ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՕԼԻԳԱՐԽԻԿ ԲՈՒՐԳԻ ՓԼՈՒԶՈՒՄԸՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՎՐԱ Է ՀԱՍՆԵԼՈՒ

ՕԼԻԳԱՐԽԻԿ ԲՈՒՐԳԻ ՓԼՈՒԶՈՒՄԸՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՎՐԱ Է ՀԱՍՆԵԼՈՒ
28.10.2011 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրատես de facto»-ի հերթական «Կլոր սեղանում» հնչած գլխավոր միտքը` «Իշխանություն, ինչ ուզում ես արա, միայն թե քայլերդ լինեն հօգուտ հայ ազգի», կարծես, հաստատում է մեծ քաղաքագետ Մաքիավելու հայտնի խոսքը. «Հանուն պետության շահի կայսրը պետք է դիմի անգամ ստորության», ինչը, ցավոք, չի նկատվել մեր նախորդ երկու տիրակալների մոտ:
Այն էլ նշենք, որ մաքիավելյան խոսքը նրանց համար պրակտիկորեն կիրառվել է սեփական շահի համար: Զարմանալին այն է, որ նման գործելաոճով ղեկավարած կառավարչի քաղաքական վերադարձը քաղաքականություն քաղաքականության դոկտորը համարում է պարտադիր: Եվ իր «միտքը» հաստատելու համար դոկտորը մեկնաբանում է. «Հայաստանի քաղաքական իրականությունը բևեռացված է, չկա նորմալ քաղաքական-տնտեսական իրավիճակ, մեզանում վերնախավ կոչվածն օտարված է հասարակությունից, ժողովուրդն էլ անտարբեր, մի քիչ բողոքավոր (ոչ թե մի քիչ, այլ շատ բողոքավոր, ավելի ճիշտ, չարամիտ բամբասկոտ: Բանակի վերաբերյալ թունոտ, չարակամ արտահայտությունները ասածիս ապացույցն են: Բանակում առկա երևույթի համար պետք է բացատրություն պահանջել նախարարից, ընդհուպ հասարակական դատ կազմակերպել և ոչ թե թույն ավելացնել չարամիտ թշնամու առանց այդ էլ գերլցված լեղապարկում- Ս. Հ.) ու իր դարդի հետ միայնակ: Այս երևույթը քաղաքագիտության մեջ կոչվում է օտարում»: Օրինական հարց է առաջանում. ժողովրդին օտարողները պիտի գա՞ն և մերձեցնե՞ն ժողովրդին իրենց հետ: Ցույց տվեք պատմության մեջ մի դեպք, որ ժողովրդին թալանողը, ժողովրդի արյուն հեղողը երբևէ զղջացել է իր արարքների համար: Ի՞նչ է, մեր նախորդ երկու նախագահները զղջացե՞լ են անցյալում իրենց կատարած ծանր արարքների համար։ Եվ քաղաքագետ Շիրինյանը իր միտքը կարծես կոչի է վերածում. «Այնպես որ ես եռանկյան առկայությունը համարում եմ դրական երևույթ: Քոչարյանի փոխարեն լինեի, հենց այդ կարևոր խնդիրը լուծելու համար կգայի»: Առավել քան տարօրինակ են քաղաքագետ Արամ Կարապետյանի արտահայտած մտքերը: Հայաստանի քաղաքականությունը, արդեն 10 տարի է (զարմանալի է, ինչու 10 և ոչ ավելի- Ս. Հ.), ծավալվում է միայն էլիտար խմբերի շրջանակում և չի արտահայտում հասարակության պահանջները:
Այստեղ կուզեի ասել, որ պարոն քաղաքագետը բառի, որի տարողունակությունը, անշուշտ, շատ մեծ է և կարևոր, սխալ ընտրություն է կատարում: Ես չէ, որ պիտի բացատրեմ քաղաքագետին «էլիտա» բառի վեհությունն ու մեծությունը: Ախր աշխարհում շատ քչերին է տրված լինել ազգի ընտրանու մեջ, լինել նրա ճակատագրի կռողը, նրա մասին հոգ տանողը, նրա ապագայի մասին մտածողը: Ազգի էլիտան, ընտրյալը, մեկ օրում, անգամ քսան տարում չի ստեղծվում: Մեկն անգլիացուն հարցնում է, թե սըր, ուզում եմ ջենթլմեն դառնալ: Պատասխանը շատ հակիրճ է լինում: Դրա համար պետք է ավարտես երեք ինստիտուտ:
Միանգամի՞ց:
Ոչ: Մեկը` պապդ, մեկը` հայրդ, իսկ երրորդը` դու: Չկա այսօր հայ իրականության մեջ այդ էլիտան: Եվ ցավալին այն է, որ այսօրվա փողատերերի զավակներն իրենց կենցաղում, շրջապատում ավելի վատ են դրսևորվում, քան իրենց հայրերը: Դե եկ և հուսա, որ քսան տարի հետո գոնե կառաջանա սպասվելիք արդյունքը: Թող թույլ տրվի հարցնել` այդ որ ընտրյալը կստեղծի իր թայֆան, իր հրոսակախումբը, պատժիչ ջոկատը: Եվ այդ ամենը գալիս է պետության ստեղծման առաջին իսկ օրից և խորացել է նրանցից հետո: Այնպես որ, այդ քաղաքական եռանկյունը պարտադրված է մեզ մեր իսկ կողմից:
Եթե քաղաքագետ Շիրինյանը մտածում է, որ ընտրական գործընթացներին երեք նախագահների միաժամանակյա մասնակցությունը կնպաստի, որ այդ բուրգը պայթի, չարաչար սխալվում է: Եթե նույնիսկ երեքն էլ մտնեն Ազգային ժողով, դրանից նորից տուժելու է հայ ժողովուրդը: Մարդկային պատմությունից կարելի է շատ օրինակներ նշել, թե վերջին հաշվով տրիումվիրատն ինչպես է ավարտվել (անպայման երկուսի գլխատումով- Ս. Հ.): Բայց քանի որ մենք շատ հարցերում այլ որակներով ժողովուրդ ենք (ցավոք, բացասական), կարելի է ասել, որ նորից հոտի անմեղ գառներն են տուժելու: Իսկ ո՞վ կարող է ասել, որ ապօրինի կուտակած ունեցվածքի պահպանման բնազդով, այդ երեքը չեն գնա արդեն ժողովրդին հայտնի նույն ճանապարհով: Եվ բնական է, նորից յուրաքանչյուրը պիտի տնտեսապես ուժեղացնի իր թայֆան: Այնպես որ, ժողովրդի հարցը ոչ թե այդ բուրգը ջարդելն է, այլ երկու սուր անկյունները մեկընդմիշտ հարթեցնելը: Ասում եմ` ոչ թե վերացնելը, այլ հարթեցնելը: Նախկին երկու նախագահների համար ժողովուրդը, պետությունը առ ոչինչ են: Քոչարյանը լռեց հինգ տարի: Նրան, որպես նախկին նախագահի, երկրում կատարվող որևէ քայլ չէր հետաքրքրում: Չար լեզուներն ասում են` Տանզանիայում հաճույքի համար որս էր անում: Ի տարբերություն Քոչարյանի, Տեր-Պետրոսյանը տասը տարի լռեց: Ճիշտ է, ճեմարան գնալու, գրաբար կարդալու խոստումը այդ տարիներին չկատարեց, բայց և լռեց: Հանկարծ մի օր եկավ և սկսեց` ավազակապետություն, թաթար մոնղոլներ, երկրից անասելի գաղթ, կարճ ասած, իր ժամանակվա բարքերը փորձեց «սաղացնել» ներկա ռեժիմի վրա: Չբանակցելու համար էլ հարմար պահին մի ավանտյուրա միշտ կար: Քաղբանտարկյալներին ազատություն: Ռեժիմը համարյա կատարեց պահանջը, տեսավ, որ բան դուրս չի գալիս, մի ոմն ակտիվիստ Տիգրան Առաքելյանի զոռով մղեցին մեղադրյալի կարգավիճակին: Տեսնելով, որ իշխանություններն ավելի ձիգ են, քան իրականում պատկերացնում էր, իսկ բանակցություններն այդպես էլ չեն շարունակվում, որի արդյունքում կորցնում էր իմիջը, մեկ էլ հանկարծ «քաղբանտարկյալ» Տ. Առաքելյանը նամակ է հղում առ ՀԱԿ, որ ես ոչինչ, կնստեմ, դուք բանակցեք: Անկեղծ ասած, մի մարդ, որ կարող է քայլել ուրիշների դիակների վրայով (իսկ դա մեկ անգամ չէ, որ ցույց է տվել կյանքը), ինչպե՞ս կարող էր այդքան սիրով մտածել ինչ-որ մեկի կյանքի համար: Իմ կարծիքով` եռանկյան ներկա գագաթին գտնվող լիդերը ավելի խելացիորեն հարթեցրեց ներքևում գտնվողի սուր անկյունը, քան կատարել էր ժամանակին, այսինքն` 1918-ի հուլիսի 6-ին, Լենինը էսէռների հետ (Սերժն այդ հարցը հարթեց առանց զինված բախման- Ս. Հ.):
Ավելի քան ահավոր են ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի («Ժառանգություն») արտահայտած մտքերը. «Մեզանում այնպիսի իրավիճակ է, երբ արհեստականորեն գայլերի ոհմակից հեռացվում են առողջ արու գայլերը և հիվանդ գայլերն են դառնում տիրություն անողները: Առանց մրցակցության, առանց պայքարի եկած հիվանդ սերունդը, բնականաբար, հաջող որս չի կարող անել, ինչպես դա կանեին առողջ ուժերը»: Պատգամավոր Ա. Մարտիրոսյանն այդ մտքով հաստատում է իսկ և իսկ բուրժուական աշխարհի անցած դարերի իսկական էությունը, մոռանալով, որ նրանց անցած ուղին երեք դար հետո եկած երկրների համար պիտի որ փոքր-ինչ ուսանելի լիներ: Այժմ էլ այդ հասարակարգի գայլային էությունը չի փոխվել, բայց այն ավելի քաղաքակիրթ է դարձել, ժանիքների փոխարեն քաղաքակիրթ ժպիտով գեղեցիկ ատամնաշար են ցույց տալիս: Ի՞նչ եք կարծում, Լևոնը երբևէ կժպտա՞ Քոչարյանին: Մարդը, այն էլ 21-րդ դարի մարդը, ջունգլիների օրենքներով կառավարվող աշխարհից պիտի տարբերվի իր բանականությամբ, ասուն կենդանուն հատուկ դրսևորման ձևերով: Մեր քսանամյա նորանկախ պատմության մեջ շատ քիչ ժամանակ է եղել, որ կառավարողները փոքր-ինչ տարբերվել են ջունգլիների օրենքներով կառավարելուց: Եվ ջունգլիների օրենքներով է մեզ այսօր պարտադրվել հավասարակողմ եռանկյունը: Քանի որ կյանքում ամեն ինչ վերցվում է համեմատության մեջ, անկեղծորեն կասեմ, իմ գծած գագաթով եռանկյունն ավելի ընդունելի է: Քոչարյանի կամ Տեր-Պետրոսյանի վերադարձը միայն դժբախտություն կլինի: Նրանց կառավարման տարիներն այդ են ցույց տվել:
Իրոք, Հայաստանը չի կարող մեկուսացված լինել աշխարհից: Որքան էլ աշխարհի տերերը խաղան գունավոր հեղափոխությունների կամ քաոսի տեսության վրա, ոչինչ չի ստացվի, եթե կառավարողն իր երկրում դուրս չգա կառավարման օրենքների սահմաններից: Օրենքների սահմաններ ասելիս նկատի ունեմ ոչ միայն սոցիալական արդարությունը, որը, անշուշտ, շատ կարևոր գործոն է երկրի ներսում հավասարակշռության պահպանման համար, այլև ... Մուբարաքը, Բեն Ալին թալանել էին իրենց ժողովուրդներին, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր էր: Ասացեք, խնդրեմ, ո՞վ դուրս կգար Մուբարաքի դեմ, եթե լյումպենը շատ չլիներ այդ երկրում: Պետք է ասել, որ միայն սոցիալական արդարությունը քիչ է երկրում կայունություն պահպանելու համար: Լիբիայում, կարծես, կար սոցիալական արդարություն, սոված մարդ չկար: Ազգի քանակն էլ մեկ միլիոնից 42 տարում հասել էր 6 միլիոնի: Բուժումը, կրթությունը, էլեկտրաէներգիան ձրի էին: Բենզինի գինն էլ, ինչպես ասում են, շան մսի գին: Քադաֆիին ինչո՞ւ տապալեցին, կասեն շատերը: Որովհետև Քադաֆին, 42 տարի կառավարելով, չէր բարձրացել վրանի տակ գիշերող բեդվինի մակարդակից: Որպեսզի ավելի լավ հասկանալի լինի Քադաֆիի կերպարը, հիշեմ Նիկոլայ Առաջինին: Երբ սա ուսումնասիրում էր դեկաբրիստների անձնական գործերը, ինքն իրեն հարց էր տալիս. «Ի՞նչ են ուզում սրանք ինձնից, ի՞նչն է պակասում սրանց։ Հարստությո՞ւն` բոլորն էլ բոյարի որդիներ են: Փա՞ռք` հազիվ քսանյոթ-քսանութ տարեկան են, բայց արդեն փոխգնդապետ, գնդապետներ են: Կի՞ն` Ռուսաստանի ցանկացած կին նրանցից և ոչ մեկին չի մերժի»: Այդպես էլ կայսրը չի գտնում պատասխանը: Իսկ պատասխանը մեկն էր` ազատությունը, ազատ խոսքը, ինչը տեսավ Փարիզ մտած ռուսական բանակի սպան: Այսօր Հայաստանում կա այդ ազատ խոսքը, որը, ցավոք, հաճախ գործում է ի վնաս պետության: Իսկ ավելի ճիշտ, ազատ խոսքը չի ծառայում առողջ հասարակական կարծիքի ձևավորմանը: Քննադատության հասցեատերը, որպես կանոն, միշտ մնում է անպատիժ: Բացակայում է սոցիալական արդարությունը, այն էլ` մեծ չափով: Նման կարևոր հարցի բացակայության պայմաններում Արևմուտքի համար միշտ էլ կգտնվեն վարձու քաղաքական գործիչներ: Համամիտ չեմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խուսանավող մտքերին, թե հնարավոր չէ օլիգարխների բուրգը միանգամից քանդել, ամբողջ պետությունը կքանդվի (անցած քսան տարիներին ոչ մի տեղ վերջակետ չի դրվել որևէ օլիգարխի ախորժակի վրա, այլ հակառակը, նրանք օր օրի է՛լ ավելի են ճարպակալում- Ս. Հ.). «Եթե այս երկրում կլինի մեկը, որ կասի` մեկ տարում այդ ամենը կքանդեմ ու կսարքեմ, թող ձայն հանի»: Սրան հետևում է Արմեն Մարտիրոսյանի հակադարձումը` ոչ թե մեկ, այլ կես տարում կկարողանանք անել, որին էլ հետևում է Սահակյանի ոչ լուրջ պատասխանը, թե` դու կարող ես մի գյուղում լավ գյուղապետ աշխատել ու համայնքի բյուջեն լցնել ընդամենը: Այս պատասխանին, որպես գյուղապետ, կուզենայի հավելել. հարգելի պատգամավոր, ընդամենը երեք տարվա գյուղապետ եմ, և խնդիրս է ապացուցել Ձեզ և բոլոր նրանց, որ այս երկիրն աղքատ չէ, պարզապես բոռերը շատ են, եկեք ու տեսեք, թե քսան տարում հիմնահատակ ավերված, թալանված գյուղն ինչպես եմ ոտքի կանգնեցրել գյուղի մի խումբ նվիրյալների օգնությամբ:
Օլիգարխիկ բուրգի փլուզումը վաղ թե ուշ վրա է հասնելու: Այդ մեկ տոկոսի ահավոր ծանրությունը 99 %-ը չի կարող անվերջ տանել: Հետևաբար, նրա ապամոնտաժումը պետք է վերևից սկսվի: Եթե այն սկսվի ներքևից, ահավոր կլինի: Որքան էլ մասնիկը լինենք համաշխարհային գործընթացների, միևնույն է, մեր երկրի խնդիրը մեր լուծելիքն է: Դրա համար գործող եռանկյան գագաթին կանգնողից պահանջվում են ոչ միայն վճռական քայլեր, այլև կոնկրետ քայլեր, որոնք էլ կապահովեն եռանկյան «ապամոնտաժումը»:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ