Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՈՒ՞ր են գնում երազները

ՈՒ՞ր են գնում երազները
13.10.2023 | 22:48

Քնելուց առաջ բարձս թափ տվեցի. մի ամսվա երազ թափվեց միջից։ Ես էլ ասում եմ՝ ու՞ր են գնում երազներս. դու մի ասա, բարձի մեջ են թաքնվում։ Ննջարանիս ամբողջ հատակը «սեքընդ հենդ» երազներով ծածկվեց։ Մի քանիսը ճզմվել, դեֆորմացվել էին գլխիս ծանրությունից, էն ամենահներն արդեն մի քիչ քայքայվել, դժվար ճանաչելի էին դարձել, կամ ես էի արդեն մոռացել։ Վառ էլեկտրական լույսի տակ երազները մի տեսակ, խամրած էին երևում։ Զգույշ քայլելով, որ հանկարծ ոչ մեկին չտրորեմ, մոտեցա պատուհանին ու բացեցի։ Հոկտեմբերյան գիշվերվա սառը քամին, որ ճանճի նման դարան էր մտել ապակու մյուս կողմում, ներս խուժեց, գողացավ երազներն ու թռավ դուրս։ Ես հայացքով հանգիստ ուղեկցեցի նրան. շուտով նա երազների հետ միասին խառնվեց մթությանն ու անհետացավ։ Հիմա ծիտիկները քնած են, բայց վաղը, երբ արթնանան, կծածկվեն դրանցով, ցրտերն արդեն սկսվել են:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ