Ես, որպես սպառող, դեմ չեմ մոլերից առևտուր անելուն, որովհետև բավականին քաղաքակիրթ է սպասարկումը, մթնոլորտը հաճելի ու տրամադրող, բայց կա մի կարևոր բայց... Made in Armenia EXPO-ին մի անգամ այցելեցի ու տեսա բազմաթիվ ու մեծ թվով հայկական արտադրության որակյալ արտադրանք, որոնց մեծ մասը պարզապես հնարավոր չէ գտնել Հայաստանյան մոլերում, խանութներում ու սուպերմարկետներում: Ասել, որ Հայաստանը արտադրություն չունի, սխալ է, բայց Հայաստանում արտադրվող որակյալ արտադրանքի ինքնարժեքն այնքան բարձր է, որ հայաստանաբնակ միջին վիճակագրական սպառողը գնողունակ չէ: Հայաստանում որակյալ հագուստ է արտադրվում, որը արտահանվում է, իսկ մեր մոլերում ու շուկաներում վաճառվում է շատ անգամ դրան որակով զիջող անորակ արտադրանք: Իմ կարծիքով առաջնահերթությունների խնդիր կա: Այն գումարները, որ դրվում են նմանատիպ հաստատություններ բացելու վրա, ավելի լավ կլիներ արտադրության վրա դնել, կմեծանար տեղական արտադրողների միջև մրցակցությունը, գինը կիջներ, որակը կբարձրանար, դրսից ներկրվող անորակ արտադրանքը կամաց- կամաց դուրս կմղվեր շուկայից: Հետո, երբ խնդիր կդառնար դրանց իրացումը, նոր կարելի էր մտածել մոլերի մասին: Ես կուզեի մոլերում երկուսից մեկը գոնե հայկական բրենդային խանութ լիներ: