Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԸ» ԲՌՆՎԵՑԻՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ

«ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԸ» ԲՌՆՎԵՑԻՆ ՄԵԿ ՕՐՈՒՄ
29.04.2011 | 00:00

«Հրեշավոր է, բայց փաստ. հանցագործությունը կատարած այս բոլոր սրիկաներն աշխատել են սովորական աշխատավորական կոլեկտիվներում` որը խառատ, որը` էլեկտրիկ։ Շփվել են բազմաթիվ գործընկերների, ընկերների հետ նեղ շրջապատում։ Մի՞թե շրջակա մարդկանց, ձեռնարկությունների ղեկավարների մեջ ոչ մի կաթիլ կասկած չի առաջացել այդ մարդկանց հանդեպ։ Չեմ կարող հավատալ սրան։ Նման մարդիկ միշտ շեղումներ են ունենում, և պետք էր տեսնել»,- հայտարարեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ապրիլի 13-ին։ «Անուշադրությունը, թափթփվածությունը, խիստ կարգապահության, կազմակերպվածության բացակայությունն այսօր անթույլատրելի են։ Ժողովրդավարության, ժողովրդավարացման մասին այս ամբողջ «զավզակությունը», որ մեր վզին փաթաթվում է կողքից, ընդհանուր ոչինչ չունի այն ճշմարիտ ժողովրդավարության և ժողովրդի իշխանության հետ, որը պետք է լինի և կա մեր երկրում»։ Այդ նույն ժամանակ նա Բելառուսի հանրությանը հաղորդեց ապրիլի 11-ի ահաբեկության բացահայտման «փայլուն գործողության» մասին. մեկ օրում չարագործները բռնվել են, տվել խոստովանական ցուցմունքներ և անխուսափելի պատժի են սպասում։ Շատերի մեջ օրինաչափ կասկածներ ծագեցին. արդյոք մեղավորների՞ն են բռնել։ Դատելով այն բանից, որ 2008-ին, Անկախության օրը, Մինսկում կատարված ահաբեկությունը մի քանի տարի շարունակ փորձում էին բացահայտել, բայց չգտան ո՛չ կատարողներին, ո՛չ էլ պատվիրատուներին, «փայլուն գործողության» արդյունքները կասկածի ենթարկելն օրինաչափ է։ Բայց «հանցագործության բացահայտման կայծակնային արագությամբ» տարօրինակությունները չեն սպառվում, այլ միայն սկսվում են։
Լուկաշենկոն քաղաքացիներին զգոնության ու զգուշության կոչեց, քննադատության ենթարկեց ընդդիմադիրների մեկնաբանությունները և դատախազներին հանձնարարեց վերջին օրերի գլխավոր իրադարձության մեկնաբաններին խիստ պատասխանատվության ենթարկել։ Սահմանադրության երաշխավորը հրապարակայնորեն դատապարտեց այն նույն փաստաթղթում վավերագրված ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, որի վրա դեռ վերջերս նա դրել էր ձեռքը նախագահական ընտրարշավում տարած «համոզիչ հաղթանակից» հետո։ Եվ արդեն ապրիլի 13-ի երեկոյան Բելառուսի պետական հեռուստաընկերությունները սկսեցին ջանադրաբար մերկացնել Բելառուսի «Իմպերիա» տեղեկատվական-վերլուծական պորտալի և ռուսական «Բելոռուսսկի պարտիզան» պորտալի խմբագիրներին։ Խայթիչ ու ցասումով անարգանքի սյունին գամեցին պրոպագանդիստներ Յուրի Բարանչիկին և Պավել Շերեմետին։ Ահա, իբր, սրանք են ժողովրդի թշնամիները... Բայց իրավիճակի վտանգավորությունն այն է, որ հռետորաբանությամբ բանը չի սահմանափակվում. Բելառուս «ընկերներն» անցել են պրակտիկայի։ Առայժմ ընդդիմադիրներին հրավիրում են հարցաքննությունների, վերստին «ոլորում մատները» և նորից խուզարկում են նրանց գրասենյակները, բնակարանները։ Առայժմ շրջափակում են մուտքը դեպի ընդդիմադիր ինտերնետ-ռեսուրսներ. օրինակ, ապրիլի 14-ին շրջափակվել էր մուտքը «Բելառուսսկի պարտիզան» պորտալ։
Տարօրինակություններ կան նաև Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցների վարքագծում. ապրիլի 13-ին միջազգային լրատվական գործակալության բելառուսական մասնաճյուղի միջոցով ասպարեզ նետվեց «բելառուսական Լեկտորի» մասին վարկածը։ Ակնհայտ է, որ նախօրեին պետանվտանգության կոմիտեի նախագահի հրապարակած երեք վարկածները (ահաբեկության) պետք է ինչ-որ կերպ հաստատվեին։ Այս նպատակով (հնարավոր է բացառապես սեփական նախաձեռնությամբ ու անշահախնդիր) «իրավապահ մարմինների» մի անանուն աշխատակից հաղորդում է հետաքննության գաղտնիք. իբր, ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի ահաբեկության կատարման մեջ կասկածվող անձանց ուսումնասիրած հոգեբանները կասկածյալին «համեմատել են «Հաննիբալ Լեկտորի» կինոկերպարի հետ» և որոշել նրա մեղսունակությունը։ Սա շատ կարևոր հայտարարություն է, որն ապրիլի 14-ին հրաժարվեց մեկնաբանել դատախազության մի բարձրաստիճան աշխատակից, վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։
Ինչի մասին է խոսքը. Բելառուսի Հանրապետության ձերբակալված քաղաքացին, որն էլ, իբր, գործի է դրել «դժոխային մեքենան» Մինսկի մետրոպոլիտենում, հաստատում է պետանվտանգության կոմիտեի նախագահի առաջադրած նախնական երեք վարկածներից մեկը (հոգեբանորեն ոչ նորմալ, չափազանց հավակնոտ մարդու մասին), միևնույն ժամանակ լինելով շատ «հարմար» ամբաստանյալ։ Շատ հարմար այն պատճառով, որ հասարակությունը, իբր, պահանջում է մահավճիռ կայացնել ահաբեկության հեղինակի նկատմամբ։ ՈՒշադրություն դարձնենք այն բանին, որ Բելառուսում մահապատիժը վերացված չէ, և ձերբակալված երկու կասկածյալների (կամ երեք, կամ նույնիսկ հինգ) հետ կարող են հաշվեհարդար տեսնել ավելի արագ, քան իրավապահները կհասցնեն վրդովվել։ Պետական լրատվամիջոցներն արդեն քանի օր է` հիստերիա են բորբոքում հասարակության մեջ, ցուցադրելով փողոցներում, իբր, պատահական անցորդների հարցումներ, որոնք պահանջում են գնդակահարել հանցագործներին, կախել կեչու ծառերից, բզկտել հրապարակներում և այլն, և այլն։ Շատ տարօրինակ իրավիճակ է մի հասարակության համար, որն իրեն «հանդուրժող» է երևակայում, և իշխանության համար, որը հանրապետությունը պատկերացնում է որպես «Եվրոպայի կենտրոն»։
Քննությունը լի է տարօրինակություններով։ Օրինակ, նոր-նոր ձերբակալված «բելառուսական Լեկտորը» առաջին իսկ հարցաքննության ժամանակ «ծակվում» է և շոգեքարշի նման իր վրա է վերցնում մինչև օրս չբացահայտված (չգիտես ինչու) բոլոր ահաբեկությունները։ Հնարավոր է` չարագործությունների բացահայտմանը խանգարել են պայթուցիչի անծանոթության կարգի օբյեկտիվ գործոնները, որը, անվտանգության կոմիտեի նախագահի խոսքերով, հանցավոր խմբի անդամները վերցրել են «համացանցից»։ Բոլորը գիտեն, որ համացանցը պայթյունավտանգ է, հատկապես Բելառուսի պաշտոնյաների համար, որոնք շատ ցավագին են արձագանքում քննադատությանն ու անհաճո հարցերին։ Որոշ զառամյալների անկեղծորեն թվում է, թե համացանցի ամեն անկյունում պայթուցիկ սարքեր, պոռնոգրաֆիա է տարածվում, ինչպես նաև «բելառուսական մոդելի» և նրա երաշխավորի հասցեին ուղղված զրպարտություն։ Այդ եզակի պայթուցիկը հերթական անգամ ընկել է պետանվտանգության կոմիտեի ձեռքը, իսկ աշխարհում դրա նման երկրորդը չկա։ «Այդ նյութը Մինսկում գործադրվել է 2008-ի հունիսին։ Այն հետաքրքրություն է ներկայացնում օտարերկրյա հատուկ ծառայությունների փորձագետների համար, քանի որ այդ նյութի նմանակը չկա աշխարհում և ոչ մի տեղ»,- հաղորդում է Բելառուսի պաշտոնական լրատվական գործակալությունը։ Այլ աղբյուրների համաձայն, հայտարարվել է, որ այդպիսի պայթուցիչ («հատուկ պայթուցիչ նյութ... կոնֆիգուրացիա»), ինչպիսին ապրիլի 11-ին Մինսկում կատարված ահաբեկության կազմակերպիչներից վերցրածն է, աշխարհում ոչ մի տեղ չկա, պետություններից և ոչ մեկում, «բացի երկուսից, որոնց անունը մենք առայժմ չենք հայտնի»։ ՊԱԿ-ն առաջին անգամ չէ, որ գործ է ունենում միևնույն, ինովացիոն, աշխարհում նմանը չունեցող պայթուցիկի հետ, որը պատրաստել են (կամ ձեռք բերել համացանցի միջոցով) Վիտեբսկի բանվորները։ 2008-ին հուլիսի 3-4-ի ահաբեկությունից հետո նույնպես (ճանաչվել է որպես «խուլիգանություն») կոմիտեականների տրամադրության տակ էր հայտնվել մի եզակի պայթուցիչ` մի ամբողջ տուփ («Սադոչոկ» հյութի)։ Դրա եզակի տեսակն ուսումնասիրելու համար Մոսկվայից մասնագետներ էին եկել, երկար ուսումնասիրում էին տարբեր հնարամիտ եղանակներով, ի վերջո, հայտնաբերեցին դրա փոխադրման աշխարհագրությունը, բայց... Ի՞նչ է նշանակում «այդ նյութի նմանն աշխարհում գրեթե ոչ մի տեղ չկա». դա պակաս առեղծված չէ, քան չեկիստների մերկացրած չարագործների արյունալի մտադրությունները։ Ինչպես հաղորդում է ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը, ՊԱԿ-ի նախագահը նաև տեղեկացրել է, որ ձերբակալված կասկածյալները սովորական տղաներ չեն. «Նրանք ծրագրում էին այլ գործողություններ, որոնք թույլ չէին տա բացահայտելու հանցագործությունը»։ Երևի ինքնասպանություն էին պլանավորել։ Այսպես կարելի է անգամ մահացու «ընկնել պատուհանից» քննիչի մոտ հարցաքննության գնալու ճանապարհին... Բելառուսներին դեռ երկար կպատմեն վիտեբսկցի աննորմալ խառատի մասին, որը շրջակա մարդկանց համար աննկատելիորեն խելագարվել է, «համացանցից» վերցրել (ինչպես ասում են մասնագետները) պայթուցիչը և սկսել աջ ու ձախ ամեն ինչ պայթեցնել։ Կանգառն ու դիսկոտեկը Վիտեբսկում 2005-ին պայթեցրել է նա (թեև «վիզ են առել» այլ մարդիկ և իրավապահները հաշվետու են եղել), 2008-ին նախագահի տոնը նույնպես նա է փչացրել։
Տարօրինակ է Մինսկի մետրոպոլիտենի հերթապահների, մետրոյի կայարանին կցված միլիցիոներների, ինչպես նաև քաղաքացիների վարքագիծը։ Ամեն օր մետրոյի ուղևորներին հայտարարում են, որ անհրաժեշտ է ուշադիր լինել կասկածելի առարկաների հարցում, որոնց մասին հարկավոր է հաղորդել «ուր պետք է»։ Բայց ահա թե ինչ է տեղի ունեցել (քննիչների վարկածով) ապրիլի 11-ին. «Օկտյաբրսկայա» կայարանի կառամատույցում մեկը մի մեծ սև պայուսակ է թողնում ու հեռանում է։ Գնացքին սպասող քաղաքացիներից կամ միլիցիոներներից ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնում, տարօրինակ բեռի տիրոջ հետևից ձայն չի տալիս, թե «եղբա՛յր, մոռացար ապրանքդ»։ Ընդ որում, քննիչների պարզած պայթեցնողը ոչ միայն պարզապես հեռանում է, այլև ինչ-որ բան է «բզբզում» ոչ այն է բաճկոնի, ոչ այն է շալվարի գրպանում. քննիչները համոզված են, որ այդ կերպ գործողության մեջ է դրվել ռադիոկառավարվող պայթուցիկ սարքը։ Համենայն դեպս, այդպես են համարում ՊԱԿ-ի քննիչները, այդպիսի հետևություն են առաջարկում անել տեսահոլովակի հեղինակները, որն ապրիլի 14-ին ցուցադրել են բելառուս լրագրողներին, ինչպես նաև պետական հեռուստաընկերությունների միջոցով` Բելառուսի բնակիչներին։
Չեկիստների փաստարկները ոչ բոլորին են համոզիչ թվում։ Այսպես թե այնպես, ապրիլի 13-ին Լուկաշենկոյից հետո հանդես եկավ ՊԱԿ-ի նախագահ Զայցևը, որը համոզմունք հայտնեց, թե պայթուցիկ սարքը ռադիոկառավարվող է եղել, իսկ ապրիլի 14-ին քննչական խմբի ղեկավար, գլխավոր դատախազի տեղակալ Շվեդը չհամաձայնեց այդ համոզմունքին։ Մինչ այդ, պետանվտանգության և ներքին գործերի ղեկավարները հասցրին հաշվետու լինել հանցակազմերի և իրեղեն ապացույցների լիարժեքության վերաբերյալ։ Ի դեպ, քննիչները նման ձևակերպումներ են օգտագործել նաև 2010-ի դեկտեմբերի 19-ին Մինսկում տեղի ունեցած միտինգների ու երթերի մասնակից ցուցարարների դատավարությունների ժամանակ։ Սակայն ՌԴ «ջարդարար քաղաքացիներ» Արտյոմ Բրեուսի և Իվան Գապոնովի դատավարությունը, որը տեղի ունեցավ լրագրողների հեռուստախցիկների և ԵԱՀԿ փորձագետների հայացքների ներքո, ոչ մի կասկած չթողեց պետական մեղադրողների ապացույցների (այդ թվում` իրային) որակի ու լիարժեքության հարցում։ Իրո՞ք ապրիլի 11-ի ահաբեկության վերաբերյալ գործի առթիվ քննիչներն ունեն այն համոզիչ ու անհերքելի ապացույցները, որոնց մասին հայտարարում են պետանվտանգության և ներքին գործերի մարմիններում։ Արդյոք կցրվե՞ն հոռետեսների վերջին կասկածները ահաբեկության կազմակերպման հարցում հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ։
Ի դեպ, հիշատակված «հերթական վիտեբսկյան գործի» մասին։ Ոչ այլ ոք, եթե ոչ ինքը` Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, միանգամայն հակասական «ցուցմունքներ» է տվել 2011-ի ապրիլի 13-ին և... 2005-ին։ «Վիտեբսկում այդ երկու դանդալոշները պայթեցրել են շինծու ինչ-որ սարքեր և կարծել, թե իրենց չեն գտնի։ Նրանց շատ արագ հայտնաբերեցին, գտան, և նրանք արդեն պատմել են, թե որտեղից են ճարել վառոդն ու ինչպես են ցանկացել ահաբեկել մարդկանց»,- հայտարարել է Լուկաշենկոն 2005-ին։ Դեռ 2005 թ. սեպտեմբերի 30-ին Վիտալի և Յուրի Մուրաշկո եղբայրները ձերբակալվել և պահվել են Վիտեբսկի մեկուսարանում, նրանց մեղադրանք է ներկայացվել և այլն։ Այն ժամանակ գործը կարծես թե փակեցին, բայց ոչ ընդմիշտ։ «Ինչպես ինձ զեկուցել են քննիչները, ձերբակալվածներն ընդունել են ոչ միայն մետրոյի ահաբեկության հեղինակ լինելը, այլև նրանց խղճին է ծանրացած նաև Անկախության օրը Վիտեբսկում կատարված ահաբեկությունները»,- հայտարարել է Լուկաշենկոն 2011-ի ապրիլի 13-ին։ Եվ այս իրավիճակում «փայլուն գործողությունն» ակնթարթորեն վերածվում է կեղծիքի և իշխանությունների համար ծայրաստիճան անհարմար հարցերի շարանի։ Երևում է, այդ հարցերին միտք չունեն պատասխանելու ո՛չ Լուկաշենկոն, ո՛չ դատախազները, ո՛չ ՆԳՆ-ն, ո՛չ էլ ՊԱԿ-ը։
Քննչական գործողությունների ընթացքում տարօրինակությունները շարունակում են ավելանալ այն բանի համեմատ, թե ինչպես են ուժային գերատեսչությունների ղեկավարները հրապարակում «ապրիլի 11-ի գործի» մասին տեղեկությունը։ Պարզվում է, որ Վիտեբսկի երկու պայթյունների և Մինսկի երկու պայթյունների արանքում ահաբեկիչը շատ ազատ կյանք է ապրել. ծառայել է Բելառուսի բանակում, խուսափել է համատարած մատնահետք տալուց (2008-ի պայթյունից հետո), տեղափոխվել է ապրելու Մինսկում... Բայց ահա «մի անգամ» այդ պայթեցնողին իրավապահները բռնում են վերջին ահաբեկությունից ընդամենը 22 ժամ անց։ Եզակի պայթուցիկի տերն այնքան «եզակի» էր, որ չգտավ թաքնվելու մի հեռու տեղ, ահաբեկությունը պլանավորելիս անգամ մտքով չանցավ պահպանել գաղտնիության տարրական կանոնները։ Տարօրինակություններն ապրիլի 11-ի պայթյունի պատմության և դրան նախորդած հանգամանքների ու հանցագործության բացահայտումն ավարտելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո այնքան շատ են, որ դժվար է վերջակետ դնել այս գործին։
Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ղարաբաղյան պատերազմի վետերան

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ