Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ընտանեսեր նահատակը

Ընտանեսեր նահատակը
27.04.2012 | 00:00

Այս մարդու դուստրը հորաքույր Փիրուզ Թաշճյանին ուղարկեց 1888-ին հոր ձեռքով գրված կարճառոտ մտքերը, և ցեղասպանությունից փրկվեց միայն ձեռագիրը։ Ահա թե այդտեղ ինչ էր շարադրված.

«Հանդգնությունը և հարատևությունը բախտի ու հաջողության բանալիներն են։ ՈՒրիշ բանի մի՛ հավատացեք։ Բախտը ծույլի թշնամին է, թշնամուդ բարեկամի հետ մի՛ մտերմացիր։

Հին թշնամուդ նոր բարեկամ դարձնելու փորձ մի՛ արա. կոտրած փայտի կտորները ինչպիսի վարպետությամբ էլ աշխատես միմյանց կպցնել, միևնույն է, կոտրած տեղը կերևա։

ՈՒրիշի ձեռքով հաց կեր, բայց ուրիշի ձեռքով գործ մի՛ արա։

Այն անձից, որի հասցեին լավ կամ վատ բաներ չեն ասում, որևէ բան չի ծնվի։

Հանդիմանություն լսող և կարմրելու ունակ երիտասարդին վստահիր։

Անհավատի մահվան սնարի մոտ գտնվեք. նրա անկապ ու կցկտուր խոսքերի մեջ հավատքի անգիտակից սերմեր կան։

Դրամ ունենալ և կծծի ապրել` աղքատ ու տնանկ լինելուց ավելի թշվառություն է։

Բախտը հաջողության հասնելու մի կերպ է. այդ կերպի թելերը դո՛ւ պիտի հյուսես, ո՛չ ուրիշը»։

Իսկ ի՞նչ էր հյուսում այս մտքերի հեղինակը։ Բառիս բուն իմաստով իր մանարանում, իր մանարանով հյուսում էր սեփական բախտն ու հաջողությունը։ Մինչև կհանդիպեր ցեղասպանին։

Խարբերդի մետաքսե գործվածքների ֆաբրիկան 1881-ին հիմնել էր ԳՐԻԳՈՐ ՔՅՈՒՐՔՃՅԱՆԸ։ Նա ուներ չորս որդի, որոնցից ամենաընդունակը, խելացին, ուսյալը տեղի վարժարանի շրջանավարտ, 21-ամյա Խոսրովն էր, որն էլ ներգրավվեց հոր ձեռնարկի մեջ։ Երկու տարի անց` 1883-ին, Խոսրովը մեկնեց Լիոն` եվրոպական մանուֆակտուրայի խոշորագույն կենտրոն, և մեկ տարի ուսումնասիրեց մետաքսե հյուսվածքների արտադրությունը։ Ապա գնեց արդիական շոգեշարժ սարքավորումներ ու վերադառնալով` նոր շունչ հաղորդեց իրենց ֆաբրիկային. ջրազուրկ Խարբերդում շոգի ստանալու համար գործածում էր փայտ ու քարածուխ։ Կարճ ժամանակ անց Խոսրովի արտադրած բացառիկ գեղեցկության մետաքսե կտորեղենը լայն սպառում ունեցավ ոչ միայն տեղի ու հարակից գավառների շուկաներում, այլև Պոլսում։

Վրա հասավ 1895-ի ջարդը։ Թուրքերը ջարդուփշուր արեցին ֆաբրիկան և սպառնացին կոտորել ամբողջ գերդաստանը, առևանգել Խոսրովի տիկնոջը, աղջիկներին, սրի քաշել արու զավակներին, եթե... Եթե նա մահմեդականություն չընդուներ. դա ցեղասպանի կանխամիտ տրամաբանություն էր` իսլամացնել Խարբերդի ամենահայտնի, ամենահարուստ հային, որպեսզի բարոյալքվեր քաղաքի ողջ հայությունը։

Խոսրով էֆենդին ճարահատյալ համաձայնեց. նա անչափ շատ էր սիրում ընտանիքը։ Ոչ մի հայ պարսավանքի խոսք չասաց։ Միայն մայրը` տիկին Հռիփսիմեն, լալով հարցրեց.

-Յավրում, ինչո՞ւ այս ձյունը բերիր մեր գլխուն։

Խոսրովը համբուրեց մոր ձեռքը և ասաց.

-Մա՛յր, այս երակիս արյունը քեզմե է, հա՛յ է, կատարյալ հայ, մի՛ լար, օր մը ատոնց հախեն պիտի գամ, աղոթե, որ այդ օրը շուտ գա։

Ջարդից հետո Խոսրովի երկու եղբայրները գաղթեցին ԱՄՆ, իսկ երրորդը հաստատվեց Բրուսայում, սկսեց զբաղվել շերամաբուծությամբ ու եղբորը մետաքսահումք մատակարարել։ Երկու տարի անց վախճանվեց Գրիգոր էֆենդին։

Խոսրովն Ամերիկա ուղարկեց նաև երկու անչափահաս որդիներին, բայց մնացին երկու աղջիկները։ Նրանցից մեկին` չափահաս դառնալուն պես, գիշերով գաղտագողի ուղարկեց Մեզիրե` Խարբերդի հարևան քաղաք, և այնտեղ ամուսնացրեց հայ երիտասարդի հետ։ Նորահավատ «թուրքի» գործողություններն առաջացրին անարատ թուրքերի անվստահությունն ու մշտական կասկածանքը։

Խոսրով Քյուրքճյանն անասելի ճիգերով վերականգնեց ֆաբրիկան և առաջվա նման թողարկեց բարձրորակ արտադրանք։

Վրա հասավ 1915-ի ազգակործան աղետը։ «Թուրք» Խոսրովի աչքի առաջ խոշտանգվեց ու նահատակվեց Խարբերդի ողջ հայությունը։ Բայց ինքն էլ խույս չտվեց, իսլամը չփրկեց։

Խոսրովի երեխաներից մնացել էր միայն սիրունատես, ամերիկյան «Ռոբերտ քոլեջի» շրջանավարտ դուստրը, այն աղջիկը, որը հորաքրոջն ուղարկել էր հոր ձեռագիրը։ Թուրքերն առևանգեցին աղջնակին, պղծեցին, ապա մորթեցին։ Ցնորված հայրը գնաց թուրքերի մոտ ու խնդրեց տալ դստեր դին։ Չտվեցին։ Այդժամ Խոսրովը հայհոյանքների տարափ տեղաց Մուհամեդի, սուլթանի, թուրքերի բոլոր հին ու նոր սերունդների հասցեին և դրանով ստորագրեց իր մահվան դատավճիռը։ Տեղնուտեղը կացնահարեցին։

Հիշենք Մեծ եղեռնի այս նահատակին ևս` խարբերդցի ֆաբրիկատեր ԽՈՍՐՈՎ ՔՅՈՒՐՔՃՅԱՆԻՆ։ Հիշենք նրա խոսքերը. «Աղոթե, որ այդ օրը շուտ գա»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ