ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի ԴիջիԹեք ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի ԴիջիԹեք ցուցահանդեսը
02.10.2013 | 13:05

Հոկտեմբերի 2-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք էքսպո 2013`ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի կազմակերպիչ), «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՖԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պլատինե հովանավոր), «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի պաշտոնական հովանավոր), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը («ԴիջիԹեք Էքսպո 2013»-ի աջակից)։

Բանախոսները տեղեկացրին, որ «ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին կմասնակցեն կանադական, սինգապուրյան, ռուսական, ամերիկյան և տեղական 120 կազմակերպություններ: Ակնկալվում է, որ 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը կունենա ավելի քան 25000 այցելու` 2012 թվականի 24000-ի փոխարեն:

Ցուցահանդեսն այս տարի կներկայանա առավել մեծ ծավալներով և նոր ձևաչափով: Առաջին հարկում կներկայացվեն ինժեներական լուծումներ, երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, երրորդ հարկում կտեղակայվեն նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, և գործարար հանդիպումների սրահը:

«ԴիջիԹեք-ն ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է: Այս սպասված միջոցառում է և կարելի է ասել՝ տոն է տեխնոլոգիական հայության համար: ԴիջիԹեքի միջոցով մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա հեռանկար և իրենց ապագան կապում են սեփական երկրի հետ։ Սա ռազմավարական առումով ԴիջիԹեք-ի ամենակարևոր գործառույթն է», - նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս ցուցահանդեսը կարևոր դեր է խաղում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի նորարարության և նորագույն տեխնոլոգիական լուծումների ներկայացման և հանրության իրազեկման բարձրացման գործում: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները և գործարար կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: Այս տարի ծրագրի աջակցության շնորհիվ կգործի հատուկ տարածք բիզնեսը-բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների համար, որտեղ մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան կազմակերպելու հանդիպումներ իրենց գործընկերների հետ»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:

«Նման միջոցառումները ոչ միայն հնարավորություն են ընձեռում ներկայացնելու ոլորտի ընկերությունների ձեռքբերումները, այլև ցուցադրելու և խոսելու հեռանկարային զարգացումների մասին: «DigiTec Expo 2013»–ն, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս հյուրընկալել է լավագույն ընկերություններին, և համոզված եմ այս միջոցառումը հերթական խթանը կհանդիսանա Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների էլ ավելի ակտիվ զարգացման համար»,- նշեց GNC-Alfa ՖԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը մասշտաբային և վառ իրադարձություն է: Այն համախմբում է իշխանության, բիզնեսի և գիտության ներկայացուցիչներին, ՏՏ ոլորտի հայկական և Հայաստանում գործող արտասահմանյան առաջատար ընկերություններին: Կարևորելով ցուցահանդեսի նշանակությունը՝ «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերությունն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ համոզված լինելով, որ «Դիջիթեք» ցուցահանդեսների անցկացումը դառնում է գործնական հուսալի միջոց բոլոր մասնակիցների ջանքերը համակարգելու համար՝ ՏՏ ոլորտի արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով»,- նշեց «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը:

DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ