տարիներ ձգձգվել, եթե ԱՄՆ-ը հավանություն չտա դրան, բայց Չինաստանը չի ուզում սպասել, ուստի և ամեն ինչ իր ձեռքն է վերցրել։ Ինչպես նոյեմբերի 13-ին գրել են ԱՄՆ-ի ՌԾՈՒ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոցի ազգային անվտանգության խնդիրների ֆակուլտետի դոցենտ Նաազնին Բարման, ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի ավագ գիտաշխատող և փոխտնօրեն Իլայ Ռաթները և Կալիֆոռնիայի (Բերքլի) համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Վեբերը, Չինաստանը չի միանա ազատական կարգին կամ մարտահրավեր չի նետի նրան։ Նա այլընտրանքային կարգ կստեղծի։ «Վերընթաց տերությունները հետևողական ջանքեր են գործադրում զուգահեռ բազմակողմանի ճարտարապետության ստեղծման ուղղությամբ, որը կշրջանցի ազատական կարգը և, ամենայն հավանականությամբ, ամենահիմնարար կերպով կփոխի միջազգային քաղաքականությունն ու տնտեսությունը»։ Հատկանշական է, որ ամերիկացի այդ հեղինակներն իրենց հոդվածը վերնագրել են «Բարի գալուստ անարևմուտք աշխարհ»։ Չինաստանի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականությունը նպատակ ունի հնարավորինս ակտիվորեն աջակցելու նրա «ուծացմանը»,- նշում են այդ ամերիկացի փորձագետները,- բայց միաժամանակ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի սահմանափակելու վնասն այն դեպքում, եթե Պեկինն առճակատման ուղին ընտրի։ Ավելի քան քսան տարի այս տրամաբանությունն է ընկած Չինաստանի հետ հարաբերություններում ռիսկերի բաշխման ամերիկյան ռազմավարության հիմքում։ Դրանք ցույց են տալիս, «որ նման գիտական տեսությունները վտանգավորության աստիճանի թերարժեք են, և որ դրա հետևանքով առաջացող մտահայեցողական քարտեզը ճիշտ չէ։ Մենք փաստարկներ ենք բերել այն մասին, որ վերընթաց տերությունները, մասնավորապես Չինաստանը, ավելի շուտ, ո՛չ կհարմարվեն ԱՄՆ-ի գլխավորած աշխարհակարգին, ո՛չ էլ մարտահրավեր կնետեն նրան։ Պատճառն այն է, որ երկու տարբերակներն էլ ամենևին հրապուրիչ չեն։ Ինչո՞ւ պիտի չինական իշխանություններն ընդօրինակեն այն ազատական համակարգին, որը մեծ մասամբ հակասում է իրենց ներքին և արտաքին շահերին։ Չինաստանին նայել որպես անկյուն քշված երկրի, որը ստիպված լինի ընտրություն կատարել երկու սակավ հրապուրիչ տարբերակի միջև, նշանակում է չափազանց լուրջ ընկալել մի անկատար գիտական տեսություն, և որ է՛լ ավելի վատ է, սխալ մեկնաբանել վերընթաց տերությունների վարքագիծը։ Դուրս գալով նման սխալ ընտրության շրջանակներից, մենք նշեցինք, որ վերընթաց տերությունները սկսում են դրա փոխարեն կառուցել «անարևմուտք աշխարհ», գործելով ի շրջանցումն առկա աշխարհակարգի»։

Ամերիկացիների դուրսմղումը ոչ մի կասկած չի հարուցում. նման դինամիկայի վերջին ակնբախ օրինակը դարձավ նոր` Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, որի նպատակը լայնորեն հայտնի Բրետտոն-Վուդսի ավանդական ինստիտուտներին այլընտրանք ստեղծելն է։ Նման բանկի ստեղծման հղացումը Պեկինինն է, և, հավանաբար, այն երկար տարիներ կմնա Չինաստանի ամուր վերահսկողության ներքո։ Հնդկաստանն ու ևս 20 զարգացող երկրներ ստորագրել են այդ հղացումը, դառնալով ԵՆԱԲ-ի հիմնադիր անդամներ։ Բայց սա այսօր ծնունդ առնող բազմաթիվ ինստիտուտներից մեկն է միայն, որոնք գործում են ի շրջանցումն Արևմուտքի սահմանած կարգի և, ինչպես վկայում է վերջերս անցկացված այդ միտումների համակողմանի հետազոտությունը, «համալրում են գոյություն ունեցող ինստիտուտները կամ էլ գործում դրանց զուգահեռ, հազվադեպ ուղղակի մարտահրավեր նետելով այդ ինստիտուտներին»։ Այլ օրինակներ ևս կան. ասենք, քաղաքական կազմակերպությունները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), BRICS-ի մեխանիզմը, չինական «նոր մետաքսի ճանապարհի» տիպի զարգացման նախագծերը, տարբեր ոլորտներում (սկսած էներգետիկ հատվածից) սերտ համագործակցությունը Իրանի հետ և տնտեսական միավորումները, օրինակ, «Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությունը»։ Ցանկը կարելի է շարունակել։

Իսկ ահա նրանց խորհուրդն իրենց նախագահին. ԱՄՆ-ը կորցրել է թանկ ժամանակը և հիմա ստիպված է շատ արագ փոխել մտավոր արագությունները։ Ամենակարևոր առաջին քայլը պետք է դառնա հրաժարումը կեղծ երկճյուղ հայեցակարգից, համաձայն որի, Չինաստանի վերելքն անխուսափելիորեն կստիպի նրան կա՛մ միանալ գերիշխող համակարգին, դառնալով նրա պատասխանատու և շահագրգիռ մասնակիցը, կա՛մ ուղղակի մարտահրավեր նետել աշխարհակարգին, ինչը կարող է անգամ պատերազմի հանգեցնել առաջատար տերությունների միջև։ Բայց առաջին տասնամյակում քիչ հնարավորություն կա այդ ելքերից որևէ մեկի, և դրանց` որպես անընդհատ սպեկտրի երկու ծայրի, նկատմամբ հայացքը խանգարում է նկատել «անարևմուտք աշխարհի» ի հայտ գալը։ Ամերիկյան ռազմավարները ևս ստիպված են խոստովանել, որ այն ազատական աշխարհակարգը, որի պաշտպանության մասին շարունակ խոսում են ամերիկացիները, ավելի շուտ ցանկալին է, քան իրականությունը. «Մենք սա չենք ասում, որ նսեմացնենք բաց ու կանոնակարգված միջազգային համակարգի կառուցման կարևորությունը, այլ ցույց տանք, որ նման համակարգ, փաստորեն, գոյություն չունի նեղ աշխարհագրական և խիստ վիճելի ոլորտների սահմաններից դուրս»։ Մեկ անգամ ևս ընդգծենք. սա ո՛չ թե եվրոպացիների, ո՛չ թե հենց չինացիների կամ ռուսների գրածն է, այլ հենց վերոհիշյալ ամերիկյան փորձագետների կարծիքը։ Եվ տարօրինակ կլինի, եթե մեր հայրենական ընթերցողները չհասկանան Ն. Բարմայի, Ի. Ռաթների և Ս. Վեբերի մտահոգության աստիճանը։ Նրանք ճիշտ են. չէ՞ որ Չինաստանը Պեկինում ԵՆԱԲ-ի ստեղծումից բացի, առաջադրեց նաև հակընդդեմ նախաձեռնություն ԱԽՏՀ-ում ազատ առևտրի գոտու մասին, ինչը, ի դեպ, մյուս երկրների կողմից ընդունվեց շատ ավելի ջերմորեն, քան Բ. Օբամայի նախաձեռնությունը։

Բայց Չինաստանին սա էլ քիչ է. որպեսզի ոչ ոք չկասկածի առևտուրը դոլարազերծելու նրա մտադրության լրջությանը, նա նոյեմբերին արժութային համաձայնագիր ստորագրեց Կանադայի ու Կատարի հետ։ Այսպիսով, Կանադան դառնում է յուանի օֆշորային առաջին հանգույցը Հյուսիսային Ամերիկայում, իսկ առևտրի ծավալը Չինաստանի ու Կանադայի միջև կարող է մոտ ժամանակներս կրկնապատկվել և անգամ եռապատկվել, դրանով իսկ նվազեցնելով դոլարի անհրաժեշտությունը։ Բայց դա դեռ ամենավտանգավոր նորությունը չէ նավթադոլարի համար։ Չինաստանը նաև համաձայնագիր է կնքել Կատարի հետ` յուանի օգտագործմամբ երկու երկրների միջև արժութային ուղղակի սվոպների (արժույթի փոխանակություն` հաստատագրված փոխարժեքով) կազմակերպման մասին։ Այն փաստը, որ Չինաստանն այս կերպ սկսել է գործակցել նավթ արտահանող երկրների (OPEC) հետ, խոսում է այն մասին, որ նա խփում է նավթադոլարային համակարգի հենց սրտին։ ՈՒ վերջին հարվածներն ավելի ու ավելի հաճախ են հասցվում ու ավելի ուժեղ։ Ընդ որում, պարզվում է, որ, օրինակ, նույնիսկ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերն ինքն է նման շրջադարձ ցանկացել։ Չինաստանի ու Կանադայի միջև կնքված սվոպ-համաձայնագրի ծավալը 200 մլրդ յուան է։ Երկրների արժույթները կօգտագործվեն ոչ միայն առևտրում, այլև ներդրումներ կատարելիս։ Եվ դա այն բանից ընդամենը երկու շաբաթ անց, երբ Ասիայի առաջատար ֆինանսական կենտրոն Սինգապուրը դարձավ յուանի գլխավոր կենտրոնը տարածաշրջանում, քանի որ հաջողվեց ուղղակի փոխանակություն սահմանել սինգապուրյան դոլարի և յուանի միջև։ Յուանն արագորեն տարածվում է աշխարհով մեկ` որպես առևտրի, ներդրումների և անգամ խնայողության արժույթ։ Ինչ վերաբերում է Կատարին, ապա մի շարք փորձագետներ արդեն խոսում են հնարավոր «նավթադոլարային խուճապի» մասին։ Կատարը դարձավ չինական արժույթի առջև դռները բացած 24-րդ երկիրը, ինչը հիմք կդառնա Մերձավոր Արևելքում յուանի ապագայի համար։

Իսկ թե Չինաստանն ինչպես է ԱՄՆ-ին ստիպել զիջումների գնալ, կշարադրենք լրացուցիչ։ Աշխարհը փոխվում է, և ցավալի կլինի, եթե Հայաստանում ձևացնեն, թե այդ փոփոխությունները մեզ չեն վերաբերում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ