Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՓՈԽԵԼ Է ԻՐ ՁԵՎԸ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՓՈԽԵԼ Է ԻՐ ՁԵՎԸ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
16.09.2011 | 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարում լայն տարածում գտած, նոր աշխարհակարգի գաղափարական հիմքը կազմող և աշխարհին բացառապես արևմտյան ենթատեքստով ներկայացվող «ժողովրդավարություն» եզրույթի ծագումնաբանությունն աղերսվում է Հին Հունաստանի պատմության հետ: Ժողովրդավարության կայացման առաջնային պայմաններից էին հասարակական ինքնակառավարման կազմակերպումը, որոշումների կոլեկտիվ ընդունումն ու իրագործումը: Ժողովրդավարության դասական մոդելի հետ են առնչվում, օրինակ, օստրակիզմն ու ատիմիան: Ատիմիան բառացիորեն թարգմանվում է որպես «պատվազրկում»: Այսինքն, ժողովրդի ընտրած խորհուրդը «պատվից զրկում» էր բարոյականության նորմերը խախտած, մարտադաշտից փախուստի դիմած կամ ազգային սովորույթների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացուն: Արդյունքում վերջինս զրկվում էր ժողովրդական խորհրդում ելույթ ունենալու, պետական պաշտոն զբաղեցնելու, բանակում ծառայելու և օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքներից: Իսկ օստրակիզմը ենթադրում էր ժողովրդի ներկայացուցիչների կողմից կավի կտորների օգնությամբ իրականացված քվեարկություն, որի արդյունքում «հասարակության համար վտանգ ներկայացնող քաղաքացին» լքում էր Հունաստանի սահմանները առնվազն տասը տարով: Մարդկային հարաբերություններում գերիշխող էին հավասարությունն ու արդարությունը:
Հին Հունաստանի պատմության ուսումնասիրությունը թողնելով ոլորտի մասնագետներին` ակամայից մտաբերեցինք տասնյակ մարդկանց անուններ, ում, առանց հապաղելու, կարելի է «պատվազրկելով» «հեռացնել» Հայաստանի Հանրապետության սահմաններից: Սակայն, ցավոք, օստրակիզմն ու ատիմիան մնացել են վաղ անցյալում, իսկ արդի գիտատեխնիկական զարգացման պայմաններում չեն պահպանվել կավի կտորներն այնպես, ինչպես արդար մարդկային հարաբերությունները: Ժամանակակից տեխնիկայով հագեցած աշխատասենյակներում և գրասենյակներում բոլորովին այլ կերպ են պատժվում անձնական շահը հասարակականից վեր դասած մարդիկ, սակայն դժվար թե բանակում չծառայելը պատվազրկություն համարի 21-րդ դարի հայ մարդը: Անշուշտ, փոխվել են ժամանակներն ու արժեքները, դեմոկրատիան էլ փոխել է իր ձևը, բայց ոչ բովանդակությունը: Այն շահարկվում է ամեն քայլափոխի յուրաքանչյուրի կողմից:
Դեմոկրատական արժեքների տարածման և ամրապնդման գլխավոր քաղաքական ինստիտուտը` Ազգային ժողովը, ջանք ու եռանդ չի խնայում և իր արգասաբեր աշխատանքի արդյունքում ՀՀ բնակչությանը պարգևում է բացառապես ժողովրդավար օրենքներ: Սակայն, հետաքրքիր է, ազգիս 131 «օրենսգիրներից» քանի՞սը կարող են պատասխանել հետևյալ հարցին. «Ինչ է ժողովրդավարությունը»: Երևի թե մի քանիսը միայն: Դե ի՞նչ արած, ունենք այն, ինչ ունենք:
Ավելորդ չէ հիշատակել նաև մեր բազմաչարչար կառավարող էլիտայի ներկայացուցիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով «դեմոկրատիզացիայի» են ենթարկել քաղաքը` իր բանկերով, էլիտար շենքերով և ռեստորաններով: Հերթը գյուղին դեռ չի հասել, բայց, հոգ չէ, գյուղացին էլ մի օր կճաշակի ժողովրդավարության քաղցր պտուղները: Բանվորագյուղացիական դաշինքը անցյալ հարյուրամյակի ընթացքում չարդարացրեց իրեն կոմունիզմի կառուցման ճանապարհին: Դասեր քաղելով պատմությունից` հայ քաղաքական միտքը ԽՍՀՄ փլուզումից հետո մատնանշեց քաղաքի դերն ու նշանակությունը մասնավորապես ՀՀ «դեմոկրատացման» առումով: Քաղաքի համար կենսական նշանակություն ունեն հյուսիսային պողոտաները, երկնաքերներն ու սուպերմարկետները, իսկ գյուղացին կարող է միայնակ պայքարել բնական աղետների դեմ, յոլա գնալ ավերված ճանապարհներով:
Ամենևին չենք մեղադրում հայրենի պետական գործիչներին, քանզի ոչ վաղ անցյալի կարմիր վզկապով պիոներները դժվար թե ըմբռնեն ժողովրդավարական արժեհամակարգի բովանդակությունը, գյուղացու խնդիրներն ու քաղաքացու հոգսերը: Հակառակ դեպքում անպայման կգիտակցեին, որ ժողովրդի հաշվին գիրացող օլիգարխներին պետք է բառիս բուն իմաստով մոտ չթողնել պետական կառավարմանը, չաճեցնել «քաղաքական պատուհասների», իսկ հետո մտածել, թե ինչպես ձերբազատվել նրանցից: Պետք չէ պետական կառավարման միջավայրը վերածել ցոփության ու խրախճանքների միջավայրի, որտեղ ձգտում են հայտնվել տարատեսակ միջակություններ: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել բանակում տիրող սանձարձակությանը վերջ տալու նպատակով: Բավական է հանդուրժել «բիզնեսմեն գեներալների» առկայությունն ազգային անվտանգության երաշխավոր ուժային կառույցում, գեներալներ, ում պատճառով արատավորվում է հայ սպայի պատիվը, հայոց բանակի անունը: Թող իրենց բիզնես-պլանները կազմեն քաղաքացիական հագուստով, իսկ հայ զինվորը չսպանվի ու չխելագարվի կարգուկանոնի բացակայության պայմաններում: Ցավալի է, որ ադրբեջանցիները բառիս բուն իմաստով «որսում» են հայոց բանակի սայթաքումները` իրենց կայքերի միջոցով ողջ աշխարհին ներկայացնելով հայոց բանակում տիրող վիճակը: «Պետք» -երի ու «պետք չէ» - ների շարանը կարելի է անդադար շարունակել: Բավ է, սթափվե՛ք, պարոնայք...
Հատկապես 1985 թ. հռչակված վերակառուցման քաղաքական կուրսի տարրերի կիրառումից և արևմտյան արժեքների` ԽՍՀՄ ներթափանցումից հետո դեմոկրատիայի դրոշը ծածանում են բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում` ՀՀ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ում էլ ցանկանում ենք սրտանց շնորհավորել սեպտեմբերի 15-ի` Դեմոկրատիայի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանալ ուժ ու կորով Հայաստանի ժողովրդավարական Հանրապետությունը կործանումից փրկելու համար...
ՀԺԱՄ երիտասարդական թև

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ