ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ
09.12.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընկերս ուշանում էր: Վերջապես թեթևակի կաղալով մոտեցավ ինձ:
-Ինչո՞ւ ես կաղում:
-Ոտքս ոլորեցի,- կռացած ծունկը շփելով` ասաց նա։
-Հաշվի չես առնում տարիքդ, զգույշ եղիր,- փորձեցի կատակել` անտեսելով նրա ցավը:
-Քեզ մի բան եմ պատմելու, վրաս չծիծաղես,- մեջքն ուղղեց ընկերս:
-Աստվածաբանական ֆակուլտետի առաջարկն ընդունեցի՞ր:
-Իհարկե` ոչ, ես նմա՞ն եմ այն խրտվիլակներին, որոնք երեկ չէ առաջին օրը, փրփուրը բերաններին, ժխտում էին Աստծո գոյությունը, այսօր մոլի հավատացյալներ են դարձել: Իրենց իսկ բնութագրմամբ` կոմունիստ ծնվել էին, կոմունիստ էլ պիտի մեռնեին: Այսօր նույն ամբիոնից, նույն ոգևորությամբ և պաթոսով ապացուցում են, որ կյանքն Աստծով սկսվում է, նրանով էլ ավարտվում: Զզվանքս գալիս է դրանցից, իսկ դու մտոք ինձ արդեն այդ ամբիոնում ես պատկերացնում, նրանց կողքին, ձեռ ե՞ս առնում:
-Ես կատակեցի, գիտեմ, որ անկոտրում կոմունիստ ես, բայց ինձ ներիր, ես էլ քո գաղափարախոսությունը չեմ ընդունում: Կարո՞ղ ես մինչև սրճարան հասնել այդ ոտքով, երկու քայլի վրա է, այնտեղ կզրուցենք:
Մատուցողը բարևելիս հարգանքով արտաբերեց ընկերոջս ազգանունը և, պատվերն ընդունելով, անհետացավ բուֆետի հետնամասում:
-Նախկին ուսանողների՞ցդ էր, - հետաքրքրվեցի ես:
-Այո: Դժվար գտնես մի երկիր, որ իրեն նման շռայլություն թույլ տա` բարձրագույն կրթությամբ մատուցողներ ունենա: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս մղձավանջը երազ է, կարթնանամ և կվերջանա, - մտազբաղ պատասխանեց նա:
-Կապիտալիզմը մեղք չունի, որ մենք նրա շնացած տարբերակի մեջ ենք հայտնվել, ցանկացած ժողովուրդ էլ իր իշխանությանն է արժանի: Ավելի լավ կլինի, որ պատմես, թե ինչու վրադ պետք է ծիծաղեի:
-Փողոցում ճանապարհս մի սև կատու կտրեց, գիտես, որ ես նման բաների հավատացող մարդ չեմ, բայց դրանից անմիջապես հետո ոտքս ոլորեցի,- ծիծաղելով ասաց ընկերս:- Այսպես որ շարունակվի, սնահավատ կդառնամ:
-Ոչ, ամենևին էլ չեմ ծիծաղի: Միայն մի բան կարող եմ ասել, որ կենդանական աշխարհից մենք ոչինչ չգիտենք: Կենդանին մարդ արարածի վայրագ բնույթը չունի, եթե գիշատիչը սպանում է խոտակերին, ապա միայն քաղցը բավարարելու համար: Կենդանական աշխարհում միևնույն ընտանիքի կենդանիները միմյանց մսով չեն սնվում, և, ի տարբերություն մարդկանց, նրանք երբեք չեն սպանում միայն սպանելու համար:
-Համաձայն եմ, բայց ասում են, որ սև կատուն անհաջողություն է բերում, երբ ճանապարհդ հատում է: Երիցս ճիշտ էր Մարքսը, երբ ասում էր, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Այս կյանքը կարծես ինձ էլ է աստիճանաբար սնահավատության գիրկը մղում: Կներես, խոսքդ չավարտեցիր:
-Սասունցյանին` Էդուարդ Պարգևիչին ճանաչո՞ւմ ես:
-Իհարկե, մեր հանրապետության լավագույն տնօրեններից մեկն է, և ի՞նչ:
-Տարիներ առաջ կնոջս հետ գնացել էինք նրա հիսնամյակին: Բավականին շոգ օր էր, Սասունցյանն առաջարկեց սեղան նստել պարտեզում: Ամենքս մի բան վերցնելով` պարտեզ իջանք, և շուտով արդեն սեղանը ծառերի հովի տակ պատրաստ էր: Սասունցյանը, վերցնելով օղու շիշը, լցրեց մեր դիմաց դրված գինու բաժակները՝ առաջարկելով իր հիսնամյակը մեծ բաժակներով շնորհավորել։
-Կես դարը թևակոխել եմ, խնդրում եմ այսպես նշենք:
-Եվ քանի՞ տեղ բաժանեց օղու շիշը:
-Երեք տղամարդ էինք սեղանի շուրջը, մեզ հետ էր նաև Ստեփանյան Վիլենը:
-Խմեցի՞ք:
-Իհարկե, հարգելով տանտիրոջը, նրա ապրած կես դարը, մինչև վերջ պարպեցինք բաժակները: Մեծ բաժակներով օղին միանգամից տրամադրություններս բարձրացրեց: Սասունցյանը դատարկ օղու շիշը խոտերին դնելով, մեկ շիշ էլ պահանջեց: Նրա բարեկամուհու աղջիկը խորովածանոցի մոտից նման շշով օղի բերեց: Տանտերն այս շիշն էլ դատարկեց երեքիս բաժակների մեջ և խնդրեց, որ մեկ անգամ ևս մեծ բաժակներով խմենք, ասելով, թե հիսնամյակը մեկ անգամ է լինում, և հոբելյարներն իրենց ծննդյան օրը չգիտես ինչու տխուր են լինում: Առաջին բաժակն արդեն կիսով չափ ներգործել էր, և մենք չառարկեցինք: Բաժակները բարձրացնելով` իրար էինք զարկում, երբ խորովածանոցից մի սրտաճմլիկ ճիչ լսվեց: Այգում էինք նստած, և մեզ թվաց, թե օձ խայթեց աղջկան: Անմիջապես շտապեցինք օգնության: Մի սև կատու փաթաթվել էր օղի բերող աղջկա ոտքին և շան նման ատամները խրել ձկնամկանի մեջ: Բռնելով կատվի պարանոցից, սեղմեցի ծնոտը, որ ատամները մկանից դուրս հանի, և թաթիկներն անջատելով զոհի ոտքից` տարա և դարպասից դուրս թողեցի:
-Աղջկա ոտքը շա՞տ էր վնասել,- հարցրեց ընկերս:
-Այո, կծած տեղից արյուն էր հոսում, ճանկերն էլ իրենց հերթին էին ոտքը վնասել: Մեր կանայք մնացին, որ աղջկա վերքը ամոքեն, իսկ մենք վերադարձանք սեղանի մոտ: Սասունցյանը օղու բաժակը վերցնելով` առաջարկեց.
-Քյավառցիները նման պարագայում ասում են` փորձանքից կարոտով լինենք, եկեք խմենք, իրոք, փորձանքից կարոտով մնանք, առաջին անգամ եմ տեսնում, որ կատուն շան նման հարձակվի:
Մենք էլ նրա հետ կրկնեցինք «փորձանքից կարոտովը», և բաժակներն արդեն զնգում էին իրար մոտենալով, երբ խորովածանոցի մոտից կրկին լսվեց նույն սուր ճիչը:
-Կատո՞ւն է վերադարձել,- աչքերը կլորացրած հարցրեց ընկերս:
-Այո, մեր կանանց օղակից ներս թափանցելով, ատամները խրել էր խոտերի վրա նստած աղջկա մյուս ոտքի մեջ: Անմիջապես մոտեցանք։ Առաջին վերքի արյունը դեռ չէին հասցրել կանգնեցնել, երբ կատուն նորից էր հարձակվել։ Այս անգամ երկրորդի վրա։ Աղջկա երկու ոտքերն էլ շաղախված էին արյան մեջ: Կրկին կատվի ատամներից ազատեցի աղջկա ձկնամկանը, թաթիկները զգուշորեն պոկելով ոտքից:
-Քեզ է՞լ ճանկռոտեց:
-Ամենևին, հենց վզից բռնած բարձրացնում էի, անմիջապես թաթիկները կախում էր և հեզորեն մլավում: Սասունցյանն աթոռից վերցնելով ատրճանակս՝ ինձ մեկնեց, որ կատաղած կատվին գնդակահարեմ:
-Գնդակահարեցի՞ր:
-Ոչ, բայց զգուշացրի, որ էլ չգա, հակառակ դեպքում ստիպված կլինեմ կրակել:
-Այնքան հարբած էիր, որ արդեն կատվի հետ էի՞ր խոսում,- խորամանկ ժպիտը դեմքին հարցրեց ընկերս:
-Ի՞նչ ասեմ, եթե մատերիալիստ չլինեիր` կհասկանայիր, որ կենդանիները մեր խոսքն ընկալում են, պարզապես արտահայտվել չեն կարողանում: Մոտեցանք սեղանին, բաժակները բարձրացրինք, որ «փորձանքից կարոտովը» խմենք: Այդ ժամանակ Ստեփանյան Վիլենի կինը` Տանյան, ինձ մոտեցավ և խնդրեց բաժակիցս օղի լցնեմ ձեռքի անձեռոցիկների վրա, որպեսզի աղջկա ոտքերի վերքերը սրբի: Բաժակիս օղիով թրջեցի անձեռոցիկները, հաջորդ պահին լսելով Տանյայի ճիչը. «Վա՜յ մամա ջան, բաժակիդ մեջ ացետոն է»:
-Ացետոնն ինչպե՞ս է հայտնվել բաժակումդ,- վախեցած հարցրեց ընկերս:
-Սասունցյանի վարորդն էր գործարանից բերել ինչ-որ մեկի խնդրանքով, խորովածի փայտը ջարդելուց հետո այն մոռանալով, թողել էր բուխարու բազրիքին: Եվ երբ Սասունցյանն օղի պահանջեց, աղջիկը խորովածանոցում տեսնելով օղու շիշը, վերցրեց և բերեց դրեց մեր սեղանին:
-Փաստորեն, կատուն երեքիդ կյանքն էլ փրկել է:
-Միանշանակ, եթե խմեինք, չէինք փրկվի, դե գիտես, օղի խմելիս շունչդ պահում ես, և բնական է, որ չէինք զգալու, ինչ ենք խմում: Հետաքրքիրն այն է, որ ացետոնի մասին իմանալուց անմիջապես հետո կատուն վերադարձավ:
-Կրկին հարձակվե՞ց աղջկա վրա:
-Ոչ, պոչը վեր ցցած՝ հանգիստ անցավ սեղանի կողքով և կորավ վարդի թփերի արանքում: Նա իր գործն ավարտել էր: Այդ դեպքից հետո ես պարբերաբար հետաքրքրվում էի Սասունցյանից, թե նա մեր բարեկամ կատվին տեսնո՞ւմ է իրենց այգում։ Կատվին նա այլևս չէր տեսել:
-Սպասիր, փաստորեն, այդ սև կատուն իրենց կատուն չի եղել:
-Ոչ իրենցն էր, ոչ էլ հարևաններինը:
-Որքան հիշում եմ` սև կատվի հետ մի պատմություն էլ կար:
-Այո, դա հին պատմություն է:
-Կհիշեցնե՞ս,- ոտքի ցավը մոռացած՝ հետաքրքրվեց ընկերս:
-Մեր բակում մի սև կատու կար։ Երեխաներից այս խեղճ կենդանին փրկություն չուներ, տեսնելուն պես հալածում, քարերով ընկնում էին հետևից: Մի քանիսի ականջները կատվի առիթով քաշել էի:
-Հիշեցի, գաղտագողի ձեր տուն էր մտել և ձագեր էր ունեցել քո անկողնում: Լուսահոգի մայրդ պատմում էր, որ պտղաջրերն անկողինդ ապականել էին: Կենդանին հալածանքներից զգուշանալով, ամենաապահով տեղը քո անկողինն էր համարել, - հիշեց ընկերս:
-Կինս մորս պատմում է Սասունցյանենց տան կատվի պատմությունը, մայրս էլ ասում է, որ այն սև ծննդկան կատուն է եկել և փրկել որդուս կյանքը:
-Իսկապե՞ս այն կատուն էր:
-Ինչպե՞ս կարող էր այն կատուն լինել, առաջին դեպքից մոտ երեսուն տարի էր անցել, մայրս սիմվոլիկ էր ասել: Այնպես որ, սև կատուն դժբախտություն չի բերում, նույնիսկ հարկ եղած դեպքում կյանք է փրկում:
Բարձրագույն փիլիսոփայական կրթություն ստացած մատուցողը մեր սուրճը բերեց, և մենք ձեռնամուխ եղանք այն ըմպելուն: Ընկերոջս դեմքը պայծառացել էր, նա հաստատ արդեն սև կատվից չէր խորշում:

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ