Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԱԿ ՉԷՐ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՈՒԶՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՈՒ ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԱԿ ՉԷՐ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՈՒԶՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՈՒ ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ
27.03.2012 | 00:00

Եթե քննարկելու լինենք Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի հարաբերությունների խնդիրը, կարելի է հեշտորեն հանգել այն հետևությանը, որ նրանց դիրքորոշումներում ոչ մի սկզբունքային տարբերություն չկա։ Հասկանալի է, որ նրանք երկուսն էլ կուզենային ընդգծել որոշակի քաղաքական տարբերություններ, ինչով շահագրգռված է հատկապես Քոչարյանը։ Հարկ է նշել, որ քանի մոտենում են ՀՀ ԱԺ ընտրությունները, այնքան արտաքին կողմերը, այսինքն` արտասահմանյան առաքելությունների ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա հետազոտողներն ավելի մեծ հետաքրքրություն են հանդես բերում Ռ. Քոչարյանի անձի նկատմամբ։ Միգուցե դա բացատրվում է Հայաստանի ներքին քաղաքականության սուբյեկտների կազմի քրոնիկ սակավամարդությամբ, բացահայտ առաջնորդների ու ներքաղաքական կյանքի բազմազանության բացակայությամբ։ Ընդ որում, ԱՄՆ-ն այնքան էլ չի հասկանում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջողությունն ինչպե՞ս կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա, և կարո՞ղ է, արդյոք, այդ հանգամանքը խոչընդոտել իշխանությունների և Ս. Սագսյանի ներկա «նոր» արտքաղաքական կուրսին։ Մեծ Բրիտանիան անհանգստացած է նրանով, որ Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալը կարող է պատճառ դառնալ հակաբրիտանական տրամադրությունների հնարավոր առաջացման։ Իրանը խիստ շահագրգռված է Ռ. Քոչարյանի վերադարձով, արտահայտելով ավելի շատ ոչ թե վստահություն, այլ ակնկալիքներ` նրա արտաքին քաղաքականության պահպանողականության առումով։ Ռուսաստանը, որ բավականին նախապաշարված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարի հանդեպ իր դիրքորոշման քննադատությամբ, շատ զուսպ կարտահայտի հայկական իրադարձությունների հանդեպ իր վերաբերմունքը։ Ռ. Քոչարյանի հանդեպ որոշակի հետաքրքրություն է հանդես բերում Ֆրանսիան, թեև ֆրանսիացիները, ինչպես երևում է, հստակ պատկերացում չունեն, թե ինչ կարելի է սպասել այդ քաղգործչի` քաղաքականություն վերադառնալուց։
Միաժամանակ, արտաքին և ներքին գործոններն այս իրավիճակում կարող են կարևոր, բայց ոչ վճռորոշ նշանակություն ունենալ Ռ. Քոչարյանի համար` իր նպատակներին հասնելու ճանապարհին։ Ռ. Քոչարյանի առջև երկու խնդիր է ծառացած. նախագահ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության գալ իշխանության բաժանման և գործակցության ձևաչափի շուրջ, ստեղծել իշխանության նոր հիմնարար քաղաքական պայմաններ, ինչը ենթադրում է նոր կառավարող կոալիցիայի ստեղծում։
Առաջին խնդրի առնչությամբ կարելի է վստահորեն ասել, որ Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի շահերն այժմ մեծ մասամբ զուգադիպում են։ Նրանք, իհարկե, պայմանավորվածություն ձեռք կբերեն, դա այնքան էլ բարդ բան չէ, հատկապես քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իշխանության հիմնարար պայմանների ստեղծման հարցը շատ ավելի բարդ է, և հազիվ թե հեշտ լինի այդ հարցը լուծել անցավ։ Գործող նախագահը վաղուց է ձգտում փոխել իր իշխանության ձևաչափը, քանի որ այդ ներկա ապակենտրոնացած կորպորացիան գլխավոր վարկաբեկիչ գործոն, ավելորդ բեռ է դարձել նախագահի իշխանության համար։ Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան միությունը, որոշ ջանքերով, հնարավոր բողոքներով, կարող էր չեզոքացնել այդ կուսակցության ազդեցությունը քաղաքականության վրա։ Սակայն Ս. Սարգսյանի առջև խնդիր կառաջանա ստեղծելու մի նոր հիմնարար ուժ, այլապես նա դեմ առ դեմ կմնա Ռ. Քոչարյանի հետ, որն ունի «սեփական» կուսակցություն, առանձին ձեռնարկատիրական ու քաղաքական խմբերի աջակցությունը, այդ թվում` դաշնակցական կուսակցության, որի համար նրա հետ «բարեկամությունը» նվաստացուցիչ ստորադաս դիրքում չհայտնվելու վերջին հնարավորությունը կլիներ։
Քաղտեխնոլոգների կարծիքով, Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի կողմից իշխանության վերաձևավորման լավագույն եղանակը կլինեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ավելի շուտ, օգտվելով ընտրություններից, Ս. Սարգսյանը ոչ թե հանրապետական կուսակցությանը կբացառեր քաղաքականությունից, այլ ընդամենը կկատարեր կադրերի շրջափոխություն, այդ թվում` կուսակցության ղեկավարների և պաշտոնատար անձանց։ Եվ նա չէր վախենա առանց կուսակցական աջակցության մնալուց, կձգտեր կուսակցությունը դարձնել ավելի «ձեռնասուն» ու իր համար ընդունելի, ազատվելով այդ կուսակցության հարուցած խնդիրներից և ունեցած հավակնություններից։ Ռ. Քոչարյանն իշխանություն է վերադառնում հանրապետական կուսակցության շատ անձանց նկատմամբ ոխի ու ատելության տրամադրությամբ և, ամենայն հավանականությամբ, կձգտի հենվել երկու այլ կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» ու դաշնակցության վրա։ Թեև կարծիք կա, որ ներկա իրավիճակում դաշնակցությունը Ռ. Քոչարյանին ամենևին պետք չէ որպես գործընկեր։
Հետաքրքրություն է ներկայացնում Ռ. Քո-չարյանի ժողովրդականության հարցը որպես քաղաքական ռեսուրսի։ Նախագահի պոստում գտնվելու ամբողջ ընթացքում Ռ. Քոչարյանն ուներ նվազագույն ժողովրդականություն, հատկապես ավարտական շրջանում, որը հետևանք էր Հայաստանի սոցիալական ոլորտում խելքը գլխին քաղաքականության, պատշաճ պետական քարոզչության, հասարակական տարբեր շրջանակների կողմից քաղաքական տարբեր խնդիրների շուրջ բանավեճերին ու քննարկումներին նախագահի մասնակցության բացակայության։ Ընդ որում, պետք է նշել որ վարչարարության ոլորտում Ռ. Քոչարյանի քաղաքականությունից դժգոհ շատ ձեռնարկատերեր մշտապես քննադատում էին նրան, նրա հանդեպ ստեղծելով անհանդուրժողականության և բացահայտ թշնամանքի տրամադրություններ։ Մանր գործարարների հսկայական մասն ու գյուղացիների մի մասը ևս խիստ թշնամաբար էին վերաբերվում նախագահին։ Ներքին քաղաքականության մեջ Ռ. Քոչարյանին ներկայացվող գլխավոր մեղադրանքը մնում էր այն, որ նա ընդունակ չէր և չէր էլ ուզում պայքարել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ։ Ռ. Քոչարյանը, պայքարելով ձեռնարկատերերի մի խմբի դեմ, իր կողմն էր քաշում ուրիշ խմբերի, ելնելով զուտ սեփական անձնական շահերից, ինչն առաջ էր բերում հանրության ցասումը։ Մտավորականությունը լիովին արհամարհված էր և մեկուսացված քաղաքական ու սոցիալական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ բանավեճի մասնակցելու հնարավորությունից։ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգը մեղադրվում էր Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության հաստատման մեջ, որը, ըստ էության, գոյություն չուներ, քանի որ իշխանության մեջ ներառվում էին ղարաբաղյան ծագման հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ։ Տասը տարում Հայաստանում ոմանք կուտակեցին հսկայական կարողություններ, ինչը հնարավոր էր միայն իշխանությունների հովանավորությամբ։ Հիմնականում շնորհիվ տնտեսական և ֆինանսական հաջող իրադրության Հայաստանում նկատվում էր տնտեսական աճ, որը Ռ. Քոչարյանի օրոք տարեկան հասնում էր 12-14 տոկոսի։ Հայաստան էին մտնում մեծ ծավալի տրանսֆերտներ, որոնց շնորհիվ ընդլայնվում էր շինարարության ոլորտը, ինչը և տնտեսական աճի հիմնական գործոնն էր։
Դրան զուգընթաց, Ռ. Քոչարյանն այդպես էլ չկարողացավ կանխանշել տնտեսության, նախ և առաջ արդյունաբերության զարգացման գերակայությունները։ Չորոշվեցին և չնշվեցին գլխավոր խնդրի լուծման` արդյունաբերության մրցունակ ճյուղերի ստեղծման ու զարգացման ուղղությունները, արտահանությունը մնում էր խղճուկ մակարդակի վրա, ինչը հետևանք էր տնտեսության անառողջ վիճակի` չնայած համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանակական աճին։ Հայաստանի տնտեսական ճգնաժամը, որն սկսվեց 2008-ի վերջին, կանխորոշված էր ոչ միայն համաշխարհային ճգնաժամով, այլև երկրի տնտեսության կառուցվածքային արատներով, արտահանման կարողության բացակայությամբ, այն բանով, որ չէին հասկանում, թե ինչ կերպ է հնարավոր երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Եվ դրա համար մեղադրվում է Ռ. Քոչարյանը, որը երկրին խոտելի տնտեսություն է թողել։
Մտավոր շրջանակներում լավ են հասկանում, թե ինչի հետևանքով է Հայաստանը հայտնվել այս վիճակում, և դա ուղղակիորեն կապում են Ռ. Քոչարյանի գործունեության հետ։ Մինչդեռ ինքը` Քոչարյանը, ընդհակառակը, պնդում է, թե իր օրոք տնտեսության մեջ ամեն ինչ կարգին էր, իսկ ահա իր գնալուց հետո տեղի է ունեցել տնտեսական անկում։ Գուցե և դա որոշ հիմքեր ունի, համենայն դեպս, ընդդիմության և ընդդիմախոսների համար դժվար է ապացուցել և ասել, թե Ռ. Քոչարյանի քաղաքականությունն առհասարակ կապ չի ունեցել նախընթաց տարիներին տնտեսության զարգացման հետ։ Փաստորեն, բնակչության` որոշակի տարածաշրջանային պատկանելություն ունեցող մասն է միայն հակված պնդելու, թե դա Ռ. Քոչարյանի անուրանալի վաստակն է, ու նախընտրում է նրա վերադարձը։
Միաժամանակ, տնտեսական խնդիրների կողքին, որոնք հասարակության շրջանում մեկնաբանվում են տարբեր կերպ, ելնելով այս կամ այն սոցիալական խմբի տնտեսական դրությունից, հանրության մի մասի շրջանում երկյուղներ կան, որ Ս. Սարգսյանի իշխանության թուլանալու պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարող են մեծացնել իրենց ազդեցությունը։ Միաժամանակ մեծանում են երկյուղները, որ Հայաստանը կարող է զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, նախ և առաջ տարածքների հարցում, ինչի դեմ հանդես է գալիս բնակչության ավելի ու ավելի գերակշիռ մասը, հատկապես երիտասարդ սերունդը։ Այս կապակցությամբ, մինչդեռ նախագահ Ս. Սարգսյանը շարունակ հայտարարություններ է անում Հարթավայրային Ղարաբաղի տարածքների հետ կապված փոխզիջումների մասին, որոնք «անվտանգության գոտի» են անվանվում, բնակչությունը, այսպես թե այնպես, Ռ. Քոչարյանից ավելի քիչ զիջողականություն է ակնկալում, որ նա, իբր, ցուցաբերում էր առաջ, գտնվելով իշխանության գլուխ։ Թեև այդ խմբերի հույսերը Ռ. Քոչարյանի դիրքորոշման առնչությամբ կարող են երևութական լինել։
Պետք է ուշադրության առնել, որ նախագահ Ս. Սարգսյանը Ռ. Քոչարյանին տեսնում է հնարավոր գործընկերոջ դերում` այն իրավիճակում, եթե ներկա կառավարող վարչակազմի վիճակն ավելի խոցելի դառնա ընդդիմության ճնշման սաստկացման հետևանքով։ Այս վարկածը բնավ չի կարելի բացառել։ Բայց Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին պահանջարկված և փոխադարձորեն պայմանավորված գործընկերներ անհնար է համարել։ Ս. Սարգսյանը չի ուզում, որ Ռ. Քոչարյանը իշխանության գա ո՛չ վարչապետի դերում, ո՛չ էլ որևէ այլ։ Ռ. Քոչարյանը ներկայումս ձգտում է ներքաղաքական խարդավանքներ սարքել Ս. Սարգսյանի դեմ, հենվելով, այսպես կոչված, «պաշտոնական թիմի» «իր» մարդկանց վրա։ Այս կապակցությամբ, եթե Ս. Սարգսյանը փորձեր արձակել խորհրդարանը` առանց Ռ. Քոչարյանի հետ համաձայնեցնելու, ապա կարող էր առաջանալ միանգամայն այլ իրավիճակ, և խորհրդարանում Ռ. Քոչարյանի մարդիկ կարող էին միավորվել հանրապետական կուսակցության խմբակցության հետ ու խարխլել նախագահի ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ներկա խորհրդարանում, ըստ էության, բոլոր պատգամավորները նշանակալի գումարներ են վճարել այդ աթոռներին տիրանալու համար, գիտեն նաև, որ հաջորդ խորհրդարանում իրենք տեղ չեն ունենալու, ուստի խորհրդարանի արձակմանը մեծ դիմադրություն եղավ։
Այս հանգամանքները Ռ. Քոչարյանին հույսեր են ներշնչում, թե հնարավոր է պայմանավորվածության գալ հանրապետական կուսակցության հետ, որը շարունակում է խիստ անբարյացակամ վերաբերվել նախկին նախագահին։ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը կարող էին համաձայնության հանգել խորհրդարանի արձակման շուրջ և արտահերթ ընտրություններ նշանակել մեկ առանցքային պարագայում. հետագա իրադարձություններն ու խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենային Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի լիակատար վերահսկողությամբ, ինչը հազիվ թե հնարավոր լիներ։ Եթե խորհրդարանն արձակվեր առանց երկուսի համաձայնության, ապա Ռ. Քոչարյանը կկորցներ իր գլխավոր քաղաքական «պահեստազորը»` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը։ Բայց ժամանակն անդառնալիորեն անցել-գնացել է, և այդ տարբերակը դեռ կհիշվի ու լավագույնը կթվա մեծ ու դժվար լուծելի խնդիրների շարքում։
Թեև «Բարգավաճ Հայաստանն» այժմ էական դեր է խաղում քաղաքականության մեջ, և դա Ռ. Քոչարյանի քիչ թե շատ լեգիտիմ ռեսուրսն է, սակայն Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև քիչ թե շատ հանգամանալի պայմանավորվածության դեպքում այդ կուսակցությունը կարելի էր զոհաբերել, ինչպես և կարելի էր զոհաբերել հանրապետական կուսակցությունը` ստեղծել մի նոր կուսակցություն, որը հին կերպարի և մեղքերի տակ կքած չլիներ։ Դրա համար կային բոլոր այն ռեսուրսները, որոնք հասանելի ու հասկանալի էին, այսինքն` դրամական միջոցներ, համարժեք և իրատես մարդիկ, արտաքին քաղաքական աջակցություն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, ինչպես նաև ժամանակի պաշար։ Հիմա էլ այդ ամենը կա, բայց ժամանակ չկա, ու արդեն հնարավոր չէ կատարել կուսակցական-քաղաքական կադրերի հիմնավոր շրջափոխություն։ Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ, երբ Ս. Սարգսյանը դեռևս զբաղված է կուսակցական և վարչական կադրերի զտմամբ, փորձում է սահմանազատվել օլիգարխներից և դրանով իսկ շատ ժամանակ ու հնարավորություն է կորցրել։
Դաշնակցության և նախագահ Ս. Սարգսյանի գժտությունից հետո այդ կուսակցությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Ռ. Քոչարյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր, այդ թվում` ապագա կառավարությունում։ Դաշնակցությունն այժմ, խիստ վարկաբեկված լինելով կառավարող վարչակազմի հետ տևական համագործակցության հետևանքով, արդեն իրական քաղաքական ուժ չէ և ի վիճակի չէ պատշաճ աջակցություն ցուցաբերելու Ռ. Քոչարյանին` ո՛չ ներկա նախագահին դիմակայության, ո՛չ էլ նրա հետ գործընկերության հարցում։ Իհարկե, աջակցության դիմաց դաշնակցական կուսակցությունը տեղեր կպահանջեր խորհրդարանում, ինչը շատ խնդրահարույց կդառնար այն առումով, որ այդ կուսակցությունը չի ընդունում Ս. Սարգսյանի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ասպարեզում։ Բայց «հեղափոխական» կուսակցության ծառայությունն արդեն քչերին է հետաքրքրում։ Երևի դաշնակցությունը ներքին հեղափոխության է սպասում ու վերածննդի, բայց այդ ամենն արդեն տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո և առանց կուսակցության ներկա պարագլուխների մասնակցության։
Ս. Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց միջև բանակցություններ եղան հնարավոր փոխհամաձայնության շուրջ, երբ արտահերթ ընտրությունների պարագայում ընդդիմությունը պետք է 30 տեղ ստանար խորհրդարանում։ Դա ծայրաստիճան վտանգավոր հեռանկար էր Ռ. Քոչարյանի համար, քանի որ ընդդիմությունը բառացիորեն ատում է նրան և ձգտում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների դատապարտմանը, որոնց համար մեղադրում է, առաջին հերթին, Ռ. Քոչարյանին։ Ս. Սարգսյանը դժվարությամբ կարողացավ հետ մղել ընդդիմության ճնշումը և հնարավոր է համագործակցի ներկա ընդդիմության հետ։ Այս իրավիճակում Ս. Սարգսյանն ունի հետևյալ այլընտրանքը` գործընկերություն Ռ. Քոչարյանի կամ ընդդիմության հետ։ Ս. Սարգսյանի շրջապատը, երևի, նրան ներշնչում է, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հեռանկարը նշանակում է, որ Ս. Սարգսյանը մոտ ապագայում կկորցնի իշխանությունը։ Քննարկելով այս խաղավիճակը, ավելի շատ կարելի է պնդել, թե Ռ. Քոչարյանը միարժեքորեն իշխանության գալու հեռանկար չունի, եթե նկատի չունենանք ուժային հնարքները, ասենք` զինվորական հեղաշրջումը, որի ոչ մի նախանշան չկա։ Զինված ուժերը կմիջամտեն բացառապես այն դեպքում, եթե Հայաստանին սպառնան քաղաքական այնպիսի լուծումներ, որոնք կարող են հանգեցնել երկրի թուլացմանը կամ «տարածքային զիջումներ» ենթադրող աղետի։ Զինված ուժերում այդ տրամադրությունները քաջ հայտնի են, բայց նրանք չեն միջամտի ներքին քաղաքականությանը։ Այսպիսով, Ռ. Քոչարյանի ժողովրդականության գնահատականները շատ կասկածելի են, ու հազիվ թե հանրությունը պատրաստ լինի աջակցելու նրան որպես վարչապետի և իրական գործընկեր ակնկալելու նրանից։ Ռ. Քոչարյանը զուրկ է հասարակական աջակցության ռեսուրսից, և կարող է ակնկալել միայն առանձին ձեռնարկատերերի աջակցությունը։ Բայց դա չի կարող դիտարկվել որպես հասարակական աջակցություն։ Առայժմ նա կարող է հենվել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բնակչության որոշ սահմանափակ տարածաշրջանային շրջանակների վրա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ