Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ

ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը  կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ
23.05.2024 | 15:43

Վերջին ներքաղաքական իրադարձությունները Վրաստանում փոխել են տարածաշրջանի գեոպոլիտիկ քարտեզը: Ինչպիսին էր այն ոչ վաղ անցյալում: 2003 թ. Վարդերի հեղափոխությունից հետո, Սաակաշվիլիի կառավարությունը երկիրը պոկեց ռուսական ազդեցության գոտուց և որդեգրեց արևմտյան տնտեսական և ռազմա-քաղաքական կառույցներում ինտեգրվելու հաստատուն քաղաքականություն: Շատ լուրջ ռեֆորմներ իրականացվեցին Վրաստանը արևմտյան մոդելի պետության վերածելու ուղղությամբ: Արդյունքում երկրը ստացավ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Հեղինակազրկված Սաակաշվիլին պարտվեց 2012թ. և իշխանությունից զրկվեց, սկսվեց հակառակ գործընթացը, որը գլխավորում էր ստվերային ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին: Աստիճանական հեռացումը արևմտյան կողմնորոշումից իր գագաթնակետին հասավ 2022 թ. ուկրաինական ճգնաժամի ժամանակ: Վրաստանը, հակադրվելով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումներին, չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Իսկ այս ամիս Վրաստանի խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը կարծես թե ավարտին է հասցրել Արևմուտքից հեռանալու տասը տարի շարունակվող դրեյֆը: Ստացվում է Հարավային Կովկասի հետևյալ քաղաքական քարտեզը: Ադրբեջանը, պաշտոնապես իրեն դիրքավորելով որպես չեզոք և չմիացած երկիր, իրականում բոլոր առումներով սերտ ինտեգրացման մեջ է Թուրքիայի հետ և թուրքական ազդեցության տակ գտնվող երկիր է՝ մեկ ազգ-երկու պետություն հայեցակարգով: Վրաստանի կարգավիճակը արդեն պարզվում է, մնում է Հայաստանը, որի համար պայքարը կարող է մոտ ապագայում ավելի սրվել: Վրաստանը կորցնելուց հետո, հասկանալի է, որ Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի է աճելու: ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունն անշուշտ կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ: Ստացվում է, որ Փաշինյան-Բագրատ Սրբազան դիմակայությունն ունի տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության նոր դասավորվածության հաստատման նշանակություն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ