ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպես ծնվեց մետրոն

Ինչպես ծնվեց մետրոն
17.04.2023 | 23:37

Խորհրդային Միությունում, ինչպես նաև աշխարհում, մետրո կառուցելու առաջին չափանիշը ոչ պակաս, քան մեկ միլիոն բնակչության առկայությունն էր: Իսկ Երևանն այդ ժամանակ ուներ ընդամենը 800 հազար բնակչություն: Խորհրդային Միության մի շարք քաղաքներ, ուր բնակչության թիվն անցել էր մեկ միլիոնի սահմանը, վաղուց պայքարում էին միութենական կառավարությունից այդ որոշումը ստանալու համար: Այդ և այլ արգելքները հաղթահարելու համար Կարեն Դեմիրճյանը գնաց այլ ճանապարհով, առաջարկեց այլ չափանիշներ և մոտեցումներ: Նա իր մոտ հրավիրեց «Հայպետտրանսնախագիծ»» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դանդուրովին և հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և նախապատրաստել մետրոյի կառուցման անհրաժեշտությունը հաստատող նոր հիմնավորումներ և առաջարկություններ՝ ելնելով նոր չափանիշներից. դրանք էին Երևանի բնակլիմայական պայմանները, դիրքը, ռելիյեֆը, նեղ և խոր հովիտներն ու կիրճերը, բազմազան լանդշաֆտները, տարածքների սղության պատճառով փողոցների ոչ բավարար լայնությունը, որով խոչընդոտվում էր վերգետնյա հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը: Կարճ ժամանակ անց մասնագետները ներկայացրեցին նոր գիտական հիմնավորումներ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտության մասին: Դեմիրճյանը այդ փաստարկումներով մեկնեց Մոսկվա: Մի շարք անգամներ, ՀՍՍՀ Նախարարների Խորհրդում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերից ես նույնպես միացա այդ աշխանքներին: Բազմաթիվ անգամ Կարեն Դեմիրճյանի հետ միասին եղել ենք Մոսկվայում, հանդիպումներ ունեցել տարբեր ոլորտների ղեկավարների հետ:

…Ինչեր ասես, որ չէինք «հորինում», գրում, հիմնավորում: Վերջապես մեր հարցը դրվեց ԽՍՀՄ Նախագահների Խորհրդի Նախագահությունում: Ընդհատելով շինարարության անհրաժեշտության մասին իմ զեկուցումը, Ա.Ն.Կոսիգինն ասաց.

- Ընկ.Սարգսյան, թույլ կտաք ես զեկուցեմ...

Ես սկզբից անհանգստացա, կարծեցի գործը տանուլ ենք տվել, բայց ինչ կարող էի անել, ասացի՝ «Խնդրեմ»: Եվ նա կիսածիծաղով ասաց.

- Բանն այն է, որ հայերը կառուցել են տրամվայի նոր գծեր, բայց քանի որ քաղաքի տեղանքը կտրված է, հարկ է եղել թունելներ փորելու, որպեսզի ունենան արագընթաց տրամվայ: Հետո, երբ լավ նայել են, տեսել են, որ տրամվայի գծերի փոխարեն ստացվել են մետրոպոլիտենի գծեր: Ելնելով ստեղծված վիճակից, հիմա խնդրում են օրինականացնել շինարարությունը: Ինչ անել:

Բոլորը ծիծաղեցին և, զգալով, որ Ա.Ն.Կոսիգինը լավ է տրամադրված, առանց քննարկելու, որոշման մեջ գրեցին.

«Թույլ տալ մետրոպոլիենի շինարարությունը Երևանում»…

Այժմ էլ, տարիներ անց, երբ հետադարձ հայացքով հիշում եմ, թե ինչ վիթխարի աշխատանք կատարեց մեր ժողովուրդը, ինչպիսի կառույց տվեցինք մեր սերունդներին, խորհին հարգանք եմ տածում մեր ստեղծագործ, աշխատասեր ժողովրդի և պետական այն գործիչների նկատմամբ, ովքեր այդ գործի սկիզբը դրեցին, նրանց նկատմամբ, ովքեր շարունակեցին և հաղթական ավարտին հասցրեցին այդ հզոր կառույցը: Այդ անունների թվում առաջինը Կարեն Դեմիրճյանի անունն է, որին պարտական է մեր ժողովուրդը...

Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ

Սասուն Ս. ԱՆԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5117

Մեկնաբանություններ