Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ»

«ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ»
10.02.2012 | 00:00

Հայտնի դիվանագետ լորդ Պալմերստոնի` դեռևս 19-րդ դարում ձևակերպած «Չկան ո՛չ մշտական դաշնակիցներ, ո՛չ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր» սկզբունքը վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է կիրառություն գտնում հատկապես նոր ծնունդ առնող պետություններում։ Օրինակ, Ադրբեջանում այդ հին բրիտանական մոտեցումը հաճախ է գործողության ուղեցույց դառնում տեղի դիվանագիտության համար, և որպես հետևանք, տեղի են ունենում շատ հետաքրքիր կերպափոխություններ, որոնց մասին դեռ վերջերս տարօրինակ կլիներ անգամ երևակայել։ Այն ժամանակ դժվար կլիներ պատկերացնել, թե Ադրբեջանը երբևէ կհամարձակվի չընթանալ «ավագ եղբոր» արտաքին քաղաքականության հունով։ Առավել ևս, որ Անկարան մեկ անգամ չէ, որ գործով (Հայաստանի շրջափակումը, հայ-թուրքական արձանագրությունների ձախումը դրա ակնբախ վկայությունն են) ապացուցել է ոչ միայն Բաքվի հանդեպ իր բարեհաճությունը, այլև գործել է տրամաբանությանը, ողջախոհությանն ու իր ակնհայտ շահերին հակառակ։ Դրա համար մեծ խթան են եղել ոչ միայն ազգային հոգեհարազատությունը, այլև ընդհանուր «թյուրքական աշխարհի» հռչակած շահերը։
Այն ժամանակ ադրբեջանցիները շատ արագ մոռացան իրենց բոլոր մայմունություններն ազգի, իբր, աղվանական արմատների մասին, «մեծ հոր»` ավագ Ալիևի շուրթերով աշխարհին ազդարարեցին իրենց «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցման մասին և շուտով սկսեցին լուրջ շահ քաղել արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն արդեն այն ժամանակ «փոքրիկն» սկսել էր կամակորություն անել և ցույց տալ իր վատ բնավորությունը, հետո էլ առհասարակ հայտարարեց իր ինքնաբավության մասին։ Երևի թուրքերի համար «առաջին զանգը» պետք է հնչեր, երբ Բաքուն սկսեց խաղալ գազի գների հետ և խոչընդոտել Անկարայի համար մի շարք կարևոր էներգանախագծերի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Բայց Անկարան հաշտվեց այն բանի հետ, որ իրենց «ախպերացուն» չի ուզում բարկացնել Ռուսաստանին, դե` «Սերը` սեր, իսկ փողն ավելի կարևոր է» սկզբունքը լիովին հասկանալի է թուրքերին։ Սակայն հետո տեղի ունեցավ Թուրքիա-Իսրայել գժտությունը, սրընթաց գահավիժեց հին գործընկերությունը, իսկ Անկարայում իրենց համար անսպասելիորեն հայտնաբերեցին, որ ազգը գուցե և «մեկն» է, բայց շահերն ու մոտեցումները, այնուամենայնիվ, տարբեր են։ Այն ժամանակ Բաքուն ոչ միայն չփչացրեց հարաբերությունները հրեական պետության հետ, այլև սկսեց ծայրաստիճան ցուցադրաբար զարգացնել հարաբերությունները Երուսաղեմի հետ։ Կարելի է կասկածել, թե դա սոսկ դերաբաշխում էր և «խորամանկ թուրքերի» համաձայնեցված քաղաքականություն, առավել ևս, որ ադրբեջանցիները հաջողությամբ ստանձնել էին թուրքերի շահերի պաշտպանությունն Իսրայելի կնեսետում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելիս։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ ու կառավարելի չէ «եղբայր ժողովուրդների» մոտ։ Որպես ադրբեջանա-թուրքական հարաբերությունների յուրահատկության օրինակ կարելի է նշել նաև Բաքվի դիրքորոշումը Հյուսիսային Կովկասի խնդրի առնչությամբ. չնայած Անկարայի ճնշմանը, Ադրբեջանն այդպես էլ չճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ընդ որում, Բաքվի փաստարկները Թուրքիայի համար այդպես էլ անհասկանալի մնացին։ Բայց այդ «եղբայրություն` առանց երևակայության» նոր միտումն առանձնապես տպավորիչ է դրսևորվում այժմ Թեհրան-Անկարա-Բաքու եռանկյունում։
Նկատենք, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացումից անմիջապես հետո ադրբեջանցի շատ քաղգործիչներ վայնասուն բարձրացրին, թե «մի ժամանակ Իրանը մեծ դեր է խաղացել արաբների դեմ պատերազմող Իսրայելի ծաղկման գործում, իսկ հիմա Հայաստանին է ուժեղացնում ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի»։ Բայց այդ երկու երկրներում Բաքվի խանդոտ վայնասունը բանի տեղ չդրեցին։ Թեհրանում, ինչպես և Անկարայում, առայժմ քիչ ուշադրություն են դարձնում նաև ավելի նշանակալի կենտրոնների արձագանքին` Թել Ավիվի լիակատար հիասթափությանը, Վաշինգտոնի ու Բրյուսելի դժգոհությանը, Մոսկվայի զգուշավորությանը։ Սակայն թուրքական վերնախավի շրջանում, կարծես, որոշ շփոթություն և տարակուսանք է զգացվում սասանված «մեկ ազգ, երկու պետություն» տեսության առնչությամբ, ինչը նաև դժգոհության տեղիք է տալիս։
Հանուն արդարության հարկ է նշել, որ Անկարան, այնուամենայնիվ, կանոնավորապես և անդուլ ձգտում է իր արևելյան խաղերի մեջ մտցնել «կամակոր եղբորը» և ձգտում է կառուցել Թուրքիա-Իրան-Ադրբեջան աշխարհաքաղաքական առանցքը։ Նախ Ստամբուլում` տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում տեղի ունեցավ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Նախկինում երեք հարևան երկրների միջև նման ձևաչափի բանակցություններ չէին եղել։ Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ իրանական ՈՒրմիա քաղաքում։ ՈՒ թեև արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցի հիմնական թեման տնտեսական հարաբերությունների զարգացումն ու երեք հարևան պետությունների միջև ապրանքաշրջանառության ավելացումն էր, քննարկվեցին նաև պատմական, մշակութային «տարածքային ամբողջականության շրջանակներում սառեցված հակամարտությունների» կարգավորման հարցեր։ Մի խոսքով, պաշտոնական Բաքուն, Թեհրանն ու Անկարան բավականին լայն ընդգրկման հարցեր քննարկեցին և, դատելով ըստ ամենայնի, ապագայի լուրջ ծրագրեր ունեին։ Բայց շուտով այդ հովվերգությունն սկսեց մռայլվել։ Անցած տարվա հոկտեմբերին նախարարների հանդիպումը հետաձգվեց, իսկ առիթն «ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողի սպանության» փաստն էր։ Հիմա էլ հայտնի է դարձել, որ հունվարին նախատեսված հանդիպումն էլ է հետաձգվել, իբր, կիպրացի թուրքերի առաջնորդի մահվան կապակցությամբ։
Այնինչ ճշմարտությունն այն է, որ 2010-ի դեկտեմբերից ի վեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն փոխվել է, ինչը «եռանկյունու» փոխհարաբերությունների հետագա խորացումը, փաստորեն, անհնար է դարձրել։ Այսպես, վերջերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաղորդեց մի դավադրության բացահայտման մասին, «որի մասնակիցները ծրագրում էին սպանել այդ երկրում ապրող և աշխատող օտարերկրացիներին»։ Տարածված հայտարարության մեջ ասվում է, թե սպանությունները ծրագրած երկու ադրբեջանցիներ ձերբակալվել են, իսկ ահաբեկչական գործողությունների երրորդ «առանցքային մասնակիցը» թաքնվում է Իրանում և համագործակցում իրանական հատուկ ծառայությունների հետ։ Դրանից հետո Բաքվում «վհուկների որս» սկսվեց։ Փորձագետներն ու քաղգործիչները, իրար հերթ չտալով, խոսում են այն մասին, որ «իրանական լրատվամիջոցները վաղուց արդեն արշավ են սկսել ադրբեջանցիների դեմ», որոնք վերջին ժամանակներս ավելի են ակտիվացել, որ Իրանը մոտ մեկ մլրդ դոլար է առանձնացրել «կիբեռբանակի» ստեղծման համար, և դրանով են հատկապես բացատրվում վերջերս ադրբեջանական կայքերի դեմ ձեռնարկված զանգվածային գրոհները, որ Իրանը ձգտում է խոչընդոտել Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացմանը և ջանում է Ադրբեջանը ներկայացնել որպես անկայուն երկիր։ Բացի այդ, հիշեցնենք, որ ավելի վաղ իրավիճակը լրջորեն սրված է եղել կրոնական հողի վրա։ Ադրբեջանում կալանավորվել ու դատապարտվել են երկրում հայտնի կրոնական գործիչներ։ Նրանք, ինչպես հայտարարել են Բաքվի իշխանությունները, Իրանի մշակութային կենտրոնի աջակցությամբ ստեղծել են «Ջաֆարի» արմատական կրոնական խումբը, որի անդամները, իբր, կրոնական արմատականության քարոզ են արել, ինչպես նաև «հավատացյալների շրջանում տարածել են թռուցիկներ, որոցով աշխատել են պառակտում առաջացնել կրոնական տարբեր հոսանքների միջև»։ Այնուհետև Ադրբեջանում տեղի ունեցան բողոքի գործողություններ ընդդեմ ուսումնական հաստատություններում գլխաշորի արգելման, ինչը, իբր, հրահրել էին իրանցիները։ Ի դեպ, ամենահետաքրքիրն այն է, որ, իսլամական բոլոր հոսանքների շարքում, երկրում հալածանքների են ենթարկվում միայն շիական քաղաքական ուժերը, ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի հասցեին Իրանի ամենաաղմկահարույց հայտարարությունն Իրանի գլխավոր շտաբի պետի սպառնալիքներն են հավատացյալներին հալածելու կապակցությամբ։
Եվ ահա այժմ Բաքուն հայտարարում է, թե Թեհրանը փորձում է «ապակայունացնել երկրի իրադրությունը», որով խախտվում է մեկ այլ ինքնիշխան երկրի ներպետական գործերին չմիջամտելու միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներից մեկը։ Ապա, հին «բարի ավանդույթի» համաձայն, հետևում են ակնարկներն ու ուղղակի սպառնալիքները։ Ընդգծվում է, որ «բարեկամ Բաքվի» հետ հարաբերությունների վատացումը ձեռնտու չէ Թեհրանին։ Իրանը, նրանց կարծիքով, պետք է լրջորեն մտածի իր քաղաքականության մասին, առավել ևս, հնարավոր է, որ շատ շուտով Իրանի նկատմամբ սահմանվեն միջազգային նոր պատժամիջոցներ, իսկ Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ իր տարածքը չի տրամադրի Իրանին հարված հասցնելու համար։ Ի դեպ, ի տարբերություն Թուրքիայի, Բաքուն հայտարարել է, թե կպաշտպանի Իրանի նկատմամբ նավթարգելքը։ Մի շարք քաղգործիչների ու փորձագետների կարծիքով, Իրանը հանդես էր գալիս «հայաստանյան ճակատում»` Ադրբեջանի դեմ նրա «ագրեսիայի» ժամանակ` ցուցաբերելով ոչ միայն տնտեսական, այլև ռազմական աջակցություն. «Մենք բազմիցս վկա ենք եղել մեր երկրի դեմ իրանական պետության ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքին և թշնամական արտահայտություններին։ ՈՒստի, հաշվի առնելով այս ամենը, այսօր մենք պետք է լինենք մեր արևմտյան գործընկերների կողքին»։ Եվ, ինչպես վարվում են սովորաբար Բաքվի քաղաքական ձեռնածուները, հենց տեղն ու տեղը «պատմական հղում» է արվում. «Ադրբեջանը երկար ժամանակ գտնվել է Իրանի նախորդի` Պարսկական կայսրության կազմում, իսկ ադրբեջանական խանությունները մինչև Ռուսական կայսրությանը միանալը կախման մեջ են եղել Իրանից։ Ընդ որում, այսօր 30 մլն ադրբեջանցի ապրում է Իրանի տարածքում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանում», ու հետո գալիս է «նուրբ ակնարկը»` «և, իհարկե, նրանք կապեր են պահպանում Ադրբեջանի Հանրապետությունում ապրող իրենց ազգականների հետ, որոնք չեն կորսվել ԽՍՀՄ-ի գոյության տարիներին»։ Եվ հետևությունը` «Թեհրանը չպետք է նոր թշնամիներ ձեռք բերի»։
Մինչդեռ Թուրքիայի համար ավելի ու ավելի դժվարանում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը, ուստի ու «աշխարհաքաղաքական եռանկյուն» ստեղծելու նրա «բզբզոցը», շատ հավանական է, այդպես էլ կմնա տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների գլխավոր ոգեշնչողը դառնալուն միտված հերթական անկատար փորձը։ Չէ՞ որ վերջին շրջանում Ադրբեջանն էներգետիկ գործոնն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ընդ որում, երբ Անկարան հերթական անգամ փորձում է ազդել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Բացի այդ, Բաքուն սկսել է ցույց տալ, որ բացարձակապես ազատ է իր գործողություններում և անհրաժեշտության դեպքում կարող է իր ռազմավարական համագործակցության սլաքը Թուրքայից տեղափոխել Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, նաև այլ տարածաշրջաններ։ Բայց այսօր, երբ աշխարհը սրընթաց շարժվում է համընդհանուր դիմակայության ուղիով, իսկ աշխարհաքաղաքականությունն ավելի ու ավելի է միայն սև-սպիտակ երանգներ ստանում, նման անմիտ քայլերը կարող են ոչ միայն անհասկանալի լինել, այլև վտանգավոր։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ