«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազատամարտի նոր մարտը

Ազատամարտի  նոր մարտը
03.10.2014 | 12:39

Երախտապարտ եմ աչքերիս մեջ ամբարած արծաթե տեսիլքների համար, սրտիս մեջ մխրճված բոլոր հույզերի համար, մսերիս մեջ թրթռացող և ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված սպիների ու հեքիաթային երազանքների համար։
Երախտապարտ եմ, օ՜ իմ երկիր, քո հասցրած ցավի ու վերքի համար։


Կոստան ԶԱՐՅԱՆ

«ԷՐԳՐՈՎ» ԴԵՊԻ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
(նավարկություն)
Այս նյութը երկխոսության փորձ է ազատամարտի վետերանների հետ։ Այս նյութը երգիծական շնչով է հունցվում, թխվում և սեղան հանվում, քանզի առողջ, լավատեսությամբ շաղախված և, անկասկած սրարշավ երգիծանքի քամիներն են փքում «Լճից լիճ Հայաստանում» նավարկող մեր առագաստանավերը։ (Ներկայացնում եմ մեր մեկ օրվա ապրուստը. մեկական շիշ հոնի օղի, ոչխարի պանիր ու բոքոն հաց)։
Հուռռա՜, նավարկում ենք մեր «Էրգիր» նավով։ Ի դեպ, «Էրգրից» պարզ երևում են Արարատն ու Աժդահակը, Նեմրութն ու Աղթամարը, նմանապես Բրաբիոն ծաղիկը, Վանա լիճն ու Տղմուտ գետը։
Մի խոսքով՝ նավարկում ենք Սևանա լճից դեպի Կարապի լիճ։

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԾՆԿԻ ՉԵՆ ԳԱԼԻՍ
(նավաբեկություն)
Դուք եք այս երկրի աղը, իմ պատվական եղբայրներ, դուք եք, և ոչ թե ձեզ նենգադավի մեջ խորասուզող, հազա՜ր ներողություն, տիկնիկավարները։ Սակայն եթե անկեղծ են ներկա քաղառաջնորդների մտքերը, և սրտերը բաբախում են ձեր սրտերի ազնվական տրոփյունին հարիր, ապա կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ և ձեր առաջնորդներին։ Սակայն և՛ ձեր, և՛ մեր ընթերցողների, նմանապես նաև իմ տառապանքը դառը փորձ ունի, նախընտրական շրջանում ընտրախավը (այս պարագայում՝ նախկին ազատամարտիկները, չնայած, ըստ իս, նախկին ազատամարտիկ չի լինում, մեկ անգամ զենքը հպել եք կրծքներիդ, և դա անբեկանելի է, այն ձեր պատվավոր խաչն է և մեր պատվարժան հպարտությունը) քաղկառույցների աչքի լույսն է, հետընտրական շրջափուլում նույնքան կարևոր է նրանց համար, որքան կարևոր է դարբնի համար քուրայի մուրը։ Այո, այսօր երկրում ճգնաժամ է նախ բարոյական, ապա միայն տնտեսական առումով։ Այսօր չկա պետությունը, առկա է միայն իշխանությունը, որը կարելվույն չափով հանրապետությունն ուղղորդում է դեպի, չէ, ոչ թե անդունդի պռունկը, ճահճի կենտրոնը կամ էլ թեկուզ կաշալոտի երախը, այլ մղում է դեպի ականապատ դաշտը, զի դժվար չէ պատկերացնել, դիցուք, 2-3 տարի անց ինչ կմնա երկրից, եթե Լիսկա Խաչատրյանը 3-րդ հանրապետության վարչապետը դառնա, Շմայս-Առաքելը ղեկավարի խորհրդարանը, իսկ մնացած հանգուցային պաշտոնները զբաղեցնեն լիսկայակերպերն ու շմայսատողադարձերը։ Մի՞թե դույզն-ինչ տարակուսանք կա, որ գործող իշխանությունները չափազանց խոհեմ և հեռատես են և կմնան իշխանության գլուխ արդեն տիկնիկավարների և բեմադրիչների դերում, պետությունն էլ կկառավարվի վերոնշյալ և բազմաթիվ այլ քաղաքատնտեսական բրածո-հանածոների ձեռքով, ավելի ստույգ՝ ոտքերով, որովայնով և, բանականությունից զատ, ամեն օրգանական բանով։ Մի խոսքով՝ ներկա պահը պատմական է, ձեզ էլ վիճակված է լրջագույն դերակատարում ունենալ այս ամենում։ Մի խոսքով՝ եկեք երկխոսենք և ազնվորեն խոստովանենք, որ դառնահամ այս խավիծը, որն այսօր մեզ է հրամցվում, մեր իսկ ձեռքով է եփվել։ Խավիծի ալյուրն ու յուղը մենք ենք հայթայթել, կրակն էլ ինքներս ենք վառել, սակայն շերեփը հանձնել ենք ոմանց ձեռքն ու ներկայացել անուշ-մեղուշ խավիծը վայելելու, սակայն մեզ բաժին հասավ շաքարազուրկ և յուղասպառ մի շփոթ, ինչից շփոթված ենք մինչ օրս։ Է, ետքը՞։
Տեսեք, ազատամարտի խրամատներում համազոր մարտի մեջ էիք, առջևում հազարամյա ոսոխն էր, թիկունքում՝ հայոց ոստաններն ու այգեստանները։ 50։50 հարաբերությամբ էին կիսվում հանապազօրյա հացն ու հոգեշահ ծխախոտը։ Եվ հաղթեցինք։ Սակայն սկսվել էր մի այլ պատերազմ, ու դրան մենք անպատրաստ էինք և առանց պայքարի հանձնեցինք դիրքերը։ Դա պատերազմ էր սոցիալական դաշտում։ Եվ այստեղ հաղթողները (ձեզ քաջ հայտնի մականունակիր և լամպասազօծ գլադիատորները) սոցիալական լեռան գագաթին էին, դուք էլ՝ ստորոտում։ Հանրածանոթ, անգամ ձանձրալի բանե՞ր եմ հիշում։ Հարկավ։ Սակայն չէ՞ որ աղն է ուտում մատաղը, չէ՞ որ այսօր ընդդիմությունը մի կողմից, իշխանությունն էլ իր թևերից ձեզ թովում է և դավում է։ Այո, եղբայրներ իմ պատվարժան, քաղաքական վերնակույտը (որը բավականին գունեղ կառուցվածք ունի և, անկեղծ ասած, մի քիչ հիշեցնում է շահմար օձի հնամաշ կաշի) բաղկացած է ՀՀԿ-ից՝ մեկ, ոչիշխանական եռյակ-ընդդիմությունից՝ երկու, երկրի կառավարությունից էլ` երեք։ Այսինքն՝ ձեզ ազատ շոյելու են, նաև գուցե զինելու են, հետո հակադրեն միմյանց։ Հետո էլ միաբանեն ձեզ և հարկադրեն արդեն հակադրվել ժողովրդին և հանրապետությանը հանուն «վերնակույտային ժողովրդավարության»։ Դուք, ներող եղեք, սակայն մահացու, աղետալի և ամոթալի սխալ թույլ տվեցիք քսան տարի առաջ, երբ 50։50 հարաբերությամբ կիսվող հանապազօրյա հացն ու հոգեշահ ծխախոտը փոխվեցին 1։99 հարաբերության։ Առաջինը դուք էիք, 99-ը՝ նրանք՝ Լեդին, Շմայսը, Մանվելը և շատ «այլերը»։
Դուք վրիպեցիք, ես էլ` ձեզ հետ։

Ի՞նչ է մնում մեզ այսօր անելու։ Նախ՝ խաղաղվել հոգով և թշնամիներ չփնտրել երկրի սահմաններում։ Զի գլխավոր թշնամիները սահմանից դուրս են, նրանք են, ովքեր մեզ վարկավորում են և վարկաբեկում։ Եվ դաժան մի իրողության առջև ենք կանգնում. հաղթանակած երկրի իշխանության և ժողովրդի միջև անդունդ է գոյացել ու ոչ մի կերպ չի լցվում։ Այս մասին պիտի մտածել, մտածել խոր և համակողմանի, ուս ուսի և խիղճ խղճի։

Հետո կգա ամենավսեմ և պատասխանատու պահը. մենք պիտի նոր խորհրդարան ընտրենք, որը կձևավորի ազգային մեր կառավարությունը։ Առաջարկս այսպիսին է։ Խորհրդարանը պիտի նստավայրվի համեստ մի շենքում, պիտի ունենա 25 անդամ, և յուրաքանչյուրի աշխատավարձը հավասարվի մանկամսուրի դայակի աշխատավարձին։ Հասկանալի է, որ երկրի բարգավաճմանը զուգընթաց կբարձրանան ազգային երեսփոխանաց աշխատավարձերը, զուգահեռվելով դայակների և տրոլեյբուսի վարորդների աշխատավարձերին։ Մի խոսքով, առաջ չընկնենք, 5 մանդատի տիրոջ կներկայացնի ազատամարտիկների դաշինքը, մեկական՝ ստեղծագործական միությունները, այստեղ կլինեն Մանուչարյան Աշոտը, Խաչատրյան Վահագնը, Իսագուլյան Գառնիկը, դարձյալ մի քանիսը, ովքեր պետական պաշտոն ունենալով չեն կեղեքել երկիրն ու չեն անարգել ժողովրդին։ Հետո մի գիշերվա մեջ կվերանան մենաշնորհները, ու օֆշորի փողերը կհամալրեն ՀՀ պետական բյուջեն, աճուրդի կդրվեն վերնակույտի անշարժ և շարժական գույքն ու կայքը, և կկայանա չորրորդ ազգային-պետական հանրապետությունը։ Մի կողմնորոշիչ չափանիշով պիտի ընտրվեն-նշանակվեն գալիք խորհրդարանի և կառավարության անդամները՝ ովքեր չեն եղել որևէ կուսակցական վերնախավում, չեն քծնել և չեն ծնկել, վարկեր և դրամաշնորհներ չեն յուրացրել և այլն։

ՄԱ՛Հ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
(նավահանգստում)
Անշուշտ, դուք էլ, ես էլ երախտապարտ ենք մեր երկրի՝ մեզ հասցրած ցավի ու վերքի համար։ Եվ պիտի փոխադարձենք երկրաշեն գործերով, զի երկրից ոչ նեղանում են, ոչ էլ հեռանում։ Նաև հիշենք, թե Վաթեռլոոյի ճակատամարտում Նապոլեոնի հին գվարդիան ինչ պատասխանեց անձնատուր լինելու առաջարկին. «Գվարդիան մեռնում է, ծնկի չի գալիս»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ