ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ձրի լիկբեզ

Ձրի լիկբեզ
19.11.2013 | 00:51

Հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը շատ թեժ են ստացվում: Մի կողմում Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումն է` վիլնյուսյան գագաթնաժողովի ֆոնին, մյուս կողմում` ներքաղաքական «հեղափոխություններն» են. Գայ Ֆոքսն իր դիմակները փոխանցել է «կուտակային համակարգին»:
Սկսենք «կուտակայինից»: Կենսաթոշակի ապահովման այս ձևի տնտեսական-օրենսդրական գործոնները թողնենք մի կողմ, զի օրենքի նկատմամբ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության, առավել ստույգ` ռուսական բուռն «հետաքրքրությունը» ոչ մի կապ չունի տնտեսական գործոնի հետ և պայմանավորված է բացառապես քաղաքական բաղկացուցիչով: Նպատակը նույնն է` ցանկացած գնով, ցանկացած «բանից» հեղափոխական իրավիճակ ստեղծել, որ «հարկավոր» պահին նույն այդ իրադրությունը ծառայի այն նախագծողների շահերին:
Նկատելի է` մասսայական «հեղափոխական իրադրություն» Հայաստանում վերջին շրջանում շատ դժվար է «ստեղծվում», ուստի մոդերատորները մի քանի օջախ են վառ պահում. քաղաքապետարանի մոտ` տրանսպորտի սակագնի հարցով, ազատամարտիկները` Ազատության հրապարակում, Շանթը՝ Գայ Ֆոքսի «մոտ», հիմա էլ` «կուտակայինը»: Սա էր նաև պատճառը, որ իշխանությունները գիշերը քնեցին, առավոտն ասին` ոչ մի «կուտակային», ոչ մի վերանայում: Ասել է, մոդերատորներին հասկացրին` թույլ չենք տա՝ մի կողմից` քննարկում, մյուս կողմից էլ` Հեֆեռնից «գովված» Զորավարն ու իր ոստիկանական գումարտակները հարկավոր դեպքում կկանխեն «հեղափոխական իրավիճակը», որ այն լայն ու անվերահսկելի թափ չհավաքի:
Հարցնում եք` ի՞նչ հաշիվ է: Ի՞նչ է ուզում Ռուսիան: Նույնը: Թույլ չտալ Հայաստանին որևէ ինքնուրույն քայլ` Ալիև-Սարգսյան սպասվող հանդիպման, վիլնյուսյան գագաթնաժողովի «պահերով», զի հայոց ինքնության «ինչ-որ» մի բաժին, ինչպես «սեպագրել» է ՀՀ-ում ՌԴ հարգարժան դեսպան Ի. Վոլինկինը, արդեն չկա` «զիջված» է: Իմա` ՄՄ-ում Ռուսաստանի տրամադրության տակ է, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գործ ունենալ Հայաստանի հետ, Ռուսաստանի հետ պետք է «բազարվեն»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան «ֆրոնտում» տեղի ունենալիք զարգացումներին` նախագահների սպասվող հանդիպմանը, ապա հակամարտող կողմերը հանդիպումից առաջ «սեփական մկանները» ցուցադրեցին. Ադրբեջանի քյորփա-Ալիևը գնաց «պապայենց» տուն` Թուրքիա, Սերժ Սարգսյանն էլ իրենց տուն` Ղարաբաղ՝ զորավարժությունների։ Նույն Ադրբեջանը ռմբակոծեց Տավուշի ճանապարհները՝ ցուցանելու, իբր ինքը շատ ջղային տղա է ու, բանակցությունների գնալուց թե՛ առաջ, թե՛ հետո, կրակում է… խաղաղ քաղաքացիների վրա: Իմա` ինքն ունի իր «հատուկ» մոտեցումները խնդրին, ու համանախագահների մտքով հանկարծ չանցնի իրեն ինչ-որ բան պարտադրել, ինքը կարող է մի տասը առաջարկ էլ էս անգամ անել, ինչպես արեց Կազանում` տասը նոր կետ դնելով սեղանին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Ալիևն այդ հանդիպման ժամանակ պահանջելու է ճանապարհային քարտեզ՝ ժամով-պատարագով հանդերձ, որ շրջանը երբ են «ազատելու» հայերը, ինչպես: Հայերն էլ, ի դեմս Սերժ Սարգսյանի, ասելու են` հարց չկա, Փոքրիկս, բանակցեք Ղարաբաղի հետ, տեսեք՝ ինչ են ասում, ումով են ասում, երբ են ասում. սա է բանալին:
Նստել Ղարաբաղի հետ բանակցությունների նշանակում է լեգիտիմացնել Ղարաբաղը որպես առանձին միավոր: Մեղմ ասած` ճանաչել նրա անկախությունը:
Իսկ ինչու ո՞չ: Ինչո՞ւ չսկսել Ղարաբաղի ճանաչումը հենց Ադրբեջանից:
Սա, ի դեպ, համարենք ձրի լիկբեզ «գոսպոդին» Վ. Կովալենկոյի համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ