ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գողացված տոնը (Ռոնալդու-Մեսսի եզրափակիչ դիմակայությանը սպասելիս). Անդրանիկ Թևանյան

Գողացված տոնը (Ռոնալդու-Մեսսի եզրափակիչ դիմակայությանը սպասելիս). Անդրանիկ Թևանյան
21.11.2022 | 07:31

Ես ֆուտբոլի ֆանատ եմ։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ Մոտ 10 տարի։ Եղել եմ դարպասապահ։ Տարբեր պատճառներով չշարունակեցի ֆուտբոլը, բայց, միևնույն է, սերս հավերժ է։
Մինչև հիմա էլ փորձում եմ ժամանակ գտնել գնդակով զբաղվելու համար։ Տղայիս էլ եմ վարակել ֆուտբոլով ու դարպասապահ լինելու ցանկությամբ։
Մեծ ֆուտբոլին առաջին անգամ հետևել եմ 1984-ին՝ Եվրոպայի գավաթի եզրափակիչ փուլում․ փայլում էին ֆրանսիացիներ Միշել Պլատինին, Ամորոն, Տիգանան, Ժիրեսը, Ֆեռնանդեսը, Բաթսը, Ռոշտոն։


Հետո եղավ 1986-ի Մարադոնայի աշխարհի առաջնությունը։ Եղան Դասաևի, Շումախերի, Սուբիսարետայի, Վան Բրոյկելենի, Ն՛Կոնոյի, Բուֆոնի, հայր Շմեյխելի, Վան Դեր Սարի, Պֆաֆի, Պրյուդոմի հրաշագործությունները դարպասային գծում։
1986-ից այս կողմ ոչ մի միջազգային ֆուտբոլային մրցաշարի ոչ մի խաղ բաց չեմ թողել։ Բառացի ոչ մի խաղ՝ ֆուտբոլային գաճաճներից մինչև մոնստրներ։
Ընտանիքիս անդամները, բարեկամներս, ընկերներս, մի խոսքով՝ ինձ հետ շփվողները գիտեին, որ աշխարհի կամ Եվրոպայի խաղերի ժամանակ իմ օրվա գրաֆիկը կառուցվում էր ըստ ֆուտբոլային խաղերի ժամերի։ Չգիտեմ ինչ պետք է լիներ, որ ես խաղերի ժամին հանդիպում կամ այլ բան պլանավորեի։


Ֆուտբոլն ինձ համար միշտ տոն է եղել։ Ինչու «եղել», քանզի այդ տոնն ինձանից արդեն գողացվել է։
Այսօր սկսվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, և ես ինձ բռնացրեցի այն բանի վրա, որ արդեն սրտի թրթիռով չեմ սպասում աշխարհի խաղերի մեկնարկին, հավես չունեմ այդ խաղերը նայելու։ Ինձանից գողացվել է այդ տոնը։ Որոշ խաղեր, իհարկե, կնայեմ, բայց առաջվա զգացողություններն այլևս բթացել են։ Անկախ ինձանից։
Մեր երկիրն այնպիսի ցնցումների մեջ է հայտնվել, մենք այնպիսի ծանր վիճակում ենք գտնվում, որ մարդ տրամադրություն չունի ֆուտբոլը վայելելու։
Իմ կարծիքով՝ ոչ մի նորմալ մարդ, հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, չի կարող առաջվա պես ապրել, կարծես ոչինչ չի եղել։


Հազարավոր երիտասարդների թաղած, զոհերի մի մասին դեռ չթաղած, Արցախի ծվեն-ծվեն լինելը տեսած, Շուշին կորցրած, ամենօրյա ռեժիմով Հայաստանի նվաստացումը արձանագրած ոչ մի նորմալ ՀՀ քաղաքացի ու հայ մարդ չի կարող հանգիստ վայելել կյանքը ու սովորական ռեժիմով ապրել։
Քանի դեռ մենք աշխարհին ներկայանում ենք պարտության դեմքով, ու ամեն օր մեր երկրի գլխին կախված է ոչնչանալու վտանգը, մենք մեր տեղը չենք գտնելու, չենք փակելու աղետի էջը։ Եթե ոմանք փորձում են իրենց անջատել, միևնույն է, դա ինքնախաբեություն է։ Միայն անմեղսունակը կամ ավարտված սրիկան կարող է անդարդ ապրել մեր երկրում։
Սրանք ՀՀ քաղաքացուն ժպիտ ու երջանկություն խոստացան, սակայն բերեցին մահեր ու դժբախտություն։ Դե իսկ բուն հայկական ֆուտբոլում այնպիսի խայտառակություն է հիմա տիրում, ինչպիսին երբևէ չի եղել (2050-ին ընդառաջ)։ Ասել է թե՝ «քայլարածների» բերած փլուզումները բոլոր ոլորտներում են։
Սրանք մեզանից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ։


Հ․Գ․ Ֆուտբոլի այս առաջնությունը շատ խորհրդանշական է։ Այն վերջինն է լինելու Ռոնալդուի և Մեսսիի համար։ Վերջին 15 տարին այս երկուսի շուրջ են պտտվել ֆուտբոլային աստվածները, և հիմա գալիս է այդ «դարաշրջանի» ավարտը։
Թեև ես գերմանական ֆուտբոլային ոճի երկրպագու եմ (խոսքս Բրեմեյի, Կլինսմանի, Կահնի, Զամմերի, Մյոլերի, Էֆենբերգի, Մաթեուսի, Ֆյոլերի, Ռումինիգեի, Շվայշտայգերի, Կրոսսի, Հյոսլերի Գերմանիայի մասին է), ու ֆուտբոլային կլասիկան Արգենտինա-Գերմանիա եզրափակիչն է, սակայն կուզենայի, որ այս եզրափակիչում հանդիպեին Արգենտինան ու Պորտուգալիան, որպեսզի Մեսսի-Ռոնալդու դիմակայությունը վերջնական հանգուցալուծում ստանա ֆուտբոլի դաշտում։ Այ դա կլիներ իսկական ֆուտբոլային բլոգբաստեր։


Դե, իսկ ֆուտբոլային տոնը (և ոչ միայն դա) մի օր հաստատ կվերադառնա նաև Հայաստան։ Ես հավատում եմ դրան, ու ամեն ինչ պետք է անել մեր տոները վերադարձնելու համար։

Դիտվել է՝ 8841

Մեկնաբանություններ