03.07.2023|
21:25
Պատմական հայրենիքի այս հատվածում ստեղծված հայկական պետությունը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ «Դատապարտված» ասվածն այստեղ խորքային իմաստ ունի։ Եթե հայկական պետականությունը վերականգնվեր, օրինակ, պատմական հայրենիքի արևմտյան մասում՝ օսմանահպատակ տարածքում, «դատապարտված» ասվածը գուցե լիներ բովանդակազուրկ, բայց այն ստեղծվել է ռուսական շահերի գոտում, և պատմական իրողությունը պահանջում է հաշվի նստել դրա հետ։ Բավական է ուսումնասիրել` ինչ էր կատարվում Հայաստանի տարածքում շուրջ 700 տարի, մինչև Ռուսաստանի գալը։ Խոսքը միայն թուրքական գործոնին չի վերաբերում, ինչը ավանդաբար ընդունված է շահարկել, այլ անդադար մղվող այն հակամարտություններին, որի արդյունքում անապատացել էր ամեն բան։ Եթե մի պահ նույնիսկ մտածենք, որ չկա ո՛չ Ռուսաստան, ո՛չ Թուրքիա, սփոփանքը, միևնույնն է, կարճ կտևի։ Որովհետև չենք հասցնի խորը շունչ քաշել, երբ, «Կասրե-Շիրինի» պայմանագիրը թևի տակ դրած, Երևան կգա շահը։