38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մենք այսօր սարսափում ենք՝ մտածելով, թե ինչ է կատարվել եղեռնի ժամանակ, և չենք նկատում այն, ինչ կատարվում է այսօր»

«Մենք այսօր սարսափում ենք՝ մտածելով, թե ինչ է կատարվել եղեռնի ժամանակ, և չենք նկատում այն, ինչ կատարվում է այսօր»
06.02.2009 | 00:00

«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ` ՀՆՈՒՑ ԵԿՈՂ ԴԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՎԵԼ Է»
…և ոչ միայն մշակույթի մասին
ԵՊՀ պրոֆեսոր, մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ, գրող, դատական փորձագետ ԷԼԴԱ ԳՐԻՆԸ 2008 թվականին արժանացել է երկու ոսկե մեդալի՝ հոգեբանության և գրականության ոլորտներում ունեցած վաստակի համար: Առաջինը շնորհել է համալսարանը, երկրորդը՝ գրողների միությունը: Հոգեբանության թեմաներով մասնագիտական աշխատություններին զուգահեռ` գրում է պատմվածքներ, որոնք տպագրվում են ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն, չեխերեն, անգլերեն: Հրատարակման է պատրաստում նոր գիրք, մտադիր է գրել թատերգություն, որը կբեմադրի թոռնուհին՝ Լիլի Էլբակյանը: Էլդա Գրինի հետ զրույցը մեր հասարակության մեջ կատարված հոգեբանական տեղաշարժերի ծիրում է:
«ՄԵՆՔ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԾՈՒՅԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԻ ՍԵՐՈՒՆԴ»
-Տիկին Էլդա, իբրև մեր երկրում առկա կենսամակարդակի աճի ցուցանիշ՝ մատնացույց են արվում Երևանի փողոցներով սուրացող թանկարժեք մեքենաները, օր օրի ավելացող շքեղ առանձնատները, բազմաբնույթ խնջույքների առատ սեղանները: Այս ճչացող ճոխությունը որքանո՞վ է համադրելի աղետի գոտու տնակաբնակների, աղբամանները քչփորող ընչազուրկների, գոյատևման տարրական պայմաններ չապահովող թոշակների ու նպաստների, մտավորականների, մշակույթի աշխատողների ծիծաղելի աշխատավարձերի և այս կարգի այլ երևույթների հետ:
-Տեսակետները տարբեր են: Մեծահարուստները, օրինակ, չափանիշ են ընդունում իրենց միջավայրի մարդկանց, նրանց կուտակած խոշոր գումարները: Նրանց համար հանդուրժելի և ընդունելի է այդ տեսակետը: Իրենց համար դա սովորական բան է: Բայց վերցնել դա որպես համընդհանուր չափանիշ, առնվազն միամտություն է, որովհետև ասելով երկիր, ազգ՝ մենք նկատի ունենք բոլորին: Խտրականություն չպետք է դնել մարդկանց միջև՝ լինեն «բոմժ», թոշակառու, ուսուցիչ, թե բարձր պաշտոնյա: Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ ոմանք տեսնում են միայն աղբամանը քչփորող ծայրահեղ աղքատներին, անապահով մարդկանց, ու մոտեցման այս կտրուկ այլընտրանքը, իմ կարծիքով, նույնպես սխալ է: Երևի թե մեր կենսամակարդակի մեջ ինչ-որ դրական շարժ կա: Իհարկե, ես գիտեմ, որ շատերը պարտքով են մեքենա գնում, նույնիսկ եթե վարել չգիտեն: Դա ինքնահաստատման պես մի բան է նրանց համար: Կամ տաքսու նշան են դնում մեքենայի վրա ու օրվա հացը վաստակում այդ կերպ: ՈՒրեմն, այդ մեքենաները կենսամակարդակի բնութագրման չափանիշ չեն կարող լինել: Դրանք չեն ջերմացնում այն մարդկանց կյանքը, որոնք չգիտեն՝ այսօր ինչով կերակրեն իրենց երեխաներին և ինչով իրենք սնվեն: Իսկ դրական տեղաշարժն այն է, որ չնչին չափով ավելացել են թոշակները, ոմանց աշխատավարձերը, բայց դրա հետ մեկտեղ շատերը զրկվել են աշխատանքից: Բոլոր գործատուներին անհրաժեշտ են երիտասարդ աշխատողներ: Քառասուն-քառասունհինգ տարեկան առողջ տղամարդն այսօր չի կարող Հայաստանում աշխատանք գտնել: Փաստորեն, հայ տղամարդու՝ հնուց եկող դերն ընտանիքում խախտվել է: Տղամարդը միշտ եղել է ընտանիքի մեջքը, հիմքը, իսկ հիմա քիչ առ քիչ հետ է վարժվում աշխատելուց: Մենք մեծացնում ենք ծույլ տղամարդկանց մի սերունդ, և նրանք կարծում են, թե դա է ճիշտը, իրենք պետք է պառկեն բազմոցին, իսկ կանայք եզան պես աշխատեն: Մենք աճեցնում ենք տղամարդկանց մի ահռելի բանակ, որը մտածում է, որ կարելի է չաշխատել, չչարչարվել ու հանգիստ ապրել: Եթե մարդը չի աշխատում, խնդիրները պակասում են, նա ստիպված չի լինում մտնել հորիզոնական և ուղղահայաց բազմաթիվ հարաբերությունների մեջ, իր վրա վերցնել մի շարք պարտավորություններ, կարգապահության ու պատասխանատվության մասին մտածել: Առանց այս ամենի ապրելը շատ հեշտ է, և մեր տղամարդիկ արդեն յուրացրել են այդ գիտակցումը: Այսինքն՝ տղամարդը կորցրել է իր իսկական կերպարը:
-Աղբաման քչփորողներ կան ոչ միայն աղքատ, այլև զարգացած, բարեկեցիկ կյանքով ապրող երկրներում: Սա՞ ինչով բացատրել:
-Մենք 70 տարի ապրել ենք մի այնպիսի երկրում, որտեղ չենք տեսել «բոմժերի»: Քառասունական թվականներին, պատերազմից հետո, հատուկենտ մարդիկ էին գյուղերից գալիս ու քաղաքում հաց մուրում, բայց ոչ աղբաման քրքրում: Սովետական Միությունում ամեն ոք պետք է ապահովված լիներ աշխատանքով, իսկ երբ ամուսնանում էին, նաև բնակարանով: Մենք այդպես ենք դաստիարակվել, այդ պատճառով մեզ համար այսօրվա վիճակն անսովոր է: Իսկ արտասահմանում այդպես չի եղել: Այնտեղ միշտ էլ եղել է մարդկանց մի շերտ, որը չի աշխատել՝ տարբեր պատճառներով: ՈՒ այդ երկրներում նրանց համար ստեղծել են հատուկ պայմաններ՝ սնվելու, գոյատևելու համար: Մեզ համար դա զարհուրելի է: Հատկապես իմ սերնդի մարդիկ դա տարօրինակ են համարում: Մենք արտասահմանի հետ այնքան մեծ կապեր չունեինք, որ իմանայինք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեզ համար ճիշտն այն էր, որ յուրաքանչյուր մարդ պետք է աշխատեր և կարող էր աշխատել: Ընդ որում, ոչ միայն պետք է աշխատեր իր գրպանի համար, այլև հասարակությանն ինչ-որ ձևով ծառայելու, երկրի կյանքում ինչ-որ ներդրում անելու համար: Հիմա հոգեբանությունը փոխվել է: Մենք սահմանագծի վրա ենք. ո՛չ ամբողջովին կապիտալիստական հասարակարգի հոգեբանությունն ենք յուրացրել, ո՛չ էլ մոռացել ենք սովետականը: Ամեն դեպքում, կարծում եմ, դա կենսաձևի ընդունելի մոդել չէ, որ մարդկանց ինչ-որ զանգված չաշխատի ու գոյատևի՝ փորփրելով աղբարկղերը: Գորկուն համարում էին պրոլետար գրող, բայց նա սոսկ պրոլետար գրող չէր, մեծ մտածող էր: Ինձ համար լոզունգի նման է հնչում նրա խոսքը. «Մա՛րդ` հպարտ է հնչում»: Այսօր ի՞նչ հպարտություն: Ոտնահարված է մարդկային հպարտությունը, հատկապես տղամարդու հպարտությունը: Ափսոս են տղամարդիկ, մասնավորապես, հայ տղամարդիկ, որոնց գենոտիպը շատ բարձր եմ գնահատում: Եթե այդպիսի գենոտիպ չունենայինք, այսօր գոյություն չէինք ունենա որպես ազգ, բնաջնջված կլինեինք: Ես համարում եմ, որ մենք գոյատևել ենք, որովհետև մեր ընտանիքը կուռ է եղել և ամուր, մեր տղամարդիկ քաջ գիտակցել են տղամարդու իրենց դերը, կանայք էլ՝ կնոջ դերը: Դրա շնորհիվ ենք ճեղքել-անցել դարերն ու հասել այսօրվան:
«ՈՉՆՉԻ ՎՐԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԿԱՌՈՒՑԵԼ Ո՛Չ ԼԱՎ ԲԱՆ, Ո՛Չ ՎԱՏ»
-Որպես սփոփանք, թե որպես մեր իրականության գնահատական՝ այսօր շրջանառվում է այն տեսակետը, թե տնտեսություն չունենք, ուրեմն` տնտեսական ճգնաժամը մեզ չի սպառնում: Համաձա՞յն եք այս մոտեցման հետ:
-Չե՞ք նկատում, որ դա տավտոլոգիա է: Դրանում այնքա՜ն տխուր բան կա: Ինչո՞վ ես հպարտանում։ Որ տնտեսություն չունե՞ս: Եթե ոչինչ չունես, ոչնչի վրա չես էլ կարող ո՛չ լավ, ո՛չ վատ բան կառուցել: Սա նշանակում է, որ մենք պայքարի ուղի չենք էլ փնտրում, և ինչո՞ւ փնտրենք, ո՞վ փնտրի: Եթե ազգի կեսից ավելին ստորացված է, մյուսներն էլ, ի հեճուկս բոլոր տնտեսական ճգնաժամերի, իրենց շատ ապահով ու լավ են զգում, էլ ի՞նչ կա մտածելու: Եվ սա միայն այսօրվա խնդիր չէ: Այն մութ ու ցուրտ տարիներին մեր ընտանիքն ահավոր վիճակի մեջ էր, բայց որոշ մարդիկ լույս էլ ունեին, տաքություն էլ, ուտելիք էլ: Ես զարմանքով տեսնում էի, որ ուրիշների պատուհաններում լույս կա, որ նրանք անվերջ ուտելիք են կրում ու կրում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻԱՑԱԾ ՉԷ ՈՒ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՎԱՏԱԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»
-Մութ ու ցուրտ տարիներն ապրած այդ մարդիկ չէի՞ն, որ նախագահական ընտրություններում համախմբվել էին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ:
-Դրա պատճառները տարբեր են: Այդ վիճակն այն ժամանակ պատճառաբանվում էր պատերազմով: Մարդիկ միշտ կարողանում են քավության նոխազ գտնել, և քավության նոխազն այս դեպքում պատերազմն էր: Մեր ղեկավարները պատճառաբանում էին, որ պատերազմ է, ու բոլոր ռեսուրսներն ուղղվում են ռազմաճակատ: Թեև հնչում էին կարծիքներ, որ ռազմաճակատին էլ բավարար չափով չեն օգնել: ՈՒ շատ միջոցներ անհետանում էին անհայտ ճանապարհներով: Այսուհանդերձ, ժողովուրդը ներկա իշխանություններով հիացած չէ ու փորձում է հավատալ նախկիններին: Ընդհանրապես, մարդու հիշողությունն ունի հետաքրքիր օրինաչափություն. հեշտությամբ մոռանում է վատը, հիշում` միայն լավը:
«ՄԱՐԴՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՎԵՐԵԼՔ ԿԱՐՈՂ Է ԱՊՐԵԼ ՈՉ ԱՆՊԱՅՄԱՆ 25 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԵՎ ՈՉ ԱՆՊԱՅՄԱՆ ԵՐԿԱՐ ՈՏՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»
-Տասը տարի անց այսօրվա ղեկավարների՞ն էլ միայն լավ կողմերով ենք հիշելու:
-Չի բացառվում: Ընդհանրապես, աշխատում են հիշողությունը ջնջել: Մեր հիշողությունը, օրինակ, կենտրոնացած է եղեռնի վրա: Մենք այսօր սարսափում ենք՝ մտածելով, թե ինչ է կատարվել եղեռնի ժամանակ, և չենք նկատում այն, ինչ կատարվում է այսօր: Իսկ այսօր փոխվում են դպրոցների, փողոցների, գյուղերի, քաղաքների անունները, վերացվում են պատմական հուշարձանները, և այդ ամենը ջնջվում է մեր հիշողությունից, մեր պատմությունից: Ամեն մի քաղաք, ամեն մի երկիր պիտի ունենա իր հիշողությունը: Եթե այն վերացնում են, դա հանցագործություն է ազգի դեմ: Նոր սերունդը չի էլ իմանա իր ազգի, քաղաքի, իր փողոցի անցյալը։ Եվ երբ մարդուն մոռանալ են տալիս անցյալն ու խոստանում, որ ապագայում լավ է լինելու, մարդը դրան հավատում է: Ընդ որում, կանայք ավելի շուտ են հավատում ու հարմարվում, քան տղամարդիկ: Տղամարդուն երկու բան է հարկավոր՝ ինքնադրսևորվել մասնագիտության մեջ և հավատալ ապագային: Եթե տղամարդուց այս երկու բանը խլում ես, նշանակում է` ամորձատել ես նրան: Փաստորեն, մենք հիմա այդ վիճակում ենք, ու ավելի խոր հոգեբանական հասկացությունները մղվում են հետին պլան: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իր չգրված ծրագիրը: Մարդն իր աշխատանքում վերելք կարող է ապրել ոչ անպայման 25 տարեկանում և ոչ անպայման երկար ոտքեր ունենալու դեպքում (այդ չափանիշներով են, չէ՞, հիմա աշխատանքի ընդունում): Քանի դեռ մարդն ապրում է, ունի իր վերելքի գագաթնակետին հասնելու հնարավորություն: Դա կարող է լինել և՛ 25, և՛ 45, և՛ 80 տարեկանում: Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, երբ գրողները, նկարիչները, կոմպոզիտորներն իրենց գլուխգործոցներն ստեղծել են հասուն տարիքում, ինչպես Գյոթեն, Տիցիանը, Վագները, Չայկովսկին, Խաչատրյանը: Մենք սա հաշվի չենք առնում, անտեսում ենք մարդու ներքին պոտենցիան: Չէ՞ որ մարդու մեջ կան թաքնված ռեզերվներ: Դրանք գանձեր են, ու ավելի թանկ են, քան ադամանդները, շքեղ մեքենաները: Մենք թույլ չենք տալիս, որ դրանք դրսևորվեն, լույս աշխարհ գան: Եթե ոմանք փող են կուտակում, ի՞նչ է փոխվում: Ոչի՛նչ:
«ԱՍՏԾՈՒՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼ»
-Ի՞նչ եք կարծում, այդ կուտակողներին ծանոթ չէ՞ աստվածաշնչյան ճշմարտությունը, թե ուղտն ասեղի անցքով ավելի հեշտ կանցնի, քան մեծահարուստը՝ դրախտի դռնից:
-Ոմանց ծանոթ է, ոմանց՝ ոչ: Մենք չենք կարող նույնացնել բոլոր մեծահարուստներին: Իսկ կուտակելը պաթոլոգիա է: Ոմանք գերագույն հաճույք են ստանում շատ փող ունենալուց: Փողը նրանց խիղճն է, սիրտը, միտքը: Փողն է նրանց կուռքը: Իսկ ո՞վ կարող է հարստանալ մաքուր ճանապարհով, ոչ ոք: Բայց գալիս է մի պահ, որ փողն աստվածացնողները հանկարծ մտածում են, թե մեկ այլ աշխարհ էլ, գուցե, կա այս կյանքից հետո, ուրեմն պետք է այնպես անել, որ այդ կյանքում էլ իրենց լավ զգան: Եվ որոշում են Աստծուն կաշառել: Մի շատ մեծահարուստ ինձ մի առիթով ասաց. «Ես Աստծուն չեմ հավատում, բայց եկեղեցի եմ կառուցել»: Սա է նրանց մտածելակերպը:
-Իսկ որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալում Աստծո ճշմարտությունը:
-Շատերն այդ ճշմարտությունը փնտրելով` ինչ-որ աղանդների մեջ են մտնում: Սա նշանակում է, որ չկա վստահություն մայր եկեղեցու նկատմամբ: Մարդիկ հույս ունեն, որ կյանքը մահվանից հետո շարունակվում է և ցանկանում են հասու լինել Աստծու խոսքին: Հայի սրտի մեջ, բոլոր դեպքերում, Աստված կա:
«ՄԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ ՄԵՐ ՄԵՋ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ»
-Ի՞նչ եք կարծում, Հայ ազգային կոնգրեսի մեծ լռությունը կփոխհատուցվի՞ մեծ ասելիքով։
-ՈՒրախ կլինեի, որ այդպես լիներ, բայց այնքան էլ լիահույս չեմ: Եթե մեր ընդդիմադիր գործիչներն իսկապես կառուցողական ասելիք ունենային, արդեն հնչեցրած կլինեին: Թեև, ի՞նչ իմանաս, գուցե անակնկա՞լ են պատրաստում: Անկախ դրանից՝ մեր ազգն ունի շատ բացասական մի հատկություն. մենք թշնամուն մեր մեջ ենք փնտրում: Երբ հիշում եմ, թե մեր նախագահի թեկնածուներն ի՜նչ կեղտ էին շպրտում միմյանց վրա, սարսափում եմ: Հիմա էլ նույն բանը կատարվում է գրողների միությունում: Դա աթոռի պայքար չէ՞, ի վերջո: Այդքան եռանդով կարելի՞ է վարկաբեկել, ոչնչացնել քո տեսակը, երբ հայտնի էլ չէ, թե ով է իրականում ճիշտ։ Այս հարցին միայն ժամանակն է ի զորու պատասխանելու։
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ