Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ԿԱՌՉԵԼ ՀՈՒՅՍԻ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ԿԱՌՉԵԼ ՀՈՒՅՍԻ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ
04.10.2011 | 00:00

Հայ-թուրքակական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ նախաձեռնել էին արտաքին շահագրգիռ կողմերը, ոչ ոք և երբեք չի համարել մեկուսացած ու միջազգային քաղաքականության այլ խնդիրների հետ կապ չունեցող։ Հենց սկզբից թուրք-հայկական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը կապված է եղել ոչ թե պարզապես այդ նպատակին հասնելու, այլ Թուրքիայի արտքաղաքական նվաճողամտության «զսպման» ռազմավարության հետ, նախ և առաջ, տարածաշրջանային ուղղություններում։ Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարների շփումներից առաջ «հայկական հարցն» այնքան էլ դինամիկ վիճակում չէր, և անհրաժեշտ էր հայկական գործոնին հաղորդել այլ հնչողություն ու նշանակություն։ Դա հաջողությամբ ձեռք բերվեց, և Հայաստանը, ինչպես նաև հայկական խնդիրներն ամբողջությամբ վերցված, ավելի նշանակալի տեղ գրավեցին Թուրքիայի «զսպման» ուղղությամբ ԱՄՆ-ի վարած լայնընդգրկուն քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է, միաժամանակ, այս երկրի շրջափակում։ Հարկ է դրականորեն վերաբերվել ԱՄՆ-ի այդ ռազմավարությանը, ու թեև այն հղի է տարածաշրջանում լարվածության սաստկացմամբ, այդ թվում մեծացնում է սպառնալիքներն ու վտանգները Հայաստանի համար, սակայն դա առայժմ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության կարևորագույն պայմանն է։ Այժմ, երբ Թուրքիան հայտարարել է, թե գործընթացն այլևս չկա, և այն թուրքական խորհրդարանում չի քննարկվելու, կարելի է ասել, որ այդ նախաձեռնությունը որոշ դրական նշանակություն ունեցել է Հայաստանի համար` կապված «ռեզերվի կարգավիճակից» կամ միջազգային քաղաքականության «ոչ հրատապ պոտենցիալից» երկրի դուրսբերման հետ։ Հայաստանը տարածաշրջանում ավելի նշանակալի տեղ է գրավել` Թուրքիայի արտքաղաքական նկրտումների «զսպման» ամերիկյան ու եվրոպական ռազմավարությանը մասնակից դառնալու առումով։ Սա, իրոք, շատ վտանգավոր իրավիճակ է, որն արդեն դադարել է իրավիճակ լինելուց և դարձել է երկարաժամկետ քաղաքականություն։ ՈՒստի պետք է ոչ թե կուրորեն հետևել արտաքին նախաձեռնություններին, այլ ունենալ սեփական դիրքորոշում և սեփական հավակնություններ։ Այսպես թե այնպես, եթե անգամ Հայաստանը չառաջարկի իր պահանջները, միևնույն է, այդ «պահանջները» մեր քաղաքականության մեջ կրկին կծագեն ԱՄՆ-ի և մյուս խոշոր պետությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, ստեղծվել է բավականին վտանգավոր վիճակ, և այն կողմերը, որոնք շահագրգռված են դրանով, պետք է աջակցեն Հայաստանին պաշտպանության, անվտանգության և տնտեսության ոլորտում։
Թուրք-հայկական հարաբերությունները տարածաշրջանային քաղաքականության մեջ ինչ-որ մեկուսացած բան չեն, այլ սերտորեն կապված են, ավելի ճիշտ զուգորդվում են մի ամբողջ շարք ուրիշ տարածաշրջանային խնդիրների հետ, որոնք ԱՄՆ-ը հաջողությամբ «սարքել» է Թուրքիայի «զսպման» նույն քաղաքականության շրջանակներում։ Թուրքիան բավականին շուտ հասկացավ, որ չի կարող ԱՄՆ-ից ու Եվրոպայից ստանալ «հայկական ուղղությամբ» իր գլխավոր մտահոգության հանգուցալուծումը, այսինքն, «Հայկական հարցի» վերջնական չեզոքացումը, որը շարունակում է մնալ Թուրքիայի հանդեպ Արևմտյան ընկերակցության քաղաքականության կարևոր լծակ։ Թուրքիան չի ուզենա կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե «Հայկական հարցը» պահպանի իր տեղը միջազգային քաղաքականության մեջ։ Բացի այդ, չպետք է անուշադրության մատնել այն հանգամանքը, որ Թուրքիան երկար ժամանակով է «խրվել» Մերձավոր Արևելքում, ուր նրան փորձում են ներքաշել տարածաշրջանային մասշտաբի մեծ պատերազմի կամ զինված բախման մեջ, ինչը և տեղի է ունենում, ուստի Թուրքիան հնարավորություն չունի ակտիվացնելու իր քաղաքականությունը ո՛չ Հարավային Կովկասում, ո՛չ Բալկաններում ու, առավել ևս, Կենտրոնական Ասիայում, որի մասին նա գրեթե հասցրել է մոռանալ։ Պետք է նաև տնտեսական լուրջ ճգնաժամ սպասել Թուրքիայում, ինչից Անկարան սկսել է լրջորեն վախենալ։ Այսպես թե այնպես, Թուրքիան արդեն սկսել է մասնակի, ավելի ճիշտ` ցուցադրական «վերադարձը» ԱՄՆ-ի հսկողության տակ, թեև, երևի հույս ունի շարունակելու իր արտաքին քաղաքականությունը։ Այս պայմաններում Անկարան չի կարող թույլ տալ, որ իր քաղաքականությունը Հայաստանի, ավելի ճիշտ «Հայկական հարցի» նկատմամբ կասկածի ենթարկվի։ Այդ հարցում ամեն ինչ պետք է ծայրաստիճան որոշակի լինի և կասկած չհարուցի, քանի որ «Հայկական հարցը», որն արտաքին ուժերը, անգամ գործընկերները կարող էին չարաշահել, ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև տարածքային ամբողջականության հարց է Թուրքիայի համար։
Հայաստանի նախագահը ռեպլիկ արեց Արևմտյան Հայաստանի ճակատագրի առնչությամբ, ինչը կարելի է գնահատել որպես զգայական արձագանք տարբեր կողմերի արտաքին պահանջների առնչությամբ, որոնց հավակնությունները բացահայտորեն չափն անցնում են և արդեն սկսել են ընկալվել որպես այն պետությունների իրական քաղաքականություն, որոնք Հայաստանի հնարավոր հակառակորդներն են։ Այլևս հնարավոր չէ սոսկ արձագանքել արտաքին մարտահրավերներին, ժամանակն է նաև նշելու սեփական դիրքորոշումը։ Տվյալ դեպքում, անկախ այդ արտահայտության շարժառիթներից, հասկանալի դարձավ, որ նախագահն արտահայտեց հայ ժողովրդի ազգային իղձը։ Կարելի է տարբեր գնահատականներ տալ այդ արտահայտության բովանդակությանը, բնույթին ու ոճին, արտահայտություն, որն ավելի շուտ միտված էր վարկանիշի պահպանմանը, հատկապես Ցյուրիխի համաձայնագրերից հետո։ Սակայն արտաքին աշխարհին ազդանշաններ ուղարկվեցին, որ ապագայում Հայաստանը կարող է նաև այլ դիրք գրավել։ Կարո՞ղ է, արդյոք, այդ արտահայտությունը գործնական նշանակություն ունենալ։ Անկասկած։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ժամանակավոր պետություն է, որն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում տարածաշրջանի կայունության, անվտանգության ու հավասարակշռության համար։ Անգամ Ադրբեջանի, այսպես կոչված գործընկերները, այդ թվում` Թուրքիան և ԱՄՆ-ը, նախընտրում են չափավորել այդ արհեստածին երկրի ծիծաղելի հավակնությունները։ Ադրբեջանը չի կարող այլևս մնալ ներկա սահմաններում, թեկուզ ելնելով հենց ադրբեջանական ժողովրդի անվտանգությունից։ Կովկասի հարավարևելյան մասում պետք է լինի պատմության մեջ իր տեղին ու դերին համարժեք ադրբեջանական մի համեստ պետություն` «խելքը գլխին» ղեկավարությամբ։ Հայաստանում պետք է հասկանան, որ պաշտոնապես ճանաչված Ադրբեջանի ներկայիս սահմաններն ու քաղաքականությունը խանգարելու են Հայաստանի հաջող զարգացմանը։ Հայաստանը պետք է ստանձնի որոշակի առաքելություն` Ադրբեջանին օգնելով խույս տալու ազգային աղետից և նրան հասկացնելով իր տեղը տարածաշրջանում։ Մեծ Մերձավոր Արևելքին աշխարհաքաղաքական ուրվագծի համընդհանուր վերակազմավորում է սպասում, և դրանով, առաջին հերթին, շահագրգռված է ԱՄՆ-ը, բայց ոչ միայն նա։ Առանձին դեպքերում այդ դոկտրինը, այսպես թե այնպես, համապատասխանում է ուժի համաշխարհային մյուս կենտրոնների և տարածաշրջանի փոքր երկրների շահերին։ Ադրբեջանի նավթի ու գազի պաշարները տարածքային տեսակետից համընկնում են հարավկովկասյան տարանցման միջանցքի գոտուն, ինչը պայմանավորելու է այն արտաքին ուժերի շահերի ձևաչափը, որոնք Ադրբեջանին ձևականորեն գործընկեր են հռչակել։ Հարավային Կովկասում վերջերս արդեն եղել են նման տխուր նախադեպեր։ Գործընկերության բուն հասկացությունը վտանգավոր է դառնում, քանի որ քաղաքական, տնտեսական և այլ շահերի զոհողություններ է պահանջում։ Դա պետք է վերնախավերին հիշեցնի, որ չի կարելի անխոհեմորեն և հլու-հնազանդ կատարել անգամ ամենահեղինակավոր գործընկերների առաջադրած գործառական քայլերը։ Ընդունա՞կ է, արդյոք, այս ամենը հասկանալու Հայաստանի կառավարող վերնախավը։ Հասկանալ, իհարկե, կարող է, սակայն կարևորը սեփական շահերը տեսնելու ունակությունն է։ Եթե այդ շահերն ու մտադրությունները չգիտակցվեն, այդ դեպքում կգա իսկական արտաքին միջամտության ժամանակը, քանի որ Հայաստանն ստիպված կլինի կատարել միանգամայն հասկանալի գործառույթ։ Իսկ ո՞վ պետք է իրականացնի այն։ Այսպիսով, ինչպիսիք էլ լինեն Արևմտյան Հայաստանի և Արարատ լեռան մասին նախագահ Սերժ Սագսյանի ռեպլիկի իրական շարժառիթները, այն ուշադրությամբ ուսումնասիրվում է և, անկասկած, համակարգչային գրանցում կստանա, առնվազն ամերիկացիների ու թուրքերի կողմից, գուցե և այլոց։ Այժմ, երբ սփյուռքն ու Հայաստանի հանրության մի ստվար զանգված հիշեցրին, որ հայոց պատմության այդ էջը փակված չէ, և ոչ ոքի չի հաջողվի թերթել-անցնել այն, իսկ Արևմտյան Հայաստանի ամենաավանդապաշտ գաղափարակիր դաշնակցական կուսակցությունը, փաստորեն, անվստահություն է հայտնել իր ներկայիս ղեկավարությանը` համաձայնողական քաղաքականություն վարելու պատճառով, երկրի նախագահը չպետք է հապաղի և վերաիմաստավորի գոնե միայն արտաքին քաղաքականությունը, որը շատ ավելի պակաս «ծախսատար» է, քան ներքինը։ Այսպես թե այնպես, Հայաստանի առջև խնդիր է ծառացած Ադրբեջանին հեռու պահել Թուրքիայից, և դա միանգամայն հնարավոր է, եթե նա ավելի ակտիվորեն մասնակցի արտաքին նախաձեռնություններին, ընդ որում` տարբեր ուղղություններով։
Ռուսաստանը, որ փորձում էր բացարձակապես ինքնուրույն խաղ խաղալ թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հարաբերություններում, ձախողվեց և ոչ մի նոր դիրքի չհասավ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Արևմտյան ընկերակցությունը, առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանին որոշակի ազատություն է ընձեռել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում և հասել է նպատակին` ոչ մի կարգավորման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ռուսաստանն ապացուցեց առկա լծակները գործի դնելու իր լիակատար անկարողությունը։ Վերջերս Մոսկվայում միանգամայն պատվարժան հանրության շրջանում այսպիսի հարց բարձրացվեց. «Եթե ամերիկացիներն աջակցություն են ցուցաբերում Դմիտրի Մեդվեդևին, ապա ինչո՞ւ չեն թաքցնում իրենց բերկրանքը Ռուսաստանի փորձերի ձախողման առթիվ»։ Այս կերպ դատում են նրանք, ովքեր, իբր թե, նախագահի աշխատակազմին խորհրդատվությամբ են ապահովում Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների վերաբերյալ։ Եվ սա ռուսական վերնախավն է կամ նրա համար նախատեսված սպասարկումը։ Խնդիրն այժմ ոչ այնքան քմծիծաղն է Ռուսաստանի նախագահի հասցեին, այլ ավելի շուտ, հայտնի տարածությունում հակամարտությունների կարգավորման մեխանիզմները վերանայելու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մտադրությունները, ինչը ենթադրում է զրոյացնել Ռուսաստանի դերը և, համենայն դեպս, բացառել նրա առաջատար դերակատարությունն այդ հարցերում։ ԱՄՆ-ը, մեծ ակներևությամբ, վերջ է տվել «դադարին», վերադարձել է Հարավային Կովկասն իր ռազմավարությանը հաղորդակցելու նախկին ծրագրերին, և տարածաշրջանում առաջացել է «երրորդ ուժի»` որպես հնարավոր թուրք-ռուսական դաշինքի այլընտրանքի, ստեղծման իրական հեռանկար։ Ընդ որում, գործառույթներ են սահմանվել նոր և նորագույն հարավկովկասյան պետությունների համար. բացարձակապես տարանցման գործառույթները` Վրաստանին, զսպմանը` Ռուսաստանին, տարածաշրջանային հավասարակշռողի գործառույթները` Հայաստանին, զսպման տարրերինը` Թուրքիային, «երկրորդային» բազավորման գործառույթները` Ադրբեջանին, իսկ Աբխազիային, Հարավային Օսիային և Լեռնային Ղարաբաղին` տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերի շրջափակման խնդիրները։ Երբ բրիտանացիներն ուզում են մատնանշել ամերիկացիների քաղաքական-մտավոր ունակությունները, ապա ասում են, թե «ամերիկացիները հասարակ մարդիկ են»։ Իրականում այդ ծրագիրը ոչ միայն պարզ է ու ակնհայտ, այլև հեշտորեն է տրվում նախագծողներին։ ԱՄՆ-ն այժմ բավականին եռանդուն աշխատանք է ծավալել Ադրբեջանն «իրենով անելու» ուղղությամբ, ինչը ենթադրում է նրա անջրպետումը ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից։ Իսկ Ռուսաստանին մնում է կառչել հույսի փրփուրներից։ Ադրբեջանի վրա ազդեցության ուժեղացման նպատակով Հայաստանի շահերի զոհաբերման այդ անմիտ ու ծիծաղելի եռամյա խաղից հետո մնում է ապացուցել ամերիկացիներին, որ Ռուսաստանը, ձախողելով քաղաքական խաղերը, ընդունակ է գոնե կանխելու պատերազմը։
Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի քաղաքականության մեջ վճռական սցենարները խաղարկվում են ո՛չ Կովկասում. Մերձավոր Արևելքի իրադարձությունները, այսպես թե այնպես, որոշիչ ազդեցություն են գործում Անկարայի արտաքին քաղաքականության վրա։ Սիրիայում բողոքի գործողությունների ամբողջ ընթացքում ոչ մի իրական նշան չի եղել, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան կցանկանային իշխանությունից հեռացնել ալավական կլանը։ Ընդհակառակը, Բաշար Ասադին հնարավորություն էր տրվել ամրապնդելու սեփական դիրքերն ու շրջապատի դրությունը։ ԱՄՆ-ը, փաստորեն, ոչինչ չանելով, իր համար ծայրաստիճան նպաստավոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում։ Նա հավանություն է տվել գործողությունների կոորդինացմանը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև, որոնք քիչ ջանքեր չեն գործադրել ալավական կլանի տապալման ուղղությամբ, բայց միայն այն բանի համար, որ ուժեղ ճնշում գործադրի Սիրիայի վրա։ Իրականում տեղի է ունեցել այն, ինչին ձգտում էին Սաուդյան Արաբիան, մի շարք ուրիշ արաբական պետություններ (ներառյալ Եգիպտոսը), ինչպես նաև ԱՄՆ-ը։ Այսինքն, Մերձավոր Արևելքի նկատմամբ Թուրքիայի նվաճողական նկրտումներից առաջ ստեղծվել էր մի հուսալի պարիսպ` ի դեմս Սիրիայի։ Վերջին 7-8 տարում Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին, ինչը չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին ու արաբական աշխարհին։ Այժմ այդ հարաբերությունները խարխլվել են և, ինչպես երևում է, երկար ժամանակով։ Սիրիական վերնախավը լիովին հասկացել է, թե ինչ են իրենցից ներկայացնում թուրքական սրտացավությունն ու մտադրությունները։ Միաժամանակ, անվստահության և թշնամության «սև կատու» է անցել Իրանի և Թուրքիայի միջև։ Հիմա դժվար է խոսել Մերձավոր Արևելքում Թուրքիայի հեռանկարների համար արաբական մյուս հեղափոխությունների հետևանքների մասին, բայց այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում և Եգիպտոսում, կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի մեծ շրջափակմանն ու մեկուսացմանը։ Իհարկե, հենց Մերձավոր Արևելքում է արվում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր շեշտադրումը, բայց շատ կարևոր է նաև Սև ծով-կովկասյան ուղղությունը։ Թերևս, վերջին ամիսներին Թուրքիան զգացել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության և աջակցության ի վիճակի չէ իրացնելու իր աշխարհաքաղաքական ծրագրերը, և որոշում է ընդունել իր քաղաքականությունը որոշ չափով համաձայնեցնելու ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հրաժարվելու է նվաճողամտության քաղաքականությունից, բայց համադրել իր և ամերիկացիների շահերն Անկարան կցանկանար փորձել։ Թուրքիան «ատամները կրճտացնելով» ընդունեց Սև ծովում իր ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի քաղաքականության ծավալումը, միաժամանակ համոզվելով, որ իր զսպվածությամբ ոչինչ չշահեց։ ԱՄՆ-ը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իր ծրագիրը Սև ծովում մտադիր է իրականացնել այլ գործընկերների հետ, առանց Թուրքիայի անմիջական մասնակցության։ Ըստ էության, այդ ավազանի հետ կապված ծրագրերից Թուրքիայի դուրսմղումն էլ հենց ԱՄՆ-ի քաղաքականության և «երրորդ ուժի» ձևավորման իմաստն է։ ԱՄՆ-ի մտադրություններն ու գործողությունները հանգեցրին Թուրքիայի և Ռուսաստանի ավելի սերտ համախմբմանը, քանի որ Անկարան զգաց, որ ավելի լավ է հանդուրժել ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը, քան նրա հետ առճակատման մեջ մտնել։ Անհրաժեշտ է, որ այդ ամենն իմաստավորեն այն պետություններն ու կառավարությունները, որոնք դեռևս անտեսում են աշխարհաքաղաքական իրողություններն ու քաղաքական վերլուծությունը` որպես այդպիսին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ