38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կոմիտասն ու «Սիփանա քաջերը»

Կոմիտասն ու «Սիփանա քաջերը»
26.07.2024 | 21:48

Մեծ երգահանի ժառանգության մեջ իր հերոսական բովանդակությամբ ու էպիկական շնչով առանձնանում է «Սիփանա քաջեր» երգը։ Երգի ստեղծման պատմության մասին Կոմիտասի ճեմարանական ընկեր, ապա նաև գործընկեր, մեծ հայագետ Մանուկ Աբեղյանը հիշում է․

«Գիշերօթիկ դպրոցի գլխավոր զվարճություններից մեկն այն էր, որ լավ ու տաք եղանակներին աշակերտները երեկոները քնելուց առաջ զբոսնում էին ճեմարանի հյուսիսային բակում, իսկ երգիչներն այդ միջոցին հյուսիսային մուտքի առաջ խումբ կազմած երգում էին: 1885-1887 թվերին այդ երգեցողությունն ավելի զարգացավ շնորհիվ Կոմիտասի և Մինաս Ազնավուրյանի, որ ճեմարանի սաներիցն էր և ավարտելով դպրոցը այդտեղ էր ծառայում իբրև վերակացու։ Ազնավուրյանն ինքն էլ երգիչ էր և սիրելով երգեցողությունը՝ Կոմիտասին միշտ հանձնարարում էր հավաքել երգիչներին և սկսել երգահանդեսը: Վերին դասարանի աշակերտներից մեկը՝ Հմայակ Խուշպուլյանը տարիներ առաջ ամառվա արձակուրդին վերադառնալով Տրապիզոն՝ այնտեղ ձայնագրել էր մի եղանակ և հետը բերել ճեմարան: Այդ եղանակն ահա դարձել էր աշակերտների սիրելին, և երեկոները երգեցողությունը միշտ դրանով էին վերջացնում: Բայց դա չուներ բառեր, սկսվում էր «լո-լո-լո» ձայնախաղով և շարունակությունը երգում էին հայկական ձայնանիշերով: Եվ միշտ էլ ցավում էին, որ այդպիսի եղանակ երգում են ձայնանիշերով և ոչ թե բառերով:

1886 թվի ամառվա սկզբին մի երեկո երգեցողության ժամանակ ես մտածեցի նրա համար բառեր դրել: Նույն գիշերը հենց, աշակերտների քնելուց հետո ես շարադրեցի բառեր՝ ազատ ոտանավորով պատրաստի եղանակի համապատասխան: Բովանդակության համար նկատի ունեցա սասունցոց հարձակումը արաբների վրա 9-րդ դարի կեսին, այն, որ Ծերենցը նյութ էր դարձրել իր «Երկունք» վեպի: Հետևյալ օրը ես այդ բառերն արտագրեցի ձայնանիշերի տակ և տվի Ազնավուրյանին: Սա շատ ուրախացավ և անմիջապես կանչեց Կոմիտասին ու պատվիրեց սովորել և ուրիշներին սովորեցնել այդ եղանակը բառերով երգել: Երեկոյան արդեն պատրաստ էր Կոմիտասի փոքրիկ խումբը «Լո-լո»-ն բառերով երգելու համար: Այնուհետև այդ երգը մի քանի բառական փոփոխություններով Կոմիտասի ընկերների միջոցով տարածվեց ավելի արևմտյան հայ դպրոցականների մեջ: 1895 թվի ամառը մի քանի օրով ես եղա Ֆրանսիայի Նանսի քաղաքում, ուր կային բժշկականության 7-8 ուսանողներ արևմտահայերից, իսկ մեկը Շուշի քաղաքից. նրանք երգում էին այդ երգը և վերագրում էին Գարեգին Սրվանձտյանին: ՈՒրիշներն այդ երգը կոչում էին քրդական մարշ, երևի այն պատճառով, որ փոփոխակներից մեկի մեջ կային ցեղ, ցեղապետ բառերը: Կոմիտասն այդ երգը կոչեց «Սիփանա քաջեր», դաշնակեց և մինչև վերջն էլ մշակում էր դրա դաշնակը, աշխատելով որքան կարելի է կատարյալ դարձնել, որովհետև երևի պատանեկան ժամանակի ազդեցությամբ, իր կազմած խմբական երգեցողությունները միշտ փակում էր իր դաշնակած այդ երգով»:

Կոմիտասը գրեթե բոլոր համերգների ժամանակ հետագայում էլ կատարել է այս երգը՝ տարբեր փոփոխություններով։

Օրինակ, Փարիզի 1906 թ․ մեծ համերգի ծրագրում երգը կոչվում էր «Դյուցազնական քայլերգ»։ Ներկայացնում ենք այս հերոսական ու հաղթական քայլերգի՝ Մ․ Աբեղյանի հեղինակած խոսքերը և կատարումը․

Լոյ՜, լոյ՜, լո՜...

Սեգ Սիփանա սարի վերան

Կըտրիճներ շտապով գալիս են միանում:

Այնտեղ անահ որդիք անհաղթ բարձըր լեռան

Զենք ու զրահի են ընթանում:

Ինչու՞ վառվում են, զինվում,

Սանձակոծ ձի հեծնում անհամբեր,

Վառ արյուն է նոցա քաջ սըրտի մեջ եռում,

Թըռչում անցնում է ամպեր,

Քան Սիփանա պինդ քամին,

Սըլանում են դեպի ցած,

Դաշտի մեջ է թըշնամին,

Նա է վառում նոցա արյան վըրեժն անմոռաց:

Գազանաբար վատթար թըշնամին

Հատու սուսերը հանել,

Հայ իշխանին է սպանել,

Այս է վառում քաջերին:

Հայ որեարն էլ ոտի կանգնած՝

Այժըմ թըշնամուն մահու, մարտի է կանչում,

Մեծ վըրեժ, արյան վրեժ է նա պահանջում։

Եվ թըշնամին պարտըված,

Թողնում փախչում սարե սար,

Ետ է ձըգում մեծ ավար:

Արյուն թափեցին, փոխանակ արյան՝

Արյուն քամեց ծարավի սուսեր,

Սուրը հագեցավ, ետ դըրին պատյան,

Ելնում են հիմա սեգ Սիփանն ի վեր:

Սեգ Սիփանա կանաչ գըլխին

Հայ քաջերն անում են մեծ խընդում,

Եվ ամպերի թանձրության միջին

Հըսկա Սիփանն ամբողջ թընդում,

«Էլ մոտ չեն գա մեզ թըշնամիք,

Սուր տեսան մեր պողվատիկ»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 11358

Մեկնաբանություններ