Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՄԵՐ ԱՆՑՅԱԼՆ ԱՄԵՆՈՒՐ ՄԵԶ ՀԵՏ Է, ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ»

«ՄԵՐ ԱՆՑՅԱԼՆ ԱՄԵՆՈՒՐ ՄԵԶ ՀԵՏ Է, ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ»
04.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ ՆԻՆԱ ԱՂԱՎԵԼՅԱՆԸ:

«ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ԵՐԲ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՊԱՀԸ»

-Նինա, կար ժամանակ, երբ Ձեր ստեղծագործություններում գերակշռող էր տեքստիլ նյութը, ավելի շատ կոլաժներ էիք անում, այսօր ստեղծագործում եք այլ ոճի մեջ, աշխատում եք ներկերով, մետաքսով: Այս փոփոխության մասին խոսենք:

-Ամեն բան կատարվում է, երբ հասունանում է պահը, երբ քոնն է դառնում այն, ինչին ձեռք ես մեկնում: Իմ առաջին ցուցահանդեսի նմուշները Ձեր նշած նյութերից էին բաղկացած, հետո կյանքն ինձ տարավ այլ տեղ, հասկացա, որ ավելի լուրջ գործեր պիտի անեմ: Չնայած չեմ կարող ասել, որ տեքստիլ գործերի պարագայում ես անլուրջ եմ վարվել: Դրանք իմ ստեղծագործության հիմքն են եղել: Այսօր, երբ թերթում եմ իմ սիրելի նկարիչների` Մատիսի, Դոնգենի, Դյուֆիի, շատ պոստիմպրեսիոնիստների ալբոմները, տեսնում եմ, որ նրանք էլ են զբաղվել նման գործերով, ու հետաքրքիր են նայվում այդ գործերը: Դրանք ինձ համար դարձան սկզբնաղբյուր, որոնց շնորհիվ այսօր կարողանում եմ ավելի ամուր հիմքերի վրա աշխատել: Պիտի ասեմ, որ իմ տեքստիլ աշխատանքները յուրահատուկ էսքիզներ դարձան հետագա ոճերի համար: Հաճախ մետաքսի վրա եմ աշխատում, ու հետո նույնը փորձում վերարտադրել կտավի վրա: Այդպես հարստանում է ստեղծագործական աշխարհը:

-Աշնանը պատրաստվում եք անհատական ցուցահանդեսի: Ի՞նչ եք ներկայացնելու:

-Անհատական չորրորդ ցուցահանդեսս է լինելու Հայաստանում: Մոտ տասը անհատական ցուցահանդես էլ ունեցել եմ արտերկրում: Բացի այդ, գրեթե միշտ մասնակցում եմ խմբակային ցուցահանդեսների: Առաջիկա ցուցահանդեսը հոբելյանական է` կապվում է ծննդյանս 55, ստեղծագործական կյանքիս 30-ամյակների հետ: Ցուցահանդեսը կընդգրկի տարբեր տարիների արված մոտ 100 աշխատանք: Այստեղ ցուցահանդես անելիս կազմակերպչական խնդիրներն ընկնում են քեզ վրա, շատ դժվար է, և նկարիչը գրեթե ոչինչ չի հասկանում իր ցուցահանդեսից:

-Ձեր աշխատանքներում մաժորային գույներ են, կենսուրախ տրամադրություն: Կյանքի՞ գույներն ու տրամադրությունն են դրանք, թե՞ Ձեր ներսում եղածի, Ձեր ցանկացածի գեղանկարչական արտացոլանքը:

-Ներքին վիճակի արտացոլանքն է, որովհետև կյանքը երբեմն շատ դաժան է, իր ճնշող թելադրանքներն ունի: Եթե տրվես դրանց, Աստված հեռու տանի հետևանքներից: Պիտի կարողանաս քո ձեռքով կերտել քո ներքին խաղաղությունը: Հենց այդ կերպ կարող ես դիմակայել ամենամեծ դժվարությանը: Եվ թաքցնել այն:

-Տարբեր կրթական հաստատություններում դասավանդել եք փիլիսոփայական առարկաներ: Դա գեղանկարչությանն ի՞նչ կերպ էր առնչվում:

-Ես պարզապես փորձում եմ տարբեր երևույթներին փիլիսոփայորեն մոտենալ: Շատ նկարիչ կոլեգաներ ինձ հարցնում են` որտեղի՞ց այսքան երևակայություն: Բոլորը չէ, որ գիտեն իմ անցած ուսումնառության մասին, և մտածում են, որ միայն կանգնել եմ նկարակալի առաջ ու նկարել: Բայց երբ ունենում ես տեսական հիմքեր ու այդ հիմքերի վրա խորանում արվեստում, դա իր գործն անում է: Սա միայն իմ մենաշնորհը չէ, ուսումնառությունն իր դերն ունի, ի վերջո:


«ՄԻՇՏ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԹՈՒՐՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՂՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՅ»

-Մենք ապրեցինք հերթական Ապրիլի 24-ը և մեկ քայլ էլ մոտեցանք Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին: Ի՞նչ զգացողություններ ունեք այս առումով:

-Ընդհանուր գաղափարներ առաջ չքաշեմ, խոսեմ փաստերով: Գերմանացի ընկերներիս հրավերով հոկտեմբեր ամսին Համբուրգին մոտ գտնվող Բարկտեհայդե քաղաքում ունեցա ցուցահանդես: Մենք, բնականաբար, հյուրասիրություն էինք կազմակերպել հայկական ուտեստներով` գաթա, չիր, կոնյակ, գինի: Ցուցահանդեսն արվեց քաղաքի եկեղեցու մշակութային ցուցասրահում և լուսաբանվեց տեղի մամուլում: Հոդվածագիրներից մեկը թուրք արվեստաբան էր` Չեթին Յաման անունով: «Ներքին խաղաղությունը ստեղծագործական պրոցեսի միջոցով» վերնագրված հոդվածում նա իր հիացմունքն էր արտահայտում, դրվատում ցուցահանդեսը: ՈՒ ես, չգիտես ինչու, մտածեցի, որ նա թուրք չէ, հայ է:

-Ծպտված հայ:

-Այո: Այդպիսի հանդիպումներ շատ եմ ունենում դրսում, և միշտ մտածում եմ, որ թուրք ներկայացողներից շատերն են իրականում հայ: Այդ արվեստաբանը «սուջուխ» բառն արտասանեց այնպես, ինչպես միայն հայը կամ թուրքը կարտասանեին: Երբ գերմանացի ընկերներիս ասացի այդ մասին, նրանք նկատեցին. «Հայերիդ աչքին միայն թուրքեր են երևում»: Բայց հետո պարզվեց, որ ես չեմ սխալվել: Եվ հավանաբար չեմ սխալվում, որ նրան ծպտված հայ եմ համարում: Մեր հայրենակիցները սփռված են աշխարհում, նրանք ամենուր են, որտեղ ասես` կհանդիպես նրանց: Վերջերս հայտնաբերել եմ, որ Դյուսելդորֆում ապրող ազգական ունեմ, ու նա մի բան պատմեց, որ ինձ ավելի համոզեց իմ կասկածների մեջ: Ազգականս մի «թուրքի» հետ է ծանոթացել, որը հենց սկզբից պայման է դրել` չխոսել հայկական հարցից, եղեռնից: Որոշ ժամանակ անց նույն այդ մարդը եկել ու ասել է. «Գիտե՞ս, որ ես էլ եմ հայ, այսուհետ մենք ընկերներ ենք»: Մարդը գնացել, մորը հարցուփորձ է արել հայերի հետ կատարվածի մասին, և մայրը ստիպված է եղել խոստովանել, որ իրենք էլ են հայ, որ Թուրքիայից եկել-հասել են Գերմանիա, ու ինքը կարող է իրեն թույլ տալ այլևս չթաքցնել ճշմարտությունը: Այսպիսի պատմություններ լսելով` ավելի ու ավելի եմ համոզվում, որ թուրք կոչվող մարդկանց մեջ շատ են հայերը: ՈՒ հաճախ եմ մտածում այդ արվեստաբանի մասին, նրա աչքերն եմ հիշում: Դրանց մեջ ագրեսիա չկար, խաղաղ աչքեր էին: Չգիտեմ` այդ խաղաղությունը նրանից էր, որ հավանաբար հա՞յ էր, թե՞ նրանից, որ արվեստի հետ էր շփվել:

-Կարծում եք` իսկական թուրքն արվեստի հետ շփվելուց կխաղաղվի՞:

-Կարծում եմ` ոչ: Հենց դա էլ ինձ ավելի հակում է դեպի այն միտքը, որ այդ արվեստաբանը հայ էր: ՈՒ ամեն անգամ նման երևույթներից հոգիս տակնուվրա է լինում: Մեր անցյալն ամենուր մեզ հետ է, հանգիստ չի տալիս: ՈՒ որքան դժվար է իրենց ինքնությունը պարտադրված թաքցնողների համար: Նրանք ուզում են պարզել սեփական արմատները: Այդ արվեստաբանն անընդհատ գալիս էր այն տունը, որտեղ ես իջևանել էի, հարցուփորձ էր անում տանտիրոջն իմ մասին: Սա ընդամենը մի մասնավոր դեպք է, բայց որքան բան կա թաքնված նման մասնավոր դեպքերի տակ:

-ՈՒ այդ գաղտնիքի կրողները հիմնականում կանայք են, հայ մայրերը, որոնք փրկվել են եղեռնից` իրենց ճակատագիրը կապելով թուրք կողակիցների հետ:

-Հայ կանայք, իսկապես, հերոսներ են: Եվ ոչ միայն անցյալի, այլև այսօրվա հայուհիները: Ընտանիք պահել, երեխա մեծացնել, մասնագիտական աշխատանքի մեջ կայանալ… Այս բոլորը հարցեր են, որոնք միայն հայ կինը կարող է իր վրա վերցնել ու լուծել:

-Դրսում ցուցադրվելով` Դուք ներկայանում եք սոսկ իբրև Նինա Աղավելյա՞ն, թե՞ դա նաև միջոց է` ներկայացնելու հային, Հայաստանը:

-Հենց նույն Գերմանիայում եկեղեցու պաստորը կիրակնօրյա պատարագը նվիրեց ինձ, իմ ստեղծագործությանը: Երկու ժամ մեկնաբանեց իմ «Խաչ ապրողաց» նկարը, համեմատեց այն 18-րդ դարի հունգարացի բանաստեղծուհու ստեղծագործության հետ: Ամբողջ քաղաքն էր ներկա պատարագին: Եվ նրանք միայն իմ մասին չէ, որ պատկերացում կազմեցին: Այդ մեկնաբանությունը քրիստոնեական խաչի, դրա հայկական ընկալման, մեր մոտեցումների մասին էր: Եվ պատարագին ներկա բոլոր մարդիկ սկսեցին հետաքրքրվել Հայաստանով, հայկական արժեքներով, հայ կանանցով: Նույնիսկ պատմական աշխատություններ էին ուսումնասիրել, գծել պատմական Հայաստանի` «ծովից ծով Հայաստանի» քարտեզը և կախել ցուցասրահում: ՈՒ այցելուներից յուրաքանչյուրին բացատրում էին, թե ինչ քարտեզ է դա:

«ՈՉ ԹԵ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐԵՎՈՐԵՑԻ, ԱՅԼ ԳԱՂԱՓԱՐԸ»

-Փաստորեն, գեղանկարչական ցուցահանդեսը, ինչպես և պետք է ենթադրել, դառնում է հայ երևույթը աշխարհին ներկայացնելու յուրօրինակ ակցիա և ներառում քաղաքական նպատակ: Քաղաքական նպատակին հետամուտ` Դուք 1994 թվականին մասնակցել եք Ղարաբաղում կազմակերպված հայ գեղանկարիչների առաջին ցուցահանդեսին: Կպատմե՞ք այդ օրերի Ղարաբաղի մասին:

-Մենք եղանք «առաջին ծիծեռնակները»: Այն օրերի պաշտպանության նախարար Ալիկ Աստվածատրյանը հովանավորեց այդ ցուցահանդեսը: Հատուկ ջոկատով մեզ ուղեկցեցին Ղարաբաղ: Մոնթեն նոր էր մահացել, դեռ նկատելի էին արկերի հետքերը, պարետային ռեժիմով էր ապրում Ղարաբաղը: Մոնթեի մասին լեգենդներ էին պատմում. սարից սար ինչ-որ բղավոցներ արձակելով` պատրանք էր ստեղծել, թե հայերը դիրքավորված են այնտեղ, թե տարբեր սարերում հայկական զինված ուժեր են տեղակայված:

-Նկարիչը, արվեստագետը նաև քաղաքացի է, և սա վերաբերում է ոչ միայն պատերազմական իրավիճակներին: Անկախություն է, խաղաղություն: Ի՞նչ ազդակների է ենթարկվում այսօր արվեստագետը:

-Պիտի ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ այդ ազդակներին ենթարկվելը: 1997-ին Գերմանիայից հրավեր ունեինք` գնալու այնտեղ, վեց ամսով պայմանագիր կնքելու, ապրելու, աշխատելու: Որոշ ժամանակ, փաստորեն, ապրեցինք այնտեղ, ես գումար հայթայթեցի` Երևանում բնակարան գնելու համար: Բայց այսօր նկարներս ուղղակի թափված են ոտքի տակ: Երբ մտավոր և ֆիզիկական հնարավորություններդ ներում են, որ ուրիշ գործ անես, ավելի ապահովված լինես, դժվար է այդ գայթակղությանը տուրք չտալը: Ես կարող էի մոդելավորմամբ, զգեստների դիզայնով զբաղվել, լինել ավելի ապահովված, բայց… Դեռ 1980-ականների վերջին իմ մոդելներով հետաքրքրվում էին, մարդկանց թվում էր, թե ես պիտի ստուդիա բացեմ, այնինչ չարեցի: Ոչ թե գումարը կարևորեցի, այլ գաղափարը: Գաղափարի ծառան դարձա: Արվեստագետի համար բոլոր ժամանակներում էլ պայքարը կա. պիտի կարողանաս քոնը ասել: Դեռ դպրոցական տարիներից հիշում եմ Տերյանի նամակները Պողոս Մակինցյանին: Տերյանը գրում էր, որ եթե մի փոքր ավելի բարեկեցիկ կյանքով ապրեր, ինչե՜ր կաներ: Մյուս կողմից էլ արվեստագետի համար նյութականը, լինելով կարևոր, չի լուծում բոլոր հարցերը: Ստեղծագործական թռիչքների համար տառապանքը պարարտ հող է ստեղծում, նոր հորիզոններ բացում: Բայց առանց նյութականի էլ ոչ մի բան չի ստեղծվում: Ամեն մի տպագրություն, ամեն մի ցուցահանդես փող է պահանջում: Եվ ստացվում է, որ դու միշտ մարտնչում ես: ՈՒ քաղաքականության մեջ էլ շատ չես խորանում, բայց այդ քաղաքականությունը քո կողքով հպանցիկ գալիս ու անցնում է:

-Կողքո՞վ է անցնում, թե՞ վրայով:

-Երևի թե` վրայով: Ի վերջո, դու չես հասկանում, թե դա ինչպես է տեղի ունենում: Պարզապես թույլ ես տալիս, որ անցնի-գնա:


«ԱՅՍ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ, ԱՅՍ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՄԻ ԲԱՆ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ, ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ՀԵՏ Է ԲԵՐՈՒՄ»

-Ձեր նկարներում հեքիաթի շունչ կա, իսկ ամեն մի հեքիաթում բարու կողքին նաև չարն է առկա: Ձեր գործերում չարի տարրն ինչպե՞ս է արտահայտվում, և ինչպե՞ս եք «կռվում» դրա դեմ:

-Գերմանական թերթերից մեկում իմ ստեղծագործությունը բնորոշել են որպես հեքիաթային ռեալիզմ: Հեքիաթային ռեալիզմի մեջ չարից խուսափում ես քո ներքին վիճակի ու մի քիչ էլ կատարողական տեխնիկայի շնորհիվ: Կոնտրաստներով կարողանում ես ասելիքդ այնպես մատուցել, որ, ի վերջո, հաղթանակում են լույսը, բարությունը, գեղեցիկը: Ես ինչ էլ անում եմ, լավատեսական ֆոնով եմ անում: ՈՒ իմ գործերում էլ եղած չարն ավելի շատ չարաճճի է, քան չար: Ես այդպիսին եմ ուզում տեսնել իրականությունը:

-Ստեղծագործող մարդու, մտավորականի վրա առանձնապես ծանր են անդրադառնում կյանքի դժվար իրավիճակները: Դրանք Ձեզ չե՞ն մղել դրսում ընդմիշտ մնալու, ապրելու որոշմանը:

-Մղել են: Բայց ես կցանկանայի, որ Հայաստանից իմ բացակայությունը երբևէ չտևեր մեկ շաբաթից ավելի: Այստեղ ես բազում բաներ եմ թողնում, երբ մեկնում եմ, ու ստեղծվում է տագնապալի վիճակ: Ես այն տեսակն եմ, որն իր հայրենիքում պիտի ապրի: Այս հողն ու ջուրը, այս տարածությունն անբացատրելի մի բան են պարունակում, որ մարդուն հետ է բերում: Սահմաններ չունի դա, բառերով մեկնաբանել հնարավոր չէ: Եթե բառերով սկսես մեկնաբանել, կդառնա տավտոլոգիա: Յուրահատուկ բան է, որ չես կարող ձևակերպում տալ: Իմ կուսակցությունն արվեստի կուսակցությունն է: Դա ցեղակրոն տեսակի է, որովհետև ազգի դիմագիծն է ներկայացնում: Հայրենիքն ինքնին մշակութային հասկացություն է և իսկական արվեստագետին պահում է իր գրկում, ինչ էլ լինի:

-Հայրենիքի ճակատագիրն արվեստագետնե՞րն են որոշում, թե՞ պետության ղեկավարները, նյութական մեծ միջոցների տեր անձինք:

-Նժդեհին պիտի հիշեմ և ասեմ, որ պետության ղեկավարները գալիս ու գնում են, ընտրյալները, որոնք ի սկզբանե հետապնդում են ոչ թե ամեն ինչում իրենց շահն ունենալու, իրենց անձնական երջանկությունը կառուցելու, այլ ազգին ծառայելու նպատակը, ինչպես ասենք, Մեծարենցը, Դուրյանը, մյուսները, դառնում են գաղափարի կրողը, և այդ գաղափարը սերնդեսերունդ փոխանցվում է ու հասնում մեզ: Հայրենիքն այսպես է ապրում: Մեզ նմանները, ինչ ինչքի տեր էլ լինեն, պիտի կարողանան գեղեցիկ շնչել, գեղեցիկ ապրել: Եթե մարդն ունի միլիոններ, նրա շնչառությունը միշտ տագնապով է լցված: Այդպիսի մարդիկ կծկված են ապրում, իսկ ազատության զգացողությունը մարդու մեջ շատ կարևոր է: Դա մարդու ծննդյան հետ գալիս, մահով վերջանում է: Մարդը պիտի ազատ ապրի: Ա՛յդ կերպ կարելի է դառնալ հայրենիքի հենարանը:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ