ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դիմակները հանեք միայն հայելու առաջ

Դիմակները հանեք միայն հայելու առաջ
29.11.2013 | 00:42

Դիմակահանդեսն ավարտված է, այլևս կարող եք հանել դիմակները: Վիլնյուսյան գագաթնաժողովը, որ ամռանը խոստանում էր լինել Արևելյան հարևանության քաղաքականության հաղթահանդես, աշնան վերջին դարձավ լավագույն մտադրությունների անհնարինության և վատագույն հնարավորությունների գերակայության արձանագրություն: Դիմակահանդեսն ավարտված է, դիմակները կարելի է հանել, բայց միայն հայելու առաջ:

Արդեն ժամանակն է էժանագին քարոզչական տեխնոլոգիաներից մտածված տեղեկատվական քաղաքականության անցնելու: Ի վերջո, որքա՞ն կարելի է քարկոծել, այպանել ու նզովել համայն աշխարհի միասեռականներին, որ ներկայանում են Եվրոպայի դեմքով` նրանց համարելով հայ ժողովրդի գոյության դեմ ամենամեծ սպառնալիքը: Որքա՞ն կարելի է Եվրոպան ներկայացնել իբրև նորօրյա Սոդոմ ու Գոմոր, որից պետք է փախչել միայն ու միայն դեպի Ռուսաստան: Այս ամենը իրապես ծիծաղելի լինելով` այդպես էլ կմնար, եթե պաշտոնական քարոզչության թեթև ձեռքով չդառնար իրական խնդիրներից ուշադրություն շեղելու պաշտոնական միջոց: Միասեռականությունը ոչ Եվրոպայի, ոչ Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ: Հայ բազմադարյան ավանդույթները իրենք իրենց խարխլվում են հայ ընտանիքների ավանդական արժեքների խարխլման հետ և միասեռականներին վերագրել այդ խարխլումը` նշանակում է խոստովանել սեփական անզորությունը և խնդիրը լուծելու անկարողությունը: Այսօր թիվ մեկ մարտահրավերը արտագաղթն է, որ բազում խնդիրների հետևանք է և խրախուսվում է պետականորեն: Տարբեր պատճառներով: Առաջին հերթին` տրանսֆերտների, որոնց հաշվին ապրում է բնակչության մեծամասնությունը, առանց որոնց աղքատության մակարդակը տասնյակ նիշով իջնելու է: Բացի այդ` արտագաղթում են աշխատաշուկայում մրցունակները, որ ֆիզիկական կամ մտավոր կարողությունների հաշվին կարող են աշխատանք գտնել: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում օբյեկտիվորեն պակասում են բողոքելու և իրենց պահանջները հրապարակներում ներկայացնելու ունակ մարդիկ: Ո՞ր իշխանությունը քայլեր կձեռնարկի նրանց վերադարձնելու: Սա արտագաղթի «դրական» կողմն է իշխանության համար: Իսկ արտագաղթի իրական կողմը ոչ միայն ժողովրդագրական սպառնալից վիճակն է, այլև տնտեսական: Հայաստանում օրեցօր պակասում է սպառումը: Ի՞նչ կարող են գնել տրանսֆերտով ապրող մարդիկ: Նրանք առաջին հերթին ապահովում են սպառողական նվազագույն զամբյուղը (խիստ նվազեցված տարբերակով), կատարում են կոմունալ վճարումները, առավելագույն ծախսերն ուղղվում են առողջապահությանը և կրթությանը: Բոլոր մյուս գնումները կատարվում են կարի անհրաժեշտության դեպքում միայն: Գնողունակության այսպիսի պատկերով երկրում ո՞վ պիտի ներդրումներ անի: Ո՞ր ոլորտներում այդ ներդրումները կապահովեն վերադարձելիություն: Քանի՞ տարում: Ընդհանրապես: Հայաստանը ներդրումների համար կարող է ապահովել լավագույն օրենսդրական դաշտ` 15 րոպեում կարելի է բիզնես գրանցել, բայց աշխատեցնելը նույնքան անհնար է: Հարկերը, ստվերային գործընթացները հարկային դաշտում, անբարեխիղճ մրցակցությունը, բնակչության գնողունակության անկումը այդ բիզնեսը դարձնում են անիմաստ:

Պետությունը միայն հռչակում է բիզնեսին իր աջակցության հանձնառությունը, իրականում ամենատարբեր մեթոդներով բնակչությունից քամվում են շրջանառվող դրամական միջոցները: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հարկերից բացի, վճարում է տույժերի ու տուգանքների` հարկերին հավասար ու գերազանցող գումարներ, որոնք չեն գնում պետական գանձարան: Արդարության ընկալումը խիստ տարբեր է պետական կառավարման համակարգում և հասարակության մեջ: Անվտանգ երթևեկության ապահովման նպատակով տեղադրված տեսախցիկները ճանապարհային երթևեկությունն անվտանգ չեն դարձնում` սա վիճակագրության արձանագրած փաստ է: Փոխարենն առաջանում է կողոպտվող վարորդների ստվար զանգված, նրանք ճանապարհային երթևեկության կանոնները չեն կարող չխախտել հենց երթևեկության պայմաններից ելնելով: 5-70000 տուգանքների համակարգը տարբեր իրավախախտումների դիմաց այն խարազանն է, որ ծառայում է ոչ թե հայտարարված նպատակին, այլ ընդամենը աղքատության խորացմանը: Պարադոքսալ է, բայց Հայաստանում փող կա, չկա փողը աշխատեցնելու հնարավորություն: Տնտեսության դիվերսիֆիկացիայի չլուծված խնդիրը հարվածում է յուրաքանչյուրին` օլիգարխից գործազուրկ:
Այս պայմաններում Մաքսային միության կամ Եվրամիության ներդրումները դառնում են ու դառնալու են կոռուպցիոն մակարդակը սնուցող փողեր: Սա օբյեկտիվ վիճակ է, քանի դեռ չի փոխվել տնտեսության կառուցվածքը: Իսկ կատարվող վիթխարի աշխատանքի պատկերը կոչված են ստեղծել լրատվամիջոցները` որքան ցածր մակարդակով, այնքան գնահատելի: Ցանկացած պաշտոնյա ինչ ասի-չասի, ամենամտահոգ դեմքով ասում է, որ շատ անելիքներ կան: Բոլոր ոլորտներում: Որևէ մեկը չի ասում, թե գոնե մեկ ոլորտում ի՞նչ է արվելու: Ինչո՞ւ է արվելու: Ի՞նչ արդյունք է տալու: Երկրի շահի մասին մտածելու առանձնաշնորհը տրված է բարձրագույն պաշտոնյաներին, նրանք էլ անվերջ հոլովում են այդ շահի պաշտպանության գաղափարը` առանց գոնե ակնարկելու, թե որն է այդ շահը: Այս մթնոլորտում (գաղջ մթնոլորտում) պետք են թշնամիներ, որոնց մեղքով բոլորը վատ են ապրում: Եվ` հմտորեն հասարակությանն են հրամցվում տարատեսակ դավադրություններ, ենթատեքստեր, որոգայթներ, որոնց մեջ չգայթելը բացառիկ խելամտության նշան է, իսկ գայթելը` ճակատագիր: Առանձին թեմա են դրսից ֆինանսավորվող ուժերը, որոնք բացարձակ թշնամիներ են, որոնց միակ նպատակը Հայաստանի կործանումն է, իսկ նրանց դեմ միակ վահանը` Ռուսաստանը: Հատկապես վերջերս, երբ Ռուսաստանին մի կերպ հաջողվեց Հայաստանին հետ պահել եվրոպական անդունդը գլորվելու գայթակղությունից, որտեղից արդեն փրկություն չկար: Մտածողության վակուումն է այն դավադրությունը, որին ազգովին տրվելով` իսկապես անդունդ ենք մղվում համարյա վազքով: Պաշտոնական քաղտեխնոլոգիաներին հասարակության ընդհանրական միտքը տրվում է ինքնամոռաց հրճվանքով` լրատվամիջոցներից ֆեյսբուքյան քննարկումներ, տիրաժավորելով քաղաքական-սոցիալական-տնտեսական կենսական խնդիրներից շեղելու համար հնարված կեղծ գաղափարները: Սա բուն հայկական հնարանք չէ, կիրառվում է ամբողջ աշխարհում, բայց աշխարհի ցանկացած երկրում հասարակության միայն որոշակի մասն է տրվում այդ գայթակղությանը: Խիստ որոշակի մասը` 20-30 տոկոսն ընդամենը: Հայաստանում` գոնե 20-30 տոկոսը գիտակցո՞ւմ է, որ իրեն շեղում են բուն խնդրից: Մենք հաղթահարել ենք ֆինանսատնտեսական ճգնաժամը, բայց դա բոլորովին չի դրսևորվում մեր կենսամակարդակում: Սա ևս մի աբսուրդ է, որ արտահայտում է իրավագիտակցության մակարդակը: Տևական ժամանակ հասարակության ուշադրությունը միասեռականների հետ համահավասար զբաղեցրեց գենդերային բանդագուշանքը: Շատ հմուտ, շատ համառ, շատ մտահոգ` սեռերի իրահավասարության գաղափարը վերածվեց սեռական այլասերվածություն պարտադրող օրենքի, որի մեղավորը, հարկավ, նույնքան ու ավելի այլասերված Եվրոպան է, որ չի քնում, չի արթնանում, չի ուտում, չի խմում` մտածում է Հայաստանին վերացնել: Գրվեցին տասնյակ լուրջ, ծանրակշիռ հոդվածներ, որոնք ունեն միայն ու միայն մեկ վերնագիր` մառազմ: Հմտորեն մոլորեցնող մառազմ, որի հեղինակներն առնվազն անգրագետ են, պարտադիր` գրամոլ, որ իրենց պարտքն են համարում անվերջ գրել ամեն ինչի մասին, վերջապես` զրպարտիչ: Իսկ ի՞նչ արեց հասարակությունը: Ընդունե՞ց այդ վարձավճարված աղբը, թե՞ հասարակությունը վաղուց անտի խորապես անտարբեր է իրեն որպես թիվ մեկ խնդիր մատուցվող ստերի հանդեպ` ինչ տեսք էլ ունենան: Երկու դեպքն էլ տխուր է: Առաջինը նշանակում է սխալվել կոնկրետ դեպքում, երկրորդը` սխալ լինել ընդհանրապես: Իսկ ի՞նչ անի հասարակությունը չսխալվելու համար, երբ հերթով փլուզում են բոլոր գաղափարները, երբ հակաքարոզչությունը նախորդում ու հաջորդում է քարոզչությանը, որի հիմքում ոչ մի դրական ազդակ հասարակությանը չի ուղղվում:
Արժեհամակարգը: Նորից ու նորից մեր տարտղնված, ջարդուխուրդ, խեղված-աղավաղված արժեհամակարգը դառնում է ողնասյուն, որի վրա պետք է հավաքել իրական արժեքների ողերը, եթե հաջողվի կեղծ արժեքներով պատված ողերից ազատվել ու վերջապես ողնաշար ձևավորել: Երբ ասում են, որ տնտեսական կառույցները քաղաքական խնդիրներ չունեն, ականապատում են այն դաշտը, որտեղ հայտարարել են, թե ռեկորդային բերք է աճելու: Չի կարող որևէ կառույց առանց գաղափարախոսության կայանալ` մաքսային տարածք լինի, անմաքս, եվրասիական, եվրոպական, ասիական, թե մարսյան: Չի կարող, ու` վերջ: Եվ դա հասկանալու համար պետք չէ հասկանալ, թե եվրոպացի միասեռականն ավելի վատն է ռուս միասեռականից, ռուս թմրամոլը ավելի լավն է եվրոպացի թմրամոլից, ու ընդհանրապես մեր հասարակությունը վստահում է բարի Ռուսաստանին, իսկ նենգ Եվրոպան մեզ խաբում էր և հենց այս երկու պարզ գաղափարներն են այն աշխարհի սկիզբը, որ մենք հայկական աշխարհ ենք անվանում 21-րդ դարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Դիմակահանդեսն ավարտված է, այլևս կարող եք հանել դիմակները: Նոր դիմակներ դնելու ժամանակն է: Վիլնյուսյան գագաթնաժողովը կարող էր Հայաստանի առաջ բացել նոր ճանապարհ: Մենք պատրաստ չեղանք: Հայաստանի առաջ նոր ճանապարհ կարող է բացել Մաքսային միությունը: Մենք դրան էլ պատրաստ չենք:
Դիմակահանդեսն ավարտված է, դիմակները կարելի է հանել, բայց միայն հայելու առաջ, որովհետև մենք արդեն դիմակների բազմազանության մեջ կորցրել ենք մեր դեմքը և պատրաստ չենք տեսնել այն պատկերը, որ անտարբեր հայելին արտացոլելու է: Վիլնյուսյան որևէ ստորագրված կամ չստորագրված փաստաթուղթ մեր ճակատագիրը չի որոշում, մեր ճակատագիրը որոշում է ժամանակը, որ կանգ չի առնելու Վիլնյուսում: Իսկ մենք պատրա՞ստ ենք նրա ընթացքին:

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ