Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Սրտիս հենվելով դու հպարտ անցիր»

«Սրտիս հենվելով դու հպարտ անցիր»
08.05.2012 | 00:00

Արվեստի, գրականության և ընդհանրապես խոսքի մեջ սովորություն կա օգտագործելու տաղանդ, տաղանդավոր բառերը: Բայց ի՞նչ է տաղանդը: Չգիտեմ` ով ինչպես, բայց ես կասեի, որ տաղանդը խիղճն է մարդու, տաղանդը աչքի լույսն ու սրտի շունչն է կյանքում և ստեղծագործության մեջ:

Իրավամբ այս բառերով և իմաստով կարելի է որակավորել գեղանկարիչ ՍՈՒՐԵՆ ԱԶԻԶՅԱՆԻՆ:


1922-ի մայիսի 9-ին Երևանի Ամիրյան փողոցի 26 շենքի, իր ժամանակի համար գեղեցիկ, աղյուսաշեն տանը ծնվեց Խաչատուր Ազիզյանի վեցերորդ երեխան` Սուրենը: Մանկության և պատանեկության թարմությունն ու խինդն անցել են այդ տանը, իսկ ոսկե երիտասարդությունը` հայրենական պատերազմի ռազմադաշտում: Առաջին օրից մինչև 1945-ի ապրիլի 7-ը։

1945 թ. մայիսի 9-ը նրա ծննդյան և Մեծ հաղթանակի օրն էր, բայց ուրախության փոխարեն նա պառկած էր վիրահատական սեղանին` առանց ոտքի:

Ինչպիսի՜ ողբերգություն:

Անհնար է լոկ բառերով նկարագրել երիտասարդ զինվորի հոգու ալեկոծությունն ու հիասթափությունը կյանքից: Կարելի էր խենթանալ: Չորս տարի անցկացնել պատերազմի դաշտում, անցնել այդ դժոխքով, ապագայի հույսերով և վառ երազանքներով սպասել հաղթանակի օրվան և հանկարծ վերջին օրերին նման ելք:

1946 թ.: Երևան: Հոկտեմբերյան խաղաղ, զովաշունչ մի երեկո: Այդ օրը չհիշել չեմ կարող, քանի որ դա կյանքիս ճակատագրական օրն էր:

Ընկերուհուս հետ դուրս եկանք համալսարանից և մտերմիկ զրուցելով իջնում էինք Աբովյան փողոցով: Հանկարծ լսում եմ վազող քայլերի ձայն, որը հավասարվում է ինձ, և «հազար ներողություն» ասելով` խնդրում է գեթ մի վայրկյան լսել իրեն.

-Ձեզ հետ ուզում է խոսել Ձեր ծանոթներից մեկը, որը գիտե Ձեզ:

Կանգնում ենք: Մոտենում է բարձրահասակ, գեղեցկատես, հպարտ կեցվածքով մի երիտասարդ: Մոտեցավ, ժպտադեմ ողջունեց, ներողություն խնդրեց և առաջին հարցը եղավ.

-Դուք եղբայր ունե՞ք:

-ՈՒնեի:

Ես հուզմունքից շնչահեղձ եմ լինում. չէ՞ որ պատերազմի մղձավանջային բոլոր օրերին սպասել ենք միակ եղբորիցս որևէ լուր ստանալուն, որն այդպես էլ չենք ստացել մինչ օրս:

Պատմեց, որ բանակում ծառայել է երևանցի մի տղայի հետ, որը պատմում էր իր քրոջ մասին, նկարագրելով նրա գեղեցկությունը:

-Ձեզ տեսնելով` ինձ թվաց, թե այդ աղջիկը Դուք եք, և մտածեցի` ինչ էլ լինի, կանգնեցնեմ Ձեզ,- ասաց:

Շրջվեցի, որ հեռանամ և իմ հոգում տանեմ ինձ այդքան թանկագին եղբորս հուշերը, բայց նա չթողեց այդ ուշ ժամին մենակ գնալ` ընկերոջ հետ ուղեկցեց տուն: Ինձ ներքին մի ձայն հուշում էր, որ նա չի կարող երկար քայլել, ուստի ճանապարհի կեսից հրաժեշտ տալով` հեռացա:

Ճանապարհին պատմեց, որ նկարիչ է, սովորում է գեղարվեստի ինստիտուտում, գեղանկարչության բաժնում:

Հաջորդ օրը դուրս եմ գալիս համալսարանից, և ուղիղ իմ դիմաց, ծառի տակ կանգնած է երեկվա երիտասարդը, բայց այս անգամ արդեն հենակներով:

Շփոթվում եմ և ինքս ինձ ասում. «Երեկվա Ապոլոնը հենակներով չէր, բայց մի՞թե ես…»:

Մենք ամուսնացանք:

1948-ի հունիսին ծնվում է մեր առաջնեկը` Խաչատուրը, իսկ 1977-ի ապրիլի 7-ին, այո, այո, այն նույն չարաբաստիկ ապրիլի 7-ին, երբ Սուրենը վիրավորվեց, ծնվում է նրա թոռը` Խաչատուրի որդին` նույն ինքը` Սուրեն Խաչատուրի Ազիզյանը: Եվ երբ պապ Սուրենն իմացավ թոռ Սուրենի ծնունդը, աչքերը թրջվեցին և ասաց.

-Ես նորից ծնվեցի:

1993-ին Սուրենն աչքերը բուժելու համար պառկած էր հիվանդանոցում: Ոչ մի հույս չկար տեսողությունը վերականգնելու:

Եվ հանկարծ հանրաճանաչ ակնաբույժ Ֆյոդորովի մոտից եկած պրոֆեսորը նկատեց նրան:

ՈՒշադիր զննումից հետո պրոֆեսորն ասաց.

-Ցավոք, Ձեր աչքերը բուժել հնարավոր չէ, որովհետև Դուք վիրավորված եք եղել, ինչպես տեսնում եմ, ոչ միայն ոտքից, այլև աչքից: Ձեր մի աչքը ունի սալջարդ, իսկ դա ազդել է նաև մյուս աչքի վրա: Բայց Դուք ունեք շատ ուժեղ սիրտ, և կարելի է դեռ երկար ապրել, թեկուզ շատ վատ տեսողությամբ:

Ապրել, իսկ նկարե՞լ. չէ՞ որ նկարչի համար ապրելն առանց վրձնի և կտավի...

Տաղանդի առաջին որոշիչը` աչքի լույսը, չկար...

Մնացել էր երկրորդը` սիրտը: Բայց ի՞նչ սիրտ առանց աչքերի:

1996 թ. փետրվարին սիրտը չդիմացավ. նա միայնակ էր մնացել:


Բանաստեղծուհի Աղավնին մի քանի տող ունի` նվիրված Սուրեն Ազիզյանին և ինձ` նրա կնոջը` Արշալույս Փափազյանին.

Անցնում է ահա կանաչ պուրակով,

Ապոլոնի պես չքնաղ մի տղա.

Անցնում է, սակայն, նա հենակով.

Ափսոս, պատանու մի ոտքը չկա…

Չքնաղ պատանի, իմ զինվոր եղբայր,

Ոտք ունեցողին դու մի՛ նախանձիր.

Իմ սիրտը ահա նեցուկ քեզ համար,

Սրտիս հենվելով դու հպարտ անցիր:


Արշալույս ՓԱՓԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ