ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԵՐԲ ԱՇԱԿԵՐՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է, ՈՒՍՈՒՑԻՉԸ ԳԱԼԻՍ Է

ԵՐԲ ԱՇԱԿԵՐՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է, ՈՒՍՈՒՑԻՉԸ ԳԱԼԻՍ Է
29.04.2011 | 00:00

Հայաստանում այսօր և՛ պարզ, և՛ բարդ իրադրություն է: Պարզը քաղաքական ոլորտում է. ընդդիմությունն ու իշխանությունն իրենց ինքնավերարտադրման հարցն են լուծում:
Բարդ տեսակն անչափ հետաքրքիր մոդիֆիկացիայի առջև է կանգնած: Հասկացա՞վ` պոկում կապահովի, ո՞չ` տանուլ կտա ամեն բան:

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Պարզ մասը բոլորին է տեսանելի. իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսում են (այս մասին՝ ներքևում): Ինչպես, ումով` հեչ կարևոր չէ: Փաստն է կայանում: Ընդ որում` բավականին ուշացած: Դրան սպասում էինք 2008-ի ընտրություններից անմիջապես հետո: Երևի ժամանակ էր պետք. ուսուցիչը գալիս է այն ժամանակ, երբ աշակերտը պատրաստ է:
Մնացածը «լոլո» է:
Մի քանի «պլաստում» ընթացող վերջին գործընթացը դիտարկման անհաժեշտություն ունի այլ տեսանկյունից: Դեռ ժամանակ առաջ անդրադարձել էինք քաղաքականության մեջ գործող «երկնային մանդատին»: Ասել էինք՝ նման մանդատ իր օրերում ուներ Տեր-Պետրոսյանը (Քոչարյանը չուներ նման մանդատ): «Մանդատը» ենթադրում է գործողությունների քարտ-բլանշ: Մեր անկախությունը, ղարաբաղյան պատերազմում հաղթելը, ժողովրդավարական «կղզյակի» համարումն էդ մանդատի շնորհիվ էր (մանդատը նշանակում է՝ տիեզերքն օգնում է քեզ լեգենդդ իրականացնելու): Հետո «երկնային մանդատը» վերցվեց Լևոնից: Սա շատ բա՜րդ, տարողունակ խոսակցություն է, այսօր չենք ծանրանալու դրա վրա:
Անցնում ենք օրվա «լեգենդարին»` Սերժին: Այո, Սերժ Սարգսյանն ուզում էր լինել նախագահ, որը «ուներ» նման մանդատ: 2008-ին նախորդող երկու տարիների նրա բոլոր պատրաստությունները դա էին վկայում: Նա լավ էր հասկացել գլոբալ (մոդեռնիզացիո՜ն) խաղի, փոփոխվող մոդուլների անհրաժեշտությունը. փորձում էր ռեստավրացվել. գուցե ոչ այնքան ներքին որոնման, որքան լավ հաշվող լինելու պատճառով:
Մարտի մեկն ուղիղ հարված էր նրա «որոնմանը»: Գիտակցական, թե ենթագիտակցական, արդեն կարևոր չէ (այն «կազմակերպողները», Սերժին թուլացնելու իդեա-ֆիքսով տառապողները, վարչապետի աթոռի համար կենաց-մահու պայքարի ելածներն իրական չափման մեջ նույնիսկ դրական գործ էին արել, որպեսզի Սերժը կարողանա, իրոք, հասնել ինքն իրեն, որպեսզի ոչ թե «հաշվելով», այլ իսկապես ձեռք բերի այդ մանդատը):
Հիմա նրան տրվել է շանսը: Օգտագործում է: «Ինչպեսից» կախված կլինի անչափ շատ բան. եթե սխալ թույլ տվեց, եթե չկարողացավ ներքին և արտաքին մենթալ պլանները հավասարակշռել, դեռ «երկնային մանդատը» ձեռք չբերած, կկորցնի:
Սա էլ բարդ թեմա է ու շատերին չհետաքրքրող, ուստի չենք ծանրանալու նաև այս «դեպքի» վրա:
Այսպիսով, շատ հետաքրքիր բան է տեղի ունենում Լևոն-Սերժ տանդեմում, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Սերժ Սարգսյան-«համակարգի» փակ կարմայում «պոլյուս» կա, ուր նա ուղղահայաց ու հորիզոնական կապերի արանքում է: Ասել ենք. տիեզերաբանորեն այն, փաստորեն, խաչի տեսք ունի, ինքն այդ հատման կետում է, ու նրա ողջ «հմայքը» կայանում է նրանում, թե ինչպես է անցնելու այդ ՀԱՏՄԱՆ կետը:
Ընդ որում, եթե առաջնորդները (հիշենք` կարմայական կապով հատկապես հենց նրանք են արժանի այդ պահին էթնոսին) կարողանում են անցնել այդ ԿԵՏԸ, իրենց հետ անցկացնում են նաև էթնոսին (հաշվի առնենք` Սերժ Սարգսյանի անձն այս պահին ընդհանուր դիտարկման տեսանկյունից ամենևին կարևոր չէ, նա խոշորացույցի տակ է` հասկանալու` կարողանալո՞ւ է լուծել իր և էթնոսի առջև դրված առաջադրանքն այս փուլում, որի տակ ինքը մտել է որպես իշխանության կրող, թե՞ դառնալու է իրական, բոլորովին այլ և լուրջ ծրագրի մաս, որտեղ կարողանալու է, այսպես ասած, ձեռք գցել «երկնային մանդատը»` կատարելով ազգի, պատմական շրջափուլի տեսանկյունից իր առաքելությունը):
Որքան էլ տարօրինակ` Սերժը նաև խաչմերուկ-անցում է Լևոնի և Ռոբերտ Քոչարյանի միջև:
Խաչի հատման այդ կետում այսօր, փաստորեն, Սերժ Սարգսյանը կատարել է իր ընտրությունը: Եվ այսօր «երկխոսական» տանդեմ է կազմում երբեմնի «երկնային մանդատ» ունեցող Լևոնի հետ` հնարավորություն ստանալով փակելու էթնոսի առջև ծառացած մարտահրավերների հնարավոր դուռը թե՛ անցյալի, թե՛ ապագայի կտրվածքով։ Եթե իր նախորդ օրվա ասածները՝ «երկրում պառակտում թույլ չտալու, չարությունը հաղթահարելու, որն ուժեղների առանձնահատկությունն է, նորմալ հունով զարգացումներ ապահովելու» ու մնացածի մասին իսկապես պետական այրի ականջ շոյող խոսքեր, կոնյունկտուրային «բխման» արդյունք չեն, չեն մնալու լոկ բառային-իմիտացիոն մակարդակում, այլ կենդանություն ունեն իրենց մեջ ու կարողանալու են «քայլել»՝ էս երկիրն ու հասարակությունն իրենց հետ շարժելով:
Ո՜նց ենք ուզում, որ էդպես լինի:
ԹԱՐՍԻ ՊԵՍ ԷԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻ ԱՐՎԵՍՏ Է
Ի՞նչ է տեղի ունենում քաղաքական «պլաստում», ընդդիմություն-իշխանություն երկխոսության «մանդատում»:
Լուծվում են հարցերը՝ փաթեթով: Ղարաբաղի: Հեղափոխության: Երրորդ ուժի (քոչարյանական թևի): Մարտի մեկի էլ:
Ղարաբաղ: Ինչպես կարծում է դաշնակցությունը (որքան էլ ՀԱԿ-ը «ձև անի», թե այդպես չէ), ֆունդամենտալ առումով թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական խնդիրներում, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն իսկապես շատ ընդհանուր եզրեր ունեն:
Ընդ որում, ամենևին էլ հենց այնպես չէր Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ԲիԲիՍի-ի հետ: Այն շատերի համար Ղարաբաղը հերթական անգամ «ծախելու սիգնալ, ինքնառաջարկ» էր, սակայն պարզ հայացքով էլ խիստ հասկանալի էր` հարցազրույցը նուրբ փրկօղակ էր Սերժ Սարգսյանի համար՝ ի անհրաժեշտություն: Որովհետև անգամ ոզնուն է պարզ, որ այսօր սեղանին դրված առաջարկները, ինչը խիստ միանշանակ ֆիքսել է հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը ժամանակ առաջ և քանիցս, շատ ավելի լավն են, քան մինչ այդ եղածները:
ՈՒ թե դրան էլ հավելում ենք դետալը, այն է՝ ղարաբաղյան հարցում ոչինչ որոշված չէ, եթե ամեն ինչ որոշված չէ, ապա հասկանալի է դառնում, որ սեղանին դրվածը, իրոք, կարող է դառնալ լուծման բանալի:
Այսպիսով, նոր-նոր ձևավորվող, առողջ ու կառուցողական (դե, գրողը տանի, հավատում ենք մենք դրան, ի՞նչ անենք, որ Սերժը, բոլոր դեպքերում, «գորշ կարդինալ է», իսկ Լևոնի «չվանին լվացք փռելու» չէ, բայց չէ՞ որ տիեզերքն ու «մանդատն» իրենցն անելու կարողություն ունեն և նրանցից հզոր են) ընդդիմություն-իշխանություն այլևս «նորմալ հունը» մեսիջ է ուղարկում դրսին, որ, անհրաժեշտության դեպքում, եթե հարկ եղավ, Հայաստանը պատրաստ է նաև խելամիտ փոխզիջման: Իմա՝ հարցի լուծման:
Իսկ ինչու ո՞չ:
Ընդ որում, չի բացառվում, որ ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Ղարաբաղի հարցում իսկապես «գան» որոշակի կոնսենսուսի (հիշենք, որ այս հարցում «թշնամին միջազգային հանրությունն է». մեջբերումը Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից է):
Մի ասեք՝ երբեք, որովհետև այս պահին այդ «եզրերը» չեն երևում, և անողոք պայքար է ընթանում այդ երկու տերությունների միջև՝ տարածաշրջանի համար:
Ինչպես դժվարությամբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվեցին Մերձավոր Արևելքի հարցում (անկանոն շարժումներ մի արեք, նույնիսկ պուտինյան «մոչիտի», իմա՝ նախագահության տարիներին նույն Ռուսաստանը համաձայնության եկավ Իրաքի ու Սադամի հաշվով, Միլոշևիչի՝ ևս), լավ «տորգի» դեպքում կպայմանավորվեն նաև Իրանի, հետևաբար՝ Ղարաբաղի հարցով: Չմոռանանք՝ աշխարհը նոր վերաբաշխման շեմին է:
Եվ այս առումով, Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան «երկխոսությունն» ուղղակի գտնված է Հայաստանի համար՝ դիմակայության նորմալ ֆոն ապահովելու տեսանկյունից:
Հասանք «հեղափոխությանը», փաստորեն: Այս «ճակատում» նույն Տեր-Պետրոսյանը, որպես հզոր ընդդիմություն, արդեն իսկ ձևակերպել է իրենց օրակարգը՝ «նեմա հեղափոխություն»: Չեն գնալու դրան: Ոչ միայն ջարդել-փշրելու-ոչնչացնելու բանաձևը ժխտելու, այլև, նախ և առաջ, Ղարաբաղի պատճառով:
Համ էլ կատարվում են իրենց պահանջները։ Համարյա:
Նախ, Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն այդպիսով կարող են նաև մի քիչ ջուր լցնել մեր ռազմավարականի՝ Ռուսիո ջրաղացին, որովհետև վերջինս թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին այս պահին առել է իր «բարձր հովանու ներքո», պահել իր վերմակի տակ, որպեսզի «թիվ մեկ խառնակիչ» Բրայզան և մեր տիկին Մարին (ինչքա՜ն ժամանակ չենք տեսել նրան) այս կողմերում հեղափոխություն չանեն: Ի դեպ, ասում են՝ Ամերիկան այս հաշվով ահագին դժգոհ է Լևոնից (ոչնչով չենք կարող մխիթարել տիկին Մարիին):
Մյուս կողմից էլ, անչափ հետաքրքիր տիկնանց՝ Թինային (նկատե՞լ եք՝ սույն բարձր «ռանգի», կարծում ենք՝ փոխգնդապետից էլ բարձր տիկին Թինան տարածաշրջան է գալիս շա՜տ հետաքրքիր «մոմենտների» և նույնքան հետաքրքիր էլ մեսիջներ է բերում իր հետ) և Մարիին Սերժ Սարգսյանը կարող է ասել` ժողովրդավարվելու ձեր պահանջները կատարվում են «յոթմղոնանոց քայլերով», լավ կանեք դուք, խիստ մեծարգո և նույնքան էլ նրբագեղ տիկնայք, գնաք մեր «այլևս ոչ ծայրահեղական» Ազատության հրապարակ՝ «այլընտրանքային կարծիքներ» հայտնեք այնտեղ (մերն էդպես է), ձեռի հետ էլ մոնիթորինգ անեք ու համեմատեք մեր ժողովրդավարությունն ադրբեջանականի հետ, ուր ամեն ցուցարարի (եղածն էլ ընդամենը քառասուն-հիսուն հոգի, էն էլ փողոցից փողոց վազող, որ շուտ չբռնվեն-տարվեն ոստիկանություն) հասնում է քսանից-երեսուն ոստիկան. մի խոսքով, լավ կանեք՝ ալիևյան սուլթանադայում հեղափոխություն անեք ու ինչքան շուտ, էնքան լավ:
Հասա՜նք քոչարյանականներին: Ասել է՝ «երրորդ ուժին»: Նրանց խորհրդանշորեն անվանենք «ավելորդներ»՝ «երրորդն ավելորդ է» կոնֆիգուրացիայից ելնելով: Նրանք ևս ռեստավրացվում են ու շունչները պահած սպասում ֆորս մաժորի, որպեսզի վերակազմակերպվեն:
Չի ստացվի: Ոչ ոք` ո՛չ ներսում (Լևոն-Սերժ «մանդատից»), ո՛չ դրսում թույլ չի տա:
Ի դեպ, ծոմ պահած Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ էլ ու ինչո՞ւ լուսակերտվեց ու պայծառատեսվեց՝ միջազգային քրեական դատարանի հաշվով: Դա Հաագա՞ն է: Այնտեղ կարծես կար ինչ-որ փաստաթուղթ` ստորագրված հազարավորների կողմից, ուղարկված Դավիթ Շահնազարյանից: Բա Րաֆֆի՞ն ինչու մեկ էլ ու այդպես որոշեց:
Չգիտենք:
Բայց և տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է դրսի և ներսի խաղացողների կողմից, որպեսզի երրորդ ուժի հնարավորության բոլոր «պատուհանները» փակվեն, որովհետև, ինչպես ասացինք, «երրորդն ավելորդ է» կոնֆիգուրացիան կարծես միջազգային սկզբունք է նաև:
Իսկ մարտի մեկն ընդհանրապես շատ հետաքրքիր է:
Բայց այս մասին՝ ուրիշ անգամ: Չնայած անչափ դժվար է չտրվել սիրելի և թանկագին Օսկանյանի «գայթակղությանը» և «չհմայվել» նրանով, իր հերթական «նոու-հաուով»՝ «Հայաստանը ավտորիտար երկիր է»:
Էս հլը հե՜չ: Բա որ մեր սիրելին չի՜ ժխտել, որ կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում:
Առաջադրվեք, պարոն Օսկանյան, այնքա՜ն լավ է ստացվում դա Ձեզ մոտ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ